Մենք հյուրասեր ենք, մնում է հյուրերը տանտերասեր լինեն

«Սահմանների բացվելու դեպքում Հայաստանը կունենա փոխհանդուրժողականության խնդիր, որի պատճառներից մեկը մեր երկիր ժամանող իրանցիների վարքագիծն է», – ասել է ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը՝ տեղեկացնելով, որ 2011թ. ընթացքում Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ 200 հազար քաղաքացի:

Ըստ ազգագրագետի, նրանց մուտքն ու ելքը Հայաստան ունենում է որոշակի ազդեցություններ, բայց առայժմ դա քիչ է նկատում: Եթե նման ձեւով շարունակվի, ապա պետք է պատրաստ լինենք նաեւ այլ մշակույթի ներկայացուցիչներին այստեղ ընդունելու… նրանց հետ հարաբերվելու վարվելակերպ պիտի մշակվի:

Շատ անգամ գալիս են Հայաստան ու մտածում, որ եկել են մի այնպիսի երկիր, որտեղ կարելի է իրենց անկաշկանդ, ազատ զգալ: Երբեմն իրանցիները գալիս են այստեղ, գնում տարբեր ակումբներ ու այլ վայրեր եւ լկտիաբար են այնտեղ իրենց պահում: Իրենց երկրում առկա սահմանափակումները փորձում են Հայաստանում «բացել»… Եվ սա հակադարձման առիթներ է տալիս, որը հաճախ հակակրանքի է վերածվում:…

Այլ մասնագետներ եւս նշում են, որ խոսքը ոչ թե իրանցիների հանդեպ անհանդուրժողականության, այլ փոխհարաբերվելու խնդիրների մասին է: Փոխադարձ անհանդուրժողականությունն արդեն Երեւանում եւ ՀՀ մարզերում նկատվել է, նաեւ մարդկանց ոչ հաճելի վերաբերմունքից, քանի որ գործ ունենք մշակութային տարբերությունների հետ, որը եւս առնչվում է ազատությունների պատկերացումներին: Պետք է երկկողմանի պատրաստ լինենք հաղթահարելու այդ երեւույթները, քանի որ նման զգացմունքներ կարող են լինել ոչ միայն իրանցիների նկատմամբ, այլ նաեւ այլ երկրներից ժամանող հյուրերի…

Ըստ ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի, արտերկրից ներգաղթած անձանց պաշտոնական տարեկան ներհոսքը 2010- 2011 թթ. ընթացքում կազմել է 1,5-2 հազար մարդ:

«Դժվար է ասել, որ նրանք կգան ու կմնան այստեղ, քանի որ դա նաեւ իրավաբանական բազմաթիվ խնդիրների լուծում է պահանջում. պետք է բնակարան առնեն, պետք է փաստեն իրենց ժամանումը»,- ասաց ժողովրդագիրը՝ նշելով, որ Երեւանի «իրանացման» մասին խոսելն անհիմն է:  

Անի Մարության
Շաքարախտով հիվանդներն ինսուլինի պակաս չեն ունենա
 

Կառավարությունը երեկ ՀՀ-ի կարիքների համար ինսուլինի գնման գործընթացը կազմակերպելու որոշում կայացրեց:

Գործադիրը թույլատրեց առողջապահության նախարարությանը՝ ինսուլինի լրացուցիչ խմբաքանակը ձեռք բերել մինչեւ այդ նպատակով համապատասխան ֆինանսական հատկացումների նախատեսումը:

Որոշման ընդունման անհրաժեշտությունը առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը պայմանավորեց այն հանգամանքով, որ 2012թ. պետական բյուջեով պետության կարիքների համար ինսուլինի ձեռք բերմանը հատկացված գումարը չի բավականացնում անհրաժեշտ պահանջարկը եւ հարկ է լրացուցիչ խմբաքանակ ստանալ:

Բանն այն է, որ այս տարվա համար նախարարության կողմից ինսուլինակախյալ հիվանդների դեղապահովման նպատակով  ծրագրվել եւ ըստ գնումների պլանի նախատեսվել է 102.65 մլն ազդեցության միավոր մարդկային ինսուլին, սակայն իրական պահանջը կազմում է շուրջ 150.0 ազդեցության միավոր:

Տեղեկացնենք, որ ինսուլինը հիվանդների ինսուլինակախյալ տիպի շաքարախտի բուժման հիմնական միջոցն է:
Նարե  Մշեցյան
 

Ամառային ժամանակը մեզ պետք չէ՞ր

Ամառային ժամանակը մեզ պետք չէ՞րԸստ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, ՀՀ-ն այսուհետ ամառային ժամանակի չի անցնի: «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օենքում փոփոխություն կկատարվի, որի անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք գործոններով: «ՀՀ-ն գտնվում է 4-րդ ժամային գոտում, եւ երբ ժամային փոփոխություններ են կատարվում, մեր տեղական ժամանակը Գրինվիչից տարբերվում է որոշակի ինտերվալով: Ամռանը այդ տարբերությունը կազմում է 5 ժամ, իսկ ձմռանը՝ 4 ժամ»:-Տ. Դավթյանը նաեւ հավելեց, թե ըստ առողջապահության բնագավառի մասնագետների, գարունն ու աշունը օրգանիզմի համար առավել «սթրեսային եղանակներ» են, մարդը սկսկում է հարմարվել եղանակային փոփոխություններին, մինչդեռ ժամային փոփոխությունը դրան եւս մեկ արհեստական խնդիր է ավելացնում: Այս իսկ պատճառով, ժամային փոփոխությունից վերջնականապես հրաժարվել են ավելի քան 80 երկրներ: Այժմ «ամառային ժամանակից» օգտվում են ԱՄՆ-ում, Կանադայում, համարյա ամբողջ Եվրոպայում, Ռուսաստանում: «Ամառային ժամանակից» հրաժարվել են հասարակածին մոտ գտնվող երկրները, նաեւ Ճապոնիան, Չինաստանը, Սինգապուրը, Էստոնիան, Կենտրոնական Ասիայի պետությունները եւ եւս 128 երկի՝ այդ թվում ԱՊՀ երկրները: Ամառային ժամանակի կողմնակիցները պնդում են, որ մարդը բնական ձգտում ունի լուսաբացին արթնանալու, որպեսզի, հասկանալի է, առավելագույն գործածի օրվա լուսավոր ժամանակահատվածը, քանի որ մարդը ֆիզիոլոգիապես ակտիվ է հենց լուսավոր ժամերին: Դա հնարավորություն է տալիս խնայել շուրջ 200 մլրդ կվտժ էլեկտրաէներգիա:

Հակառակ կողմն էլ պնդում է, որ ամառային ժամանակի կիրառումը սովորաբար բացասաբար է անդրադառնում մարդու առողջության, մասնավորապես, սրտանոթային հիվանդությունների վրա: Այն 5%-ով մեծացնում է սրտի կաթվածների վտանգը հատկապես փոփոխության առաջին երեք օրերի ընթացքում:

Մի խոսքով, ՀՀ-ում յուրաքանչյուր տարվա մարտի վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքը այսուհետ մեկ ժամով առաջ չի տրվի, անցում չի կատարվի ամառային ժամանակի:

Ի դեպ, մասնագետները տարակարծիք են այս հարցում:

Ա.ստղինե Քարամյան

Բոլոնիան ինչու՞ Երեւան եկավ

Այս տարի Հայաստանը դառնալու է Բոլոնիայի գործընթացի մայրաքաղաք: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտնեց, որ դա նշանակում է՝ Երեւանը դառնում է 9-րդ քաղաքը, որին վստահվելու է Բոլոնիայի գործընթացի կազմակերպման ամբողջ պատասխանատվությունը գալիք 3 տարիների համար. «ԱՊՀ երկրներից եւ տարածաշրջանից առաջինն ենք, որին դա վստահվելու է, եւ երկրորդը՝ Արեւելյան Եվրոպայում»:

Հունիսից եւ մինչեւ 2015թ. հունիսը Հայաստանը ստանձնելու է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի բարեփոխումների համակարգման պատասխանատվությունը: Գալիք գագաթաժողովը անցկացվելու է Բոխարեստում, որտեղ էլ Հայաստանը կստանձնի պարտավորությունները:

Մենք առիթով կանդրադառնանք՝ ինչ է իրականում այս գործընթացը: Հենց «Բոլոնիան» է կարգավորում ՀՀ կրթական համակարգը, ոչ թե ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը…  

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 3 (224), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.