Նոր ընտրությունները՝ հին ընտրակարգով

 

Քննարկումներն ընտրակարգի վերաբերյալ դեռեւս չեն դադարել, եւ համամասնական ընտրակարգի կողմնակիցները կարծում են, որ գործող «խառը» ընտրակարգը պետք է անհապաղ փոխել: Շատերի կարծիքով՝ մեծամասնական ընտրակարգով ԱԺ-ում հայտնվում են հիմնականում ապաքաղաքական անձինք: Ընդդիմադիրները վստահ են սակայն, որ գոնե առայժմ ոչինչ չի փոխվի, քանզի եթե իշխանությունների կամքը լիներ, ապա դա շուտ կկատարվեր, եւ օրենքն արդեն փոփոխված կլիներ:

Իսկ ՀՀԿ-ի ներկայացուցիչները նշում են, թե անհանգստանալու խնդիր չկա, մեծ աշխատանք է կատարվել ընտրական օրենսգրքում, եւ այդ փոփոխություններն այնքան ակնհայտ են, որ այդ մասին հաճախակի նշում են նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչները: Նրանք համոզված են, որ առաջիկայում սպասվում է աշխույժ քաղաքական գարուն եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու համար կան լավ նախապայմաններ: Իսկ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հիմքեր դեռ չեն տեսնում:

Եթե ՀՀԿ-ի համար հարցը սպառված է, ապա հաջորդ իշխող 2-րդ կուսակցության՝ ԲՀԿ-ի համար 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցը դեռ հստակեցված չէ, եւ կուսակցությունը պետք է քննարկի այն: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ ԵԽԽՎ ՀՀ հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի երեւանյան հայտարարությունը, թե իր համար ընդունելի չէ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցումը, անընդունելի է, քանզի եվրոպացին պետք է հնարավորինս չեզոք լիներ: ԲՀԿ պատգամավորը նաեւ հավելել է, որ եվրոպացիներից պահանջելու է հայաստանյան քաղաքական ուժերի հետ չխոսել ձեռքը սեղանին խփելով, որ նա այդ մասին կբարձրաձայնի Բրյուսելում եւ Ստրասբուրգում:

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների հարցապնդմանը՝ փոփոխել ՀՀ «Ընտրական օրենսգիրք»-ը՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու համար: Պետք է նայել Սահմանադրությունը. ամեն ոք իրավունք ունի ընտրելու եւ ընտրվելու: Եթե լրիվ համամասնականի ենք անցնում, ապա մենք ունենք մարդիկ, որոնք քաղաքական թիմի ներկայացուցիչներ չեն, առավելեւս ունենք քաղաքական կուսակցություններ, որոնց դերակատարումը այս կամ այն ձեւով հասարակության մեջ դեռեւս ամբողջացված չէ կամ ուժեղ չեն, սակայն նրանք մեծ քաղաքական գործիչներ են, եւ նրանք էլ իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին.- հայտարարել է ՀՀԿ փոխնախագահը: Իսկ ընդդիմադիրները, չնայած վրդովմունքին, մեծամասնական ընտրակարգը չեն բոյկոտի:

Մի  դիտարկում էլ մենք անենք, մեծամասնական ընտրակարգի դեմ խոսացողները հիմնականում պնդում են, թե այդ ընտրակարգով ԱԺ են մտնում ոչ քաղաքական անձինք, բայց մոռանում են, որ իրենց կուսակցական ցուցակներում եւս նման անձինք դարձել են պատգամավորներ: Եվ մտավախություն կա, որ այդ նույն անձինք 100%-անոց համամասնական ընտրակարգի դեպքում, համապատասխան գումարային ներդրում անելով, նորից կդառնան ԱԺ պատգամավորներ: Եվ ոչ ոք չի կարող երաշխիքներ տալ, թե դա կբացառվի: Իսկ ահա, այնպիսի մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում որեւէ քաղաքական ուժի կամակատարը դառնալ, այդկերպ կբացառվի անհատապես նրանց ԱԺ պատգամավոր դառնալը:

Ավելի կտրուկ է արտահայտվել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Երբ ԱԺ-ում քննարկվում էր այս օրինագիծը, բացառությամբ մի քանի ընդդիմադիր գործիչների, որեւէ մեկը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու խնդիր չի բարձրացրել եւ չեմ կարծում, թե այսօր դա մեր հասարակության օրակարգի կարեւորագույն հարցերից է: Պետք է ընկնել ոչ թե ձեւի հետեւից, այլ բովանդակության: Առնվազն ազնիվ չեն այն մարդիկ, ովքեր որ դա շահարկում են»:

Խոսելով ներքաղաքական զարգացումների մասին՝ ՀՀԿ մամլո խոսնակը նշել է, որ ՀՀԿ-ն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի մեծամասնություն կազմի խորհրդարանական ընտրություններում. «Թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրություններում ֆավորիտը ՀՀԿ-ն է՝ իր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»:

Այսպես վստահ են խոսում դեռեւս հանրապետականները: Իսկ քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության թեման շարունակելով, հայտնել է, որ ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությունը ընտրակեղծիքների կանխման գործում ոչ միայն հնարավոր է, այլ՝ պարտադիր: Ըստ նրա՝ քաղաքական այլ ազդեցիկ ուժեր եւ կուսակցություններ քաղաքական դաշտում փաստացի գոյություն չունեն. «Միակ գործը, որ կարող են անել դե յուրե գոյություն ունեցող այդ ուժերը, դա ընտրությունների ժամանակ իրենց դիտորդներով ու վստահված անձերով ընտրակեղծիքների դեմ պայքարում ՀԱԿ-ԲՀԿ-ին աջակցելն է: Ընտրակեղծիքների դեմ պայքարը թույլ կտա հաղթանակի հասնել ԲՀԿ-ին եւ ՀԱԿ-ին այն դեպքում, եթե նրանք գրագետ պայքարեն դրանց դեմ, հակառակ դեպքում՝ հաջողության չեն հասնի. հաջողությունը կախված է այդ ուժերից»: Միայն այս դեպքում, ըստ փորձագետի, ՀՀԿ-ն կընդունի իր պարտությունը:

Իսկ ՀԱԿ-ը, ըստ  Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի, փետրվարից ժողովրդի ընդվզման նոր ալիք կբարձրացնի: Նրա խոսքերով, մինչ համապետական հանրահավաքների մեկնարկը՝ ՀԱԿ-ը փետրվարի 12-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրություններում կպաշտպանի Սասուն Միքայելյանի թեկնածությունը: Բայց ՀԱԿ-ում եւս ներկազմակերպական հարցեր կան, ՀԱԿ մաս կազմող 18 կուսակցությունները տարբեր տեսակետներ ունեն, եւ այդ բազմակարծությունը դեռ պետք է համատեղել:

Տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ այս տարվա առաջին խորհրդակցությունը…

Իշխող կոալիցիայի կազմակերպություններն էլ, բացի ներքին խնդիրներից, զբաղվում են նաեւ ընտրազանգվածի կազմավորմամբ: Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ վերջերս տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ այս տարվա առաջին խորհրդակցությունը, ինչը պետք է դիտարկել նաեւ նախընտրական հանդիպում:

Իսկ քաղաքական ուժերն ու ուղղությունները հերթով հայտարարում են իրենց՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու ձեւի ու նպատակների, այս կամ այն ուժին սատարելու մասին, ինչը դեռ կշարունակվի, մինչեւ նախընտրական փուլի պաշտոնական հայտարարություն լինելը:

Միմյանց միավորվելու կոչերը եւս ավելացել են, ազատականները, կոմունիստները, ժողովրդավարները, ազգայիններն ու ազգայնականները դեռ փորձում են համախմբվել: Մի մասն էլ միայնակ հանդես գալու պաշտոնական հայտարարություններ է տարածել: Թերեւս միայն Հայաստանի ազգայնական ուղղությունը՝ Հայ Արիական միաբանությունը, որ առաջնորդում է նաեւ Հայ ազգայնականների համախմբումը, դեռեւս պաշտոնական հայտարարություն չի արել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի մասին:

Ինչեւէ, դեռ ժամանակ կա, իսկ ՀՀԿ-ականները շարունակում են շեշտել, թե «իշխանությունները գնում են արդար եւ թափանցիկ ընտրությունների», չնայած ընդդիմությունը շարունակաբար փորձելու է հասարակության մոտ ձեւավորել այն կարծիքը, որ իշխանություններին ձեռնտու է կեղծել ընտրությունները:

Այս հավաստումներն ու ենթադրությունները դեռ կհիմնավորվեն կամ կհերքվեն, իսկ վերլուծաբաններից ոմանք նշում են, թե յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է հանրությանը հստակ հաշվետու լինի, թե ինչո՞ւ է ցանկանում լինել ընտրված եւ ի՞նչ պետք է ակնկալի մեր ժողովուրդը այդ քաղաքական ուժից ապագայում, պետության գործերում:

Իսկ ՀՀ ոստիկանության եւ միջազգային փորձագետների կողմից մշակվել է «Հավաքների ժամանակ ոստիկանության գործողություների ուղեցույց», որտեղ, հաշվի առնելով ՀՀ օրենսդրությունն ու միջազգային-իրավական փորձը, առավելագույնս հստակեցվել է ոստիկանության ծառայողների իրավունքների եւ պարտականությունների ամբողջ շղթան հավաքների անցկացման ժամանակ: Հավաքների ժամանակ ոստիկանությունը գործելու է ուղեցույցով:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 3 (224), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.