Քաղաքական բումերանգի հարվածները

Հեյդար Ալիեւը փաստել է ԼՂՀ անկախությունը

ՀՀ ռազմա-քաղաքական նպատակների առաջխաղացումը հետզհետե տալիս է իր պտուղները: Միջազգային ասպարեզում Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության արծարծումը արդեն նոր աջակիցներ է գտնում: Եվ Ադրբեջանն ու Թուրքիան անընդհատ ստիպված են տպավորություն ստեղծել, թե Հայաստանին խիստ անհրաժեշտ է Թուրքիայի հետ սահմանի բացումը, ու Երեւանը պետք է քաղաքական զիջումների գնա, իսկ Ադրբեջանն էլ Արցախի հարցը պատրաստ է լուծել ռազմական ճանապարհով ու պիտի այստեղ էլ զիջումներ արվեն: Սակայն իրականում ճիշտ հակառակն է. Անկարան եւ Բաքուն իրենք կարիք ունեն Երեւանի հետ հարաբերությունները կարգավորելու, քանի որ միջազգային պահանջը թուրքական անհաշտվողականության եւ ադրբեջանական ռազմատենչության դեմ է աշխատում այժմ…

Անկարան հայտնվել է դժվարին կացության մեջ Ֆրանսիայի Սենատի՝ օրերս ընդունած որոշման պատճառով, որը քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտողականությունը, ինչն անգամ կարող է համաեվրոպական ընթացք ստանալ: Իսկ Բաքուն չի կարողանում կարգավորել Արցախի խնդիրն իր ցանկությունների ծիրում եւ կանգնած է նաեւ ներքին խլրտումների առաջ:

Ու Արցախի անկախության միջազգային ճանաչումն ավելի իրական է, քան նորից բռնակցումը Ադրբեջանին: Վերջերս անգամ մի պաշտոնական փաստաթուղթ հրապարակվեց, որը ստորագրել է Ադրբեջանի նախկին նախագահ Հ. Ալիեւը, եւ այն այդ երկրից գաղթած Հայաստանի փախստականների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված բազմաթիվ հայցերին է կցվել: Այդ փաստաթղթով, ըստ էության, հայր Ալիեւը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Փաստաթղթում ռուսերեն գրված է հետեւյալը. «Ադրբեջանի ղեկավարությունը լիազորում է Գերագույն խորհրդի փոխնախագահ Լ. Ջալիլովին բանակցություններ վարել Ադրբեջանի ու ԼՂՀ-ի ղեկավարության հետ՝ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ»: Գրության տակ դրված է Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ Հ. Ալիեւի անունն ու ստորագրությունը: Սա ԼՂՀ ճանաչման անժխտելի փաստ է:

Հունվարի 23-ին, երբ Փարիզում եւս մեկ անգամ արձանագրվեց Հայոց ցեղասպանության իրողությունը եւ պատժելիությունը, Սոչիում կրկին հանդիպեցին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Սա թերեւս շարունակությունն էր 2011թ. մարտի 5-ին Սոչիում կայացած նմանատիպ եռակողմ հանդիպման:

Մինչ այդ տեղի է ունեցել ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպումը, եւ Ս. Սարգսյան-Դ. Մեդվեդեւ զրույցի ժամանակ քննարկվել են երկու երկրների հարաբերությունները եւ տարածաշրջանային խնդիրները: Իսկ ահա Ս. Սարգսյան-Դ. Մեդվեդեւ-Ի. Ալիեւ հանդիպմանը քննարկվել է ԼՂ խնդրի կարգավորումը: Կրեմլում նախապես նշել էին, որ «ղարաբաղյան հարցի խաղաղ ճանապարհով բարեհաջող լուծումը տարածաշրջանում ՌԴ շահերի առաջնահերթություններից է»:

Եռակողմ հանդիպումն այս անգամ անցել է առանց միջադեպերի եւ համատեղ հայտարարություն է ընդունվել, որում, մասնավորապես, ասվում է. «Նախագահները հայտարարել են, որ բանակցությունների արդյունքում առաջխաղացում է արձանագրվել ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում… Հաշվի առնելով խաղաղ համաձայնագրի մշակմանն անցնելու կարեւորությունը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել, հաշվի առնելով մինչեւ այժմ կատարված աշխատանքը, արագացնել հիմնարար սկզբունքների վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերման գործընթացը»:

Փաստաթղթում նշվում է, որ բարձր է գնահատվել ՌԴ եւ ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահող երկրների միջնորդական գործունեությունը, եւ նախագահները հույս են հայտնել, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հետագայում էլ մեծ դեր են խաղալու հակամարտության կարգավորման գործում՝ մինչ տարածաշրջանում վերջնական խաղաղության եւ կայունության հաստատումը:

Ս. Սարգսյանն ու Ի. Ալիեւը հաստատել են նաեւ, որ արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում վստահության ամրապնդման միջոցառումներից մեկը կողմերի միջեւ հումանիտար շփումների զարգացումն է: Այդ առնչությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն իրենց պատրաստակամությունն են հայտնել «մտավորականության, գիտական եւ հասարակական շրջանների ներկայացուցիչների միջեւ երկխոսության հաստատմանը նպաստելու հարցում»:

Երեք երկրների նախագահներն էլ ի գիտություն են ընդունել շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմի մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի զեկույցը, եւ այդ ուղղությամբ աշխատանքը կշարունակվի:

Այս հանդիպումից հետո շատ վերլուծաբաններ կարծում են, որ Սոչիի հայտարարությունը որոշակի ճնշում է Ադրբեջանի վրա: Ադրբեջանը, դառնալով ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ, փորձ է անում խնդիրը ՄԱԿ-ի ամբիոն փոխադրելու համա
ր, բայց Սոչիում շեշտվեց, որ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Նաեւ Բաքվի ռազմատենչությունը իր տեղը զիջեց այս հանդիպման ընթացքում:

ԵԽԽՎ-ում եւս  կդադարեն Բաքվի ապակառուցողական քայլերը, քանի որ թուրք Մ. Չավուշօղլուին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում փոխարինել է ֆրանսիացի Ժան-Կլոդ Մինյոնը: Նա իրեն ուղղված ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի վերակազմավորումը իմաստ չուներ, քանի որ այդ հարցով հստակ գործում է ԵԱՀԿ ՄԽ-ն, ինքը չի հավատում եւ երբեք չի հավատացել, թե այս ենթահանձնաժողովը կարող է որեւէ արդյունք տալ:

Այս առումով Ստրասբուրգում Վեհաժողովի բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի ընթացիկ զեկույցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ով մեկ անգամ եւս հավաստել է, որ ՀՀ-ն չի մասնակցի ԼՂ-ի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքներին. «Անցած հունվարին Բյուրոն՝ ԵԽԽՎ նախագահի (երբ նախագահը թուրք Մ. Չավուշօղլուն էր – Հ.Թ.) ճնշման ներքո, որոշում ընդունեց վերականգնել Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովը: Այդ որոշումն ընդունվել է՝ առանց պատշաճ ուշադրություն դարձնելու Հայաստանի պատվիրակության դիրքորոշմանը»:

Այսպես, Թուրքիային եւ Ադրբեջանին թույլատրված ամենաթողությունները կարծես իրենց վախճանն են կնքում եվրոպական կառույցներում, ինչը շեշտակի հնարավորություններ է ստեղծում հայկական գործոնի աշխուժացման համար, եւ այս հարմար պահը պետք է օգտագործել ինչպես տարածաշրջանում Հայաստանի դիրքերն ամրապնդելու, այնպես էլ մեր նպատակների ռազմա-քաղաքական ծավալումների համար:
Հայկ  Թորգոմյան
 

«Լուսանցք» թիվ 3 (224), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.