Արարիչ-Աստված-Մարդ Եռամիասնությունը-Եռակապը նաեւ Բուրգ չէ: Բրգաձեւ կառույցն իհարկե ներառում է երկնային սրբազան իշխանության (հիերարխիայի) բնական կարգի մանրակերտը, բայց Արարիչ-Աստված-Մարդ Եռամիասնությունը-Եռակապը Անհատական Կապ է եւ կայանում է տարաբնույթ կառույցներից, համակարգերից եւ տիեզերաաշխարհներից անկախ…
Արարիչ-Աստված-Մարդ Եռամիասնությունը-Եռակապը ուղղահայաց կապ է՝ ուղղակի եւ անմիջական կապ, տեսանելի ու ընկալունակ միայն Եռամիասնությանը…
Սա է պատճառը, որ Արարիչ-Աստված-Մարդ Եռամիասնությունը-Եռակապը արծարծելով, չառաջնորդվեցինք Արարիչ-Աստվածներ-Մարդիկ հոգնակի ձեւակերպմամբ…
Արարիչ-Աստված-Մարդ Եռամիասնությունը-Եռակապը շատ կարեւոր է հենց Տիեզերքի գոյատեւման եւ հարատեւման համար: Տիեզերքը՝ Մեծ Եզերքը՝ Տիրոջ Եզերքը եւս Մարմին է, որ կարիք ունի սնուցման, ինչը Արարումների Շղթայի եւ Տիեզերակարգի գոյությամբ եւ գործադրմամբ է իրականացվում… Իսկ այս Կապը անհրաժեշտ է բոլորիս, քանզի Տիեզերքի Կործանումը բոլորիս կործանումն է, լինեն Մարդ, թե Աստված, թե այլ Էակներ կամ Տիեզերական Մարմիններ…
Բարու եւ Չարի հարատեւ կռիվն անգամ հակատիեզերական չէ, յուրաքանչյուրն Իր գործառույթն է իրականացնում, քանզի եւ՛ Բարին (Արին) եւ՛ Չարը հասկանում են Տիեզերավախճանի հետեւանքները, որովհետեւ Նրանք Տիեզերական երկու բեւեռներն են եւ Արարչի Զավակներն են՝ Արարված Իրենց Առաքելությամբ… Խոսքն իհարկե Տիեզերական Ուժերի մասին է, այլ ոչ թե՝ մարդկային ներկայիս թերմացքի ստոր, չարակամ եւ հոգեխեղ մնացորդների:
Մեծ Անհունության Գաղտնիքը կամ Արարիչը՝ Անեզրության մեջ
Ամեն բան եւ ամեն ինչ Մեծ Անհունության (Անեզրության) մեջ է, քանզի հենց Տիեզերքն է Նրա մեջ: Արարիչ-Աստված-Մարդ Եռամիասնությունը-Եռակապը կարող է բացահայտել ամեն բան եւ ամեն ինչ, բացառությամբ Մեծ Անհունության Գաղտնիքի: Սա անգամ Աստվածների համար է Գեր-Գաղտնիք: Միայն Արարիչը Ինքը գիտի՝ Ծնունդ է Մեծ Անհունությունը, թե՝ Արարում…
1. Եթե Ծնունդ է, ապա մինչ այն եղել է Մեծ Արարում եւ Արարվածն է Ծնունդ տվել Մեծ Անհունությանը: Սա նշանակում է՝ եղել է Ինքնաարարում, եւ Արարիչը Ծնել է Մեծ Անհունությունը… Եվ Ինքն էլ ձուլվել է Նրան, եւ Մեծ Անհունությունը հենց Մեծ Եզերքն է՝ Տիեզերքը… Եղել է ԻնքնաԱրարում՝ քանզի այլ կերպ չի բացառվի Արարումների Շղթան եւ չի գիտակցվի Ամենայն Սկիզբը… Եվ ուրեմն, ամեն բան եւ ամեն ինչ Մեծ Անհունության մեջ դիտարկելով, պետք է հասկանալ այդ բոլորն Արարչի մեջ:
Արարչի Արարչական Արարումն է լոկ Սկիզբը Միակ եւ այն էլ Անսկիզբ ու նաեւ Անվերջ Անեզրության մեջ… Այս դեպքում Մեծ Անհունությունը Ծնունդ է…
2. Եթե Արարում է, ապա Մեծ Անհունությունը (Անեզրությունը) Ծնել է Արարչին եւ Արարիչն էլ հենց Տիեզերքն է, եւ Տիեզերքը Արարչի Մարմինն է… Այս դեպքում Մեծ Անհունությունը Արարչի Հանգրվանն է եւ Տիեզերքի Բնօրրանը: Մեծ Անհունությունը Ծնունդ է տվել Արարչին, եւ Արարիչն էլ Արարել է Տիեզերքը: Այս դեպքում մեծ Անհունության Գաղտնիքը նաեւ ՎերԱրարչական է… Եվ ուրեմն, Արարչի Արարչական Արարումից առաջ եղել է Մեծ Արարում՝ Մեծ ԻնքնաԱրարում, որի սահմաններն ու չափն անգամ ենթադրել հնարավոր չէ, եւ այն Մեծ Անհունություն (Անեզրություն) է:
Այս դեպքում Մեծ Անհունությունը Արարում (ԻնքնաԱրարում) է…
* * *
Սակայն այս պատասխանների իսկությունը միայն Արարչին է հայտնի եւ միայն Նրան:
Բայց հիմնվելով Արարիչ-Աստված-Մարդ Եռամիասնության-Եռակապի Տիեզերահաղորդ իրողությանը, Տիեզերածնության իմ նախնական գենետիկ-ծինաբանական հետեւություններին եւ Տիեզերակապի իմ փորձառություններին, կհամարձակվեմ եզրակացնել, որ Արարչի Արարչական Արարումն է լոկ Սկիզբը Միակ եւ այն էլ Անսկիզբ ու նաեւ Անվերջ Անեզրության (Անհունության) մեջ…
«…Անսկիզբ եւ Անվերջ է Անեզրությունը (Ոչինչը, Մեծ Դատարկությունը) եւ Անմեկնելի՝ իր Էությամբ: Նա Սկիզբն է բոլոր Սկիզբների, ինչպես նաեւ Վերջը՝ բոլոր Վերջերի: Անեզրությունը Մարմինն ու Հոգին, Ոգին ու Բացարձակ Կատարելությունն է: Սպիտակն է եւ սեւը հավասարապես եւ դրանցից բխող բոլոր գույները, այն Ամենայնի Սերմն է ու երբեք ունայնություն չէ, եւ Օրրանն է Հավիտենական Կյանքի՝ անծնունդ ու անմահ, այն մշտապես լի է Լույսով Անսպառ – Ուժով Կենարար: Անեզրությունը Տունն է Արարչի եւ Ամենայն Արարման, այն Հավերժի Մարմնավորումն է, սակայն հեռու՝ որեւէ պատկերացումից ու բնութագրումից, կամ նույնն է թե՝ ի Սկզբանե Բանն էր, որն Ինքնաստեղծ էր եւ Աներեւույթ… Ամեն ինչ Անեզրության մեջ, – ահա՛ Իմաստասիրությունն Ամենայն Ստեղծի…» («Բարի վերադարձ Հայ Աստվածներին» («Տիեզերապատում»-«Երբ վերջանում է ամեն ինչ, այն մտնում է Անեզրություն… Ասել է թե՝ Սկիզբ…»)):
Տիեզերքի Ծնունդը եւ Տիեզերակարգը
«…Եվ Առաջին Սերմը Կենաց Սկզբունքն էր, որ ընդունեց ամեն մի մարմին. ու այդպես է ցարդ եւ առ միշտ: Մեծ Պայթյունը ձեւափոխեց Արարչի Մարմինը՝ տալով նրան անկազմակերպ ձեւ, եւ աննախադեպ տրոհումից խաչվեցին մտքերը բոլոր, ուժերը բոլոր, չափումները բոլոր ու ժամանակները, ձեւերը բոլոր, գույները բոլոր եւ ամեն, ամեն բան՝ Արարչի Մարմնում: Ու այդժամ տիրեց Քաոսը (Անկազմակերպվածությունը) ամենուր, որ դեռ կրում էր Ցավը Երկունքի՝ Առաջին Ցավը Տիեզերածնության: Այսպես Ծնվեց Տիեզերքն Արարչի մեջ՝ կրելով Արարչի Մտքի Ձեւը. այն է՝ Արարող Ուղեղի Ձեւը, որը դեռ այդպես էր Պտուղ վիճակում, եւ վերջ դրվեց Քաոսին, ու Արարիչը եղավ Կոսմոս-Տիեզերք (Կազմակերպվածություն)՝ Մեծ Եզերք: Առաջին Տիեզերքը (իմա՝ Աստղահամակարգը) միայն Առաջնեկ Արդյունքն էր Արարչագործության, եւ Արարումների շարունակական Երկունքներից Ծնվեցին նոր Տիեզերքներ՝ Արարչադիր Սկզբունքներով եւ Օրինաչափություններով, ու այդպես է ցարդ եւ առ միշտ: Եվ ընդարձակվում է ամեն անգամ Մեծ Եզերքը կամ Տիրոջ Մարմինը (Բաբախող Տիեզերք)…»…
«…Եվ երբ դադարեց եռքը, բոլոր մարմիններում սկսեց աստիճանաբար ընթանալ համակարգումը, արտաքին ու ներքին ձեւավորումը, եւ շուտով բաբախեց կյանքը՝ միջավայրի բնական պայմաններին համապատասխան արարածներով ու բուսածածկույթով հանդերձ, ու այդպես է ցարդ եւ առ միշտ…» («Բարի վերադարձ Հայ Աստվածներին» («Տիեզերապատում»-«Երբ վերջանում է ամեն ինչ, այն մտնում է Անեզրություն… Ասել է թե՝ Սկիզբ…»):
Տիեզերակարգի պահպանումը գործառույթների մի գերհսկա ծավալ է, եւ Արարչի Կամքն ու Միտքը, որ Տիեզերքի Կյանքը պահպանելու համար են, Արարումների Շղթայում Արարել են Արարչի Պատգամախոսներ, Բանբերներ, Տիեզերքի Կյանքի բոլոր Ոլորտներին վերաբերող Սպասավորներ ու Հսկիչներ:
Տիեզերքը Գերհսկա Մարմին է, որ Շնչում է եւ Ապրում… Հիվանդանում է եւ Բուժվում… Ուրախանում է եւ Տխրում…Կարող է նաեւ Մեռնել, եթե Բարի եւ Չար Տիեզերաաշխարհները, Աստվածներն ու Մարդիկ, Հոգիների եւ այլ Արարածների Տիեզերաաշխարհները խախտեն Տիեզերակարգը… Բայց Տիեզերքը, որ տալիս է Կյանքի, Սիրո եւ Ամեն Բանի Իրավունքներ, նաեւ Պատժում է, երբ Պարտականություններն են անտեսվում…
Եվ գործի է դրվում Խավարիչի գործառույթը, գործում են Տիեզերական Սեւ Խոռոչները, որ Տիեզերքի Ինքնամաքրումն են իրականացնում… Իսկ թե ինչ կա Սեւ Խոռոչներից անդին, դա էլ միայն Արարչին է հայտնի…
Տիեզերքն ազատամիտ Գերհսկա է եւ ազատախոհ Տարածք, բայց չի հանդուրժում ազատության սին դրսեւորումները: Տիեզերքը Տունն է բոլորի, Բնության բոլոր արարածների, անգամ մարդկանց հույսերը, հույզերն ու մտքերն են Տիեզերքինը…
Հա՜յր իմ Արարիչ,
Մա՜յր իմ Բնություն,
Տու՜ն իմ Տիեզերք.
Սիրու՛մ եմ ես Ձեզ,
Գալի՛ս եմ ես Ձեզ,
Կհասնե՛մ ես Ձեզ...
Աստվածների Ծնունդը եւ Աստվածային Կարգը
Արարիչը Տիեզերակարգի պահպանման համար ոչ միայն Պատգամախոսներ, Բանբերներ եւ Արարչի այլ Օգնականներ է ստեղծել, այլեւ Աստվածներ, ովքեր պիտի հետեւեն Արարչակարգին եւ պիտի դառնան միջանկյալ օղակը Արարիչ-Աստված-Մարդ Եռամիասնություն-Եռակապի մեջ:
Եվ հիմնվելով Արարիչ-Աստված-Մարդ Եռամիասնության-Եռակապի Տիեզերահաղորդ իրողությանը, Տիեզերածնության իմ նախնական գենետիկ-ծինաբանական հետեւություններին եւ Տիեզերակապի իմ փորձառություններին՝ կհամարձակվեմ եւս մեկ եզրակացություն անել, որ Իր Գենետիկ Ակունքի Մասնիկը Արարիչը փոխանցել է Աստվածային եւ Մարդկային Տեսակներին, ինչն էլ հնարավորություն է տալիս մոտենալ-մերձենալ Արարչին… Եվ ինչպես ամեն Մարդ, այնպես էլ ամեն Աստված չի կարող դա անել առանց իրապես հասկանալու եւ ընկալելու…
Ինչպես Արարիչն է Տերը Տիեզերքի, այնպես էլ Մարդն է իր մարմնի՝ իր (տի)եզերքի տերը, եւ ամեն Մարդու Ուղեղ կամ Սիրտ չէ, որ կարողանում է հարաբերվել մարմնի ներսում հանգրվանած Հոգու հետ… Մարդը կատարյալ է, երբ բնազդական-բանական-բնախոսական միասնությամբ է ապրում, երբ Սիրտը, Ուղեղը եւ Հոգին գիտեն միմյանց եւ առաքելության նույն ծիրում են… Այսպես էլ Աստվածների մոտ է… Այսպես էլ Տիեզերքում է… Եվ այսպես է միայն հասու Արարչական Դուռը…
Այս Դռանը հասնելու համար էլ Արարչածին Մարդիկ (Մարդատեսակները-Ազգերը) Արարվեցին Իրենց Աստվածների նման՝ միմյանց լրացնելու եւ աջակցելու համար: Եվ ամեն Բնական Ազգ ունի Իր Աստվածները: Եվ միայն Բնական Ազգերը ունեն Աստվածներ:
Այս անգամ առանց եզրակացության, բայց կրկին հիմնվելով Արարիչ-Աստված-Մարդ Եռամիասնության-Եռակապի Տիեզերահաղորդ իրողությանը, Տիեզերածնության իմ նախնական գենետիկ-ծինաբանական հետեւություններին եւ Տիեզերակապի իմ փորձառություններին, կասեմ, որ Արարչի Կամոք Արարված Բնական Ազգերը 7-ն են՝ Հայերը, Հրեաները, Հնդիկները, Հույները, Պարսիկները, Եգիպտացիները, Շեղաչյաները (Չինացիներ, Ճապոնացիներ եւ այլք): Եվ Տիեզերքում կան նաեւ 7 Աստվածային համակարգեր:
«Մարդը քայլում է Տիեզերքի մեջ,
Քայլում իր մտքի թռիչքի հետքով,
Թափառում է նա անհունության մեջ՝
Իր Աստվածներին անվերջ փնտրելով»…
…«Շրջի՛ր, ո՜վ դու մա՛րդ, դեմքդ դեպի վե՛ր,
Թափանցի՛ր Արարչաստեղծ Տիեզերքի մեջ,
Կորած իմաստությունդ այնտեղից հետ բեր,
Որ հարատեւես ճշմարիտ-հավե՛րժ»…
…«Մարդ – ծնունդն ես Վեհ Սիրո,
Մարդ – Աստծո դեմքով դու Մարդ,
Մարդ – Արարած դու Երկրային,
Մարդ – ժամանակ կյանք ու մահի»…
(Հատվածներ («Բարի վերադարձ Հայ Աստվածներին» («Տիեզերապատում»-ի «Խորհուրդ Մարդկայինի», «Խորհուրդ Ապրումի» եւ «Խորհուրդ Խոկումի» շարքից):
Բնական Մարդը Բնական Ազգի Սերմից է եւ միայն Նրան է հասու Աստվածայինն ու Արարչականը… Անբնականը նույնպես Տիեզերաբնակ է, բայց ոչ երբեք՝ Տիեզերահաղորդ:
Այսօր ավելի քան 200 պետություններում ապրող մի քանի հարյուրների հասնող «ազգեր» կան, որ պարզապես խառնարյունության հետեւանք են, այսինքն՝ արհեստական են, եւ իրենք իրենց անուններ են պարգեւել, իսկ շատերն էլ միայն որդեգրած անուններ ունեն այս կամ այն երկրային տարածքի, ինչ-որ պատմական անցուդարձի, որեւէ ժամանակ առաջացած պետության կամ բուն ազգից անջատված տոհմական ուղղության հետ…
Հավատը՝ Արարիչ-Աստված-Մարդ Եռամիասնության-Եռակապի Աղբյուր
Մարդկության համար ձայնի արագությունն այլեւս բաղձանք չէ, բայց լույսի արագությունը դեռ մեծ երազանք է: Իսկ արդյո՞ք բավարար է լույսի արագությունը սանձելով հասնել Աստվածների Աշխարհ ու մոտենալ Արարչին: Լույսի արագությամբ անգամ հաշվարկներ են արվում այս կամ այն Տիեզերատարածք հասնելու, որեւէ Աստղի կամ Աստղահամակարգի մոտենալու համար: Բայց անգամ այս հաշվարկով հարյուրավոր տարիներ են պետք՝ հասնելու Տիեզերքի ծայրերը…
Տիեզերքում ամենաարագը Միտքն է շարժվում, Միտքը կարող է հասնել այնտեղ, որտեղ անգամ լույսի արագությունն է կանգ առնում… Միտքն անգամ Սեւ Խոռոչներից անդին կարող է անցնել… Եվ Միտքն է Հոգու ազատ թռիչքի ու արագության տանող ուժը: Բայց Միտքը ձեւավորվում եւ արագություն է ստանում նույն Հոգուց, որի տանող ուժն է… Իսկ Հոգին սնում է Միտքը Հավատի զորությամբ: Եվ Հավատը բացում է բոլոր փակ դռները…
Եվ ուրեմն, Միտքը ունի արագություն, որն անչափելի է: Հավատի զորությամբ եւ Հոգու ուժով նա կարող է Մարդու Հոգին հասցնել այնտեղ, որտեղ Մարդը ցանկանում է ու՝ գրեթե նույն վայրկյանին… Բայց Մարդն իրապես պետք է հասկանա ու կարդա Տիեզերքը, այլապես հոգեխեղումն անխուսափելի է… Մարդը նաեւ պետք է տիրապետի Հոգու շարժումը կանոնավորող արվեստին, առանց որի Միտքն էլ տկար է…
Միայն Մայր Հողի կրծքից կերակրվելով եւ մեր գլխավերեւում գտնվող Հայր Երկնքի բազկի հովանու տակ ապրելով՝ կզորանանք Բնության Օրենքներին համապատասխան: Իսկ հեռանալով Հայերից՝ հեռանում ենք մեր ցեղի Առաքելությունից՝ հեռանալով մեր Առաքելությունից, մեզ զրկում ենք Հավերժանալու հնարավորությունից: Ամենակատարյալն ու Ամենաանկրկնելին Արարիչն է, Նա Հավերժ է. Փա՜ռք Արարչին… եւ հայության ամենագերագույն խնդիրը մեր ցեղին Հավերժացման ճանապարհով անշեղ տանելն է…
Հայոց Հավատ – Հայ Աստվածների Պաշտամունք
Ազգարմատը (իմա՝ Տոհմածառը) Տոհմի հայելին է, եւ պետք է ապրել այնպես, որ հայելու արտացոլանքը մաքուր ու հաճելի լինի, եւ նայողն իրեն ձեւախեղված ու պղծված չտեսնի… Այսպես է նաեւ Հավատում: Եթե Հավատի ծառը չի համապատասխանում Տոհմի ծառին, ապա շեղումն ու խեղումն ակնհայտ է, եւ բազմածառ (բազմադեմ) Մարմնում Միտքը չի կարող սնվել Հոգուց, ինչը մտագարության եւ հոգեխեղման պարարտ հող է… Քանզի առանց ձեւավորված եւ հստակ Մտքի՝ Հոգին չի հանդարտվում եւ իր տեղը չի գտնում նման Մարմնում…
Հայ Տեսակին՝ Հայ Ազգին Տիեզերքի Արարիչը Հայ Աստվածներ է պարգեւել: Ավելի ստույգ՝ Հայ Աստվածների զարմից ու սերմից Հայ Մարդ Տեսակն է Արարվել: Արարչական Գենից Արարչահաղորդ հավատ է Ծնվել եւ Տիեզերակագն է իր մեջ ներառել: Այսպես է եղել բոլոր մնացյալ Աստվածությունների եւ Բնական Ազգերի դեպքում:
Հայ Աստվածները 8-ն են՝ Հայր Արա, Մայր Անահիտ, Վահագն, Աստղիկ, Միհր, Նանե, Տիր, Վանատուր:
Հայ Աստվածները բյուր հազարամյակներ խոսել են Իրենց Մարդկանց հետ եւ համատեղ կերտել հզորագույն Հայկական թագավորություն, ճշմարիտ հավատից բխող կյանք ու կենցաղ, իրավունք եւ պարտականություն, լեզու եւ գիր, մշակույթ եւ ազգային արժեքներ… Այսպես եղել է եւ՛ Հայոց Երկնային Աշխարհում եւ՛ Հայոց Երկրային Աշխարհում…
Եվ եթե Հայի գենը-ծինը տիեզերահաղորդության նախապայման է, ապա Հայի լեզուն-գիրը գենի բանավոր եւ գրավոր արտահայտչամիջոցներն են: Եվ Հայի գենը, լեզուն, գիրը, ինքնությունն ու էությունը, առաքինություններն ու առաքելությունը եղել են հենց արարչագործության սկզբից: Դրանք դրոշմված են Արարչական Կնիքով եւ անգամ սերունդների ուրացումը չի կարող ջնջել Արարչադիր Կնիքը… Հայոց Հավատը այդ Կնիքն ունի:
Աստվածներ եւ Մարդիկ
Բոլոր Աստվածները Իրենց Մարդկանց հետ հարաբերվելու եւ շփվելու ինքնուրույնություն եւ մոտեցում ունեն եւ այդպես է ցարդ ու առ միշտ: Տիեզերակարգն ազատ է այս առումով: Եվ դա ակնհայտ է նաեւ փաստացի վերլուծությամբ:
– Հայ Աստվածները Իրենց Մարդկանց հետ շփվել են անմիջականորեն, եւ Արարչակարգն ու Աստվածատեսությունը հստակ փոխանցվել է հայերին: Հայի համար առավելագույնս պարզ է, որ Հայոց Հավատը Մեկարարչական Համակարգ է՝ Բազմաստվածությամբ: Հայի համար Արարիչ-Աստված-Մարդ Եռամիասնությունը-Եռակապը եղել է ու կա որպես Արարչադիր Սկզբունք:
Հայոց Հավատը ունի Տիեզերակարգի մանրակերտ պատկերացումները՝ Աստվածների, Ոգի-Հոգիների եւ Տիեզերական այլ Արարածների Տիեզերաաշխարհների եւ դրանցում առկա փոխհարաբերությունների մասին: Նաեւ մարդկային հոգու երկրային ու երկնային կյանքերի մասին: Հայոց Հավատում հստակ է, որ մարդը մարդ է ցանկացած պարագայում, ցանկացած կյանքում եւ անգամ հոգու՝ երկրային վերադարձի՝ մի նոր մարմնում վերածնվելու դեպքում:
Չնայած այժմ հայության մեջ խառնհավատությունը խառնարյունության նման թողել է թերի կամ խեղված, երկատված պատկերացումներ:
Հայեր կան, որ այլ Աստվածների Արիա-Արարչական կերպը նույնացնում են Հայ-Արիական կերպին, ինչը խախտում է Տիեզերակարգը նրանց պատկերացումներում: Եվ նրանք ոչ Հայ Աստվածների, ոչ իրենց խառնած այլ Աստվածների հետ կապի հնարավորություն չունեն… Եթե իհարկե Չար կամ այլ Տիեզերական Ուժերը նրանց չշահագործեն… ներկայանալով նրանց ուզած կերպերով:
– Ոմանք Հայ Աստվածներին նույնացնում են Պարսիկ Աստվածների հետ, անգամ պարսկական ծագում են տալիս Հայ Աստվածներին: Բայց սրանք բոլորովին հեռու են Աստվածայինն ընկալելուց, Աստվածային Համակարգերի եւ Բնական Ազգերի տարրական ընկալումից եւ մխրճվելով հողեղեն հնեաբանական պրպտումների մեջ՝ մոռանում են Երկինքը-Տիեզերքը եւ Աստվածայինը փնտրում են Երկրի ընդերքում… Քուջուջ անողի համար Երկնքի դարպասները չեն բացվում:
Հետո, եթե հուդա-մահմեդականությունը եւ հուդա-քրիստոնեությունը որոշակիորեն այլ երկրներում, այլ Բնական Ազգերի մոտ որոշակիորեն պահպանել են արիական իմաստնությունն ու հոգեւոր շինությունները, ապա Հայաստանում հուդա-քրիստոնեությունը ավերել եւ ցեղասպանել է ամեն բան՝ մարդ, քար, գիրք… Եվ եթե հայոց բարեգութ հողը կարողացել է ինչ-որ հին եւ արիածին պատառիկներ պահել իր մեջ, ապա միայն այդտեղ քուջուջ անելով իսկությունը չի երեւակվի, եթե մարդու հոգին եւս չպրպտվի ու չհամադրվի…
Անգամ Հայ-արիականությունը խառնում են Զրադաշտականության հետ:
– Ոմանք Հայ Աստվածներին խառնում են Հնդիկ Աստվածների, իսկ Հայ-արիականությունը՝ Հնդ-արիականության հետ: Արիա -արարչական լեզվաընտանիքի արժեքակիր բառարմատները շփոթեցնում են ոմանց, հատկապես հայ-պարսկա-հնդկական ուղղության ուսումնասիրողներին…
– Ոմանք էլ Հայ Աստվածներին նմանեցնում են Հույն եւ Եգիպտացի Աստվածներին եւ Բնության մեջ երբեւէ գոյություն չունեցած հռոմեական կամ ասորական աստվածներին… Սա էլ հետեւանք է Աստվածային Համակարգերում որոշ Աստվածների գործառույթների ձեւակերպումների նմանության…
– Շեղաչյաների Աստվածային Համակարգը կարծես մեկուսի է մնացել մարդկային քաղաքակրթություն կոչվածի մտահորիզոնում (Արեւմտյան մասում ձեւավորված) եւ այս առումով չկա շփոթ նաեւ Հայ Աստվածների հետ… Հիմնական խառնամեկնությունները վերաբերում են Հայ, Հնդիկ, Պարսիկ եւ Հույն Աստվածներին, քանզի այսպես կոչված Հնդարիական տարածքը հենց այս Բնական Ազգերի Արարչատուր տարածքներով է ձեւավորվել. Հնդկաստան -Պարսկաստան-Հայաստան-Հունաստան… Իսկ Եգիպտոսը եւ Եգիպտական Աստվածային համակարգը ներառվել է այս գործընթացում՝ բացառապես հայկական եւ հունական արշավանքների պատճառով: Հիշարժան է հենց հայ-հիքսոսների արշավանքը, փարավոնների դասի ձեւավորումը…
– Հրեա Աստվածները նույնպես հեռու են մնացել խառնամեկնություններից, ինչպես Շեղաչյա Աստվածները, քանզի հրեաները կարողանում են համակերպվել այլոց աշխարհայացքներին եւ անգամ կենսակերպին…
Այս ամենը հայության որոշ հատվածի մոտ առաջացրել է հատկապես Հայ-արիական եւ Հնդ-արիական (նաեւ՝ Հնդ-իրանական) ու Զրադաշտական տեսությունների խառնաշփոթ: Բայց սա էլ անցողիկ է: Չնայած այս խառնաշփոթը ձեւավորել է նաեւ որոշակի մտածելակերպ, կենսակերպ: Հատկապես ազդեցությունը հնդկական ուղղությունից է, երբ շատ հայեր կարծում են, թե Հիմալայներում է թաքնված Արիական-Արարչական տեսության Աղբյուրը, այլ ոչ թե Արարատում… Նրանք անգամ կարծում են, թե Մարդու Հոգին կարող է հաջորդ երկրային կյանքում անգամ կենդանու մարմնում հայտնվել (հնդկական պատկերացում) եւ մսակերությունը համարում են վնասարար եւ անառողջ երեւույթ… հանկարծ ու իրենց պապին կովի կերպարանքում չմորթեն՝ միսն էլ ուտեն… Սա ծիծաղելի կլիներ, եթե շատերի համար շատ լուրջ չլիներ: Իհարկե բուսակերությունը եւս կեցության ձեւ է (անգամ առողջարարական նպատակներով է կիրառվում որոշ ժամանակ), բայց նույն հաջողությամբ որեւէ մեկի պապի հոգին կարող է այդ տեսությամբ հայտնվել նաեւ մի բույսի կամ ծառի մեջ… Այդ դեպքում ինչու են ուտում պտուղը կամ բանջարեղենը: Բնությունը միայն կենդանական աշխարհը չէ եւ հոգի միայն երկոտանի կամ չորքոտանի արարածները չունեն, այլ նաեւ բուսական աշխարհն ունի…
Այս ամենը Հայ Աստվածների եւ Հայ-արիականության հետ որեւէ կապ չունի: Հայը՝ լինի Աստված, թե Մարդ, անգամ Հոգե-տիեզերա-աշխարհների էակ, վայելում է բնության բոլոր բարիքները եւ գինեձոներով փառաբանում է Տիեզերքի Արարչին Ամենայն Արարման համար…
Խավերի բաժանման կամ սննդակարգի աղճատման եւ նման այլ երեւույթները «իջել» են վերեւից: Տարբեր Աստվածներ Իրենց Մարդկանց հետ շփվել-շփվում են տարբեր ձեւերով, Տիեզերահաս իմաստնությունը ներկայացրել-ներկայացնում են տարբեր մեկնաբանությամբ… որովհետեւ յուրաքանչյուր Աստվածային Համակարգ ինքն է որոշում իր շփման ձեւը:
Առ այսօր Հրեական Աստվածային Համակարգը մարդկանց հետ հարաբերվում է սարսափ եւ վախ սերմանելուվ: Մարդը պետք է անխոս կատարի Աստվածների կամքը: Այսպիսին է, որոշակի տարբերությամբ, նաեւ Պարսիկ Աստվածների մոտեցումը: Նման տեսությունը իր կնիքը դրել է նաեւ հուդա-քրիստոնեության եւ հուդա-մահմեդականության վրա: Հուդա-քրիստոնյաների Եհովա Աստվածը վախի ու պատժի մարմնավորում է բացառապես… Իսկ հայ իրականության մեջ անգամ Քրիստոսին արարիչ որակեցին քրիստոնյա հոգեւորականները, կարծես Եհովայի ընտրյալ որդին Տիեզերքն Արարողից առաջ էր ծնվել… Մի՞թե նա հենց արարված Երկիր մոլորակում չծնվեց…
Հնդկական Աստվածները մարդկանց հետ հարաբերվելու խմբային-հատվածական կարգ են հաստատել, մարդիկ խավերի են բաժանված, այսպես է նաեւ կենցաղում ու գիտելիք ստանալու ասպարեզում, այսպես է անգամ սնվելու, թերեւս հենց մսակեր ու բուսակեր լինելու հարցում…
Շեղաչյա Աստվածները նույնպես խմբային-հատվածական կարգ սահմանեցին: Եվ ինչպես հնում, այնպես էլ կոնֆուցիական տեսության ներդրման ժամանակ մարդկանց թույլ չտվեցին Երկնքից վերեւ նայել եւ Երկինքը մնաց որպես բարձրագույն կետ……
Հունական եւ Եգիպտական Աստվածները մարդկանց հետ հարաբերվելիս ամեն երեւույթ, ինչն առնչվում է Աստվածների հետ՝ սրբացրեցին, անգամ տաճարային պոռնկությունը դարձավ սրբազան… Այսպես մարդիկ հեշտ էին կառավարվում եւ գինարբուքներում միշտ էին փառաբանում իրենց…
Վերեւում նշեցինք Հայ Աստվածների՝ Իրենց Մարդկանց հետ հարաբերվելու՝ Արարչակարգն ու Աստվածատեսությունը հստակ փոխանցելու կերպը: Հայ Աստվածները ժամանակին Հայ Մարդկանց հետ շփվել են անմիջականորեն եւ անգամ տաճարների գոյության խնդիրը չի եղել… Սակայն խառնարյունությունն ու խառնակչությունները սկիզբ դրեցին երկվության եւ ապականության:
Եվ Աստվածները սկսեցին շփվել Իրենց Ընտրյալ Մարդկանց հետ, ովքեր Հայկական լեռնաշխարհում Հայ Աստվածների հավաքատեղիներում առաջարկում էին Աստվածների համար տաճարներ կառուցել, ինչը թույլ կտա մարդկանց գոնե այդպիսով շփվել Աստվածների հետ… Անգամ նկարիչներին ու քանդակագործներին հուշում էին, թե որ Աստծուն ինչ դեմքով ներկայացնեն, որ մարդիկ պատկերացում ունենան իրենց Աստվածների մասին… Եվ սա Քրմության ձեւավորման նախադրյալ եղավ:
…Ցավոք, պատմական հայտնի ծավալումները Հայոց Հավատը հիմնականում վերածեցին կռապաշտության (սա միայն հայկական երեւույթ չէր)… Եվ արդեն Տրդատ արքան, որ շատերի նման ինքնաբերաբար հեռացել էր Հայոց Հավատից, փորձեց մի կենտրոնաձիգ ճիգ անել՝ բազմապիսի աստվածային համակարգը (տարբեր ազգերի Աստվածներով լեցուն, ոչ թե՝ հայկական բազմաստվածային) դարձնել Մեկաստվածային, ինչը կենտրոնաձիգ կդարձներ նաեւ հավատը եւ թագավորությունը: Ինչ իմանար այդժամ Տրդատը, որ Հայոց Հավատն ի սկզբանե կենտրոնաձիգ է եւ Մեկարարչական Համակարգ է՝ Բազմաստվածությամբ, որն ավելի զորեղ է, քան Արարչին «մերժող» Մեկաստվածային համակարգը…
Բայց այժմ նույնն է հենց հուդա-քրիստոնեության պարագայում: Կռապաշտություն է ամենուր, պաշտամունքի առարկաներ են նկարներն ու արձանիկները, կազմազարդերը, խաչքարերը, անգամ եկեղեցիներ են կառուցվում մեծահարուստների հաշվին՝ իբր նրանց հոգու փրկության համար, եւ առանց այլեւայլության… Իսկ Աստծո Տունը շահարկման առարկա չէ… Այս կռապաշտությունը կկործանի նաեւ քրիստոնեական կրոնը, ինչը առավել եւս ստիպում է մեզ՝ հայերիս, արագ վերականգնել Մեկարարչական Բազմաստվածային Համակարգը, ինչը թույլ կտա արդեն իր հունի մեջ մտած Տիեզերական Գարնան հետ համահունչ գնալ դեպի Հայոց Վերազարթոնքը, Հայ Տեսակի Առաքելությանը համայն Տիեզերքում, հասկանալի է՝ նաեւ Երկրում…
Կարող եք կարդալ «Լուսանցք»-ում նաեւ իմ հետեւյալ հոդվածները.
1. «Ազգային Ինքնություն. Ունե՞նք, թե՞ փնտրենք», թիվ 38-41 (77-80), 2008թ.
2. «Մեկարարչական Հայ Աստվածները», թիվ 36 (122), 2009թ.
3. «Բնախոսությունից դեպի բնազանցություն», թիվ 25 (156), 2010թ.
4. «Արարիչը մեկն է՝ միակը եւ անփոխարինելին (Տիեզերաճանաչողություն)», թիվ 39 (170), 2010թ.
5. «Արարչակարգը՝ Բարու եւ Չարի միջեւ», թիվ 20-21 (151-152), 2010թ.
6. «Զորավոր Հավատ. Մարդ-Աստվածներ-Արարիչ տիեզերակապով», թիվ 4 (180), 2011թ.
7. «Աղոթի՛ր ու փառաբանի՛ր քո Աստծուն, հայի Աստծուն ու Հայ Աստծուն…», թիվ 18 (194), 2011թ.:
Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ
«Լուսանցք» թիվ 3 (224), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



