Սեփականատերերը նեղացած չեն մնա

«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ուղղությամբ աշխատանքների մասով  տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը «Լուսանցք»-ին տեղեկացրեց, որ շարունակվում են բանակցություններն Ասիական զարգացման բանկի հետ՝ միջոցների տրամադրման վերաբերյալ:

Ըստ Մանուկ Վարդանյանի, շուտով սկսվելու է երրորդ տրանշի՝ Թալին-Գյումրի հատվածի համար շինարարական աշխատանքների մրցույթի նախապատրաստական փուլը. «Ի դեպ, բացի Ասիական զարգացման բանկից, մենք աշխատում ենք այլ ֆինանսական կազմակերպությունների հետ եւս£ Նաեւ որոշակի հատվածում չենք բացառում մասնավոր համագործակցությունը, որպեսզի մայրուղու կառուցման աշխատանքներն ամբողջությամբ կարողանանք ավարտին հասցնել: Այսինքն՝ այս տարի նախատեսում ենք ամբողջովին լուծել ֆինանսական հարցը եւ ունենալ ամբողջական նախագիծ՝ Բավրայից մինչեւ Մեղրի»:

Հյուսիս-Հարավ ճանապարհային

միջանցքի ներդրումային ծրագրի գծով դեռ 2011թ. հայտարարվել էր ծրագրի կառավարման խորհրդատուի ընտրություն: Նախորդ տարվա օգոստոսի 2-ին հայտարարվել էր Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Տրանշ 1 եւ Տրանշ 2 շինարարական միջազգային բաց մրցույթ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հետեւյալ հատվածների համար. 1. Աշտարակ-Թալին, 2. Երեւան-Արարատ, 3. Երեւան-Աշտարակ ճանապարհահատվածների վերակառուցում եւ բարելավում: Վեց ընկերությունների հայտերը մանրամասն գնահատվել են, եւ հաշվետվությունը վերանայման եւ հաստատման նպատակով 2011թ. դեկտեմբերի 2-ին ուղարկվել է Ասիական զարգացման բանկ: Սպասվում է, որ առաջիկա օրերին ԱԶԲ-ն կտա իր եզրակացությունը, որից հետո նոր միայն ՀՀ կառավարությունը պայմանագիր կկնքի շինարարական ընկերության հետ:

Ու քանի որ այս ծրագրի հետ կապված որոշ բողոքներ կան Ուջանի բնակիչների կողմից (տրանսպորտային միջանցքի շինարարության համար օտարվող հողամասերի փոխհատուցման չափերից), Մանուկ Վարդանյանը պարզաբանումներ ներկայացրեց: Նախ՝ չափագրումներն ու ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել, սեփականատերերի հետ դեռ ոչինչ չի համաձայնեցվել, ԱԶԲ-ի գնահատումներով փոխհատուցման չափը առնվազն 50 %-ով գերազանցում է հողամասերի շուկայական արժեքին, քանի որ բազմաթիվ գործոններ են հաշվի առնվում (ընտանիքի սոցվիճակը, ընտանիքում զինվորականի առկայությունը, աշխատողների թիվը, նպաստառուների թիվը եւ այլն):

Դատելով այս ամենից՝ ուջանցիները դժգոհ չեն մնա: Հակառակ պարագայում վեճերը կլուծվեն օրենքով սահմանված կարգով:

4-ի  հարցն էլ կլուծվի

Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը տեղեկացրեց նաեւ, որ ավտոկայարանների հարցն էլ չի անտեսվի:

Հատկապես այս ոլորտը հույժ կարգավորման կարիք ունի: Ունենք 4 ավտոկայարան, 23 ավտոկայան եւ ենթակարգավորման կետեր£ Տնտեսությունը բավականին վատ վիճակում է: Կա սպասարկման խնդիր, զգալի ներդրումների անհրաժեշտություն: Հարկ է արդիականացնել տնտեսությունը, ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ, կառավարել ամբողջ տրանսպորտային ցանցը: Հայտարարվելիք մրցույթը ենթադրում է, որ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն կամ կոնցեսիոն պայմանագրով կփոխանցվի կամ վարձակալության կհանձնվի:

Այս ամենը հույս է ներշնչում, որ տրանսպորտի ոլորտում շատ բան կկարգավորվի (խոսքը երեւանյան տրանսպորտի մասին չէ, որը Երեւանի քաղաքապետարանի գործն է):

Աստղինե Քարամյան

Ամեն հաջորդը լավն է, քանց թե ցանկացած  նախորդը

Ու  բոլորը գերազանց են զուքահեռաբար

Մեր կառավարության անդամները այնպես են հայերեն խոսում, որ ես, եթե ինձ չտրամադրեմ, ոչ մի կայացրած որոշման մասին չեմ լսի: Ստիպում եմ, որ ականջս սղոցող սխալները ինձ չշեղեն իմ հիմնական գործից:

Վերջերս նկատել եմ, որ էկոնոմիկայի նախարար Տիգան Դավթյանը հայերենի «հեռուստատեսային բառապաշար» ունի: Չէ, այնպես չէ, որ մյուս նախարարները նրանից լավ գիտեն հայերեն, պարզապես Տ. Դավթյանը մի պտղունց աղաչափ գերազանցում է իր գործընկերներին ուղղագրական սխալների առատությամբ (խոսքս բացառապես ուղղագրականին է վերաբերում, որովհետեւ մեր պետական այրերը հայերենի քերականությանն ու շարահյուսությանը, մեղմ ասած, լավ չեն տիրապետում):

Մեր էկոնոմիկայի նախարարը քան-ի կամ քան թե-ի փոխարեն միշտ գործածում է քանց թե: Այդպես էլ նախարարության որոշումներն են՝ ամեն հաջորդը լավն է, քանց թե նախորդը: Երեկ երբ նախարարը կառավարությունում զեկուցում էր մի որոշում (ըստ որի նախատեսվում է կազմակերպել ԼՂՀ Մաղավուզի շրջանից ածուխի փոխադրումը Վարդենիսի երկաթուղային հանգույց՝ հետագայում այն «Հասա գրուպ» ընկերության միջոցով՝ երկաթուղով Երեւան փոխադրելու նպատակով, որը պետք է կիրառվի որպես ջուր-ածխային վառելիք՝ ապահովելով «Երեւանի ՋԷԿ»-ի կողմից էլեկտրաէներգիայի ստաց
ումը), անընդհատ շեշտում էր՝ «զուքահեռաբար»:

Ի դեպ, նա նաեւ բաշխել-ուն բախշել է ասում, երկիր բառի փոխարեն էլ՝ էրգիր: Չէ, էրգիր-ը սխալ չէ, պարզապես նրան չի սազում: Չէ՞ որ բառն էլ, որ դուրս է գալիս մարդու բերանից, պիտի արժանահավատ հնչի: Էրգիր-ը լավ բառ է, բառի մեջ կարոտ ու պատմություն կա, բայց նախարարն ինքը այս բառին չի սազում: Երբ բառը չեն զգում, արտասանել պետք չէ, հարգն են գցում:

Հա, «գտնել» բառն էլ մեր նախարարի շուրթերից միշտ հնչում է իբրեւ «քթնել»: Եվ երբ նա ասում է՝ «Ես գտնում եմ…», լսվում է՝ «ես քթնում եմ…»: Ի դեպ, «ես գտնում եմ» կառույցն էլ սխալ է…

Ու քանի որ երեկ, կառավարության նիստի ժամանակ, չկարողացա ինձ ստիպել ու ականջ ծակող սխալները չլսելու տալ, էկոնոմիկայի նախարարի ներկայացրած որոշումների փոխարեն հասկացա, որ նրանց ամեն մի որոշումը, երկրորդում եմ, լավն է, քանց նախորդը, որ բոլորը լավն են զուքահեռաբար, որ այդ ամեն ինչը իրենք բախշում են, որ էրգիրը լավ ապրի ու քթնում են, որ գերազանց են աշխատում:  

Աստղինե Քարամյան

Հ.Գ. -ի  փոխարեն – թող ինձ ներեն հայերենին քաջատեղյակ ընթերցողներս, եթե ինքս էլ թեկուզ աննշան սխալ թույլ տված լինեմ: Բայց արդարացում ունեմ՝ ժամուկես հայերենատառ, բայց ոչ հայերեն խոսք լսելուց հետո ինձ գթալ էր պետք (խոսքս խղճալու, ոչ թե գդալի մասին է): Ասացի բացատրեմ, որ շփոթված ընթերցողս հասկանա ու չմտածի, որ այդ ժամուկեսից հետո տառասխալ եմ թույլ տվել, եւ ինձ պարզապես գդալ էր պետք՝ ճաշելու համար: Այնուամենայնիվ ասեմ, նախարարն ունակ է եւ կշտկի սխալները: Ու քանի որ ենթակաները նրան այդ մասին հաստատ չեն ասի, գործը ես եմ ստանձնում:

«Լուսանցք» թիվ 4 (225), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.