Հայկական դիվանագիտության նոր կողմնորոշումները

Ըստ փորձագետների, Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն արդեն ընդգծված ագրեսիվ եւ հրահրիչ է: Հատկապես իսրայելական ու արաբական զլմ-ներում հայտնված տեղեկատվությունը, թե Թուրքիան նյութական օգնություն է ցույց տալու «Համաս»-ին եւ ձեռնամուխ է լինելու Գազայի հատվածի վերականգնմանը, սրել է մերձավորարեւելյան առանց այն էլ պայթյունավտանգ իրավիճակը: Թուրքիան այսպես փորձում է գործել Իսրայելի դեմ եւ վերցնել նախաձեռնությունն ու առաջնահերթությունը Իրանից: Այսպես Անկարան ակնկալում է ստանալ մերձավորարեւելյան արաբական եւ իսլամական երկրների աջակցությունը՝ տարածաշրջանային գերերկիր դառնալու համար:

Սակայն տարածքային եւ այլ խնդիրները Սիրիայի ու Իրաքի (Ադրբեջանն էլ՝ Հայաստանի ու Իրանի) նկատմամբ նորից վերհառնեցին, եւ սա հիշեցրեց տարածաշրջանի երկրներին, որ Անկարան չի հրաժարվել պանթուրքիզմի եւ օսմանիզմի ծավալապաշտական գաղափարներից, իսկ իսլամական եւ մնացյալ «բարեմասնությունները» միայն քաղաքական նպատակներ են հետապնդում: Թուրքիան, ի տարբերություն Ադրբեջանի, ունի առավել կայուն տնտեսական ներուժ ու ավելի վստահ ու ագրեսիվ է հանդես գալիս: Փորձագետները նշում են նաեւ, որ Թուրքիան հակամարտության գոտիներում ապակայունացնող դերակատարի հարուստ փորձ ունի, ինչպես Արցախում, Չեչնիայում, վրաց-օսական պատերազմում, ադրբեջանա-իրանական հակամարտությունում եւ այլն: Նյութական եւ այլ օգնության անվան տակ կարողանում է սպառազինության ու ֆինանսական մատակարարումներ իրականացնել, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ չեչեն գրոհայինների եւ այլոց համար: Սպառազինության տրամադրում եղավ նաեւ Վրաստանին, անգամ վրաց-օսական պատերազմից առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր փաստեր, որոնք ցույց էին տալիս, որ Թուրքիան այդ երկրի ռազմական մատակարարումների առաջնային դերակատարներից է եղել… Այժմ էլ աջակցում է ստեղծվելիք Պաղեստինյան պետության ներքին գործերին՝ ընդդեմ եւ՛ Իսրայելի եւ՛ Իրանի:

Սա ակնհայտ մարտահրավեր է ոչ միայն Իսրայելին, այլեւ Արեւմուտքին եւ Իրանին: Եվ պատասխանները 3 ուղղություններից չուշացան: Իսրայելը վերստին Կնեսեթում քննարկման դրեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը եւ լուրջ քայլերի է դիմել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Նաեւ սառեցրել է Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը: Արեւմուտքն, ի դեմս Ֆրանսիայի, Հայոց ցեղասպանության ժխտողականությունը օրենսդրորեն քրեականացնելով, դժվարին կացության մեջ գցեց Անկարային, իսկ հայկական հարցը հետզհետե օրակարգային է դառնում եվրոպական այլ երկրների համար: Իսկ Թեհրանը հայտարարել է, թե Արեւմուտքի ռազմական հարվածների դեպքում, եթե դրանք Իրանին կամ Սիրիային ուղղվեն, կհարվածի Թուրքիային, այնտեղ գտնվող ամերիկյան ռազմաբազաներին…

Եթե պաղեստինյան հարցը արաբական աշխարհում որոշակի աջակցության է արժանացել, ապա արցախյան խնդրում Թուրքիայի միջնորդությանը Հայաստանում դեմ են միանշանակ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, թե եթե Թուրքիան իսկապես անկեղծորեն ցանկանում է օգնել այս գործընթացին, ապա այս գործընթացից պետք է ինչքան հնարավոր է հեռու մնա: Անգամ այն շահարկումը, թե Սենատի հայտնի որոշումից հետո Ֆրանսիան արդեն չի կարող լինել չեզոք երկիր, ուստի Թուրքիան պետք է լինի ԵԱՀԿ ՄԽ-ում, ծիծաղ է առաջացնում: Ֆրանսիան իր որոշմամբ անդրադարձել է հայ-թուրքական խնդիրներին, բայց սա համարվել է նաեւ հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող հարց… Անգամ Բաքուն է դիմել Թուրքիային ԵԱՀԿ ՄԽ-ում ընդգրկելու համար, կարծես թե թուրքերը արցախյան խնդրում չեզոքությամբ ուշագնաց են լինում…

Սա  մի նոր առիթ էր, որպեսզի հայ-թուրքական արձանագրությունների ջատագով ԱՄՆ-ն հասկանա մի կերպ, որ Անկարան չի կարող գոյատեւել առանց հայտնի նախապայմանների, քանի որ Թուրքիայի պատմությունը, ինչպես այս երկիրը, արյան եւ այլոց տարածքների վրա է ստեղծված…

Բայց Վաշինգտոնը դեռ համառում է ու այդպես հակահայկական հայտարարություններ է անում, նույնը Մոսկվային է վերաբերում, որտեղ փորձում են օգտվել Թուրքիա-Եվրոպա հակասություններից՝ շահարկելով Հայաստանի հետ ռազմավարական գործընկեր լինելու հանգամանքը…

Թուրքիայում ամեն դեպքում զգուշանում են, եւ փետրվարի 1-ից փոփոխություններով ուժի մեջ է մտնում «Օտարերկրացիների՝ Թուրքիայում կեցության եւ ճամփորդության մասին» օրենքի 3-րդ կետի 1-ին ենթակետը, որը մտահոգում է ինչպես հայաստանցիներին,  այնպես էլ հարեւան երկրներին: Անգամ հոդվածներ հրապարակվեցին՝ «Անկարան վտարում է հայերի՞ն» վերնագրով… Թուրքիայում անօրինական աշխատող հայերը եւ օտարերկրացիները կարտաքսվեն ամեն պահի: Չնայած այս օրենքի ընդունումից հետո կտուժի զբոսաշրջությունը, բայց Անկարան խստացնում է օտարերկրացիների՝ երկրում մնալու կարգը: Բայց որ սա անկասկած հատկապես հայերի դեմ է ուղղված, պարզ է դառնում Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեկի կեցվածքից, նա միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Հայաստանի վրա եւ պահանջել «հետ վերադարձնել Ադրբեջանի օկուպացված տարածքները… Ադրբեջանի հողերը օկուպացված են 1992թ.-ից, մեր միլիոնավոր ադրբեջանցի քույրեր եւ եղբայրներ վտարվել են իրենց հողերից: Եկել է ժամանակը վերջ տալու այդ անարդարությանը»…

Իսկ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուները շարունակում են թաքնվել պատմաբաններին ուղղված ցինիկ կոչերի հետեւում: ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը խստորեն քննադատել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, ով պետդեպարտամենտի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե ԱՄՆ-ն չի գնա Ֆրանսիայի ճանապարհով, որ 1,5 մլն. հայերի բնաջնջման թեման պատմաբանների բանավեճի համար է, իսկ ԱՄՆ-ի կողմից այդ հանցագործության ճանաչումը «վտանգավոր դռներ կբացի»: Այսպես ԱՄՆ վարչակազմն ավելի ու ավելի է խորացնում իր մասնակցությունը Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Սպիտակ տունը ցայսօր չի կատարել ստանձնած բարոյական պարտավորությունը ամերիկահայերի հանդեպ… Իսկ քլինթոնյան ցինիկ ելույթներով ամերիկացի պաշտոնյաները խրախուսում են Թուրքիային, որը դարձյալ երկրից հայերի արտաքսման սպառնալիքներ է հնչեցնում:

Ռուսաստանն էլ, փորձելով օգտվել տարածաշրջանում առկա հակասություններից, Թուրքիայի հետ հայտարարություններ է անում, թե կշարունակեն համատեղ աջակցել Արցախի խնդրի կարգավորմանը… Ո՞ր կարգավորման մասին է խոսում Մոսկվան, երբ Կովկասում իր միակ դաշնակից Հայաստանի նկատմամբ թուրքերն ու ադրբեջանցիները միասնաբար փորձում են նոր ոտնձգություններ իրականացնել… Եվ իզուր չէ, որ Երեւանում վերստին քննարկվում է 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը, որն անօրինական է ու ոտնահարում է հայության շահերը: Այստեղ կարեւոր է, որ հայկական դիվանագիտությունը առաջնահերթ ներկայացնի միազգային այն պայմանագրերը, որոնք օրինական են ու նաեւ մեր շահերն են ներառում. Փարիզի կոնֆերանսը՝ 1919-20թթ., Սան-Ռեմոն՝ 1920թ. ապրիլ, Սեւրի պայմանագիրն ու Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը:

Սա արդիական կդառնա այն համապատկերում, երբ եվրոպացիներն այլեւս անթաքույց թուրքերին դուրս կքշեն իրենց երկրներից: Եվ Հայոց ցեղասպանության արծարծումը նաեւ եվրոպացիներին է ձեռնտու: Շվեյցարիան եւ Սլովակիան եւս քրեականացրել են ցեղասպանության ժխտողականությունը, սպասվում է, որ այդպիսի քայլի կգնա նաեւ Գերմանիան: Եվ այստեղ է, որ կնկատվի մեր բարեկամ ռուսաստանցու բարեկամ լինել-չլինելը… Մինչդեռ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը ռազմավարական պլանավորման ռուս-թուրքական համատեղ խմբի 2-րդ նիստից հետո համատեղ հայտարարություն է ստորագրել՝ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի հետ, եւ առանձին կետով անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:

Թուրքիան շարունակելու է իր ապակառուցողական դերակատարումը բոլոր այն հարցերում, ինչ վերաբերում է Հայաստանին ու հայությանը, եւ պաշտոնական Երեւանը պետք է նորովի ցուցակագրի մեզ բարեկամ եւ չարակամ երկրներին:

Եթե Մոսկվան հավասարություն է դնում Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ, ապա ԱՊՀ եւ ՀԱՊԿ անդամ Հայաստանը պետք է արգելի ռուսական ռազմաբազաների գործունեությունը իր տարածքում եւ մեծացնի համագործակցությունը ՆԱՏՕ-ում, առավելապես ՆԱՏՕ-ական այն երկրների հետ, որոնք այսօր հայկական շահերը համահուչ են դիտարկում իրենց պետական շահերին: Մենք եւս պետք է հավասարություն դնենք Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ:

Ապակառուցողական կլինեն նաեւ Ադրբեջանի քայլերը, եւ այստեղ էլ պաշտոնական Երեւանը երկրների մեկ այլ ցուցակագրում պետք է կատարի արտաքին քաղաքականության ոլորտում:

Արեւմու՞տք (Եվրոպա-ԱՄՆ), թե՞ Եվրոպա՝ առանց ԱՄՆ-ի: ԱՊՀ-Ռուսաստա՞ն, թե ԱՊՀ ու նաեւ ՎՈւԱՄ՝ առանց Ռուսաստանի: Միայն Արեւմու՞տք, թե՞ նաեւ Արեւելք՝ Չինաստան, Հնդկաստան, Իրան…: Արաբական երկրնե՞ր, թե՞ Իսրայել…

Եվ այս բոլորը պետք է դիտարկել հիշյալ բեւեռների կամ երկրների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունների ծիրում եւ հայկական շահերի պաշտպանության տեսանկյունից:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 4 (225), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.