Հայաստանը եւ Թուրքիան. պատերազմ երրորդ երկրների միջոցով


Տարածաշրջանը լուրջ ռազմավարական գործընթացների ու վերաձեւումների շեմին է, եւ գերտերությունները փորձում են մեծ պատառների տիրանալ: Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը նկատել է, որ ամենադժվարին կացությունում այժմ Թուրքիան է, որի դեմ դեռ անտեսանելի պատերազմ են մղում: Մասնավորապես նշվում է, որ այն բանից հետո, երբ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին խստագույնս քննդատել է Թուրքիային՝ մեղադրելով նրան Իրաքի ներքին գործերին միջամտելու եւ հակամարտություններ հրահրելու մեջ, խաղի մեջ ներքաշվել է նաեւ իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին: Այսպես քրդական պայքարը կարող է ծավալվել Թուրքիայի տարածքում……

Այլ վերլուծաբաններ էլ հավելում են, որ հայոց ցեղասպանության արծարծումը լուրջ հակասությունների մեջ կներքաշի Անկարային Եվրոպայի հետ, ինչը կարող է զինյալ բախումների մղել ինչպես քրդերին, այնպես էլ հայերին ու հույներին (նաեւ՝ Կիպրոսում):…

Այժմ Թուրքիայի վրա ճնշում է գործադրվում, որի գլխավոր նպատակն է ստիպել միանալ Արեւմուտքի «նավթային էմբարգոյին ընդդեմ Իրանի»: Այսպես Թուրքիան ոչ միայն տնտեսության մեջ կորուստներ կկրի, այլեւ հակամարտության մեջ կմտնի: Արեւմուտքը նաեւ Սիրիայի հարցում է ճնշում գործադրում Անկարայի վրա եւ, ինչպես քաղաքագետ Տարասովն է նշել, «Արեւմուտքը մեջքից հարված է հասցնում Թուրքիային՝ միանգամից երկու կամ երեք ուղղություններով»:

Բացառված չէ, որ տարածքային ծավալումների թեժացման պահին ԱՄՆ-ն կփորձի ստեղծել այնպիսի պայմաններ, որի ժամանակ Թուրքիայում զինված հակամարտությունն անխուսափելի կլինի: Այսպիսով՝ թուրքական դիվանագիտությունը կանգնած է լուրջ ընտրության եւ սպառնալիքների առաջ:

Ի տարբերություն Թուրքիայի, Եվրոպա-Հայաստան հարաբերությունները առաջխաղացում են ապրում: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեյ Սորոկինի հանդիպման ժամանակ Սորոկինը նշել է, որ ԵԱՀԿ-Հայաստան հարաբերությունները միշտ աչքի են ընկել բազմաբովանդակությամբ եւ ներառում են Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ գործունեության բոլոր ուղղություններով: Քննարկվել են նաեւ տարածաշրջանային մի շարք հարցեր:

Իսկ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է հերթական այցով Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը: Մտքեր են փոխանակվել միջազգային իրադրության, տարածաշրջանային խնդիրների եւ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Լեֆորը նշել է, որ Եվրամիությունը հաստատակամ է տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձեւավորման եւ ամրապնդման իր առաքելությունը շարունակելու, այդ թվում Արցախում հակամարտության արագ հանգուցալուծմանն ուղղված իր ջանքերում եւ անընդունելի է համարել ռազմական ճանապարհով խնդրի լուծման փորձերը:

ԱԱԽ քարտուղարը հայտնել է, որ Հայաստանը եղել ու մնում է տարածաշրջանում գործընկերային եւ կառուցողական մթնոլորտի ձեւավորման ջատագովը եւ պատվիրակության հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ միջազգային իրադրությանն առնչվող հարցեր:

Այսպես Երեւանն ու Անկարան ճակատամարտում են դեռ երրորդ երկրների միջոցով, եւ եթե սա հաջողություն բերի, ապա երրորդ կողմով պատերազմելու ձեւը կարելի է դարձնել ռազմա-քաղաքական նպատակ…

Սա գուցե հնարավոր լինի, քանի որ տարածաշրջանային հարցերում տարաձայնություններ կան ինչպես Եվրոպա-ԱՄՆ բեւեռում, այնպես էլ ԱՄՆ-ՌԴ գերպայքարում: Հատկապես Սիրիայի եւ Իրանի հարցերում այս գերտերությունները հակասությունների մեջ են: Անգամ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին օրերս չի հաջողվել կապ հաստատել իր ռուս գործընկերոջ հետ՝ քնննարկելու Սիրիայի առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացված բանաձը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անհասանելի է ԱՄՆ-ի պետքարտուղարի համար: Բայց մեկնաբանելով այդ հայտարարությունը՝ Լավրովը զարմանք էր հայտնել՝ նշելով, թե ինքը կապ կհաստատի Քլինթոնի հետ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում, քանզի մինչ այդ զբաղված է եղել Ավստրալիայում իր գործընկերների հետ հանդիպումներով եւ հեռախոսազրույցը հետաձգելու առաջարկով է դիմել հենց պետքարտուղարությանը…

ՄԱԿ-ի ԱԽ-ում  քննարկումներ են ընթանում Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ: Նաեւ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ, եւ Վաշինգտոնին ընդդիմանում են Անվտանգության խորհրդի վետոյի իրավունք ունեցող Ռուսաստանն ու Չինաստանը:

Արտակ Հայոցյան

Ամենուր թուրքերին հսկել է պետք

Նիդեռլանդների 3-րդ ամենամեծ քաղաքական կուսակցությունը հորդորել է երկրի ԱԳ եւ ՊՆ պատասխանատուներին՝ վերանայել Թուրքիայի հետագա անդամակցության հարցը ՆԱՏՕ-ին: Հոլանդական «Ազատություն» կուսակցության ղեկավար Գերտ Վիլդերսը եւ կուսակցության՝ Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ, խորհրդարանի անդամ Վիմ Կորթենոեվեն մեղադրել են Թուրքիային՝ իր դաշնակիցներ Իսրայելին եւ Ֆրանսիային դատապարտելու մեջ: Թուրքական կառավարությունը արդեն իսկ սպառնալիքներ է հղել այդ երկրներին: «Թուրքիան ունի շատ կարճ եւ մտահոգիչ պատմություն, եւ այդ երկիրը դատապարտում է իր դաշնակիցներին»,- ասել է կուսակցապետը եւ պահանջել փաստել Թուրքիայի հուսալիությունը՝ որպես ՆԱՏՕ-ի գործընկեր: Ֆրանսիան եւ Հոլանդիան ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքում առաջատար երկրներ են:

Հոլանդական հիշյալ կուսակցության փոխնախագահ Վիմ Կորտենովենն էլ հավելել է, որ Թուրքիան ունի նաեւ իր դաշնակիցներին դավաճանելու փաստերով լեցուն պատմություն եւ «ճակատագրական սխալ կլինի միջուկային երկրներ Իրանից ու Պակիստանից ալիանսի պաշտպանության նոր ռազմավարության առանցքային տարրը վստահել թուրքերին»:

Իսկ ՌԴ Նիժնի Նովգորոդ շրջանի Լենինյան շրջանային դատարանը «Նուլջուլար» միջազգային կրոնական կազմակերպության տեղական մասնաճյուղի անդամների գործով մեղադրական վճիռ է կայացրել: Այս մասին հղում անելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Նիժնի Նովգորոդի մարզային վարչությանը՝ հաղորդում է «Ռոսիսկայա գազետա»-ն: Նույն աղբյուրի փոխանցմամբ, խմբի գործունեությունը կանխարգելվել է 2011թ. մարտին, որի հետեւանքով 12 մարդ ձերբակալվել է:

Նրանց թվում են եղել Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի քաղաքացիներ: Վերջիններիս մոտից առգրավվել է ավելի քան 40 տեսակի կրոնական ու ծայրահեղական բնույթի գրականություն:

Կարեն Բալյան

Ադրբեջանում սպառնալիքների տեսիլքն է շրջում

Ադրբեջանցիների կողմից թշնամիների որոնողական գաղափարը պարզունակ է ու ծեծված: Դե՜, դա ուղեղի աշխատանքով է նաեւ պայմանավորված…

Այսպես, եթե որեւէ արտաքին սպառնալիք կա, ուրեմն հայերն են մեղավոր, եւ այդ մեղավոր հայերի պատճառով էլ արտաքին ծախսերն են շատացել, որն էլ ազդել է ադրբեջանցիների ներքին ծախսերին եւ կյանքի պայմանների վատացմանը… Սա տարիներ շարունակ երգվում է: Բայց այժմ հայերի բախտը մի քիչ բերել է: Հիմա ասում են՝ եթե ներքին սպառնալիք կա՝ իրանցիներն են մեղավոր: Այս դեպքում հայերը մնում են միայն որպես արտաքին սպառնալիք…

Սակայն այս նոր հանգամանքը «մխիթարող» չէ. ստացվում է՝ երբ ներքին եւ արտաքին սպառնալիքներ կան, ուրեմն այս դեպքում պետականորեն ձեւավորվում է հայի ու իրանցու միավորված թշնամու կերպար: Եվ ահա, ըստ ադրբեջանցիների տրամաբանության, քրիստոնեական Հայաստանը եւ իսլամական Իրանը (իրենց անվտանգության մարմիններով) ուս-ուսի տված մարտնչում են հուդա-իսլամա-քրդա-թուրքա-թաթարա-ալիեւական Ադրբեջանի դեմ…

Ադրբեջանը մշտապես դժգոհ է հայերից, Հայաստանից ու Արցախից, ինչը գաղտնիք չէ ոչ մեկի համար: Արդեն գաղտնիք չէ, որ Իրանից էլ պետք է դժգոհեն: Եվ սա քիչ համարելով, միեւնույնն է, ադրբեջանցիները բողոքում են ներքին կյանքից, մերթընդմերթ Վրաստանի հասցեին եւս դժգոհություն է հնչում (հայերի հետ իբր լավ հարաբերությունների համար)…

Բայց սա էլ վերջը չէ, հերթը հասավ Ֆրանսիային՝ Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնելու համար: Շուտով այլ եվրոպական երկրներ նույնպես կդառնան Ադրբեջանի «արտաքին ու ներքին սպառնալիքներ»: Մենք՝ հայերս, պետք է ամեն բան անենք, որպեսզի այդ «սպառնալիքները» շատանան եւ լինեն բոլոր մայրցամաքներում…
Նարե Մշեցյան
 

– Բաքվում ձերբակալվել են Ադրբեջանի 2 քաղաքացիներ, որոնք կասկածվում են Իսրայելի դեսպան Միխաել Լոտեմի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ: Նույն մեղադրանքով ձերբակալվել է նաեւ Իրանում բնակվող եւս 1 ադրբեջանցի:

Կալանավորների մոտ հայտնաբերվել է մեծ թվով զենք և զինամթերք, որոնք Ադրբեջան են ներթափանցել Իրանից: Պատվերը կատարելու համար ահաբեկիչներին խոստացվել է 150 հազար դոլար:

*  *  *

Ադրբեջանը կարո՛ղ է փլուզվել

Թալիշ-Մուղանյան Հանրապետության հիմնադիր, թալիշ ազգային գործիչ Ալի Աքրամ Գումմատովը, ով Ադրբեջանում բանտից ազատ արձակվելուց հետո ապրում է Արեւմուտքում, Իրանի մեծաքանակ թվով թալիշների եւ ոչ պետական կազմակերպությունների կողմից մերթընդմերթ հրավիրվում է Իրան: Նա ելութներ է ունենում եւ նշում. «Թալիշները հին իրանական ցեղեր են, որոնց բնօրրանը եղել է Իրանի ներկայիս պատմական տարածքը: ԽՍՀՄ ղեկավարությունը, այնուհետեւ Ադրբեջանի կառավարությունը թալիշների հանդեպ վարել ու վարում է ձուլման քաղաքականություն: Ադրբեջանի ղեկավարությունը թալիշների թվաքանակը դիտավորյալ նվազեցնում է, մինչդեռ թալիշ ազգային գործիչները եւ մտավորականները նշում են, որ նրանց թիվը հասնում է 2 միլիոնի»:

Թալիշ ազգային գործիչները ԽՍՀՄ փլուզումից հետո այն համոզմանն էին եկել, որ թալիշ ազգը վերոնշյալ խնդիրներից ազատվելու համար պետք է անջատվի Ադրբեջանից, եւ ահա, 1993թ. Գումմատովի կողմից հռչակվում է Թալիշ-Մուղանյան Հանրապետությունը: Սակայն, Ադրբեջանի ղեկավարությունը բռնաճնշումների է ենթարկում թալիշներին, իսկ Գումմատովին՝ ձերբակալում ու զրկում քաղաքացիությունից, ով երկար տարիներ բանտարկվում է, ազատ արձակվելուց հետո ապրում Արեւմուտքում:

Հիշեցնենք, որ Իրանի ԶՈւ ԳՇ պետ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին Ադրբեջանի նախագահին ուղղված խոսքում Ադրբեջանի ներկայիս տարածքը անվանել է Արան (իրանցի պատմաբանները ներկայիս Ադրբեջանի տարածքն անվանում են Արան) եւ նշել, որ Արանի ժողովրդի երակներում իրանցու արյուն է հոսում:

Ադրբեջանում բնակվող լեզգիները ունեն լրատվական կայքեր, որտեղ արծարծվում է ոչ միայն Լեզգիստան ստեղծելու խնդիրը, այլեւ Ադրբեջանում տարվող հակահայ քարոզչության մասին է գրվում: Ռուսաստանյան Դաղստանի լեզգիները ցանկանում են Ադրբեջանի տարածքում բնակվող լեզգիների հետ միասնական Լեզգիստան ստեղծել, եւ այս հարցը կարող է զուգահեռ առաջանալ Թալիշ-Մուղանյան Հանրապետության ստեղծման հետ:

Ըստ լեզգինների կայքերի, ադրբեջանական լրատվամիջոցների զգալի մասը պետական պատվեր է կատարում, խոսքի ազատություն ասվածն իրականում միֆ է այս երկրում, եւ խրախուսվում ու հովանավորվում է միմիայն հայատյացությունը, որը

պետական քաղաքականության հիմքում է: Նման քաոսի մեջ Ադրբեջանի իշխանությունները տառապում են ինքնախաբեությամբ՝ մոռացության տալով սեփական երկրի բազում խնդիրները, ավելին՝ հարկադրելով լրագրողներին լռել ճշմարտության մասին: Մեկը մյուսի ետեւից փակվում են ադրբեջանական ընդդիմադիրների կայքեր ու անձնական բլոգեր: «Փաստորեն, ադրբեջանցիների՝ հայերի նկատմամբ ունեցած հիվանդագին սարսափը վերածվել է շիզոֆրենիայի, քանզի լեզգիները, թալիշները, մյուս ազգային փոքրամասնությունները եթե փորձեն բառ իսկ ասել թուրքիզմի դեմ, իսկույն կվերածվեն հայերի»,-նշում են լեզգիները եւ հավելում,- այնուհանդերձ, բոլորիս համար էլ գաղտնիք չէ, որ հեյդարիզմի ջատագովներն իրականում շատ լավ տեղեկացված են բնիկ ժողովուրդների թվաքանակի մասին, որ բանակում հմուտ սպայական կազմի մեծ մասը լեզգի է ու թալիշ, իսկ հակամարտության վերսկսման դեպքում նրանք կկանգնեն յուրայինների, այլ ոչ թե Բաքվի ղեկավարության կողքին: Լեզգիներն ու թալիշները զգում են օրեցօր իրենց նկատմամբ ահագնացող վերաբերմունքը, ինչի արդյունքում ահաբեկչության դեմ պայքարի անվան ներքո Բաքվի նախաձեռնությամբ անհետ կորչում են մեր հայրենակիցները:

Եվ սա է պատճառը, որ ուդինները, լեզգիներն ու թալիշները հետզհետե ավելի ու ավելի շատ գիտելիք են ձեռք բերում իրենց բազմադարյա պատմության ու ծագման մասին, ինչի հետեւանքով էլ դյուրին հերքվում է ադրբեջանցիների հորինած սին գաղափարախոսությունը: «Վերջին 20 տարիների ընթացքում մեզ թունավորել են՝ իբր հայերը մեր առաջին թշնամիներն են, իսկ ադրբեջանցիներն ու մենք եղբայրներ ենք, սակայն հենց այդ չակերտավոր եղբայրները թույլ չեն տալիս անգամ, որ մենք մեկ ռադիոկայան ունենանք, տարիներով հալածում են մեզ…»,- ասում են Ադրբեջանի ազգային փոքրամասնության ներկայացուցիչները:

Այս առումով լուրջ անելիքներ ունենք հայերս եւս, քանզի Ադրբեջանի մասնատումը նաեւ մեր բռնազավթված այլ հողերի ազատագրման հիմք կդառնա…

 

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 4 (225), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.