Հայապատկան ու հայահոգի Հայոց հզոր պետություն

Հայաստանի Հանրապետությունը հայերի բնօրրանի մի չնչին մասն է, որն իր փոքր տարածքով ու թույլ տնտեսությամբ հայտնվել է աշխարհի ուժեղների ընկերակցությունից դուրս, իսկ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ առումներով՝ ոչ նպաստավոր պայմաններում: Այս իրականության մեջ հայ ազգը, որպես Արարչաստեղծ Հայ Տեսակի մի մասնիկ եւ Գենի կրող, փորձում է վերագտնել իր հիմնական՝ Արարչատուր տեղն Արեգակի եւ Արարատի հովանու ներքո: Եվ այդ գործընթացի մեջ, միջազգային ու ներազգային խրթին ու բազմաբնույթ քաղաքականության խաչմերուկում, տեղի է ունենում հզոր պետությունների քաղաքական-տնտեսական, կրոնական-գաղափարախոսական, հոգեւոր-մշակութային շահերի բախում, որն ընթանում է Երկրագնդի աշխարհաքաղաքական քարտեզի հերթական վերաձեւման համար…

Այս հանգամանքներում ծագել է անհրաժեշտություն վերհիշելու մեր անցած, ճշտելու ներկա եւ հստակեցնելու ապագա ուղիներն ու նպատակները եւ ըստ այդմ էլ կառուցելու եւ վարելու հստակ ու վստահ, միահյուսված արտաքին ու ներքին քաղաքականություն:

Հայաստանի իշխանություններն ամեն կերպ պետք է ձգտեն հզոր պետությունների հետ վարել ճկուն եւ երկկողմանի շահավետ քաղաքականություն՝ ստեղծելով հնարավորինս անկախ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ բնույթի արտաքին ու ներքին քաղաքականությամբ առաջնորդվելու նախապայմաններ: Այլապես, դառնալով որեւէ հզոր պետության կամ համաշխարհային ապազգային ինչ-որ խմբավորման կցորդ, կշարունակենք լողալ մեր իսկ ստեղծած անհաջողությունների ծովում, մինչեւ ուժերի վերջնական սպառումը…

Այսօր, ոչ թե բնակարգով սահմանված արդար ուժն է ծնում իրավունք, այլ՝ պարզապես ուժը, ավելին՝ բիրտ ուժը… եւ սրան դիմակայելով՝ Հզոր Հայաստանի ու Հայ Ազգի ստեղծումը մեր բոլոր սերունդների ամենաառաջնային խնդիրն ու սուրբ պարտականությունն է:

Ուստի՝ ամեն հայորդի պետք է առաջնորդվի.

– Հայոց ազգային պետությունը բնական ու պատմական Հայաստանի ամբողջական տարածքի, պատմության ընթացքում ստեղծված բոլոր պետական կազմավորումների միակ իրավաժառանգորդն է:

– Հայ ազգը բազում հազարամյակներ ընթացող հայոց պատմության, ավանդական, մշակութային, գիտական, հոգեւոր ու բոլոր այլ արժեքների ու հարստությունների տերն է ու իրավաժառանգորդը:

– Հայաստանի ազգային կառավարությունը պատմական Հայաստանի բոլոր իշխանությունների ու թագավորական հարստությունների իրավաժառանգորդն է:

Սրանք այն դրույթներն են, որը յուրաքանչյուր հայի՝ պաշտոնյա, թե անպաշտոն, հայրենիքում, թե սփյուռքում պետք է զգոն եւ նպատակասլաց պահի՝ անցյալ-ներկա-ապագա համապատկերում:

Եվ ներկայիս Հայաստանը աշխարհասփյուռ հայության հայրենիքն է ու բոլոր հայերն ունեն ՀՀ քաղաքացի (բնակիչ) դառնալու իրավունք: Ազգային պետությունը, հայրենի իշխանությունները պարտավոր են ապաստան տալ յուրաքանչյուր հայի, պաշտպանել նրա անվտանգությունը, պատիվն ու արժանապատվությունը, ունեցվածքը: Բոլոր հայերը, Երկրագնդի որ հատվածում էլ գտնվեն, ունեն պարտականություններ հայ ազգի ու Հայաստանի, իրենց Միակ Հայրենիքի նկատմամբ, որից հրաժարվելը ազգադավություն է, եւ խուսափողը պետք է զրկվի հայրենի պետության ու համայն հայության հովանավորությունից:

Ազգային անկախ պետության ամրապնդումն ու հզորացումը պայմանավորված է հայ ազգի միասնության, սեփական ազգային ու բարոյական գաղափարախոսությունները որպես պետական քաղաքականության հիմքի ընդունմամբ եւ օտար գաղափարախոսությունների ու կրոնների (աղանդների, հավատքների, պաշտամունքների…) մերժմամբ: Եթե քաղաքական, տնտեսական ոլորտներում պարտությունը հանգեցնում է պետության (բնօրրանի)՝ մարմնի կործանմանը, ապա լեզվա-մշակութային, հոգեւոր-գաղափարախոսական ոլորտներում պարտությունը սպանում է ազգը՝ հոգին…

Հայ ազգի միասնությունը, նպատակասլացությունը եւ Սրբազան Հայրենիքի գաղափարը սերունդների մեջ պահպանելու համար Հայկական Հարցը (հետագայում՝ Հայ Դատն ամբողջապես), հայկական պահանջատիրությունը պետք է շարունակեն մնալ ազգային ու պետական քաղաքականության հիմքում: Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի ազգի ու հայրենիքի շահերը պաշտպանելու, անվտանգությունն ապահովելու եւ ազգային նպատակներին հասնելու հայեցակարգից: Միջազգային քաղաքականության մեջ՝ հատկապես Հայոց պահանջատիրության եւ Հայոց մեծ ցեղասպանության (1915-1923թթ.) նկատմամբ վերաբերմունքով պիտի ճշտվի Հայաստանին բարեկամ պետությունների, կազմակերպությունների ու անհատների ցանկը:

Հայաստանում պետք է իշխի Օրենքը՝ Հայոց Սահմանադրությունը, որը կընդունվի ինչպես հայրենիքում բնակվող, այնպես էլ՝ աշխարհասփյուռ հայության (ովքեր ընդունում են իրենց պարտականություններն ու իրավու
նքները հայ ազգի ու Հայաստանի նկատմամբ) կողմից ընտրված Սահմանադիր Ժողովի (գիտաիրավաբանական խորհրդի) որոշմամբ, եւ կհաստատվի Համահայկական Հանրաքվեով: Մեր Սահմանադրությունը պետք է կառուցվի սեփական ազգային, ավանդական ու բարոյական օրենքների հիմքի վրա, որը թույլ կտա աշխարհի բոլոր անկյուններում պահպանել հայի ազգային ու բարոյական նկարագիրը եւ պաշտպանել իրավական, սոցիալական ու մյուս շահերը: Հայ ազգի եւ Հայաստանի միասնությունն ու հզորությունը կհարատեւի արիական-ցեղապաշտական (հայկական-ցեղապահպանական) ապրելակերպի վերահաստատմամբ, պատմական արժեքների վերագնահատմամբ եւ Միացյալ Հայաստանի վերակերտմամբ (ամբողջ Հայկական լեռնաշխարհում):

Անկախ այն հանգամանքից, թե ինչ պետական կառավարման ձեւ (նախագահական, խորհրդարանական եւ այլն) կհաստատվի Հայաստանում (ճիշտը՝ Արարչապետությունն է, իր հոգեւոր եւ ռազմա-քաղաքական կեցակարգով), անհրաժեշտաբար պետք է վերականգնվի «Հայաստանը՝ հայերին» պատվիրանը… Միաժամանակ պետք է լինի Արյան մաքրության ու Գենի առաքելության շարունակական քաղաքականություն, եւ Հայաստանը այլեւս կմնա որպես անաղարտության եւ առաքինության օրրան… Այս ամենի ճանապարհին պետք է ստեղծել համահայկական միացյալ բանակ (անվտանգության համակարգով) եւ միացյալ դրամատուն, որը թույլ կտա ամբողջ աշխարհում պաշտպանել հայի նյութական եւ հոգեւոր հարստությունները…

Հայ արիական-ազգայնական  ուժերը, որ առավել համախմբված են հայկական հիմնախնդիրների եւ միասնական գաղափարախոսական սկզբունքների շուրջ, ձգտում են Հայաստանում Արարչապետության վերականգնմանը: Չնայած այս ուժերն են հենց շարունակական ճնշումների ենթարկվում համաշխարհային ժողովրդավարական մամլիչի կողմից, իսկ իրականում իրենց սին ժողովրդավարներ հռչակած համաշխարհային բռնական ուժերի կողմից… բայց հենց ազգայնականներն իրական հնարավորություն ունեն (խոր արմատներ ունենալով ազգի մեջ) ազնիվ ու կտրուկ քաղաքականությամբ առաջնորդվելու եւ շատ արագ հզոր հասարակական-քաղաքական ուժ դառնալու համար, եթե իհարկե Հայկական Գենը շարունակի բնականորեն զարթնել Տիեզերական Գարնան լիցքերից… Իսկ վերազարթոնքը կվերականգնի նաեւ մեր կորցրած ազգային նկարագիրն ու արժանապատվությունը, Տիեզերակարգին հարիր կեցակարգը…

Հայի հայրենիքում գործող պետության որդեգրած քաղաքականությունը, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հարաբերություններում պետք է առաջնահերթ նպաստի ազգային էության-ինքնության՝ ինքնագիտակցության վերահաստատմանը, հայի արժանապատվության ու մտածողության վերականգնմանը, հայրենատիրական (Արցախի, Նախիջեւանի, Ջավախքի, Արեւմտյան Հայաստանի… խնդիր) գաղափարների կարեւորմանը, որն էլ կամրագրի հայապահպան քաղաքականության հիմնական առաքելությունը՝ հայ ցեղի եւ հայոց բնօրրանի Արարչաստեղծական գաղափարաբանությունը:

Այո, պետք է նաեւ համադրել ինքնատիպ ազգայինը եւ առաքինի համամարդկայինը, որովհետեւ մոլորակը բազմազգ ու բազմամարդ է: Բայց միայն համադրել, եթե միջազգայինը կամա, թե ակամա հակադրվում է ազգայինին, ապա դա պետք է անվարան օտարվի մեր կյանքից, քանզի այն առաքինի չէ, եթե մերժում է ազգայինն ու հայկականը… Երբեւիցե ոչ մի բան կամ ոչ ոք չպետք է անտեսի մեր ազգի ու հայրենիքի շահերը: Ավելին՝ չպետք է ստորադասի հայի անվտանգությունն ու պաշտպանվածությունը, էլ չխոսենք անտեսելու մասին…

Անհերքելի է, որ հզոր հայոց պետության վերականգնման եւ հայ ազգի բարգավաճման համար անհրաժեշտ է վարել անկախ քաղաքականություն եւ ստեղծել զարգացած տնտեսություն, սակայն, անժխտելի է նաեւ, որ դրան հասնելու նախապայմանը սեփական ակունքներից սնվելն ու ազգային գաղափարախոսությամբ ու հայոց հավատով առաջնորդվելն է: Այս առումով քիչ կործանարար չէ նաեւ իշխանության ու եկեղեցու որդեգրած այլակրոնությունը, լեզվակրթական քաղաքականությունը, հարմարվողական կեցակարգը եւ այլ ոլորտները, որոնք էլ իրենց հերթին պատճառ են դառնում օտարածին մտածելակերպի ձեւավորման, ազգի մասնատման, ներազգային հակամարտությունների դրսեւորման, այլոց ապազգային քաղաքականության ամրապնդման համար:

Հայոց գաղափարախոսությունը պետք է հենվի ոչ թե մեր պատմության մի հատվածի, այն էլ՝ պարտադրանքով լեցուն մի արարի վրա, այլ, պետք է սնվի ամբողջ պատմության ընթացքում ձեռք բերած իմաստությամբ, հոգեւոր-մշակութային արժեքներով, ավանդույթ-սովորույթներով՝ կարեւորելով նաեւ բնօրրան-հայրենիք հասկացությունը եւ այն վերատիրելու գաղափարաբանությունը:

Հայ արիականների գերնպատակը հենց այս զորավոր Հայաստանի վերակերտումն է, որի համար Հայ Արիական Միաբանությունը հայության լավագույն հատվածի հետ մարտնչեց Հայաստանի ազատության եւ անկախության, Արցախի եւ մեր այլ տարածքների ազատագրման ու հայկական պետության կայացման-պաշտպանության համար:

Եվ  այսօր էլ հայ արիները
այլ ազգայնական ուժերի հետ հայրենիքում, թե սփյուռքում ծառայում են ազգին ու հայրենիքին՝ առանց վարանելու եւ առանց փոխհատուցման ակնկալիքի…

Հայոց Հայրենիքը՝ Հայկական Բարձրավանդակը, մեր Ծին-Գենի վերազարթոնքի միակ սնուցիչ մարմինն է (ասել ենք՝ Ազգը այլաբանորեն հոգի է, Հայրենիքը՝ մարմին) եւ անհրաժեշտ է այն աչքի լույսի պես պահպանել:

Իսկ պահպանելու համար էլ պետք է վերատիրել ամբողջական հայրենիքին եւ այնտեղ հայապատկան ու հայահոգի հզոր պետական կառույց հիմնել…

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 4 (225), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.