Քաղաքական շատ ուժեր են մեզանում շահագրգռված ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրմամբ եւ հաճախ են օրինակներ բերում հենց Ռուսաստանից, որտեղ ընտրատեղամասերում մեկնարկել է տեսախցիկների տեղադրման գործընթացը: ՌԴ կապի նախարար Իգոր Շեգոլյովը այցելել է Նովգորոդ, որի ընտրատեղամասերից մեկում էլ տեղադրվել է առաջին հատուկ սարքը՝ 2 վեբ-տեսախցիկ եւ հատուկ ծրագրային ապահովմամբ համակարգիչ: Տեղեկատվության համաձայն, նախագծի նպատակն է լինելու սույն թվականի մարտի 4-ին կայանալիք ՌԴ նախագահական ընտրությունների ժամանակ ապահովել վեբ-հեռարձակում: Նշենք նաեւ, որ նախաձեռնության հեղինակն է ՌԴ վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը, ով իր որոշումը մեկնաբանել էր ընտրությունների ժամանակ ընտրախախտումները բացառելու անհրաժեշտությամբ: ՌԴ-ում գործում է 95 հազար ընտրատեղամաս, որոնց տեսախցիկներով ապահովումը, նախարարի գնահատմամբ, դաշնային բյուջեի վրա կնստի 13 միլիարդ ռուբլի:
Քաղաքացիներին առաջարկված առաջին հարցը եղել է հետեւյալը՝ ինչպիսի՞ վերաբերմունք ունեն կուսակցության հանդեպ՝ ջերմ, սառը, թե չեզոք: ՀՀԿ-ն առավելագույն 100 միավորից ստացել է 65, ԲՀԿ-ն՝ 52, ՀՅԴ-ն՝ 28, ՕԵԿ-ը՝ 20, Ժառանգությունը՝ 44, ԺԿ-ն՝ 3, ՀԱԿ-ը՝ 51 միավոր: Գործունեության գնահատականի մասին հարցին ի պատասխան ՀՀԿ-ին 10 առավելագույն միավորից տվել են 6 միավոր, ԲՀԿ-ին՝ 3, ՀՅԴ-ին՝ 1, ՕԵԿ-ին՝ 1, «Ժառանգությանը»՝ 3, ԺԿ-ին՝ 1, ՀԱԿ-ին՝ 3 միավոր: «Եթե ընտրություններն անցկացվեին հարցման ժամանակ, ապա Ձեր ձայնը ո՞ւմ կտայիք» հարցին հարցվողների 34%-ը պատասխանել է՝ ՀՀԿ-ին, 2 %-ը՝ ԲՀԿ-ին, 3%-ը՝ ՀՅԴ-ին, 2%-ը՝ ՕԵԿ-ին, 7%-ը՝ «Ժառանգությանը» եւ 13%-ը՝ ՀԱԿ-ին, ԺԿ-ին՝ 0% եւ 20%-ը՝ չի կողմնորոշվել: Կենտրոնը եւս 2 նմանատիպ հարցում է իրականացնելու մինչեւ գալիք խորհրդարանական ընտրությունները: Իհարկե կլինեն նաեւ այլ սոցհարցումներ, ամենատարբեր պատվերներով ու նպատակներով……
Չնայած հարցումների գոտեպնդումներին, իշխանական կուսակցությունները հաճախակի հանդիպման կարիք են զգում: Անդրադառնալով կոալիցիոն կուսակցությունների այդ հանդիպումներին՝ ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը նշում է, որ կոալիցիայի ներսում գծագրվում են խաղի կոնկրետ կանոններ, որոնք թույլ կտան ընտրությունների ժամանակ զգալիորեն թոթափել լարվածությունը: Ըստ նրա, ԲՀԿ-ն դուրս չի գալու կոալիցիայից եւ որ ԲՀԿ-ի վրա որեւէ ճնշում չի գործադրվում: Բայց կարճ ժամանակ անց ԲՀԿ-ից անմիջապես հայտարարություններ հնչեցին, թե պատգամավոր Բոստանջյանն իր անձնական տեսակետն է ներկայացնում, բայց ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետ այդպես էլ չի հնչում: Իսկ համամասնական ու մեծամասնական ընտրակարգի վերաբերյալ ԲՀԿ-ն քննարկում չի կազմակերպել եւ վերջնական տեսակետը կասի փետրվարի 16-ին, երբ ԱԺ-ում քննարկում տեղի կունենա.- հայտնել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Նա նշել է, որ խնդրի լուծում կարող է լինել ոչ թե 100%-անոց համամասնականին անցնելը, այլ՝ համամասնականի տեղերի ավելացումը:
Չնայած երկկողմանի հերքումներին, ՀՀԿ-ԲՀԿ լարվածությունը հետզհետե մեծանում է: Վերջերս անգամ ԲՀԿ պատգամավորները չէին եկել ԱԺ նիստերի դահլիճ, ներկա էր միայն պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ում էլ մեծ դժվարությամբ, մի քանի անգամ վարման կարգի վերաբերյալ խոսելու համար ձայն տվեց Աժ նախագահ Սամվել Նիկոյանը: ԲՀԿ պատգամավորը հայտարարեց, թե երեկ նույնպես վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք է խնդրել, սակայն ԱԺ նախագահը կամայականորեն զրկել է իրեն այդ իրավունքից: Այնուհետեւ ավելացրեց, թե «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենսդրական նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ, երբ ԲՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը, մի շարք հանրապետական պատգամավորներ թույլ են տվել ոչ կոռեկտ արտահայտություններ ԲՀԿ-ի հասցեին: Իսկ խմբակցությունը քննարկվող նախագծի վերաբերյալ բազմիցս, բոլոր քննարկումների ժամանակ հայտնել է իր հստակ դեմ դիրքորոշումը եւ քվեարկել իր համոզմունքների համաձայն: Իսկ նախագիծը, ըստ պատգամավորի, որեւէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ, ու նախագծի իրական նպատակը մեկն է՝ լրացուցիչ, արտոնյալ եկամուտներ ապահովել առանց այդ էլ երանելի վիճակում գտնվող բանկերի համար՝ ի հաշիվ հանրապետության քաղաքացիների: ԲՀԿ-ական պատգամավորը դեռ խոսքը չէր ավարտել, բայց ԱԺ նախագահը անջատեց նրա խոսափողը, որից հետո Նաիրա Զոհրաբյանը շարունակում էր կարդալ իր տեքստը, ինչն արդեն լսելի չէր լրագրողների համար: Հետո անմիջապես վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում խնդրեց:
Ինչքան էլ հայտարարվի, թե այս հակասությունները քաղաքական չեն, այլ միայն սոցիալ-տնտեսական հարթությունում են, միեւնույնն է՝ բոլորին է հասկանալի, որ նախընտրական շրջանում բոլորը հանկարծ դառնում են ազգային մտածողության տեր եւ ժողովրդի սոցիալական վիճակի մասին մտածողներ: Բազում օրինակներ կարելի է բերել, երբ իշխող կոալիցիան օրենքներ է ընդունել, որտեղ ժողովրդի շահերը եւս ստորադասվել են օլիգարխների շահերին, նաեւ ապազգային օրենքներ են ընդունվել այս ընթացքում՝ եվրաարժեքների առաջ ստորադասելով ազգայինը, հայինը… Բայց ԲՀԿ-ն այսպես չի ընդվզել…
Եվ իզուր չէ, որ ԵԺԿ նիստում ՀՀ 4 կուսակցությունների՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի ու «Ժառանգության»՝ ԵԺԿ-ին դիտորդի կարգավիճակով անդամակցելու հարցում ՀՀԿ-ն դիմակայում է ԲՀԿ-ին: Անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանը Եվրոպա այցերի ժամանակ, ըստ տարբեր տեղեկությունների, անձամբ արել է ամեն ինչ՝ համոզելու համար ԵԺԿ անդամներին՝ ԲՀԿ-ի անդամակցությունը մերժելու համար: Իսկ որպես հիմնական փաստարկ, վարչապետը նշել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մտերիմ հարաբերություններն ու շփումները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Իսկ Լուկաշենկոն համարվում է բռնապետ ու եվրոպայում հռչակված է «պերսոնա նոն գրատա»:
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն էլ ԱԺ ամբիոնից հայտարարել է. «Քաղաքական կյանքի բոլոր դերակատարները պետք է թողնեն իրենց ավելորդ բարդույթները, դադարեն Ազգային ժողովի ընտրությունները որպես հարաբերություններ պարզելու վայր դիտարկելուց եւ մտածեն վաղվա Հայաստանի մասին, իսկ վաղվա Հայաստանը չի կարող լինել թույլ, պառակտված ու կարոտ ուրիշների հովանավորությանը», հետո հավելել է, թե իր կուսակցությունը անելու է հնարավոր ամեն բան ՀՀ կայունության եւ խաղաղության, ինչպես նաեւ երկրում ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար:
Բայց ոմանց կարծիքով, այս մինչընտրական բանավեճերը կավելանան դեռ, եւ որքան էլ Վարդան Բոստանջյանը հայտարարի, որ ԲՀԿ-ն պատճառ չունի չաջակցելու Սերժ Սարգսյանին նախագահի ընտրությունների ժամանակ, ակնհայտ է դառնում, որ Գագիկ Ծառուկյանը չի այրել բոլոր կամուրջները եւ ցանկացած պահի կարող է փոխել դիրքորոշումը: Դա է պատճառը, նշում են վերլուծաբանները, որ Սերժ Սարգսյանին բազմատեսակ լծակներ են անհրաժեշտ Գագիկ Ծառուկյանին, այդ թվում, նրա ֆինանսական միջոցները վերահսկելու համար: Բանկային գործարքների վերաբերյալ օրենքն էլ թերեւս այդ միջոցներից մեկն է, որին այսպես ընդդիմացավ ԲՀԿ-ն:
ՕԵԿ-ը եւս հասկանում է, որ կարող են լինել անսպասելի զարգացումներ, եւ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտնել է, որ «Ընտրություններին գուցե առաջանան խնդիրներ, որոնք նոր հուշագրի ստորագրության պատճառ դառնան… իսկ մինչ այդ մենք դեռ անելիք ունենք»:
Բայց ՕԵԿ-ում էլ ամեն ինչ հարթ չէ, անգամ կասկածներ կան, որ այս կուսակցությունը կարող է առանձին հաղթահարել նախընտրական համապատասխան շեմը եւ կմասնակցի ՀՀԿ ցուցակով: Եվ ահա ՕԵԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը դիմում է ներկայացրել՝ պատգամավորական լիազորությունները վայր դնելու համար, որպեսզի տեղավորվի ՀՀԿ ցուցակում: Իսկ կուսակցությունն էլ հետին թվով հեռացրել է նրան: Եվ սա դեռ սկիզբն է:
Հայաստանի քաղաքագետների միության վարչության անդամ Լեւոն Շիրինյանն առաջարկել է, թե՝ «Լավ կլինի, որ ՀՀ գործող նախագահը չգնա ՌԴ վարչապետի օրինակով եւ չգլխավորի ՀՀԿ ցուցակը: Հակառակ դեպքում այն կդիտվի որպես կրկնօրինակում եւ կհարվածի նախագահի վարկանիշին»: Նա նշել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները դիտարկում է որպես նախագահական ընտրությունների նախաշեմ: Ըստ քաղաքագետի, ՀՀ-ում պետք է ձեւավորվի տնտեսական ու քաղաքական նոր էլիտա, որն առաջ պետք է գա խորհրդարանական ընտրությունների արդյունքում:
Ամեն բան հարթ չէ նաեւ ընդդիմադիրների ճակատում: ՀԱԿ-ի անդամ ՍԴՀԿ-ն վերջերս ռուսաստանահայերին կոչ է արել սատարել Վլադիմիր Պուտինին ընտրական գործընթացներում: Սա մի փոքր խառնաշփոթ է առաջացրել կոնգրեսում: ՍԴՀԿ-ի կոչին դեմ են հանդես եկել ՀՀՇ-ն, ՀԺ եւ «Հանրապետություն» կուսակցությունները, որոնք չեն «կիսում» ՍԴՀԿ կոչը՝ մարտի 4-ի ՌԴ նախագահական ընտրություններին ընտրել «միակ արժանավոր թեկնածու Վլադիմիր Պուտինին»: Շատերը կարծում են, որ սա Հնչակյան կուսակցության կողմից արված քայլ է, որի արդյունքում նրանք ակնկալում են ստանալ Մոսկվայի աջակցությունը (Սերժ Սարգսյանի վրա ազդելու միջոցով) ՀՀ խորհրդարանական ընտրություններում:
Բայց ՀԺԿ ղեղավար Ստեփան Դեմիրճյանի կարծիքով ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը «բարդագույն հարց» է լինելու: Ի պատասխան «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի կոչին, ըստ որի, մեծամասնական ընտրակարգով նույն տեղամասերում ընդդիմադիր ուժերի տարբեր թեկնածուներ չառաջադրվեն, ՀԺԿ նախագահը նշել է. «Մենք այս ձեւով առավելագույն արդյունավետ կաշխատենք ու իրար չենք խանգարի»: Ստեփան Դեմիրճյանը չի հավատում արդար ու ազատ ընտրություններ անցկացնելու իշխանությունների հավաստիացումներին, քանի որ նախորդ ընտրությունների կեղծարարները չեն պատժվել, նաեւ «գնահատական չի տրվել այդ կեղծիքներին», բայց դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել մասնակցությունից:
ՀԱԿ-ի խնդիրները միայն ներկազմակերպական չեն: Կոնգրեսի նախկին անդամ Սուրեն Սիրունյանը լրագրողներին ասել է, որ դիմում է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ խնդրել, որ ցանկանում է հետ վերցնել իր հայցադիմումը, որի տակ մեկուկես տարի առաջ իրենց ստորագրություններն էին դրել մի շարք քաղբանտարկյալներ եւ ուղարկել ԵԴ: «Սա իմ բողոքի ձեւն է Հայ ազգային կոնգրեսի դեմ եւ նրա այսօրվա քայլերի դեմ: Ես չեմ ուզում գործիք դառնալ նրանց նեղ անձնական շահերի իրագործման համար,- ասել է Ս. Սիրունյանը: – Մեր երկրում Գագիկ Ջհանգիրյանն է որոշում, թե ով է քաղբանտարկյալը, ով՝ ոչ: Ինքը հայտարարել էր, որ ես քաղբանտարկյալ չեմ ու իբր գործարքի մեջ եմ մտել իշխանության հետ»: Ըստ նրա, իր բողոքին միացել են տասնյակ մարդիկ ու ՀԱԿ-ից դուրս գալու մասին պաշտոնապես կհայտարարեն մոտ ժամանակներս: Սուրեն Սիրունյանը Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետն է եղել եւ նախկին ընդդիմադիրը իր բողոքն է արտահայտում արդեն Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ, ով իր քաղաքական շահերի համար շատերին գործիք դարձրեց: Ս. Սիրունյանը նաեւ նշել է, որ որեւէ կուսակցության չի պատկանում եւ որեւէ կուսակցության չի սատարելու առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ. «Մի բան հաստատ կարող եմ ասել, որ նախագահական ընտրություններին Տեր-Պետրոսյանին չեմ սատարելու»՝ հավելելով, թե դա բացարձակ ոչ մի կապ չունի Սիրադեղյանի հետ:
Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո Ս. Սիրունյանը, ՀԱԿ անդամներ, ազատամարտիկներ Մյասնիկ Մալխասյանն ու Սասուն Միքայելյանը, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ՀԱԿ-ից Գրիգոր Ոսկերչյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն անցնում էին հայտնի «7-ի գործ»-ով: Նրանց մեղադրանք էր առաջադրվել պետական հեղաշրջման եւ 10 անձանց սպանությունները կատարելու մեջ: Նրանք բոլորը համաներմամբ ազատ արձակվեցին, սակայն ներպետական դատական ատյանների որոշումները բողոքարկել են նաեւ Եվրադատարանում, ինչից ահա եւ հրաժարվում է նախկին բողոքավոր Ս. Սիրունյանը՝ ասելով, որ ՀՀ 1-ին նախագահի ղեկավարությամբ կազմակերպված հանրահավաքները նեղ անձնական շահեր էին հետապնդում եւ նպատակային էին: Մ. Մալխասյանը արձագանքել է, թե համոզված է, որ որեւիցե բանական մարդ չէր կարող սիրահոժար ընդունել նման որոշում ու մտնել ծանր մեղքի տակ. «Նրան հաստատ այդպիսի վիճակի մեջ են դրել, որ հարկադրված նման հայտարարություն է արել: Մոտ ժամանակներս ամեն ինչ կպարզվի»:
Իհարկե կպարզվի, չնայած ամեն բան պարզ էր հենց մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո. «Լուսանցք»-ը նշել էր, որ չնայած եվրակառույցներում «Մարտի 1-ի» գործը փակվել է, բայց նախընտրական շրջանում այն մեկ անգամ եւս շահարկվելու է: Ինչեւէ, իշխանական եւ ընդդիմադիր ճակատներում արդեն կան ակնհայտ պառակտումներ, ինչը չի բացառում քաղաքական նոր դաշինքների ձեւավորումը, որոնք կարող են լինել ոչ միայն նախընտրական, այլեւ՝ հետընտրական:
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 5 (226), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



