Ցույցը տեղի է ունեցել Հռոմի Բենեդիկտոս 16-րդի եւ Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի հանդիպումից հետո՝ Հռոմի Սուրբ Պետրոս հրապարակում:
Հռոմի կաթոլիկ եկեղեցին, ի պատասխան, հիշեցրել է, որ Վատիկանի ղեկավարը հարուստներին միշտ կոչ է արել օգնության ձեռք մեկնել աղքատներին եւ կարիքավորներին:
Ահա այսպես, Հռոմի պապի պատասխանը փոխանցվել է (երանի՜) հոգով եւ մարմնով աղքատներին… Ովքեր ամեն դեպքում դեմ են աղքատ ապրելուն եւ Վատիկանի հարստացմանը…
Վահագն Նանյան
Հակաֆաշիստներն ընդդեմ ազգայնամոլների
ՌԴ բազմաթիվ քաղաքներում հակաֆաշիստական երթեր են հաճախ տեղի ունենում: Վերջերս մոսկովյան մի երթ ավարտվել է հանրահավաքով, եւ Նովոպուշկինյան զբոսայգում հավաքվածները, որոնց թիվն ըստ զլմ-ների, մոտ 1000 է եղել՝ վանկարկել են հակաֆաշիստական կարգախոսեր եւ պարզել «Ոչ ֆաշիզմին», «Քանի դեռ միասին ենք՝ մենք անհաղթելի ենք» եւ այլ բովանդակությամբ պաստառներ:
Առանց միջադեպի, սակայն, հանրահավաքը չի ավարտվել: «Արբատսկայա» մետրոյի կայարանի մոտ հանրահավաքի մասնակիցների վրա է հարձակվել ազգայնամոլների մի խմբավորում:
Ոստիկանությունը արագ միջամտել է կռվին: Մեծ թվով վիրավորներ են օգնություն ստացել:
Իսկ ահա Սանկտ-Պետերբուրգում ազգայնամոլները կրակել են ցույցի մասնակիցների վրա: Վիրավորներ չեն եղել, քանի որ կիրառվել է այնպիսի զենք, որն ավելի շատ վախեցնում է իր աղմուկով:
Ի ուրախություն մեզ, Հայաստանը զերծ է եւ՛ ֆաշիստ-ազգայնամոլներից եւ՛ հակաֆաշիստներից եւ՛ սափրագլուխ խաժամուժից:
Արտակ Հայոցյան
Գազն այս տարի չի՞ թանկանա
Ինչպես գիտենք, Երեւանի նոր ՋԷԿ ունենք արդեն, որ 1 տարուց ավելի է շահագործվում է: Իսկ ինչպե՞ս պետք է վարվենք հին ՋԷԿ-ի հետ:
Հասկանալի է՝ հինը կամ պետք է ապահավաքակցել, կամ՝ նորովի մեկ այլ լուծում գտնել:
Լուծումը գտնվել է:
Արցախից ածուխ է ներկրվելու մինչեւ Վարդենիս, այնուհետեւ այստեղից երկաթուղով ածուխը տեղափոխվելու է հին ՋԷԿ, որտեղ որպես ջուր-ածխային (այսպես բնապահպանապես ձեռնտու է) վառելիք գործածվելու է էլեկտրաէներգիա ստանալու նպատակով: Լուծման տեսակետից շղթան բարդ է, բայց մեր երկրի համար էներգետիկ անվտանգությանն ուղղված եւս մեկ քայլ է՝ հաշվի առնելով գազի գների շարունակական թանկացումը: Այնպես որ, այս տարի հին կայանն էլ կգործարկվի:
Այստեղ հարց է ծագում՝ գազի գնի փոփոխություն այս տարի սպասվու՞մ է, թե՞ ոչ:
Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, ՌԴ-ի հետ գազային պայմանագիրն այնպիսին է, որ գազի գնի փոփոխությունից 3-4 ամիս առաջ այդ մասին պետք է հայտնվի (պայմանագիրը ապրիլի 1-ից ապրիլի 1-ը գործողության ժամկետով է): Ցայսօր, սակայն, որեւէ խոսակցություն չկա եւ գրավոր հայտ չի ներկայացվել ռուսական կողմից:
Մի բան էլ կա, փաստորեն իրանական գազը (որ կոչված էր ռուսականին այլընտրանք լինելու) սակագնի վրա չի՞ կարողանում ազդել:
Աստղինե Քարամյան
Իրանի հետ բիզնե՛ս չենք անում
Իրանի հետ շարունակվող մեր համագործակցությունը չի՞ վնասի Հայաստանին՝ հաշվի առնելով, որ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները շարունակվում են:
«Ոչ, չի վնասի,- երեկ հրավիրած մամլո ասուլիսում ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը,- քանի որ Իրանի հետ մենք բիզնե՛ս չենք անում, Իրանի հետ մեր էներգետիկ հարաբերություններն ուղղված են մեր երկրի էներգետիկ անվտանգության խնդրի լուծմանը: Ու չեմ կարծում, թե դրա համար մեզ կքննադատեն»:
Հավելենք, որ Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը կսկսվի այս տարվա հուլիսից: Այն Մեղրի ՀԷԿ-ի, որի մասին դեռ 90-ականներից է խոսվում:
Մեղրի ՀԷԿ-ը խոշոր ՀԷԿ է լինելու: Դեռ 1995թ. երկու կողմերն էլ՝ եւ՛ հայկական, եւ՛ իրանական, պատրաստակամություն են հայտնել համատեղ գործածել գետի՝ մոտավորապես 40 կմ երկարությամբ հատվածը: Հենց այդ տարում էլ «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերությունը մշակեց գետի ջրային պաշարի յուրացման հայեցակարգը, ըստ որի յուրաքանչյուր կողմի համար նախատեսված էր համարժեք էջքերի գործածումը (200 մ էջքի ընդհանուր մակարդակից հայկական եւ իրանական կողմերը կարող են գործածել 100-ական մ): 2000թ. նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու եւ համակարգելու նպատակով ստեղծվեց հայ-իրանական տեխնիկական կոմիտե:
2003թ. հաստատվեց ջրային ներուժի գործածման սխեման, ո
րի համաձայն երկու ՀԷԿ-եր պետք է կառուցվեն՝ մեր երկրի տարածքում Մեղրի ՀԷԿ-ը եւ Իրանի տարածքում՝ Ղարաչիլարի ՀԷԿ-ը: Ու դեռ 2005թ. որոշած տեխնիկատնտեսական տվյալների համաձայն այսպես պետք է լիներ:
1. Մեղրի ՀԷԿ-ի թունելի տրամագիծը 8.5մ, ջրի հոսքը՝ 160 խմ վայրկյանում, հզորությունը՝ 2 x 70 ՄՎտ, էլէներգիայի տարեկան արտադրանքը՝ 841.6 մլն կՎտժ: 2. Ղարաչիլարի ՀԷԿ-ի թունելի տրամագիծը՝ 8.7մ, ջրի հոսքը՝ 170 խմ վայրկյանում, հզորությունը՝ 2 x 70 ՄՎտ, էլէներգիայի արտադրանքը՝ 794.8 մլն կՎտժ:
Մեր մասնագետները պնդում են, որ Մեղրի ՀԷԿ-ը տեխնիկատնտեսական ցուցանիշներով լավագույնը կլինի Հայաստանի էներգահամակարգում, կամրապնդի հայկական էներգահամակարգի աշխատանքի հուսալիությունը:
Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 6 (227), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



