Գուցե ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ հաղթանակն էլ հենց նպաստեց, որ իշխանական կոալիցիան նիստ գումարի ԱԺ ընտրությունների թեմայով:
Ինչեւէ, «Լուսանցք»-ը նշել էր, որ ԲՀԿ ղեկավարը՝ հասկանալով, որ ՀՀ 2-րդ նախագահն այլեւս չի մասնակցելու ընտրարշավին, քանի որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ցանկացել է Ռոբերտ Քոչարյանին տեսնել տնտեսական դաշտում, որովհետեւ նա շարունակում է մնալ «Սիստեմա» ընկերության 13 տնօրեններից մեկը, փորձում է միջազգային աջակցությունն ստանալ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանից: Վերջինս նաեւ քոչարյանական կադր է: Եվ ահա նախկին նախարարը դարձել է ԲՀԿ-ական: «Ես դիմում եմ ներկայացրել ԲՀԿ-ին անդամակցելու համար: Այդ որոշումը կայացրել եմ, քանի որ համոզված եմ, որ այս կուսակցությունը, այլ քաղաքական ուժերի հետ միասին, կարող է քաղաքական մրցակցության շնորհիվ ապահովել ազատ եւ արդար ընտրություններ, հետեւաբար նաեւ նոր խորհրդարան՝ քաղաքական ուժերի նոր դասավորությամբ: Լինելով «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ՝ տարբեր առիթներով պարբերաբար արտահայտել եմ իմ տեսակետները ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների եւ զարգացումների վերաբերյալ: Այսօր գտնում եմ, որ ժամանակն է ավելի ակտիվ մասնակցություն ունենալու երկրի քաղաքական գործընթացներին»: Անգամ լուրեր կան, որ Գագիկ Ծառուկյանից հետո Վարդան Օսկանյանը ԲՀԿ ընտրացուցակում կլինի 2-րդը: Բայց ԲՀԿ նախագահը դեռ ՌԴ-ում է (ինչը եւս հետաքրքիր է) ու դեռ կտա պարզաբանումներ: Իսկ «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհուրդը դրանից հետո որոշում կընդունի հիմնադրամում նախկին նախարարի հետագա կարգավիճակի վերաբերյալ:
Նոր կառավարության կազմը եւս քննարկումների թեմա է դարձել: Խորհրդարանական ընտրությունները դեռ չկայացած, նախագահականում գծագրվում են կառավարության փոփոխություններն ընտրություններից հետո: Ըստ ոչ պաշտոնական լուրերի, իշխանությունները նախատեսում են պաշտպանության ներկայիս նախարար Սեյրան Օհանյանին լուրջ իրավասություններով փոխվարչապետ դարձնել, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ պաշտպանության նախարար, իսկ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին՝ ոստիկանապետ: Անգամ Ներքին գործերի նախարարությունը վերականգնելու մասին էլ խոսակցություններ կան, ըստ որի, ընտրություններից հետո ՀՀ նախագահը կանի այդ փոփոխությունը, ՆԳ նախարարը կլինի քաղաքական անձ, որին կենթարկվի նաեւ ՀՀ ոստիկանապետը:
Ինչպես մեզ տեղեկացրին Հայ Արիական միաբանության լրատվական կենտրոնից, հայ արիականներն ու ազգայնականները եւս ավարտում են աշխատանքներն իրենց ընտրացուցակի (Հայ Արիական կուսակցության) կազմավորման եւ ներկազմակերպական այլ հարցերում եւ հնարավոր է հայտարարվի նաեւ Հայ ազգայնական նախընտրական դաշինքի մասին:
Դառնալով վերնախավային ծավալումներին, նշենք, որ դեռեւս չեն դադարում Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասին այն խոսակցությունները, ըստ որի նա կմտնի ՀՀԿ համամասնական ցուցակ եւ հետագայում պաշտոն կստանա: Երեւանի նախկին քաղաքապետը սակայն որեւէ հայտարարություն չի արել: Իսկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են վարչական շրջանների գործառույթների գնահատման ու վերլուծության արդյունքները՝ ըստ ոլորտների ավելի հետեւողական ու զգոն լինելու, ինչպեսեւ առաջիկա հաշվետվությունների ժամանակ ցուցանիշները բարելավելու հարցերը, սեփական եկամուտների հավաքման, դիմում-բողոքներին արձագանքման, աղբահանության, սոցիալական եւ սանմաքրման խնդիրները եւն: Քաղաքապետը անդրադարձել է նաեւ համատիրությունների խոշորացման գործընթացին, որն ուղղված է բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կայացմանը: Իհարկե, այս ամենն արվում է նորընտիր քաղաքապետի կազմակերպչական ձգտումներով, բայց քանի որ նախընտրական տարի է, շատերն են վստահ, որ այս հավաքը նաեւ նախընտրական խնդիրներ է քննարկել Երեւանի տարածքում:
Մամուլն արձանագրեց, թե ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներքին հրահանգ է տվել կրթական հաստատություններին: Իսկ Երեւանի քաղաքապետարանն իր կրթության վարչությանը ստիպողաբար «առաջարկել է» բոլոր տեսակի դպրոցներին՝ հանրակրթական, երաժշտական եւ այլն, ինչպես նաեւ մանկապարտեզներին, հրահանգել իրենց բանկային հաշիվները տեղափոխել «Զարգացման հայկական բանկ»: Ըստ տեղեկությունների, «բանկը պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին ու ոմն Մխեյանի»:
Կառավարության հնարավոր նոր կազմի մասին նշվեց վերեւում, իսկ ՊԵԿ նախագահն աշխատանքից ազատել է վարչապետ Տիգրան Սարգսյանի մտերիմներին: Պետեկամուտների կոմիտեում տեղի ունեցող իրադարձություններից տեղեկացել են, որ վերջերս ատեստացիայի անցկացումից հետո զգալի թվով աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, որոնց թվում կան նաեւ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի տեղակալների մտերիմ շրջապատը կազմող որոշ պաշտոնյաներ: ՊԵԿ նախագահի տեղակալը վարչապետի հետ մտերիմ հարաբերություններով հայտնի Արտաշես Բեյբությանն է, ում շրջապատը կազմող համարյա բոլոր անձինք ազատվել են հանգուցային պաշտոններից: Նախընտրական այս շրջանում շատերի հետ ակտիվացել է նաեւ Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը, ով ՕԵԿ-ից ՀՀԿ «փառահեղ» ճանապարհ է անցել: Նա նշել է, որ տեսչության պետի համար առաջիկա մրցույթին ինքն առաջադրելու է իր թեկնածությունը, բայց հայտնի է, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ու նրա «ջրերը մի առվով չեն հոսում», քանի որ հայտարարել էր, թե «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ռուսերեն հեռարձակումը օրենքի խախտում է» (հաղորդմանն անմիջական մասնակցություն ուներ Աշոտյանը):
Այս ընթացքում տարբեր բնապահպանական խնդիրներով հանդես են գալիս բնապահպաններն ու հասարակական նախաձեռնությունները: Նրանք գոնե այս նախընտրական ժամանակահատվածում փորձում են կառավարությունից եւ պատգամավորների թեկնածուներից խոստումներ կորզել եւ գործնականում համոզվել, որ նրանք հետամուտ կլինեն բնապահպանական խնդիրներին: Տարբեր հասարակական բողոքի ցույցերին զուգահեռ խոսել է նաեւ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը՝ հանքերի շահագործման մասին: Ըստ նրա. «Հանքարդյունաբերությունը սա է՝ հանքաքարը հանում են, մանրացնում, աղում, աղացածը փոշի են դարձնում եւ դրանից կորզում են իրենց համար օգտակարը, իսկ փոշիացած հանքաքարի մոտ 99%-ը լցվում է պոչամբարները՝ ընդմիշտ անօգտագործելի դարձնելով այդ եւ հարակից տարածքները: Նշանակում է՝ ողջ Հայաստանը պետք է մսաղացով անցնի, որպեսզի առանձին ընտանիքներ հարստանա՞ն:…Վերջապես պետք է քաղաքական կամք դրսեւորել եւ հանքարդյունաբերությունը համարել պետական մենաշնորհ: Այս դեպքում կշահի ժողովուրդը, պետությունը, կկասեցվի բնական համակարգերի ավերումն ու ոչնչացումը»:
Տարբեր ներքաղաքական խնդիրների հետ միասին նախընտրական թեմա է դարձել նաեւ արցախյան հիմնախնդիրը: Շատերն են բարձրաձայնում, թե ընտրությունները կարող են ազդել նաեւ Արցախի հարցի լուծմանը՝ նկատի ունենալով ընտրությունների անցկացման արդյունավերությունը, միջազգային արձագանքները: Այս պահին ամեն բան կարծես հանդարտ է, անգամ պաշտոնական Բաքուն է մեղադրվում միջազգային հանրության կողմից՝ իր ռազմատենչության եւ ոչ կառուցողական մոտեցումների համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերմունքը նույնպես դրական է ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների նկատմամբ: Եվ ըստ վերլուծաբանների, շատ ավելի արագ կլուծվի արցախյան հարցն այն պահից, երբ մեր ժողովրդավարության մակարդակը հավաստի իր զարգացումը, իսկ Ադրբեջանում այն անկում ապրի, ինչպես որ լինում է:
Ինչեւէ, ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը նախ մեզ է անհրաժեշտ, մեր ներքաղաքական կայունության, հետո իհարկե՝ միջազգային կոչված հանրությանը ինչ-որ բաներ ապացուցելու համար:
Արման Դավթյան
* * *
Հայաստանի ազգայնականները նախընտրական դաշինք են ձեւավորում
Հայ արիականները ստեղծում են նախընտրական համախմբում
Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) Միասնական Խորհրդի հայտարարությունը.
– Փետրվարի 15-ին Երեւանում կայացավ ՀԱՄ եւ ՀԱՀ Միասնական Խորհրդի հերթական նիստը, որտեղ որոշվեց՝ Հայաստանի նորագույն պատմության մեջ 2-րդ անգամ ձեւավորել Հայ ազգայնական ուժերի նախընտրական դաշինք:
-Դաշինքը կձեւավորվի 2003թ. ՀՀ ԱԺ ընտրություններին միասնական ուժերով եռանդորեն մասնակցած Հայ Արիական Բռունցքի (ՀԱԲ) նմանությամբ եւ կանոնակարգով, որտեղ կընդգրկվեն եւ՛ ազգայնական կառույցների ներկայացուցիչներ եւ՛ անհատ ազգայնականներ:
Հայ ազգայնական ուժերի նախընտրական դաշինքը կձեւավորվի ՀԱՄ եւ ՀԱՀ անդամ կազմակերպությունների եւ միավորումների կողմից ու կհամալրվի Միասնական Խորհրդի որոշմամբ:
Հայ ազգայնական ուժերի նախընտրական դաշինքը ավարտել է իր կազմակերպչական գործողությունները Հայաստանի 11 մարզերում, Արցախում, Ջավախքում ու Սփյուռքում եւ ակնկալում է ազգայնական ուղղվածությամբ հայորդիների աջակցությունը, ովքեր ընտրելու իրավունք կամ հարազատներ ունեն Հայաստանում:
Հայ ազգայնական ուժերի նախընտրական դաշինքը նաեւ չի բացառում իր մասնակցությունը ՀՀ նախագահի հերթական ընտրությանը:
ՀԱՄ եւ ՀԱՀ Միասնական Խորհրդը որոշել է աջակցել այն քաղաքական ուժերի տեսակետին, որոնք կողմ են ընտրությունները համամասնական եւ մեծամասնական համակարգով անցկացնելուն: Հայ արիականներն ու ազգայնականները վստահ են, որ ՀՀ քաղաքական դաշտի կուսակցականացումը կդադարեցնի անկախ մտավորականների եւ անհատականություն ունեցող անձանց քաղաքական գործունեությունը, ինչը միայն վնասաբեր կլինի հայության ներուժի դրսեւորման համար:
Միայն համամասնական ընտրացուցակներով մասնակցությունը սպասվող ԱԺ ընտրություններին չի ապահովի ֆինանսա-տնտեսական լծակներով ընտրվողների կասեցումը խորհրդարան, քանզի տարիներ շարունակ կուսակցությունները ակնհայտորեն իրենց ընտրացուցակներում «տեղավորում» են ամենատարբեր «ոչ քաղաքական» մարդկանց՝ նրանց դրամական եւ այլ ներդրումներից օգտվելու համար: Եվ եթե մեծամասնական ընտրակարգով ընտրվողների մեծ մասը ընտրակաշառքները տալիս է ընտրողներին, ապա միայն համամասնականի դեպքում՝ ընտրակաշառքները տրվելու են այս կամ այն կուսակցությանը:
Հայ ազգայնական ուժերի նախընտրական դաշինքը ԱԺ ընտրություններին հանդես կգա կամ Հայաստանի Հայ-Արիական կուսակցության (ՀՀԱԿ) ընտրացուցակով կամ կգրանցի Հայ ազգայնական ուժերի նախընտրական դաշինքը (ՀԱՈւՆԴ)՝ որպես քաղաքական միավոր:
ՀԱՄ եւ ՀԱՀ Միասնական Խորհրդը կոչ է անում ՀՀ ընտրողներին եւ քաղաքական ուժերին՝ ճիշտ գնահատել ներկա ռազմա-քաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում՝ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրների լուծմանն ուղղված, որը ներքաղաքական անհրաժեշտություն է առաջացրել, ՀՀ խորհրդարանում եւ կառավարությունում ընդգծված հայ ազգայնականության ներկայացուցիչներ ունենալու համար: ՀՀ արտաքին եւ ներքին մարտահրավերներին առավել կտրուկ պատասխաներն ու արձագանքերը այլեւս հրատապ են եւ դա պետք է արվի երկրի բարձր ամբիոններից:
15.02.2012թ.-Երեւան
«Լուսանցք» թիվ 6 (227), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



