Թուրքական ռազմաօդային ուժերը հարված են հասցրել իրաքյան Քրդստանին: Երկար ժամանակ է, ինչ թուրքերը չէին ներխուժում Իրաքի տարածք՝ քրդական գործոնի շահարկմամբ: Եվ ահա, կարծես թե փորձելով դուրս գալ արտաքին քաղաքական անհաջողություններից, վերստին արծարծում են Քրդստանի հարցը եւ ռազմական ուժ են կիրառում, ինչը առավելապես ցուցադրական բնույթ ունի, որպեսզի զսպի Թուրքիան մասնատելու ցանկություն ունեցող միջազգային ախորժակը:
Անկարան փորձում է նաեւ վերականգնել իր դիրքերը տարածաշրջանում եւ Իսրայելի հետ իր տարածքում հակաիրանական ուղղվածությամբ հրթիռային համակարգ է փորձարկել: Իրանական ու թուրքական զլմ-ները նշում են, որ այն պայմաններում, երբ արեւմտյան լրատվամիջոցները խոսում են Իրանի ու Իսրայելի միջեւ հնարավոր պատերազմի մասին, Թուրքիայի Արեւելյան Անատոլիա նահանգում Իսրայելի իրականացրած հրթիռային փորձարկումը բնութագրվում է որպես Իրանի եւ Սիրիայի վրա հնարավոր ռազմական հարձակման նման մի քայլ: Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ալի Հաջիզադեն, խոսելով Թուրքիայի տարածքում տեղակայված ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման սպառնալիքի մասին, հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Իրանը կհարվածի Թուրքիայում տեղակայված ՀՀՊ ռադարային համակարգերը: Կհարվածի, անգամ եթե Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսեն:
Թուրքիան մշտապես հայտարարել է, որ Մալաթիայում տեղակայված ՆԱՏՕ-ի հակահրթիռային ռադարները ոչ մի պետության դեմ ուղղված չեն եւ դրանք չեն կարող կիրառվել Ռուսաստանի ու Իրանի դեմ: Իսկ Իրանի հոգեւորականներն էլ պարբերաբար հայտարարում էին, որ հավատում են իրենց հավատակից Թուրքիայի հավաստումներին:
Բայց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը Թուրքիայի ղեկավարությանը ակամա մատնել է:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսսենը, ելույթ ունենալով ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում NTV հեռուստաընկերության եթերում, կրկին ընդգծել է Թուրքիայի կարեւոր դերը ՆԱՏՕ-ում եւ հայտարարել, որ այդ ռադարները տեղակայվել են Թուրքիայի տարածքում այդ երկրի ղեկավարության խնդրանքով: Նա հաստատել է, որ Թուրքիան ինքն է խնդրել ռադարներ տեղադրել Իրանի եւ Ռուսաստանի հրթիռների դեմ եւ ոչ մի պարտադրանք չի եղել: Այսպես Իրանի հոգեւոր պատասխանատուները եւս հերթական դասը ստացան թուրքերից՝ իրենց «հավատակից Թուրքիայի հավաստումներ»-ն էլ հօդս ցնդեցին:
Ժամանակին Իրանի հոգեւորականները հավատում էին նաեւ Ադրբեջանի իսլամական պետության լինելուն, սակայն այստեղ էլ հուսախաբվեցին: Կարծում ենք՝ Իրանում բոլորը պետք է հասկանան, որ տարածաշրջանային հակամարտությունները առավելապես ազգային-պետական շահերին են առնչվում, քան՝ կրոնական, ինչը տարիներ շարունակ շահարկում են թուրք-ադրբեջանցիները:
Արեւմուտքը Թուրքիային եւ այդ երկրի ղեկավարությանը քննադատել է նեոպանթուրքիզմի եւ նեոօսմանիզմի գաղափարները շրջանառելու համար, սական դեռ կտրուկ միջոցների չի անցել:
Ադրբեջանն էլ իր հերթին է արծարծում ինչ-որ «Մեծ Ադրբեջանի» սին գաղափարը, եւ սա նույնպես կտրուկ պատասխանի չի արժանանում:
Բայց գերմանական Մյունխենում անցկացված Անվտանգության համաժողովում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը անսպասելի հարցի է հանդիպել: Համաժողովի հիմնական միջոցառումներից՝ «Էներգետիկա, պաշարներ եւ շրջակա միջավայր. նոր անվտանգային պարամետրեր» թեմայով քննարկումների ժամանակ մասնակիցներից մեկը Ադրբեջանը համեմատել է Հուսնի Մուբարաքի ժամանակաշրջանի Եգիպտոսի հետ: Նկատի առնելով Եգիպտոսում եւ Թունիսում տեղի ունեցած իրադարձությունները՝ լրագրողներին հետաքրքրել է, թե ի՞նչ երաշխիքներ կան ներդրումների համար‘քաղաքական կառուցվածքով Մուբարաքի տապալումից առաջ Եգիտոսին շատ նման Ադրբեջանի պես երկրում, ինչին ի պատասխան նախագահ Ալիեւը սկսել է գովաբանական ելույթ ունենալ ադրբեջանական «բարեփոխումների» մասին՝ ավելի անհարմար վիճակում հայտնվելով…
Իմիջիայլոց, Թուրքիայի ԱԳ նախարարը եւս Վաշինգտոնից անուղղակի վիրավորել է հայր եւ որդի Ալիեւներին՝ հիշատակելով սիրիական Ասադներին: Նա հայտարարել է, որ հորից որդուն իշխանություն փոխանցելու դարաշրջանն անցել է եւ այդ պահին անդրադառնում էր Լիբիայում եւ Սիրիայում կատարվող իրադարձություններին, ինչը վստահաբար դեռ կշահարկեն նաեւ Հեյդար եւ Իլհամ Ալիեւների պարագայում… Իսկ գուցե Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլին այսպես նաեւ Արեւմուտքի՞ն է սիրաշահել պարզապես:
Գուցե սա նաեւ «վրե՞ժ» էր Ադրբեջանի հադեպ իրագործված, քանզի մինչ այժմ թուրք հասարակությունը դժգոհ է հունվարի 23-ին ֆրանսիական սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման վերաբերյալ Ադրբեջանի արձագանքից: «Ինչո՞ւ է լռում Ալիեւը, մարդ, ով Գանձակում (պատմ. Ուտիք) թուրքական գերեզմանոցի թուրքական դրոշը իջեցնել տվեց, երբ Թուրքիան Հայաստանի հետ արձանագրություններ էր ստորագրում»,- գրել են թուրքական զլմ-ները: Նաեւ հարցեր են հնչում. «Ու՞ր է Ալիեւը»: Բայց Ադրբեջանի նախագահը փորձում է Ֆրանսիայի եւ եվրոպական համագործակցության հետ չփչացնել հարաբերությունները:
Համաթրքական աջակցություն եւս չեղավ՝ Միջինասիական թուրքալեզու երկրները եւս լռեցին: Իսկ Ղազախստանի դեսպանը Հայաստանում անգամ արցախյան հակամարտությանը չեզոքությամբ մոտեցավ, նշեց, թե «Ադրբեջանը էթնիկ առումով եղբայր պետություն է, իսկ Հայաստանը՝ դաշնակից երկիր… Ղազախստանը միշտ չեզոքություն կպահպանի կովկասյան հակամարտությունների հարցում»: Աստանան չեզոք կլինի հակամարտությունների հետ կապված հարցերում, որովհետեւՀայաստանը դաշնակից երկիր է ՀԱՊԿ շրջանակներում:
Եթե Անկարան եւ Բաքուն փորձում են Արեւմուտքում վերականգնել «իրենց վաղեմի փառքը», ապա Թբիլիսին փորձել է միանգամից Սպիտակ տան աջակցությունն ստանալ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդունել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Բազմաթիվ հանդիպումների շարքում սա առաջին պաշտոնական հանդիպումն էր, ինչը կարեւորվել է հատկապես Վրաստանում՝ աշնանը նախատեսված խորհրդարանական, իսկ 2013թ.՝ նախագահական ընտրությունների նախաշեմին: Թբիլիսին փորձել է նաեւ «ռուսական վտանգից» պաշտպանվելու աջակցություն ստանալ, այսպիսով՝ «մի կրակոցով միանգամից սպանել երկու նապաստակ»: Վրացիներն անգամ պատրաստ են իրենց տարածքը տրամադրել՝ Իրանին հարվածելու համար:
Հայաստանը իրապես ունի բոլոր նախադրյալները արտաքին քաղաքական հարցերում նոր տարածաշրջանային ռազմավարության համար, եւ տարածաշրջանային հակամարտությունների քննարկումները կարող են շահեկան երանգներ ձեռք բերել, եթե Երեւանը կարողանա ազդեցություն ունենալ նաեւ հարեւան երկրների ներքին հակամարտությունների վրա: Ներքին սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ անգամ ազգային փոքրամասնությունների խնդիրների առումով: Նման հաջողված փորձեր կան, ինչպես միջազգային, այնպես էլ մեր պատմնության ընթացքում կատարված…
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 6 (227), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



