Վառոդով լի տակառի կողքին

«Հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման դեպքում դժվար է ասել, թե որ կողմը կհաղթի»,- ասել է ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի նախկին համանախագահ Բեռնար Ֆասիեն: Նա կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորումն անհնար է եւ պատերազմն, անկասկած, ծանր հետեւանքներ է ունենալու ինչպես հաղթող կողմի, այնպես էլ պարտվողի համար: Կրկին զոհեր են լինելու, կրկին ատելություն, փախստականներ:

Այսպես են կարծում եւ ներկայիս համանախագահները եւ գերտերությունների ղեկավարները: Բայց արցախյան պատերազմի վերսկսումը միայն հայ-ադրբեջանական հակամարտությունից չէ կախված, այլ տարածաշրջանային տարաբնույթ ծավալումներից, որը կարող է նպաստել պատերազմական գործողությունների վերսկսմանը՝ նաեւ արցախա-ադրբեջանական սահմանում:

Օրինակ՝ Կահիրեում կայացած արտահերթ խորհրդակցությանը Արաբական պետությունների լիգան ընդունել է բանաձեւ, որով կոչ է արել ՄԱԿ-ին խաղաղապահ զորամիավորում մտցնել Սիրիա: Միաժամանակ կայացվել է որոշում՝ փետրվարի 24-ին Թունիսում գումարել «Սիրիայի բարեկամներ» համաժողովը, որն իրենից ներկայացնում է Բաշար ալ-Ասադի վարչակազմին դեմ եվրոպական, արաբական երկրների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ձեւավորած ոչ պաշտոնական միություն: Եթե հավելենք, որ Մոսկվան ու Թեհրանն էլ պատրաստ են սատարել սիրիական իշխանություններին, ապա անգամ տեղային պատերազմական գործողությունը Սիրիայի տարածքում կարող է բռնկել այլ տեղային պատերազմներ:

Չի բացառվում, որ ադրբեջանա-իրանական ընդհարումներ եւս լինեն: Սրան կարող է նպաստել նաեւ Իսրայելը: Վերջերս Իրանի ԱԳՆ-ն բողոքի պաշտոնական նոտա է հղել Թեհրանում Ադրբեջանի դեսպանին, որտեղ նշվում է, թե Իսրայելի հետախուզական ծառայությունն իր գործակալներին ուղարկել է Բաքու՝ հետեւելու Իրանի ներկայացուցիչներին: Բողոքի նոտայում նշվում է նաեւ, որ Ադրբեջանը հակաիրանական քարոզչություն է իրականացնում զանգվածային լրատվամիջոցներում:

Սրված են նաեւ թուրք-իրանական հարաբերությունները: Անկարան փորձում է Արեւմուտքին, հատկապես ԱՄՆ-ին եւ Իսրայելին սիրաշահելով, կասեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Թուրքիայի ԱԳ նախարարն անգամ Արեւմուտքին հաճոյացել է, թե հարկավոր է Սիրիայի ընդդիմությանը ճանաչել իշխանություն եւ սկսել համագործակցել նրանց հետ:

Հույն(կիպրա)-թուրքական բախումների հնարավորությունը նույնպես չի հերքվում: Անգամ հայ-թուրքական կամ հայ-վրացական հակամարտություններ կարող են հրահրվել:

Բայց ամենապայթյունավտանգ հակամարտությունը տարածաշրջանում մնում է արցախյանը: Եվ այս հարցով վերջերս ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ Իմոն Գիլմորը Նյու Յորքում զեկույցով է հանդես եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: «Որպես գործող նախագահ՝ որոնելու եմ ուղիներ ԵԱՀԿ-ի տարածքի առկա երկարատեւ հակամարտությունների հարատեւ կարգավորման համար: Այդ հակամարտությունների թվում են Մերձդնեստրը, Աբխազիան, Հարավային Օսիան եւ Լեռնային Ղարաբաղը»,- ասել է Գիլմորը: Արցախի հարցով նա իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ-ին:

ՄԱԿ ԱԽ անդամ երկրները, բացառությամբ Ադրբեջանի, աջակցություն են հայտնել առաջիկա տարվա ընթացում ԵԱՀԿ նախագահության նշված գերակայություններին եւ հակամարտություններին լուծում գտնելու Իռլանդիայի հանձնառությանը: Միակ դժգոհ ելութը հնչեցրել է Ադրբեջանի ներկայացուցիչը: Եվ ի պատասխան այդ ելույթի, ՄԱԿ ԱԽ անդամներին պարզաբանում է տարածել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, որում մասնավորապես ասված է. «Ցավալի է, որ Ադրբեջանը, լինելով Անվտանգության Խորհրդի նորընտիր ոչ մշտական անդամ, օգտագործում է այդ հնարավորությունը ներկայացնելու միակողմանի տեղեկատվություն ԼՂ-ի հակամարտության վերաբերյալ, որը ոչ միայն հեռու է իրականությունից, այլեւ ամբողջովին հակասում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընթացող բանակցությունների ոգուն: Ադրբեջանի հայտարարությունը ամբողջովին հակասում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ հենց անցած ամիս Սոչիում արված հայտարարության ոգուն, որում ընդգծվում էր կողմերի պատրաստակամությունը՝ արագացնելու միջնորդների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ընդունումը»:

Ադրբեջանի հերթական փորձը նպատակ ունի ԼՂ հիմնախնդրի շուրջ քննարկումներ սկսելու ՄԱԿ ԱԽ-ում, որ հնարավոր լինի փոփոխել ԵԱՀԿ կողմից ընդունված եւ ԵԱՀԿ-ի փաստաթղթերում ու հայտարարություններում երկար ժամանակ օգտագործվող տերմինաբանությունը: Բաքվի այսպիսի վարքագիծը հաստատում է, որ այդ երկրի համար միակ ուղեցույցը եղել եւ մնում է այս հեղինակավոր ամբիոնի օգտագործումը կեղծ փաստեր տարածելու, ապատեղակատվություն սփռելու եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը սխալ կերպով ներկայացնելու համար.- նշել է ՀՀ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում: Թեեւ ՄԱԿ Անվտանգության Խորհրդի առաջ տրված իր խոստմանը՝ «պահպանելու միջազգային խաղաղությունը», Ադրբեջանը շարունակաբար սպառնում է ուժ կիրառել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ, իսկ ղեկավարությունը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել:

Եվ մենք պարտավոր ենք տարածաշրջանային բոլոր հակամարտությունները ուշադրության կենտրոնում պահել՝ զուգահեռաբար զորացնելով ՀՀ անվտանգության եւ մեր ռազմա-պաշտպանական համակարգերը:
Հայկ  Թորգոմյան
 

«Լուսանցք» թիվ 6 (227), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.