Ո՞վ է դարձել Արմենոիդական խաչի մշակույթի ժառագորդը, եւ ո՞ր էթնոտեսակի մոտ է առավելագույնս ամրագրված Խաչի մշակույթը: Այս հարցերի պատասխանը տալիս են Հայոց Միջագետքի Պորտասար, Քարհան սար ծիսական համալիրները: Այստեղից է, որ խաչի մշակույթը անցնում է դասական Միջագետք, Շումեր, Աքադ, Բաբելոն, նաեւ Եգիպտոս: – Ա. Մ.
Ըստ իմ ուսումնասիրությունների՝ Արմենոիդ մարդաբանական տեսակի կողմից ստեղծված նյութական մշակույթին է պատկանում Պորտասարի հնավայրը, որը գտնվում է Հայկական Լեռնաշխարհի հարավային մատույցներում՝ Հայոց Միջագետքի կամ Կիլիկյան Հայաստանի Ուրֆա-Եդեսիա քաղաքից 15 կմ հյուսիս-արեւելք, 12 հազար տարեկան է, ավելի հայտնի է Գյոբեկլի Թեփե անունով:
Ինչպես նաեւ՝ ա) 1990թ. Հայոց Միջագետքում հայտնաբերված Karahan tepe հնավայրը, գտնվում է Sogmatar եւ Harran շրջանում, 11 հազար տարեկան է, բ) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Քարահունջի աստղադիտարանը, որը 25 հազար տարեկան է, գ) Մեծամորի կենտրոնը՝ հայտնաբերված անցյալ դարի 60-ականներին, միջին հաշվով 8 հազար տարեկան է (Մեծամորի մշակութային խնդիրներին անդրադարձել եմ «Ayas փիլիսոփայությունը» հոդվածում – www.armar.am):
Ակնհայտ է դառնում մեկ բան. մեր տարածաշրջանում հայտնաբերված հնագույն կառույցները Արմենոիդ մարդաբանական տեսակի կողմից ստեղծված մշակութային, գիտական եւ ծիսական կենտրոններ են:
Առհասարակ, Փոքր Ասիայում հնագիտական հետազոտություններ կատարողները նրբանկատորեն եւ բավականին սահուն շրջանցում են Արմենոիդ մարդաբանական տեսակին եւ նրա ուղիղ ժառանգորդ հանդիսացող հայ էթնոսին:
Շրջանցվում է նաեւ այն հանգամանքը, որ Հայոց Միջագետքը Արմենոիդական մշակույթի եւ հայ էթնոսի բնական արեալի մի հատվածն է, ուստի եւ տարածաշրջանի հնագույն քաղաքակրթական զարգացումները հարկավոր է դիտարկել՝ նկատի առնելով այն իրողությունը, որ հայ էթնոսը տարածաշրջանում ավտոխոն է՝ ըստ Դյակոնովի: Հայոց Միջագետքի տարածքում հայտնաբերված մշակութային շերտերին եւ կառույցներին նվիրված ուսումնասիրություններում Արմենոիդ տերմինը գիտակցված փոխարինվում է հնագիտության մեջ հայտնի անդեմ՝ «նեոլիթյան մարդ» տերմինով:
Այս քննախուզության համար առանցքային են Պորտասարի եւ Չատալ Հյույուկի համալիրներում հայտնաբերված խորհրդանշանները: Դրանք հաստատում են Արմենոիդական մշակույթի իրական լինելը եւ հիմք են տալիս մերժելու «նեոլիթյան մարդ» իներտ հասկացությունը եւ ամրապնդել այն տեսակետը, որ հայ էթնոսը Արմենոիդական մշակույթի անընդմեջ կրողն է:
Հիշեցնենք, որ Պորտասարի մշակույթին նվիրված հնէաբանական աշխատանքների մասնակի ամփոփումը տեղի ունեցավ Գերմանիայի Կարլսռուհե քաղաքում, 2007թ. հունվարի 20-ից մինչեւ 2007թ. հունիսի 17-ը, որտեղ 500-ից ավելի նյութերում առկա էր նաեւ «խաչաձեւ ծիսական քարը»: Նյութերը ներկայացնում էին Պորտասարի 12 000 տարվա մշակույթը (որը կազմակերպել եւ ներկայացրել էին՝ Prof. Dr. Klaus Schmidt DAI, Prof. Dr. Dr. Dieter Vieweger – Universitat Wuppertal, Prof. Dr. Dr. Manfred Gorg – Universitat Mun chen, Prof. Dr. Hubert Irsigler-Universitat Freiburg): Համալիրի հիմնական ուսումնասիրող գերմանացի հնէաբան Կլաուս Շմիդտը (Klaus Schmidt) այն կարծիքն է հայտնում, որ հնավայրը թաղվել է հողի տակ հենց իրենց՝ կառուցողների կողմից:
Կլաուս Շմիդտի այս եզրակացությունը շատ կարեւոր է մեր քննախուզության համար, մենք համոզված ենք, որ համալիրը շահագործողների մեջ առաջացել է գաղափարական հակասություն՝ խորհրդանշանների հիերարխիկ հարաբերությունների հետ կապված: Պորտասարի կենտրոնանիստ խորհրդանշաններն են Շրջանը եւ Խաչը:
Այս նկարում շատ հստակ երեւում է Պորտասարի ծիսական սրահներից մեկի հիմքը:
Ըստ մեր պրպտումների՝ Շրջանի եւ Խաչի միասնական իմաստը արեւապաշտական կրոնական ընկալումներում արտահայտում է Միհր-Վահագն տանդեմի գաղափարախոսությունը:
Համոզված եմ, որ Պորտասարի համալիրի նախագծի հիմքում փաստացի դրված է Արմենոիդական մշակույթի գլխավոր՝ Միհր-Վահագն գաղափարախոսությունը, որի արտահայտիչն է շրջանագծի մեջ վերցված խաչը: Պորտասարի համալիրի կոնսերվացումը կապված է Միհր-Վահագն կամ «հուր եւ ջուր» գաղափարախոսության շուրջ առաջացած հակասության հետ, որի ուշ շրջանի արտահայտիչն է «արեւ եւ լուսին» եւ «արեւ եւ անգղ», «անեզերական եւ եզրական» գաղափարական հակադրությունը:
Արմենոիդական
հոգեւոր մշակույթից մեզ է հասել նաեւ Արեւի եւ Լուսնի ընդհանրական գաղափարախոսությունը, որտեղ արեւը համարվում է լուսնի ամուսինը: Այս միասնության խորհուրդը շրջանն է եւ խաչը: Շրջանի եւ Խաչի գաղափարանշանների մեջ դրված է դուալիզմի եւ հակասությունների միասնության գաղափարը, որը կյանքի գաղափարաբանության հիմքն է:
Ըստ մեր նախնիների՝ խաչը տիեզերքի սռնին է, աշխարհի կենտրոնն է, երկրի եւ երկնքի հաղորդակցման կետը, նաեւ խորհրդանիշն է կյանքի ծառի: Արեւապաշտական գաղափարախոսության մեջ խաչը համարվում է գլխավոր արարական խորհրդանիշը, խորհրդանշում է արարությունից բխած ճիշտ ընտրությունը, որը տարածվում է աշխարհի չորս կողմերի վրա: Խաչը նաեւ համարվում է արիական իշխանության բարձրագույն նշան, ինչպես նաեւ՝ Սասնա Տան խորհրդանիշն է՝ «խաչ պատերազմին վեր աջ թեւին»:
Շրջանը եւ Խաչը որպես երկրաչափական արժեքներ, իսկ անգղը՝ որպես խաչ-թռչուն խորհրդանիշ, առաջինը արժեւորվել են Քարահունջում: Փաստորեն՝ Քարահունջում արժեւորված Շրջանի եւ Խաչի մոդելը եւ անգղի խորհրդանիշը նյութականացվել են Հայոց Միջագետքում, որի վկան է Պորտասարի ծիսական համալիրը:
Ուսումնասիրելով Պորտասարի խորհրդանշանների խումբը՝ ես հանգեցի այն եզրակացության, որ Քարահունջում բացահայտված անգղը եւ խաչը Պորտասարում միահյուսվում են եւ ներկայանում արդեն Անգղի խորհրդանշանի միջոցով, որի ներքին կերտվածքը խաչն է:
Պորտասարում բավականին հստակ ընդգծվում է մեկ գաղափարախոսություն՝ արեւը գտնվում է Անգղ-խաչի թեւի վրա, որը նույնական է մեզ հայտնի «մահը կյանքի ուղեկիցն է» գաղափարախոսության հետ, անգղ-խաչը խաղում է արեւի, այսինքն՝ կյանքի հետ:
Պ. Հերունին եւ Վ. Վահրադյանը իրենց ուսումնասիրությունների մեջ ուղղակիորեն չեն անդրադառնում խաչի եւ շրջանագծի երկրաչափական մոդելներին, սակայն նրանց ուսումնասիրությունների մեջ շեղակիորեն երեւում են շրջանի եւ խաչի մոդելնեը:
Բավականին հետաքրքրական եզրակացության է եկել Վ. Վահրադյանը: Նա, ըստ էության բարձր ճշտությամբ, նկատել է Քարահունջում իր կողմից հայտնաբերված անգղի համաստեղության տարածական լանդշաֆտային պատկերի, մեր դեպքում՝ խաչի խորհրդանշանի եւ Պորտասարի անգղի պատկերների առանցքային նույնականությունը: Ըստ էության՝ Պորտասարում պատկերված է մահվան եւ կյանքի, այսինքն՝ անգղ-խաչի եւ արեւի հավերժական գաղափարախոսական հակասությունը:
Կարծում եմ՝ Պորտասարում չգտնելով մահվան եւ կյանքի պատասխանը, մեր նախնիները այն կոնսերվացրել են՝ հույս ունենալով, որ երբ այն նորից բացվի, արդեն հարցի հնարավոր պատասխանը հայտնի կլինի:
Անցում կատարենք դեպի Միջագետքի գրավոր մշակույթ: Այստեղ խաչը իմաստավորվում է «կալ» տերմինով: Մեր ընկալումներում եւ մտածողության մեջ «կալը» բերք հավաքելու վայր է, այսինքն՝ հունց–հունձ անելու վայր, որն, ըստ էության, կարող է մեկնաբանել Քահրահունջի մեջ «հունջ» տերմինի իմաստը եւ մեկնաբանել «ց-ձ-ջ» եւ «յ-հ-խ» տառադարձությունների օրինաչափությունները հայոց լեզվում, ինչպես նաեւ՝ հասկանալ «ունջ» տերմինի հնագույն իմաստը, որը ուշ շրջանի հայերենում նշանակում էր նաեւ՝ տակ, խորք, հատակ, գետնի տակը, գանձ:
Շարունակելի
Արամ Մկրտչյան, Գերմանիա
Հատուկ «Լուսանցք»-ի համար
«Լուսանցք» թիվ 7 (228), 2011թ.



