Խարդախությունը՝ քաղաքական կատեգորիա

Ռուսաստանյան տարբեր պատվիրակությունների ընդունումից հետո, հատկապես ԱԱԽ եւ ՊՆ ոլորտին առնչվող, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ովքեր Հայաստան էին ժամանել ԱՄՆ-ից Աֆղանստան ճանապարհին: Նախագահը կարեւորել է շփումները ԱՄՆ կոնգրեսում Հայաստանի բարեկամների հետ, որոնց աջակցությունը տարիներ շարունակ էական նշանակություն է ունեցել Հայաստանում ժողովրդավարության կայացման եւ ամրապնդման, ինչպես նաեւ մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում: Քննարկվել են նաեւ Հայաստանին հատկացվող ֆինանսական, մարդասիրական եւ տեխնիկական օժանդակության խնդիրները, ինչպեսեւ՝ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցերի մեծ շրջանակ՝ ընդգծելով երկկողմ եւ բազմակողմ համագործակցության անհրաժեշտությունը:


Վաշինգտոնը ակտիվացրել է հարաբերությունները նաեւ Վրաստանի հետ: ԱՄՆ–ն կօգնի Վրաստանին տարածքների պաշտպանման հարցում.- հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ ելույթ ունենալով Աֆղանստանում ծառայող վրաց զինծառայողների առջեւ: Ըստ նրա, Միացյալ Նահանգները կօգնի ոչ միայն գործողություներն իրականացնելու, այլ նաեւ պաշտպանությունն ամրապնդելու հարցում. «Սա մեր զինված ուժերի պատրաստման միանգամայն այլ մակարդակ է՝ վրացական զորքերն էլ Աֆղանստանում միջազգային պաշտպանության երախշավորներն են: Սա էլ ինձ համար վաղվա օրվա երաշխիք է: Մենք այստեղ կյանքի սպառնալիքով ստանում ենք միջազգային փորձ»:

Վրաստանը ամիսներ շարունակ, տարբեր երկկողմանի այցերի ու հանդիպումների միջոցով ցանկանում է կարգավորել հարաբերությունները նաեւ Հայաստանի հետ: Սա նաեւ Արեւմուտքի պահանջն է, իրանական պատժանիջոցների պատճառով պետք է նորմալացնել եւ անխափան պահել Հայաստան-Վրաստան-Եվրոպա կապն ու ճանապարհը:

Սակայն Թբիլիսին միշտ էլ եղել ու մնում է անվստահելի գործընկեր: Ուստի Իրանի հետ հարաբերությունները համարվում են պարտադիր, եւ՝ պարտադիր երկու կողմերի համար:

Բայց իրանական եւ սիրիական ուղղություններով միջազգային ճնշումներն ուժգնանում են եւ պետք է Վրաստանին միշտ զգոն ու պատասխանատու վիճակում պահել: Կրկին խոսք կա, որ Իսրայելը կարող է հարվածել Իրանին: Բայց ամերիկյան բարձրաստիճան զինվորականները կասկածում են, որ այդ հարվածը արդյունավետ կլինի, կհաջողվի իրանական միջուկային օբյեկտներին հարվածել: Պենտագոնի հաշվետվության մեջ նշվում է, որ օդից իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու համար առնվազն 100 իսրայելական ինքնաթիռ ստիպված կլինեն հաղթահարել մոտ մեկուկես հազար կիլոմետր ոչ բարեկամական երկրների տարածքով, օդում վերալիցքավորում իրականացնել, հաղթահարել Իրանի հակահրթիռային պաշտպանությունը

եւ միաժամանակ ռմբակոծել բազմաթիվ ռեակտորներ, որոնցից մի քանիսը գտնվում են գետնի տակ: Բայց ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոի Իսրայել այցից հետո, ըստ վերլուծաբանների, Թեհրանի վրա ռազմական հարձակումն ավելի ու ավելի իրական է դառնում: «Մոսսադ» իսրայելական հետախուզության ղեկավար Թամիր Պարդոն վերջերս ԱՄՆ կատարած իր այցի ժամանակ պարզել էր նաեւ, թե ինչպես կարձագանքի Վաշինգտոնն իսրայելցիների կողմից Իրանին ռազմական հարձակման ենթարկելուն: ԱՄՆ-ը կմասնակցի՞ արդյոք այդ ռազմական գործողությանը:

Եվ Իսրայելը սկսել է հարաբերություններ կարգավորել նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Իսկ ՌԴ-ում Իսրայելի դեսպան Դորրիթ Հոլենդերը «Vesti.Az»-ի թղթակցի հարցին («հնարավո՞ր է, որ Իսրայելն ընդունի հայերի ցեղասպանությունը, հաշվի առնելով թուրք-հրեական հարաբերությունների վատթարացման հարցը») ի պատասխան ասել է, թե՝ «Ես կպատասխանեմ մեր արտգործնախարարի խոսքերով. մենք ընդունում ենք հայ ժողովրդի հետ կատարված աղետը, սակայն չենք ընդունում, որ դա ցեղասպանություն է եղել»: Եվ Կնեսեթը հերթական անգամ հետաձգել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Այսպես Երեւանը ԱՄՆ-ի, Եվրոպական համագործակցության, ՌԴ-ի, Իրանի եւ Վրաստանի հետ փորձում է զարգացնել հարաբերությունները, ինչը բնականաբար անում են նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը: Եվ Իսրայելը փորձում է հերթական անգամ իր շահերը հետապնդել այս տարածաշրջանային ծավալումներում:

Արման Դավթյան

* * *
Թուրքին ոչ թե ձերբակալել, թր(ի)քացնել է պետք
 

Թուրքիայի եվրոպական հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը թուրքական հեռուստաալիքի եթերում պատասխանելով լրագրողի հարցերին, անդրադարձել է Շվեցարիայում Հայոց ցեղասպանության իրողությունը ժխտելու համար իր դեմ սկսված հետաքննությանը:

«Haber3.com»-ի տեղեկացմամբ՝ լրագրողի հարցին, թե արդյոք մոտ ժամանակներս Բաղըշը կկարողանա գնալ Շվեցարիա եւ հետաքննությունը ինչ փուլում է, նա պատասխանել է. «Եթե պետք լինի, կգնամ: Ինձ հետաքննության վերաբերյալ ոչ մի բան պաշտոնապես չի փոխանցվել: Այնտեղ մի հայկական կազմակերպությա
ն ճնշմամբ է հետաքննությունն անցկացվում: Ես Թուրքիայի հանրապետության նախարար եմ եւ ոչ ոք իրավունք չունի Թուրքիայի նախարարին ձերբակալել»:

* * *

Ըստ միջազգային մեկնաբանների եւս, Թուրքիան վերստին ապացուցեց իր անկանխատեսելի լինելը: Եվ Հայաստանի համար նոր հայ-թուրքական փաստաթղթի կնքումը անիմաստ է, իսկ ստորագրությունը արդեն դրված փաստաթղթով հնարավոր չէ շարունակել գործընթացը: Պետք է հետ վերցնել ստորագրությունը: Հայ-թուրքական արձանագրությունները տապալվել են Թուրքիայի պատճառով, մեղավորը Անկարան է, քանի որ անընդունելի պայմաններ է առաջադրել… Նախապայմաններ:
Հայի խնդիրը՝ նաեւ պահանջ
 

Թուրքիայի դպրոցներում կրկին շարունակվում են հայերին վիրավորող, հայերի հանդեպ թշնամություն սերմանող իրադարձությունները: Վերջերս էլ Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գտնվող հայկական Տատյան դպրոցում աշակերտներին քննության ժամանակ հաստատական ձեւով ներկայացրել են «հայերի կատարած դաժանությունները» արտահայտությունը եւ հարց ձեւակերպել դրանով: Քննությունների ժամանակ Տատյան հայկական դպրոցում գտնվող «Հանրային աշխատավորների արհմիությունների կոնֆեդերացիայի» նախկին նախագահ Սամի Էվրենը բողոքել է, որ քննաթերթերում ռասիզմ եւ խտրականություն ներառող արտահայտություններ կան եւ լքել է քննությունները: Նա նշել է, թե էթիկապես ճիշտ չի համարել պարտականություն իրականացնել նման հարցեր ունեցող քննությանը եւ բացի այն, որ սխալ է «Հայերի արած դաժանություններ»-ի մասին փաստաթղթերից խոսելը, միջնակարգ դպրոցի աշակերտներին նման հարց ուղղելը հավասար է «Դուք դաժանություններ եք արել» արտահայտությանը: Եթե Գերմանիայում մի թուրք աշակերտի ասեն, թե դուք բարբարոս եք, նա ի՞նչ կզգա»,- ասել է Ս. Էվրենը:

Բաքըրքյոյի ազգային կրթության վարչության պետը նշել է, թե նոր է անցել պարտականությունների կատարմանը եւ շեշտել, թե ուսումնասիրել է տեղի ունեցածը ու փոփոխել հարցը:

Իսկ Թուրքիայի ազգային կրթության նախարար Օմեր Դինչերը նախարարության շենքի սրահներից մեկում հանդիպել է Ստամբուլի հայկական Փանգալթը (Մխիթարյան միաբանության կողմից ստեղծված վարժարան) մասնավոր դպրոցի աշակերտներին եւ դպրոցի տնօրեն Գարեգին Պարսամյանին ու ուսուցիչներին: Թուրքիայի ազգային կրթության նախարարը նշել է, թե շատ ուրախ է, որ հաջողել է ընդունել հայկական դպրոցի աշակերտներին՝ շեշտելով, որ նրանք կարող են հանգիստ խոսել իրենց խնդիրներից: Աշակերտները նախարարին հայտնել են, որ իրենց դասընթացներն ավելի արդյունավետ կլինեն, եթե հասարակագիտական գրքերի որոշ հատվածներից հանվեին հայերին նվաստացնող էջերը:

Հայ աշակերտներն այցելել են նաեւ Թուրքիայի ազգային մեծ ժողով՝ հանդիպելով արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքըրին: Աշակերտները նրան են նվիրել իրենց դպրոցի պատմությունը 4 լեզվով ներկայացնող մի գիրք եւ փոքրիկ տոնածառ:

Անկարան, քննադատվելով եվրակառույցների կողմից՝ ռասիստական որոշ դրսեւորումների, նաեւ կրոնական փոքրամասնությունների եւ մարդու իրավունքների ոտնահարող քաղաքականության համար, սկսել է հատկապես հայկական ուղղությամբ ցուցադրական քայլեր անել: Իսկ Վաշինգտոնի կտրուկ քաղաքականությունը՝ կրոնական փոքրամասնություններին Թուրքիայի տարածքում գույքի սեփականությունը վերականգնելու առումով, Անկարային նոր խնդիրների առաջ է կանգնեցրել:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 7 (228), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.