Լեզուն՝ ծավալապաշտական գործիք

 

Մոսկվան Վլադիմիր Պուտինի նախագահական վերադարձի ճանապարհին փորձում է «ռուսական արջ»-ին արթնացնել: Վաղուց, խորհրդային հակամարտությունից հետո, արեւմտյան ուժերի դեմ հետխորհրդային Ռուսաստանը զենքի իրական սպառնալիքով չէր խոսել: Եվ երբ ռուսական ռազմանավերը հայտնվեցին Սիրիայի տարածքային ջրերում, հասկանալի դարձավ, որ Արեւմուտքը կհետաձգի ռազմական հարվածը Դամասկոսի ուղղությամբ…

Մոսկվան փորձում է արագորեն օգտվել նաեւ Արեւմուտքի ու Թուրքիայի, որոշակի նաեւ Ադրբեջանի հետ ծագած հակասություններից եւ, միաժամանակ, Հայաստանին չկորցնելու զուգահեռ քայլեր է անում: Միջինասիական երկրներում եւս ռուսաստանյան «ակտիվացումներ» կան: Շատ զարմանալի էր, որ Մոսկվան անգամ Մերձբալթիկայի ուղղությամբ քայլեր նախաձեռնեց: Այս տարածքում մեծաթիվ ռուսներ եւ ռուսախոս բնակչություն կա, ինչն էլ օգտագործվեց այս դեպքում: Լատվիայում անսպասելի որոշվեց հանրաքվեի դնել ռուսերենը, որպես երկրորդ պետական լեզու, հռչակելու մասին Սահմանադրության փոփոխության օրինագիծը: Այս գաղափարը առաջադրել է Լատվիայի «Ռոդնոյ յազիկ» (Մայրենի լեզու) հասարակական քաղաքական կազմակերպությունը: Լատվիայի (ինչպեսեւ՝ Լիտվայի ու Էստոնիայի) իշխանությունները կտրականապես դեմ են հանդես գալիս ռուսերեն լեզվին պետական կարգավիճակ տալու պահանջին, բայց մասնակցել են հանրաքվեին:

Լատվիայում գրանցված են 1 մլն. 545 հազար ընտրողներ: Որպեսզի ռուսերեն լեզուն ստանա պետական երկրորդ լեզվի կարգավիճակ, առնվազն 772 հազար մարդ պետք է կողմ քվեարկեր: Սոցիոլոգների գնահատմամբ, օրինագծին կողմ քվեարկողների թիվը մոտ 250-300 հազարի պետք է հասներ: Լատվիայի ռուսալեզու համայնքը կազմում է երկրի բնաչության մոտ 44%-ը եւ վերջին մարդահամարի տվյալներով, այնտեղ ապրում է մոտ 290 հազար ռուսալեզու բնակիչ, որոնք չունեն քաղաքացիություն եւ զրկված են ընտրելու իրավունքից:

Բայց անցկացված հանրաքվեի ժամանակ բավարար ձայների քանակություն չի հավաքվել՝ ռուսերենը պետական երկրորդ լեզու հռչակելու համար, 470 հազար մարդ, որը կազմում է ընտրողների 77,75%-ը, քվեարկել է ռուսաց լեզուն որպես երկրորդ պետական լեզու հռչակելու՝ սահմանադրական փոփոխության օրինագծի դեմ: Լատվիայի պետական լեզուն լատիշերենն է, իսկ ռուսերենը օտար լեզվի կարգավիճակ ունի:

Այսքանը մանրամասնեցինք, որպեսզի հիշեցնենք, որ Հայաստանում ընդամենը 3% կազմող 20-ից ավելի ազգային փոքրամասնությունները հաճախ այնպիսի իրավունքներ են պահանջում, որ Մերձբալթյան երկրների շուրջ 40%-անոց ռուսախոս (որ առավելապես ռուսներ են) համայնքների մտքով իսկ չի անցնում… Իսկ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ամպագոռգոռ հայտարարություններով ռուսալեզու եւ օտարալեզու կրթակարգ է պարտադրում գրեթե միատարր Հայաստանին…

Լեզուն եւ՛ մտածողություն է թելադրում՝ լեզվամտածողություն, եւ՛ քաղաքականություն է պարտադրում՝ հասարակական տարբեր շերտերին, ու սա չհասկանալը տհասություն է:

Մոսկվան Միջինասիական երկրներում նույնպես ռուսականացման քաղաքականություն է վարում եւ՝ հաջողությամբ: Գուցե սա էր պատճառը, որ ԽՍՀՄ-ի կազմալուծումից հետո շատերն էին կարծում, թե Ռուսաստանը այդ տարածաշրջանի հանրապետություններին բաց չի թողնի այդքան մեծ տարածքներով: Հատկապես Ղազախստանի պարագայում կար նման տեսակետ, որ սահմանակից է հենց Ռուսաստանին: Այս երկրում եւս ավելի քան 40%-ը ռուսալեզու բնակչություն է, իսկ այսօր ռուսախոս են (ղազախների հետ էլ) 80-90%-ը…

1992թ. սկսած  ՄԱԿ-ը տոնում է Մայրենի լեզվի օրը: Եվ մենք մեր հայրենիքում, գրեթե միատարր Հայաստանի Հանրապետությունում ունենք բազմաթիվ լեզվական ու լեզվակրթական խնդիրներ: Աղավաղված է մեր մայր լեզուն եւ՛ կենցաղում եւ՛ դպրոցներում եւ՛ լրատվամիջոցներում, ամենուր… անգամ քաղաքական ու պետական բարձր ատյաններում: Հայերենի դասագրքերի բովանդակության, արդյունավետության եւ հայերենի դասավանդման ընթացքում առկա բացթողումների (նաեւ հայոց պատմության կիսատ-պռատ

ներկայացման) մասին էլ չենք ասում:

Մայրենի լեզովի՝ միջազգայնոորեն ընդունոված տոնի առթիվ ՀՀ-ում ամեն դեպքում տեղի ունեցան հանդիսություններ եւ, իհարկե, փառաբանվեց հայերենը: Բայց ցայսօր հայերենի միասնական տիրապետման խնդիրը կա նաեւ: Արեւմտահայերեն եւ արեւելահայերեն գրական լեզուներ ունեցող հայերիս մոտ դեռ խնդիր կա: Ունենք բազմաթիվ բարբառներ ու խոսվածքներ, որոնք արմատական բառեր են պարունակում իրենց մեջ եւ հատուկ ուսումնասիրության կարիք ունեն: Լեզուների հիմք (ոչ միայն հայերենի) ծառայող գրաբարը  եւս ուսուցանման եւ պաշտպանության կարիք ունի…

Ինչպես հայ արիականներն են նշում՝ «Լեզուն մեր Գենի արտահայտչամիջոցն է եւ Գենետիկ Ինքնաճանաչողության համար նախ պետք է խոսել հայերեն, գրել հայերեն, մտածել հայերեն եւ ապրել ու գործել հայերեն…»:

Շատ լեզուների իմացությունն ու գործածումը անչափ կարեւոր է, անգամ անհրաժեշտ, բայց՝ միայն հայերենի դիրքերը պահպանելով եւ մեր մայր լեզվին անմրցակից թողնելով:

Այս դեպքում լեզվաիմացությունը մեծագույն հարստություն է, ինչը կարող է լավագույնս ծառայել ոչ միայն անհատ իմացողներին, այլեւ ազգին եւ պետությանը:
Հայկ  Թորգոմյան
 

* * *

Արտակարգ  դրության ժամանակ  բնակչության եւ զինված ուժերի շփումը կկարողանա՞ն  կանխել

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գրությամբ ԱԺ-ից լրամշակման նպատակով հետ է կանչվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը: Ըստ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, հետ է կանչվել 2 հիմնական պատճառով.

1. Այնտեղ ներկայացված տարբերակում բացակայում էր այդ օրենքի դրույթների խախտման համար պատասխանատվություն նախատեսող նախագիծը, որը վերաբերում էր հատկապես վարչական իրավախախտումներին եւ այնպիսի դրույթների, ինչպիսիք են արտակարգ դրության տարածքում մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը, արտակարգ դրության ժամանակ ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելը, սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի ու դրանց շրջանառության հատուկ կարգը խախտելը եւ մի շարք այլ սահմանափակումներ: Այդ բոլորի համար մեկ ընդհանուր նորմ էր սահմանված, որ առաջացնում է օրենքով նախանշված պատասխանատվություն, «ինչը իրավական անորոշություն կարող էր ստեղծել», քանի որ հատկապես վարչական պատասխանատվությունը սահմանված չէր: Այսինքն՝ որպես փաթեթ այն լիարժեք չէր:

2. «Բացի այդ, հստակեցվել են զինված ուժերի գործողություններն արտակարգ դրության պայմաններում:

Զինված ուժերը կարող են արտակարգ դրությանը մասնակցել միայն հատուկ պատրաստություն անցնելուց հետո»,- ասել է արդարադատության նախարարը՝ միաժամանակ հավելելով, թե յուրատեսակ զսպաշապիկներ ու արգելքներ են սահմանվում զինված ուժերի եւ բնակչության շփումը կանխելու համար:

Այսպես կառավարությունը հավանություն տվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծին, իսկ արդարադատության նախարարն այն համարեց անհետաձգելի ու նշեց, որ ԱԺ կներկայացվի առաջիկայում:

Լրացուցիչ քննարկումներն  այս հարցով պայմանավորված էին ընդդիմադիր ուժերի մտահոգությունները բավարարելով:

Աստղինե Քարամյան
Մուսուլմաննները չեն սիրում Վալենտինին
 

Մինչ Հայաստանում Հայ առաքելական եկեղեցին միայն բողոքում է օտար տոների կամ աղանդների ներխուժման դեմ (պայքարելու փոխարեն), այլ կրոններն ու կրոնավորները դիմում են ավելի լուրջ քայլերի:

Սաուդյան Արաբիայում կրոնական ոստիկանությունը 144 մարդ էր ձերբակալել սուրբ Վալենտինի օրը տոնելու համար:

Բացի այդ, ոստիկանները բոլոր խանութներից բռնագրավվել են կարմիր վարդերը, քանի որ, ըստ կրոնականների, դրանք դրդում են մարդկանց նշել Վալենտինի օրը:

Սաուդյան Արաբիան միակ երկիրը չէ, որտեղ կրոնական կազմակերպությունները դեմ են արտահայտվում այս տոնին:

Ուղղափառությունն, ընդհանրապես, ինչպես նաեւ իսլամը, անբարյացակամ են վերաբերվում Վալենտինին՝ տոնը համարելով անբարոյական ու մեղավոր:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 7 (228), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.