Շատախոսությունն ու հակախոսությունը ընտրակաշառք չեն համարվում

Բայց  տրված խոստումները չկատարելը պետք է պատժաչափ ունենա

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ԱԺ հերթական ընտրություն նշանակելու մասին: Ըստ հրամանագրի, խորհրդարանական հերթական ընտրությունը նշանակվել է 2012թ. մայիսի 6-ին: Հրամանագիրն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Այս հրամանից հետո, մեկ այլ՝ չգրված հրամանով նախընտրական համերգների շրջանը բացվեց: Այս օրերին մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերը հրավեր են ստանում՝ տարբեր քաղաքական ուժերի նախընտրական քարոզչությանը ներգրավվելու եւ նախընտրական համերգներին մասնակցելու համար:

Մեկ այլ չգրված հրամանով էլ բացվեցին պատգամավորության թեկնածուների խոստումների պարկերը եւ քաղաքական ուժերի ազգային հիշողությունների «մտքի ծալքերը»…

Դե, եթե ժողովրդի մոտ դեռ «կարճ հիշողության» խնդիր կա՝ «ով՝ ով է եղել»-ի առումով, ուրեմն գրված ու չգրված օրենքները կգործեն ինչպես «հին ու բարի ժամանակներում»: Իսկ ընտրակաշառքի մասին խոսելն այս դեպքում մեր կողմից անհեթեթություն  կլինի՝ հիշողությունը «խաթարվածների» համար:

Կարող ենք այլ եթե-ներ էլ դիտարկել, բայց քիչ հավանական է, որ այսօրվա ժողովրդի հիշողությունը կնպաստի մարդկանց մեծամասնության անկաշառ քվեարկությանը, կուսակցությունները կհրաժարվեն ամեն գնով ձայներ հավաքելու սադրանքա-խեղկատակությանը, հանձնաժողովների անդամներն էլ աչքները չորս արած կհետեւեն ընտրատեղամասերի թափանցիկությանը, իսկ տեղական ու միջազգային դիտորդներն էլ չեն ժամանի արդեն իսկ նախապես պատրաստած հայտարարությունների տրցակներով…

Այս ամենը դեռ կլինի: Իսկ եթե չլինի… Բայց այլեւս ոչ մի եթե-ի դիտարկում:

Իսկ մինչ ընտրությունները, քաղաքական ուժերը փորձում են տարաբնույթ կենցաղային կամ սոցիալական խնդիրներ գտնել ու դրանք քաղաքականացնել: «Մաշտոցի պուրակի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ քաղաքապետը բավականին հստակ ներկայացրել է իր մոտեցումները: Չեմ կարծում, որ այն մարդիկ, ովքեր թեմայի շուրջ աղմուկ են բարձրացնում ավելի սրտացավ են, քան ինքը՝ քաղաքապետը»,- անդրադառնալով պուրակի շուրջ ստեղծած իրավիճակին, ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նման ակցիաներին քաղաքական ենթատեքստ հաղորդելն անթույլատրելի է.- կարծում է նա: Իհարկե, բողոքի ցույցերին նաեւ մասնակցում են մարդիկ, ովքեր այդ քայլին գնում են՝ ելնելով ազնիվ մղումներից, սակայն այդ մարդիկ, որոշ դեպքերում, դառնում են այս կամ այն ուժի «զոհը», որովհետեւ «կան ուժեր, որոնք նման ակցիաներին փորձում են քաղաքական ենթատեքստ տալ ու օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար»:

Սակայն, հարցն իրապես սրվել է եւ՝ ոչ միայն քաղաքական առումով: Հանրային խորհուրդը կարող է դատարանի միջոցով վիճարկել Աբովյան փողոցից ապամոնտաժված եւ Մաշտոցի պուրակում տեղադրվող կրպակների տերերի սեփականության իրավունքը.-հարցի շուրջ քննարկմանը հայտարարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Չնայած քննարկման ժամանակ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը վերահաստատեց օրեր առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությունը, թե համայնքը Մաշտոցի պուրակում կրպակներ է տեղադրում՝ հարգելով կրպակատերերի սեփականության իրավունքը:

Ինչեւէ, այսօրինակ խնդիրները ավելի հաճախ են դառնալու քաղաքական շահարկումների առարկա, բայց լավ կլիներ, որ իրապես բողոքավոր մարդիկ դրանից բավարարվածություն ստանային, իսկ խնդիրները՝ լուծումներ:

Քննարկումների թեմա են դարձել նաեւ ՏԻՄ ընտրությունները: Նորից կարծիք կա, թե ինչպես աշխարհի պետությունների մեծ մասում, այդպես էլ Հայաստանում իշխանությունները պատրաստ են տարբեր մակարդակների ընտրություններում օգտագործելու վարչական ռեսուրսը, եւ դա պայմանավորված է հիմնականում այն բանով, որ, որպես կանոն, ցանկացած իշխանություն ժամանակի ընթացքում «բացասական ռեյտինգ է» արձանագրում: Ու ինչքան վերջինս ավելանում է, այնքան ավելի շատ հիմքեր է ձեռքբերում վերընտրվել ցանկացող իշխանությունը՝ վարչական միջոցները գործի դնելու, ինչն իր հերթին գնալով ավելի բիրտ ձեւեր է ստանում:

Բայց հրազդանյան ընտրությունները փաստեցին, որ ընդդիմությունը եւս կայուն ընտրազանգված ունի, որը կարող է օգտագործել եւ գոնե մասնակի հաղթանակներ արձանագրել, իսկ իշխանություններն էլ ցանկության դեպքում կարող են անգամ պարտություններն ընդունել եւ նոր ընտրամակարդակ ձեւավորել: Գոնե մասնակի: Մինչեւ պարտությունն էլ հաղթանակի պես դառնա ընկալելի ու ընդունելի:

Խնդիր կա նաեւ այլ  երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների համար: 2007թ. ԱԺ ընտրություններից ի վեր արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը զրկված է ընտրություններին մասնակցելու իրավունքից: Նման իրավունք վերապահված է միայն արտերկրում ծառայող դիվանագետներին, ինչպես նաեւ ՀՀ-ում գրանցված իրավաբ
անական անձանց արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների՝ ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցներին ու նրանց ընտանիքների անդամներին: Ընդդիմադիրների կարծիքով՝ այս դրույթը կարելի է համարել «պետական մակարդակով իրականացվող կեղծիք»:

Իսկ իշխանական ներկայացուցիչներից ոմանց կարծիքով, եթե ՀՀ քաղաքացին մշտապես չի առնչվում երկրի կենցաղին ու տեղյակ չէ նրա առօրյային, ապա այլ երկրի այլ միջավայրում ապրելով, քվեարկության միջոցով իր դիրքորոշումը հայտնելու դեպքում կարող է ոչ ճիշտ որոշում կայացնել:

Եզրահանգումը թերեւս մեկն է, եթե արտասահմանում տեխնիկական խնդիրներն են խանգարում ընտրություններ անցկացնել, ապա պետք է վերացնել այդ խնդիրները, այլ ոչ թե զրկել մարդկանց իրենց սահմանադրական իրավունքից:

Խոչընդոտներ լինում են նաեւ Հայաստանում: Նախընտրական՝ միշտ ծաղկում ապրող բարեգործությունները եւս մերթ ընդ մերթ դիմադրության են արժանանում: «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի տրամադրած ուսանողական անվճար ավտոբուսներին թույլ չեն տվել Աբովյանից Երեւան ուղեւորվել: Աբովյան-Երեւան կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող «Քինգ դելյուքս» ընկերությունը պնդում է, թե ուսանողական անվճար ավտոբուսներն իբր խոչընդոտում են Աբովյան-Երեւան կանոնավոր երթուղու աշխատանքը: Բայց  հիմնադրամը կշարունակի ֆինասավորել Աբովյան-Երեւան տրանսպորտը՝ ուսանողների եւ սոցիալապես անապահով խավի անվճար փոխադրման համար: Կարծում ենք՝ դեռ տարաբնույթ բարեգործությունների դեմ հանդես եկողներ կհայտնվեն, քաղաքական հակառակորդները միմյանց դեռ կբզկտեն, անգամ ընտրակաշառքի (պարտադիր չէ՝ դրամական) դեպքերը բարեգործություններ կներկայացվեն ու ցնծություններով կծափահարվեն…

Իմիջիայլոց, որոշ շրջանակներում տեսակետ է հնչում, թե ՀՀԿ-ԲՀԿ հակասությունները ղեկավարվում են մեկ կենտրոնից եւ ԲՀԿ-ի փոքր ինչ ընդդիմադիր կեցվածքը ընդդիմադիր ընտրազանգվածից լրացուցիչ ձայներ տանելն է եւ ՀԱԿ-ԲՀԿ խաղերով ՀԱԿ-ի դեմն ընտրություններում փակելն է, եւ թե իրականում չկա ՀՀԿ-ԲՀԿ հակամարտություն, ու Ռոբերտ Քոչարյանի դեռ քաղաքական դաշտ չմտնելու պարագան լիարժեք հնարավորություն է տվել Սերժ Սարգսյանին՝ կառավարելու ԲՀԿ քայլերը:

Իսկ ՕԵԿ-ը, շատերն են արտահայտվում, դարձել է ՀՀԿ մասնաճյուղը, որի ընտրացուցակը եւս նախապատրաստվում է ՀՀԿ խորհրդատվությամբ: Զլմ-ները բողոքում են, որ ՕԵԿ պատասխանատուների հեռախոսահամարները հաճախ են լինում զբաղված:

ՀԱԿ-ը կրկին  պատրաս՞տ է սադրանքների: Ազգային անվտանգության քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 4-րդ տարելիցին, ասել է. «2008թ-ի մարտի 1-ին մարդկանց բերեցին քաղաքապետարանին հարող տարածք եւ լքեցին, իսկ կատարվածի համար պատասխանատվությունը շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի խղճին է… 4 տարի անց, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը սպառնում է, թե պատրաստ ենք կռիվ տալ յուրաքանչյուր ընտրատեղամասում»: Միթե՞ նորից պատրաստվում են կռվել,- ահազանգում է մամուլը: Մենք երբեմն դժգոհում ենք, որ մեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները միայն ընտրությունից ընտրություն են հիմնականում հիշում հայկական հարցերի մասին: Ինչը կարծես օտարներին է բնորոշ: Անգամ ԱՄՆ-ում կամ ՌԴ-ում ընտրությունների ժամանակ հայ դատի լուծման զարմանահրաշ տեսակետներ են հնչում, ինչը եթե այնտեղ հասկանալի է, այստեղ՝ միայն ծիծաղելի:

Ինչեւէ, հանրահայտ Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսին ՌԴ նախագահի թեկնածու է, ԼԴԿ առաջնորդը նախընտրական հանդիպում է ունեցել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ եւ հիշեցրել, որ արտաքին քաղաքական հարցերում նա մշտապես հանդես է եկել հօգուտ հայերի ու առաջիններից մեկն էր, ով պահանջեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա հայտնել է, որ պետք է ամեն ինչ անի, որպեսզի Մոսկվան ճանաչի Արցախի անկախությունը, բայց երեւի պահի տակ մոռանալով իրականությունը, հայտնել է, որ Հայաստանին ու Ադրբեջանին կառաջարկի մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Խոսել է նաեւ այնպիսի ցավոտ խնդրի մասին, ինչպիսին է ՌԴ-ում հայ միգրանտների վիճակը: Հիշեցնենք, որ ժամանակ առաջ նա հայտարարում էր, թե Արեւմտյան Հայաստանը պետք է միավորվի Հայաստանի Հանրապետությանը:

Մի  անգամ այս առիթով նաեւ Հայ Արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն արտահայտվեց, թե «Ժիրինովսկուն չճանաչողները գուցե հայկական ծագում վերագրեն նրան… Բայց ճիշտ հակառակն է նրա մոտ… Եվ միշտ ճիշտ հակառակ բաներ էլ խոսում է. օրինակ ասում էր, թե Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ երկրներ չպետք է լինեն, պետք է լինի ռուս-թուրքական սահման… Հիմա ասում է՝ Արեւմտյան Հայաստանն ու Արցախը հայերին պետք է վերադարձնել: Հետո էլ թե՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է Ռուսաստանին կցել… Ու էլի նման բաներ»: ՀԱՄ առաջնորդի կարծիքով, քաղաքական խեղկատակները կամ ծաղրածուները շատ նման են թագավորական ժամանակների նմանօրինակներին, եւ այսպես էլ պետք է դիտարկել նր
անց շատախոսությունն ու հակախոսությունը: Եվ սա ինչպես օտար, այնպես էլ հայ կամակատար գործիչներին հատուկ է դեռեւս:

Կարծում ենք՝ հայ համայնքի ներկայացուցիչները կտարբերեն ցուցք-թատերախաղն իրականությունից, ինչը նաեւ մեզ սպասվող ԱԺ ընտրություններին է վերաբերում, երբ հանկարծ աթեիստը հավատացյալ է դառնում ու «մարգարեություններ» անում, ժողովրդավարը որպես կտրուկ ազգայնական է հանդես գալիս, իսկ ապազգային կեղտն ու սանձարձակություններն էլ ազատություն որակող օսլայված հայը միանգամից դառնում է ավանդապաշտ եւ հայադավան:

Բազմիցս նշել ենք, որ Ազգային Ժողովը ազգային մարդկանց եւ ազգային գործերի ժողովարան է եւ ոչ թե խեղկատակների ու փոփոխականների ճեմասրահ…

Արամ Ավետյան
Հ.Գ. –

ԱԺ-ն մերժեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ 100% համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության ներկայացրած նախագիծը: Օրինագիծը ստացավ 30 կողմ, 56 դեմ եւ 4 ձեռնպահ ձայն: Նախագծին կողմ էին քվեարկել ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցություններն ու ԲՀԿ-ից մի քանի հոգի:

Այդ ընթացքում ԱԺ շենքի մոտ էին հավաքվել ՀԱԿ ներկայացուցիչները:

«Լուսանցք» թիվ 8 (229), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.