ԿԸՀ-ն արդեն հասցրել է քննարկել նաեւ մի շարք բողոքներ: Այդ թվում՝ ՀՀ պառլամենտարիզմի կենտրոնի (ՀՊԱԿ) ղեկավար Ռուբեն Թորոսյանի բողոքը, ով փորձում էր ապացուցել, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ կառավարության մի շարք անդամներ պետական միջոցների հաշվին հօգուտ ՀՀԿ-ի քարոզչություն են իրականացնում:
Առ այսօր ԿԸՀ-ն մերժել է նաեւ այլոց դիմումները այն պատճառաբանությամբ, որ մերժման հիմքում ընկած է Ընտրական օրենսգրքի այն դրույթը, համաձայն որի՝ անձը ԿԸՀ կարող է դիմել այն դեպքում, երբ խախտվում են նրա անմիջական սուբյեկտիվ իրավունքները: ԿԸՀ-ն բարդացրել է նաեւ լրագրողներին հավատարմագրելու կարգը, որի դեմ ցայսօր բողոքում են զլմ-ների ղեկավարները:
Իսկ ՀՊԱԿ-ը հայտնել է, որ ԿԸՀ անդամներն առնվազն ներկայացուցիչներ են՝ ՄԻՊ-ի, վճռաբեկ դատարանի եւ Փաստաբանների պալատի նախագահների, որոնց պատասխանատվությունը նույնպես անխուսափելի է ԿԸՀ այս որակի՝ առաջիկա «ազատ ու արդար» ընտրությունների համար:
Բողոքում է նաեւ ընդդիմությունը, եւ դա գնալով սաստկանալու է, քանզի նախընտրական «տրամաբանությունն» է գործում այդ ընթացքում: Իրենց վերջին հանրահավաքում արդեն դա զգացնել տվեցին ՀԱԿ-ականները, երբ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ մաս կազմող ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ այլոք կրկին արծարծեցին մարտիմեկյան թեման եւ ամեն գնով հաղթելու վճռականությունը: Ընդդիմադիրները չգիտես ինչ տրամաբանությամբ աղաղակում են, թե բնակչության 80%-ը չի թաքցնում, որ «հնարավորության դեպքում կլքեր այս երկիրը»… Թե բնակչությունը դա ինչպես չի թաքցնում կամ ինչ ձեւերով է ի ցույց է դնում, թողնենք ժամանակին:
Իսկ ահա ժամանակը հաստատել ու չի մոռացել, որ ՀՀՇ-ական տարիներին գաղթի եւ երկրից պարզապես փախուստի մեծաթիվ փաստեր կան, ապացուցելու բան էլ չկա, անգամ Արցախյան ազատամարտի տարիներին մարդիկ ինքնաթիռի 1-2 տոմսով վաճառում էին իրենց բնակարանները եւ փախչում երկրից… Մութ ու ցուրտ տարիներին իրենց հարստությունները դիզած ընդդիմադիրները այն ժամանակ հաշվարկ չե՞ն արել: Կարեւոր չէ, դրանք կան եւ, ափսոս, որ չեն ասվում, ներկայացվում հանրությանը պաշտոնապես… Դա չարվեց նաեւ ՀՀ 2-րդ նախագահի օրոք, երբ նախագահին կից ստեղծված Քաղաքական խորհուրդը բազմէջանոց փաստաթուղթ ներկայացրեց ՀՀՇ-ական իշխանություններին դատի տալու համար… Դա չի արվում նաեւ այսօր… Իսկ Լ. Տեր-Պետրոսյանը հանրահավաքներում շարունակում է խոսել արտագաղթի ծավալներից:
Իհարկե արտագաղթ կա, այդ մասին մենք եւս գրում ենք, քննադատում եւ պատճառահետեւանքային կապերն ենք ներկայացնում, նաեւ շարունակում ենք ներկայացնել Արցախի եւ ազատագրված տարածքների վերաբնակեցման եւ առհասարակ հայության ներգաղթի խնդիրները: Բայց այս հարցը միայն նախընտրական շահարկումների թեմա չէ, որից հետո նորից ասողն ու չասողը սսկվելու են՝ տեսողության եւ հիշողության կորուստներ ունենալով…
Իհարկե 1-ին նախագահը չի մոռանում խոսել նաեւ «Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի թաթար-մոնղոլական վարչակարգի մասին»՝ նշելով, թե «Քոչարյանա-սերժական վարչախմբի ձեւավորած տնտեսական համակարգը որեւէ կապ չունի ոչ սոցիալիզմի, ոչ ֆեոդալիզմի, ոչ իսկ անվանապես հռչակված կապիտալիզմի հետ, եւ ավելի շուտ հիշեցնում է թաթար-մոնղոլական տիպի խանական համակարգ»… Այստեղ Լ. Տեր-Պետրոսյանը «մոռանում» է, թե ինչպես էին իր «գահակալության» օրոք համեմատություններ արվում սիոնի
ստա-մասոնական կամ այլադավան այլ համակարգի մասին, իսկ «լեւոնա-վանոյական վարչախմբի ձեւավորած տնտեսական համակարգը» հաստատ որեւէ կապ չուներ «ոչ սոցիալիզմի, ոչ ֆեոդալիզմի, ոչ իսկ անվանապես հռչակված կապիտալիզմի հետ» եւ պապայա-թաղային հեղինակության համակարգ էր… Անգամ գողական աշխարհի մարդիկ էին «վանոյա-պապայական» դարձել (այսպես կոչված
գողականներին բանտարկել ու նրանց տեղը սեփական «գողականներով» էին լցրել), էլ ուր մնաց քաղաքացիական կյանքի պատվիրված «նայողները» այլ համակարգի մասին մտածեին…
Իսկ հիմա նրանց համար այլ է, Հայաստանն ու հայության թալանած ու հարստահարած նախկին իշխանավորներն ու ներկայիս ընդդիմադիրները «ժողովրդի հիշողությունը կարճ է» կարգախոսով առաջնորդվելով՝ մտել են ընտրապայքարի մեջ: Դե ՀԱԿ-ի համամասնական ցուցակի վերջնական ձեւավորումն էլ դրվել է հենց 1-ին նախագահի վրա:
Կարծիք կար, թե կոալիցիա-կոնգրես բանակցությունների տապալումից հետո ՀԱԿ-ը կբոյկոտի ընտրությունները, բայց այդպես չեղավ: Ավելին, այս ընդդիմադիրները նորից սահմռկեցուցիչ բաներից են խոսում ու գուցե ծրագրում են նորը… Կյանքում երբեւէ որեւէ քաղաքական դժվարության չհանդիպած եւ հոր՝ Կարեն Դեմիրճյանի փառքի վրա քաղաքական ոլորտ մտած Ստեփան Դեմիրճյանը նշել է. «Եթե 2004թ. ապրիլի 14-ին իշխանություններն ուժ կիրառեցին ժողովրդի նկատմամբ, ապա 2008թ. սեփական ժողովրդի արյունը հեղելով ու արտակարգ դրություն հայտարարելով՝ գնացին հակասահմանադրական քայլերի եւ մարտի 1-ի գործի կոծկմանը… Սակայն մենք չենք կարող անտեսել առաջիկա ԱԺ ընտրությունները: Մեր խնդիրը խորհրդարանում ներկայություն ապահովելը չէ, այլ երկիրը համակարգային այս ծանր վիճակից, ճգնաժամից դուրս բերելն է»: Այսինքն, եթե հանկարծ այս մայիսին ՀԱԿ-ը ձախողի, ապա նման հռետորները դեմ չեն լինի մի հատ էլ մայիսյան սպանդ նախաձեռնել եւ հետո իրենց տաքուկ անկյուններում թաքնվելով հաջորդ քայլերին սպասել… Կարեւոր չէ, որ իրենց տերերը՝ եվրակառույցները, հայտարարել են, թե «Մարտի 1-ի» գործը փակված է, կարելի է նորերը նախաձեռնել, տարին 12 ամիս ունի……
Վազգեն Սարգսյանի փառքի վրա քաղաքական ոլորտ մտած նրա եղբայրը՝ Արամ Սարգսյանը, նույնպես հետ չի մնում մերթ ընդ մերթ արտահայտվելուց եւ ահա բարձրաձայնում է, որ «Սերժ Սարգսյանը ղազագիր է ստորագրել տալիս իր կոալիցիոն գործընկերներին, որ իրեն ընտրեն»: Հետաքրքիր է՝ ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը ի՞նչ շահ ունեն Լ. Տեր-Պետրոսյանին ընտրելու համար… Իսկ գործող նախագահին ընտրելու համար գոնե առկա եւ նկատելի շահեր ունեն:
«Ռեժիմը ջարդելու նախադրյալները կան».- ասում են կոնգրեսականները եւ կոչ անում բոլորին զինվորագրվել համաժողովրդական այս շարժմանն ու ժողովրդավարության կայացմանը: Երկու տասնամյակ հնչող սին խոսքեր են սրանք: Իսկ զինվորագրվելու կոչի իմաստը, այդ քաղաքացիներին հավաքելու նպատակը ավելի պարզ նշել է «Հայկական Ժամանակ» թերթի խմբագիր Ն. Փաշինյանը. «Ձեր առաջ, Աստծո առաջ պատրաստ եմ ասելու՝ այդ քաղաքացին կանգնած է բարիկադների վրա, նրան հնարավոր չէ սասանել, հնարավոր չէ կանգնեցնել 2008-ի մարտի 1-ին սկսածը: Եկել է մի քանի շրջադարձային արձանագրումներ անելու ժամանակը: Մենք պետք է արձանագրենք, որ չի կարող ապագա ունենալ այն երկիրը, որտեղ հաստատված է ժողովրդի վրա կրակած իշխանություն, որովհետեւ ժողովրդի վրա կրակած իշխանությունը թշնամի իշխանություն է»:
Իսկ ի՞նչ է ժողովրդին նպատակադրված կրակի տակ տանող ընդդիմությունը, ովքե՞ր են նրանք (ո՞ր երկրի ընդդիմությունն են)…
Դեռ լավ է, որ մյուս ընդդիմադիրները գործում են ՀԱԿ-ից զատ եւ արյունածարավ հռետորաբանությունից հեռու են գործում:
Այնպես որ, ս.թ. մարտի 1-ի ՀԱԿ հանրահավաքում Տեր-Պետրոսյանի հնչեցրած հայտարարությունը, թե՝ «ՀՀ նախագահ Սարգսյանը խորտակվող նավ է ու այն ուժերը, որ կկանգնեն նախագահի կողքին, նրանք նույնպես խորտակվող են», արժանացել է իշխանական եւ անգամ այլ ընդդիմադիր ուժերի այն պատասխանին, թե՝ «Խորտակված իշխանության եւ այժմ խորտակվող ընդդիմության առաջնորդի աղեկտուր ձայնն է հնչում այլեւս»…
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 9 (230), 2011թ.
Կար
դացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



