Տարածաշրջանային լարվածությունը հավելվեց դեռեւս ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մահափորձերի մասին լուրերով: Եթե Անկարայում հայտարարեցին, որ «Էրդողանին թաղելու լուրերը դեռ շտապ են», ապա Մոսկվայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հատուկ ծառայությունները կանխել են ՌԴ վարչապետի եւ այժմ ՌԴ նախագահի վրա իրականացվելիք մահափորձը: Ահաբեկիչները Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանել են Թուրքիա, իսկ այնտեղից էլ անցել են Ուկրաինա: Մահափորձի կազմակերպման հրահանգները ստացել են Դոկա Ումարովից, որի մասին տեղեկությունները, ինչպես եւ հատուկ ծառայություններին օժանդակելը հանձն են առել Չեչնիայի իշխանությունները: Մինչ Պուտինի դեմ մահափորձը, ահաբեկչություններ պետք է իրականացվեին Ռուսաստանի մի շարք տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտների վրա, ինչը նաեւ ապակայունացնող միտում ուներ:
Հիշեցնենք, որ ՌԴ-ում ազգությամբ ադրբեջանցի կրոնական ծայրահեղականներ էին ձերբակալվել վերջերս:
ՌԴ Նիժնի Նովգորոդ շրջանի Լենինյան շրջանային դատարանը «Նուլջուլար» միջազգային կրոնական կազմակերպության տեղական մասնաճյուղի անդամների գործով մեղադրական վճիռ է կայացրել, 12 մարդ է ձերբակալվել: Նրանց թվում են եղել Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի քաղաքացիներ:
Այսպես Մոսկվայում կանխվեց, իսկ Անկարայում ձախողվեց ահաբեկչական գործողությունը, բայց լարվածությունը մնում է: Հատկապես Իրանի եւ Սիրայի շուրջ իրադարձությունները պայթյունավտսնգ են: Մոսկվան սիրիական հանրաքվեն, ի տարբերություն Վաշինգտոնի, որակել է ժողովրդավարացմանը միտված քայլ, եւ Պեկինի հետ միասին ՄԱԿ-ում ընդդիմանում է Սիրիայի եւ Իրանի հարցերում ռազմական միջամտությանը:
Արեւմուտքին եւ ՆԱՏՕ-ի ծրագրերին ընդդիմանում է նաեւ Բելառուսը: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի իշխանությունները կոշտ կերպով են արձագանքելու ԵՄ կողմից սահմանվող պատժամիջոցներին: «Ավելի լավ է լինել բռնակալ, ինչպես իրեն անվանում են Արեւմուտքում, քան արվամոլ», – ասել է նա:
Իսկ Մոսկվան քննադատել է նաեւ Թունիսում կայացած «Սիրիայի բարեկամներ» ոչ ֆորմալ համաժողովի անցկացումը՝ այն որակելով «միակողմանի քայլ»: ՌԴ ԱԳ նախարարը հայտնել է, թե Մոսկվան չի ընկալում համաժողովին ընդունված հռչակագրի իրավական կարգավիճակը, որի մասնակիցները Սիրիայի իշխանություն էին ճանաչել Արեւմուտքի կողմից հովանավորվող ընդդիմությանը……
Մերձավորարեւելյան հակամարտությունները նաեւ Պակիստան են հասել, որը լրջագույն էթնիկական խնդիրներ ունեցող արհեստականորեն ստեղծված պետություն է: Ժամանակին Հնդկաստանի դեմ պայքարի ընթացքում, Վաշինգտոնի օգնությամբ այս երկիրը դարձավ «ատոմային» եւ հիմա արմատական իսլամականները մեծ վտանգ են ներկայացնում հենց ԱՄՆ-ի համար: Վերջերս Պակիստանի Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի կողմից «Խոջալուի դեպքերի» առումով մի որոշում էլ ընդունվեց, որն անլուրջ է հատկապես այն համատեքստում, որ Պակիստանում բնակվող առնվազն երկու ժողովուրդ մեղադրում են այս երկրի կառավարությանը իրենց հանդեպ ցեղասպանության քաղաքականություն իրականացնելու մեջ: Խոսքը պակիստանյան բելուջների եւ փաշտունների մասին է: Ադրբեջանի իսլամական խաղերը այստեղ էլ են հասել, բայց դա եւս երկար չի տեւի, քանի որ անգամ ԱՄՆ-ն է անդրադարձել Պակիստանում բելուջների ցեղասպանության խնդրին:
Պակիստանի արտգործնախարար Հինա Ռաբբանի Կխարը ԱՄՆ-ին զգուշացրել է չմիջամտել իրենց ներքին գործերին. տեղեկացնում է BBC-ն: Հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ Կոնգրեսի բանաձեւ
ին, որում կոչ է արվում ինքնավարության իրավունք տալ բնական պաշարներով հարուստ Բելուջիստան նահանգին: BBC-ին տված հարցազրույցում Կխարը ամերիկյան բանաձեւը գնահատել է որպես անհեթեթ, անընդունելի, սակայն, ըստ նրա, այն չի ներկայացնում Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումը:
Սա եւս մեկ անգամ հավաստում է, որ Հայաստանը պետք է բոլոր ճակատներում զգոն լինի եւ արագ արձագանքի բոլոր հակահայ դրսեւորումներին: Ամենակարեւորը՝ պետք է պաշտոնական Երեւանն արձագանքի եւ՝ համակարգված ու հետեւողական:
Վերստին ուժգնանում է իրանական խնդիրը: Իրանը նաեւ ներքին խնդիրներ ունի եւ փորձում է դրանք արագ կարգավորել: Թեհրանը գաղտնի՝ «Աշուրա-90» կոդավորված լայնածավալ գործողություն է իրականացրել: Կերմանում, Խորմոզգանում, Հարավային Խորասանում, Սիստանում եւ Բելուջիստանում իրականացված գործողությունների արդյունքում իրավապահները ձերբակալել են ինչ-որ հանցագործության մեջ կասկածվող բազմաթիվ մարդկանց, բռնագրավվել է ավելի քան հարյուր միավոր զենք-զինամթերք եւ մոտ 10 տոննա թմրամիջոցներ:
Իսկ Իրանի միջուկային հարցը շարունակում է արտաքին խոչընդոտներ ստեղծել: Այս հարցը ռազմական ճանապարհով լուծելու Իսրայելի մտադրությունն առայժմ իրատեսական չէ: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 5 հոգանոց պատվիրակության եւ Իրանի իշխանությունների միջեւ միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների 2-րդ փուլն ավարտվեց, եւ ԱԷՄԳ գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ թեեւ իրենք հակված էին կառուցողական բանակցությունների, այնուամենայնիվ, իրանական կողմը թույլ չի տվել, որպեսզի իրենց տեսուչներն այցելեն Փարչինի ռազմական հաստատություն: Ի պատասխան Ամանոյի մտահոգություններին, Թեհրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ի տեսուչների այցի նպատակը ոչ թե հետաքննություն անցկացնելը, այլ Իրանի եւ ԱԷՄԳ-ի համագործակցության շուրջ բանակցություններ վարելն էր: Իրանը հարգում է միջազգային օրենքները եւ միշտ պատրաստ է համագործակցել է ԱԷՄԳ-ի հետ:
Իսրայելին Իրանի վրա ռազմական հարձակման մտադրությունից հրաժարվելու կոչով դիմել է նաեւ Մոսկվան:
ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածող ավիակիրները, ատոմային ավիակիր «Carl Vinson»-ի գլխավորությամբ, մտել են Պարսկական ծոց: Իրանի հարավային շջաններում մանեւրող նավերի խմբում ընդգրկված են հածանավեր ու ականակիր նավեր, որոնք բեռնված են ավելի քան 50 թեւավոր հռթիռներով, հեռահար (1,6 հզ. կմ) «Տոմագավկ»-երով:Տախտակամածային «Carl Vinson» ավիացիան պարբերաբար թռիչքներ է իրականացնում Իրանի հարավային սահմանների մոտ:
Իսրայելում շտապել են արձագանքել, որ պատրաստ չեն պատերազմի: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հիգի կարծիքով էլ՝ Իրանի վրա Իսրայելի ռազմական հարձակումն անմիտ քայլ կլինի, եւ ահա ամերիկացիները շտապել են Պարսից ծոց……
Իսկ վերջերս Իսրայելից գնված զենքը Բաքուն ինչպես շտապել է հայտարարել, չի գործադրի Իրանի դեմ եւ դա նախատեսված է Հայաստանի դեմ կիրառելու համար: Բայց Թեհրանում այլ կարծիքի են:
Արաբական երկրներում էլ, չնայած «ժողովրդավարական հեղափոխություններին», կրկին բարձրանում է հակաիսրայելական ալիք: Սիրիական իրադարձությունները նոր թափ են հաղորդել դրան: Վտանգավոր հարցեր են բարձրացվում նաեւ Լիբիայում, անցումային ազգային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը հայտարարել է, որ ԱԱԽ-ն պատրաստ է ուժ կիրառել երկրի միասնության պահպանման համար: «Մենք չենք պատրաստվում բաժանել Լիբիան»,- հայտարարել է ԱԱԽ-ի ղեկավարը եւ կոչ արել արեւելյան շրջանի բնակչությանը բանակցություններ սկսել: Այսպես կարող է կիսվել Լիբիան, ինչպես եղավ Սուդանի դեպքում: Սա մտահոգում է եւ Եգիպտոսի եւ այլ արաբական երկրների իշխանություններին: Մարոկոյի մի բնակիչի անգամ ազատազրկել են՝ իր տանը Իսրայելի դրոշը բարձրացնելու համար…
Եթե Ադրբեջանը փորձում է օգտվել իրանական խնդրից, ապա Թուրքիան փորձում է դա անել Սիրիայի առումով: Բաքուն հողային պահանջներ է ակնկալում Իրանից, Անկարան՝ Սիրիայից: Թուրքական «Taraf»-ը ներկայացրել
է «WikiLeaks»-ի հերթական գաղտնազերծումը, որը վերաբերում է «Stratfor»-ի մասնագետների միջեւ նամակագրությանը, որոնք էլ վերաբերում են Սիրիայի իրադարձություններում Թուրքիայի գաղտնի ծրագրերին: Մերձավոր Արեւելքի եւ Թուրքիայի մասնագետ Ռեւա Բհալան իր գործընկերներին ներկայացրել է Լիբանանում Իրանի ռազմական կցորդի եւ մի աղբյուրի միջեւ տեղի ունեցած խոսակցությունը, որտեղ նշվել է, թե Թուրքիան Սիրիայից 20 կմ հատված գրավելու համար պատրաստության է բերել 500 տանկ եւ Կիպրոսի թուրքական հատված ուղարկել 2000 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանում: Սրան ի պատասխան, «Stratfor»-ի ռազմական մասնագետ Կոլբի Մարտինը նշել է, թե 500 տանկը մեծ թիվ է եւ այդ քանակության տանկերին աջակցելու համար անհրաժեշտ են առնվազն 20 հազար հետեւակայիններ, իսկ 2000 հոգանոց ջոկատով հող գրավելն ու պահելը, առնվազն, ծիծաղելի է: Նա նշել է, թե Թուրքիան եթե իրականում սկսի հարձակումը Սիրիայի դեմ, այդ 2000 զինվորները սահմանին միայն կարող են փոքր հարձակումներ գործել՝ անկայունացնելով իրավիճակը:
Սիրիայում աշխուժացել են նաեւ քրդերը, որոնք հայտարարել են «Արեւմտյան Քրդստանի» հռչակման մասին: Սա եւս մտահոգել է Անկարային, որ նույնպես քրդական խնդիր ունի: Հռչակված «Արեւմտյան Քրդստանի» մայրաքաղաքը Աֆրինն է: Նշվում է, որ «Արեւմտյան Քրդստանի» սահմանները սկսվում են թուրք-սիրիական 870 կմ-անոց սահմանից 50 կմ խորության վրա:
Հիշեցնենք, որ 2012թ. Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում տեղի ունեցավ Սիրիայի քրդական ընդդիմադիր կուսակցությունների կոնֆերանս, որի բոլոր մասնակիցները ստորագրեցին մի փաստաթուղթ, ըստ որի՝ Ասադի ռեժիմի գահընկեցությունից հետո Սիրիայի հյուսիս-արեւելքում պետք է ստեղծվի Քրդական ինքնավարություն: Ի դեպ, Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչակազմի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ մարտի 21-ին (Նովրուզ) հայտարարելու է Իրաքյան Քրդստանի անկախության մասին:
Հիշեցնենք նաեւ, որ քրդերը Սիրիայի, Իրաքի եւ Իրանի տարածքներից բացի մտադրություն ունեն իրենց համար հայրենիք հիմնել այսօրվա Թուրքիայում, մեր Արեւմտյան Հայաստանի տարածքում:
Սա մեր բազմիցս արծարծած «Մեծ Մերձավոր Արեւելք» կամ «Նոր Մերձավոր Արեւելք» ծրագրերն են, որին Հայաստանը պետք է կա՛մ ընդդիմանա կա՛մ էլ դառնա մասնակից երկիր եւ պայքարի հայկական հողերի վերամիավորման համար… Առավել եւս, որ Արեւմուտքում հասունացել է նաեւ հայոց ցեղասպանության դատապարտման խնդիրը:
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 9 (230), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



