Ի դեպ, կառավարության նիստերին երբեւէ չեմ լսել, որ Ա. Գրիգորյանը կառավարության որեւէ թերի քայլից խոսի…
Աստղինե Քարամյան
* * *
Կրկնակի կենսաթոշակ ստացողները կրկնակի շահեցին
Իսկ ԲՀԿ-ն ասում է, թե բարձրաձայնու՞մ է թերությունները
Կառավարությունը երեկվա նիստում քննարկեց մի հարց, որ վերաբերում էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ներկայացրած տեղեկատվությանը՝ մեր երկրի օրենսդրության խախտմամբ մինչեւ 2012թ. հունվարի 1-ը անձին երկու կենսաթոշակ նշանակված լինելու դեպքերի վերաբերյալ: Կենսաթոշակ նշանակող մարմինների ղեկավարներին հանձնարարվեց, որպեսզի վերջիններս 2012թ. ապրիլի 1-ից զերծ մնան ավել վճարված կենսաթոշակի գումարները հետ գանձելուց: Իսկ արդարադատության նախարարին հանձնարարվեց, որպեսզի նա երկամսյա ժամկետում առաջարկ ներկայացնի խնդրի վերջնական լուծման նպատակով անհրաժեշտ օրենսդրական հիմքերն ապահովելու վերաբերյալ:
Եթե ոչ պաշտոնական լեզվով բացատրենք, ապա այսպիսի մի պատկեր է ստեղծվել. կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական համակարգ ներառված տվյալների ճշգրտման, համադրումների հետեւանքով հայտնաբերվել են դեպքեր, երբ անձը աշխատանքային կենսաթոշակ է ստացել սոցիալական ապահովության պետական ծառայությունից եւ նաեւ զինվորական կենսաթոշակ՝ պաշտպանության նախարարությունից, ոստիկանությունից, ազգային անվտանգության ծառայությունից կամ գլխավոր դատախազությունից՝ չունենալով երկու կենսաթոշակ ստանալու իրավունք: Համապատասխան մասնագետներից կազմված խումբն աշխատանքային կարգով ուսումնասիրել է այդ անձանց կենսաթոշակի գործերը եւ հաշվարկվել է ավել վճարված կենսաթոշակի գումարը՝ շուրջ 76 մլն դրամ:
Միաժամանակ, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով դադարեցվել է 68 անձի աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունքը, եւ քայլեր են ձեռնարկվել ավել վճարված կենսաթոշակի գումարներն օրենքով սահմանված կարգով հետ գանձելու համար՝ պահումներ կատարելով նրանց վճարվող զինվորական կենսաթոշակներից: Նախարարն ասաց նաեւ, թե իրենք քաղաքացիներից ստանում են բազմաթիվ գրավոր եւ բանավոր դիմումներ՝ հայտնելով, որ կենսաթոշակ նշանակելիս տեղեկացրել են այլ համակարգից կենսաթոշակ ստանալու մասին, կամ համարել են, որ նախկին օրենսդրությամբ նշանակված (վճարվող) գումարը ոչ թե կենսաթոշակ է, այլ որոշակի կարգավիճակ ունենալու համար տրվող նպատակային գումար: Նաեւ դեպքեր կան, երբ կենսաթոշակ նշանակելու դիմումում բացակայում է այլ համակարգից կենսաթոշակ չստանալու մասին անձի կատարած նշումը:
Հիմա հասկանու՞մ եք, ի՜նչ է կատարվում: Մարդիկ են եղել, ովքեր կրկնակի կենսաթոշակ են ստացել: Ստացողները չէ, նշանակողներն են մեղավոր: Եվ զուր են մեղքը բարդում տեղեկատվական միասնական համակարգ չլինելու վրա: Պարզապես պետք է «անփույթ» չաշխատեին: Հիմա էլ քանի որ նախընտրական շրջան է, տարիներ շարունակ ավել վճարած գումարների հետգանձում չեն անի, ասել է թե՝ պետբյուջեին տարիներ շարունակ տված վնասը չեն վերականգնի: Բայց Բ
ՀԿ-ական նախարարը դա կբացատրի այլ կերպ. «Խնդիրն այն է, որ երկրորդ կենսաթոշակի նշանակման վաղեմությունը (կենսաթոշակների հիմնական մասը նշանակվել է 1990-ականներին) հնարավորություն չի տալիս պարզել սխալի համար պատասխանատու անձանց, որովհետեւ օրենսդրությամբ սահմանված չեն եղել կենսաթոշակ նշանակող տարբեր մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման ընթացակարգեր, եւ բացակայել է բոլոր կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական բազան»:
Այսպես կբացատրի ու հետո էլ կասի, թե կառավարության թերությունների մասին իրենք բարձրաձայնում են (տե՛ս էջ 1): Սա՞ է բարձրաձայնելը: Պատկերացրեք՝ շա՜տ ուժեղ է հնչում: Այնքան, որ նաեւ վստահեցնում է, որ նախագիծն ընդունելու դեպքում պետբյուջեում ծախսերի եւ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Ընդհանրապես մեր երկրում մի պրակտիկա է ձեւավորվել: Դաշնակցականները քանի դեռ իշխանությունում էին ու դարձյալ նաեւ այս ոլորտն էին համակարգում, ամեն ինչ, ըստ իրենց ասածի, լավ էր (հիշու՞մ եք, թե ինչ արագ ազգի տվյալները վաճառեցին միջազգային կազմակերպություններին ու ինչ լավ բացատրություններ տրվեցին դրա համար): Հիմա բարգավաճականներն են: Իրենք սոցիալական ոլորտը ղեկավարում են, բայց ասում են, թե պետությունը սոցիալական լավ պայմաններ չի ստեղծում դրա համար: Անշուշտ, միայն բարգավաճականները չեն մեղավոր, բայց խոսելու տեղ կունենան, եթե, օրինակ, ասեն, թե հրաժարվում են նախարարական այս պաշտոնից, որովհետեւ պետությունը իրենց թույլ չի տալիս ոլորտը ճիշտ կառավարելու, որի շնորհիվ սոցիալական պայմանները փոքր-ինչ կբարելավվեն: Հիմա չեն ասի: Կխոսեն, երբ ընդդիմություն դառնան:
Ի դեպ, կանխավ հստակեցնեմ նաեւ, որ իշխանությունների գործելաոճով հիացած չեմ, բայց այնպես չէ, որ չեմ հասկանում, թե ընդդիմության պոչն ում տակն է ու որ քայլի հետեւում ինչ շուք է կանգնած: Մի բան է վատ՝ բոլորը բոլորի թերությունների մասին խոսում են, բայց գործ անող չկա:
Աստղինե Քարամյան
* * *
Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի, գործադիրի երեկվա մի որոշմամբ առաջարկվում է սոցիալապես անապահով խավերի համար գազի գինը կրկին փոխհատուցել: Ի դեպ, դեռ 2011թ. ապրիլի 1-ից 300 խմ գազի համար սահմանվել է արտոնյալ գին.- սոցիալապես անապահով ընտանիքներին 1 խմ գազը մատակարարվում է 100 դրամով: Տարբերությունը կվճարի պետությունը:
«Լուսանցք» թիվ 10 (231), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



