Իրանի շուրջ միջազգային աղմուկը հարցեր է առաջացրել նաեւ Թեհրանում, եւ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ներքաղաքական որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ տալու նպատակով հրավիրվել է Մեջլիս: Այստեղ նա նշել է, որ նախագահից պարզաբանումներ պահանջելը որեւէ արտառոց երեւույթ չէ, այլ այն ամրագրված է Սահմանադրությամբ: Մեջլիսի պատգամավոր Ալի Մոթահարին ասել է, թե նախագահից պարզաբանումներ պահանջելու իրական նպատակն այն է, որ Մեջլիսն ու կառավարությունն առկա խնդիրների վերաբերյալ ոչ թե զլմ-ների, այլ առերեսման միջոցով հայտնեն իրենց տեսակետները եւ, ի վերջո, ժողովուրդն էլ կլսի այդ տեսակետները:
Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին էլ, պատասխանելով ԼՂ-ի հակամարտությանն առնչվող հարցին, պատասխանել է, որ տարածաշրջանում անկայունություն եւ անհանգստություն չպետք է տիրի, եւ հույս է հայտնել, որ այդ հիմնախնդիրը շուտ կհանգուցալուծվի: Այսպես Բաքուն խոստանում է, թե Ադրբեջանի օդային եւ ցամաքային տարածքը երբեք, ոչ մի հանգամանքում չի գործածվի ընդդեմ Իրանի:
Սակայն տարածքային այն նկրտումները, որ տածում է Թուրքիան Սիրիայի եւ Իրաքի նկատմամբ, այդպիսի նկրտումներ էլ ունի Ադրբեջանը Իրանի եւ Հայաստանի նկատմամբ: Իսկ Իսրայելը պարզապես ու հենց այնպես չի զինում Ադրբեջանին, այս երկիրն էլ իր ծրագրերն ունի:
Ուստի, ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին Ադրբեջանի ՊՆ հետ առանձնակի է քննարկել այդ երկրի տարածքից Իրանի դեմ ուղղված հնարավոր սպառնալիքի հարցը: Ամեն դեպքում երկկողմ ծրագրերի առնչությամբ որեւէ հստակ հայտարարություններ չհնչեցին, կողմերը սահմանափակվեցին միայն արարողակարգային հայտարարություններով: Եվ պատահական չէ, որ այս ամենին հետեւեց ԻԻՀ ԱԳՆ բողոքի նոտան, որ հղվել է Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին: Պատճառն Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հայտարարությունն էր առ այն, թե երկրում ձերբակալված խմբավորումը (պետական դավաճանության մեղադրանքով) կապված է եղել Իրանի հետ: Թեհրանը հայտարարել է, որ Ադրբեջանն իր այդ գործունեությամբ հակասում է մոտ 15 օր առաջ Նախիջեւանում 2 երկրների ԱԳ նախարարների եւ Թեհրան ժամանած Ադրբեջանի ՊՆ հետ պայմանավորվածություններին: Իսկ ԻԻՀ Բանիմացների խորհրդում Արեւելյան Ատրպատականի (Արեւելյան Ազարբայջան) ներկայացուցիչը, քննադատելով Ադրբեջանի իշխանություններին, շեշտել է, որ նրանք Քադաֆիի եւ Մոբարաքի ճակատագրից պետք է դասեր քաղեն: Մտահոգիչ է նրանց վարած հակաիսլամական քաղաքականությունը, քանի որ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության անդամ Ադրբեջանը վերածվել է իսրայելցի գործակալների հավաքատեղիի…
Տարածաշրջանային մեկ այլ թնջուկ՝ ռուս-վրացական, եւս կարող է բորբոքվել ամեն պահի: Վլադիմիր Պուտինի՝ ՌԴ նախագահ վերընտրվելու կապակցությամբ ողջունել է համայն Վրաց Պատրիարքը եւ հիշեցրել Վրաստանի ամբողջականության մասին. «Մենք վստահ ենք, որ վաղ թե ուշ Վրաստանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի, սակայն լավ կլիներ, եթե դա տեղի ունենար Ձեր կառավարման օրոք»:
Սակայն Աբխազիան եւ Հարավային Օսիան Վրաստանին կրկին կցվելու ցանկություն չունեն, եւ կարծում ենք, դա Պուտինի նպատակների մեջ չի էլ մտնում: Ընդհակառակը, պարբերաբար արծարծվում են նաեւ Աջարիայի եւ Ջավախքի՝ Վրաստանից անկախանալու թեմաները:
Այս առումով Թբիլիսին դեռ խնդիրներ ունի Մոսկվայի հետ, ուստի փորձում է գոնե կարգավորել հարաբերությունները Երեւանի ուղղությամբ: Փորձում է մոռացության տալ նաեւ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եղբայրության մասին հնչեցրած նախկին կարգախոսները: Վրաց-թուրք-ադրբեջանական տնտեսական կապերը չանտեսելով՝ Թբիլիսին փորձում է Հայաստանի հետ էլ տնտեսական կապերն ամրապնդել, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքից է խոսում եւ ծրագրում ներառվելու հավանականության մասին հայտնում:
Հայոց ցեղասպանությանն առնչվող քննարկումները Ֆրանսիայում անդրադարձան նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: «Նիկոլա Սարկոզիի հայտարարությունները վտանգավոր են»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով դժգոհել է, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումից հետո, նախագահ Սարկոզին նպատակադրվել է մի նոր նախագիծ ներկայացնել Սենատ՝ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող: «Նրա սպառնալից հայտարարությունները շատ վտանգավոր են, իսկ այլատյացության նմանատիպ դրսեւորումներն՝ ուղղակի ամոթալի»,- ասել է Թուրքիայի վարչապետը՝ «մոռանալով» թուրքերի միջազգային ու հակամարդկային բոլոր անամոթությունները….
Հիշեցնենք, որ այս վարչապետն էր ահաբեկում, թե Հայոց ցեղասպանության արծարծումը կարող է Թուրքիայից հայերի արտաքսման պատճառ դառնալ, քանի որ տասնյակ հազարավոր հայեր են ապրում Թուրքիայում, նաեւ ապօրինի աշխատանքի անցած հազարավոր հայաստանցիներ կան, որոնց «Անկարան հանդուրժում է՝ որպես հարեւան երկրի քաղաքացիների, որ ապրուստի միջոցներ են հայթայթում»… Թուրքիայի կալանավայրերում ձերբակալված կամ դատապարտված շուրջ 2310 օտարերկրացի կա, որոնցից 11-ը Հայաստանի քաղաքացի է: Վերջերս խոսվում էր, թե Թուրքիայում նաեւ 11 հայ մարմնավաճառ է ձերբակալվել (ի ամոթ մեր երկրի)…
Խոսելով տասնյակ հազարավոր հայերի մասին՝ թուրք վարչապետն իհարկե նկատի է ունեցել ոչ թե «ազգային փոքրամասնություն» հայերին, այլ՝ «կրոնական փոքրամասնություն» հռչակված քրիստոնյա հայերի համայնքը… Թուրքիայում անգամ վախենում են հայերին ազգ կոչել… Որովհետեւ այս դեպքում պետք է խոսել ավելի քան 10 մլն.-անոց հայության մասին, ովքեր քրիստոնյաներ ու մահմեդականներ են, նաեւ ծպտյալ (թրքացած, թե քրդացած) հայեր են եւ այլք: Հայկական հարցը վստահաբար ամենամեծ սպառնալիքն է Թուրքիայի համար, եւ Անկարան դա շատ լավ է գիտակցում ու ամեն բան անում այդ հարցը միջազգային ասպարեզում շրջափակելու համար:
Սակայն, Սիրիայի շուրջ միջազգային աղմուկը առավել առաջնային է քննարկվում Թուրքիայում: Ռուսաստանյան նավերի մուտքը Սիրիայի սահմանային ջրեր անհանգստացրել էին նաեւ թուրքերին: Բացի այդ, վերջերս թուրքական ռազմական ինքնաթիռները փորձել են հետապնդել Սիրիա թռչող ռուսական ռմբակոծիչներին, երբ Սեւ ծովի շրջանում ՏՈՒ-22 ռմբակոծիչները մոտեցել են Թուրքիայի սահմանին՝ 40 կմ հեռավորության վրա: Այդ ընթացքում ռուսական ռմբակոծիչների կողմից սահմանային մոտեցում է գրանցել նաեւ Բուլղարիան: Թուրքական «Միլլիյեթ» եւ բուլղարական «Նովինիթե» պարբերականները գրել էին, որ օդ են բարձրացել ՆԱՏՕ-ի ենթակայության թուրքական 2 F-16 կործանիչներ ու փորձել հետապնդել ռուսական ռմբակոծիչներին, որոնք, ինչպեսեւ ուղեկցող կործանիչներն առանց որեւէ ուշադրություն դարձնելու թուրքական կործանիչների ներկայությանը, թռել են Աֆրիկայի ուղղությամբ: Բայց Անկարան պնդում է, որ ռուսական ռմբակոծիչները մեկնել են Սիրիայի ուղղությամբ՝ այդ երկրի օդային տարածքում զորավարժություններ իրականացնելու նպատակով:
Սա էր գուցե պատճառը, որ չնայած արաբական երկրների ու Արեւմուտքի պահանջներին, Դամասկոսը անձնատուր չեղավ արեւմտյան աջակցությանն արժանացած ընդդիմությանը:
Բայց հակազդեցությունը ուժգնանում է, չնայած սիրիական սահմանադրական եւ այլ բարեփոխումներին: Պարսից ծոցի երկրները արդեն փակում են իրենց դեսպանատները Դամասկոսում:
Սիրիայի խնդիրը տարածաշրջանային է: Մի կողմից Արեւմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, Թուրքիայի, Պարսից ծոցի արաբական միապետությունների եւ Իսրայելիմասնակցությամբ նպատակ է հետապնդում՝ հետամուտ լինել իշխանությունից Բաշար Ալ-Ասադի հեռացմանը եւ իրենց հաճո կարգերի հաստատմանը, ինչպես այլ արաբական երկրներում եղավ վերջին ամիսների ընթացքում: Մյուս կողմից՝ Ռուսաստանը, Իրանը եւ Չինաստանը ընդդիմանալով հակառակորդ ճամբարին, ձգտում են պահպանել Սիրիայի ներկայիս վարչակարգը եւ իրենց դիրքերն այս երկրում: Սիրիական ճգնաժամի հարցում Հայաստանի դիրքորոշումը համարվում է իրավաչափ եւ բխում է միջազգային իրավունքի նորմերից ու հիմնարար սկզբունքներից: Երեւանի ու սիրիահայ համայնքի միջեւ գործում է մշտական կապ եւ ընթանում են խորհրդատվություններ՝ համապատասխանեցնելու խնդրի վերաբերյալ ընդհանուր մոտեցումները. Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Սիրիայի վերաբերյալ 2 բանաձեւերի քվեարկությանն էլ ձեռնպահ է քվեարկել: Սիրիան եւս հավասարակշռված մոտեցում է դրսեւորել Հայաստանի նկատմամբ, եւ այս երկրի խնդիրները չեն կարող չհուզել հայերին:
Ինչ վերաբերում է Սիրիայի եւ Իրանի (նաեւ Թուրքիայի եւ Իրանի) քրդերի անկախական շարժումներին, ապա դրանք եւս վտանգավոր են հայության համար, քանզի առնչվում է «Քուրդիստան» կոչվող չգոյ երկրին, որի «տարածքները» ներառում են նաեւ Արեւմտյան Հայաստանը, ինչը հաստատ հակահայկական դրսեւորում է…
Հայաստանի տարածքների վրա փորձում են կառուցել «Մեծ Քուրդիստան» կամ «Մեծ Ադրբեջան», էլ չենք ասում «Մեծ Թուրքիայի» (Թուրանի) մասին, որ արդեն իսկ մասամբ գոյատեւում է հայկական հողերի վրա… Ուստի Երեւանը ոչ միայն պետք է արծարծի Արեւմտյան Հայաստանի ու Կիլիկյան Հայաստանի հարցը, այլեւ՝ Միացյալ Հայաստանի վերածնունդը պետք է ներառի «Մեծ Մերձավոր Արեւելք» եւ նմանատիպ այլ ծրագրերում: Եվ այլեւս պետք է գործել ու տարածաշրջանում վարել համահայկական քաղաքականություն, որպեսզի Սիրիայի ու Իրանի հայերը միանան Թուրքիայի արեւելյան տարածքներում, իսկ իրականում՝ Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկյան Հայաստանում ապրող իրենց ազգակիցներին:
Անգամ Լիբանանն է մտածում «Մեծ Լիբանան» ստեղծելու մասին, չնայած արաբական երկրներով է շրջապատված:
ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի 2006թ. գրած «Միջին Արեւելքի նոր քարտեզը՝ ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների» հոդվածում մեծ ծավալումների թեմա կա, ինչը պետք է վերարտադրել՝ ներառելով հայկական շահերը:
Այստեղ չենք կարող չհիշել Հայ Արիական միաբանության առաջարկած Համաարիական տարածաշրջանային դաշինքի ստեղծման գաղափարը, որը կարող է տարածաշրջանում համախմբել քրիստոնյա եւ մահմեդական հավատքի շատ երկրների, որպես տարածաշրջանի բնիկների ու արմատական-արիական ծագում ունեցողների: Ինչը կարող է ամրապնդել Հայաստանի ու հայության դիրքերը ոչ միայն տարածաշրջանում, քանզի Հայկական լեռնաշխարհը կարող է դառնալ Համաարիական Կենտրոն՝ համապատասխան ռազմա-քաղաքական նպատակներով…
ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է քաղաքակրթությունների համադաշնության մասին եւ Իտալիա-Հունաստան-Հայաստան -Իրան-Հնդկաստան-Չինաստան (Եվրոպա-Ասիա՝ Եվրասիական) եռանկյունիների միացումը համարել է համաշխարհային նոր քաղաքակրթության հիմնադիր ուժ: Եվ սա կարող է նախաձեռնել հենց Հայաստանը՝ գտնվելով Եվրոպա-Ասիա խաչմերուկում եւ այդ քաղաքակրթութւունների հատման կետում…
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 10 (231), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



