Այս ամենին գումարած՝ Բաքվում շարունակվում է մոտ 7000 հրեա ընտանիքների բնակության հաստատման քաղաքականությունը: Սա եւս սրել է առկա հակասություններն Իրանի հետ: «Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու նպատակով Ադրբեջանի հետ զարգացնում է իր բազմակողմ հարաբերությունները: Հրեաները Բաքվի կենտրոնական թաղամասերում վերջին շրջանում լայնածավալ բնակարանային շինարարություն են իրականացրել: Այդ ամենի նպատակն այն է, որպեսզի աշխարհի տարբեր վայրերից հազարավոր հրեա ընտանիքներ գան եւ բնակություն հաստատեն Բաքվում»,- ահազանգում են իրանական զլմ-ները:
Իսրայելը ոչ միայն Ադրբեջանում, արդեն նաեւ Վրաստանում նախապատրաստական աշխատանքներ է տանում՝ Իրանի վրա հնարավոր հարձակման համար: Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նաեւ հայտարարել է, որ իր երկիրը կմիանա Իրանի դեմ արշավին: Նա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային խոստացել է, որ տարածք կտրամադրի ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու դեպքում: Դրա փոխարեն Վրաստանն ակնկալում է, որ Միացյալ Նահանգներին «կստիպի» ռուսական ռազմական սպառնալիքի դեպքում իրենց պաշտպանելու պարտավորություն ստանձնել:
Եթե Իլհամ Ալիեւը շարունակում է հոր՝ Հեյդար Ալիեւի գործը, ապա Միխեիլ Սաակաշվիլից դժգոհ է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն, ով ասել է. «Չեմ բացառում, որ իշխանության մնալու համար Սաակաշվիլին միանա Իրանի դեմ ռազմական արշավին, ինչն իսկական աղետ կդառնա մեր երկրի համար»: Վրաստանի հետ միասին Ադրբեջանն էլ է միացել էմբարգոյին ընդդեմ Իրանի:
Հայաստանը ճիշտ քաղաքականության շնորհիվ կարողացավ խուսափել հակաիրանական կեցվածքից, քանզի հակառակ դեպքում մեր վիճակն ավելի կբարդանար: Իրանը ոչ միայն հարեւան ու բարեկամական երկիր է, այլեւ ճանապարհ է դեպի արտաքին աշխարհ: Վրաստանը երբեք հուսալի հարեւան չի եղել, բարեկամ լինելու մասին առավել եւս չենք խոսի…
Հակաիրանական արշավի դեմ բողոքի ցույցեր եղան անգամ ԱՄՆ-ում եւ Կանադայում: Ընդդեմ Իրանի դեմ պատերազմի եւ տնտեսական պատժամիջոցների՝ իրավապաշտպան եւ խաղաղասիրական շուրջ 60 կազմակերպություններ Նյու Յուրքում, ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչության եւ Իսրայելի հյուպատոսության շենքի առջեւ բողոքի ցույց են անցկացրել՝ վանկարկելով. «Ո՛չ պատերազմին», «Ո՛չ պատժամիջոցներին», «Ո՛չ ահաբեկչությանը» կարգախոսները: Ցուցարարները նաեւ բողոքել են. «Իրանի դեմ սահմանված խիստ պատժամիջոցները մեծ վնաս են հասցրել հասարակ քաղաքացիներին»:
Հայաստանում եւս պետք է ուշադրությամբ հետեւեն Իրանում եւ Սիրիայում ծավալվող իրադարձություններին, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը, անգամ Վրաստանը, ամեն բան անում են Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում իրենց ազդեցությունը մեծացնելու համար:
Հայկ Թորգոմյան
* * *
Իսրայելական խցանված խաչմերուկում
Թուրք-իսրայելական հարաբերությունները կարծես կարգավորվելու միտում չունեն: Երբ թվում է՝ մոտ է կարգավորումը, որեւէ միջադեպ կրկին խոչընդոտ է դառնում: Իսրայելի իշխանությունները վերջերս իրենց քաղաքացիներին անգամ կոչ են արել չմեկնել Թուրքիա: Ըստ «CnnTurk»-ի, Իսրայելի կառավարության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը, ահաբեկիչների հարձակման հավանականությունը բարձր գնահատելով, զգուշություն է քարոզում իր քաղաքացիներին: Մասնավորապես ասվում է. «Ահաբեկչական խմբավորումները ծրագրում են հարձակումներ իրականացնել հրեաների եւ իսրայելցիների վրա: Նրանք, ովքեր նախատեսել են մեկնել Թուրքիա, անհրաժեշտ է, որ զգույշ ու զգոն լինեն»: Նման կոչ Թել-Ավիվն արել էր նաեւ Թայլանդ չմեկնելու համար, որտեղ եւս ահաբեկչական վտանգ էր նկատել:
Թուրքիայի հրեաներին էլ բարկացրել է շամպուն արտադրող ընկերություններից մեկի գովազդը, որում մեջբերված են Ադոլֆ Հիտլերի խոսքերը. այս մասին գրել է «NEWSru Israel»-ը՝ հղում անելով թուրքական «Hurriyet»-ին: Գովազդում Հիտլերի ելույթներից մեկից մի հատված է, որտեղ նա ասում է. «Եթե դու չես կրում կնոջ հագուստ, ապա մի օգտագործիր կնոջ համար նախատեսված շամպուն: Վերցրու այս մեկը: Իսկական տղամարդիկ հենց այս շապունն են օգտագործում»: Հրեաների գլխավոր ռաբբի Իսակ Գալեւան հայտարարություն է տարածել, որով դատապարտել է գովազդի հեղինակներին եւ պահանջել Հիտլերի կերպարը չօգտագործել կոմերցիոն նպատակներով: Նա նաեւ պահանջել է հեռացնել գովազդը եթերից. «Հարիր չէ օգտագործել մի մարդու խոսքերը, որը հազարավոր մարդկանց է սպանել: Մենք հրապարակավ ներողություն ենք պահանջում»:
Ահաբեկչական պայքարի ելած Իսրայելին հակառակ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է սրբապատկերների մաքսանենգ արտահանման փորձ, որն իրականացրել է Իսրայելի քաղաքացի Դավիթ Հանոչը: ՀՀ պետական սահմանը հատելիս, երկաթգծի «Այրում» կայարանում կրկնակի զննության է ենթարկվել, որի արդյունքում նրա ուղեբեռում հայտնաբերվել են չհայտարարագրված 18 սրբապատկերներ:
Սրբապատկերների այս համապատկերին էլ Թել-Ավիվի փողոցներում կայացել է «մարմնավաճառների երթ»՝ ի պաշտպանություն կանադացի ֆեմինիստուհիների: Երիտասարդ կանայք անցել են փողոցներով. «Մի ասեք մեզ, թե ոնց հագնվենք, ասեք նրանց, որ չբռնաբարեն» գրառումներով: Այսօրինակ երթը պատասխանն էր Տորոնտոյի ոստիկանության սպա Մայքլ Սանգինետտիի հայտարարությանը՝ արված Յորքի համալսարանում կայացած անվտանգության հարցերով սեմինարի ընթացքում: Սպան ասել էր, թե ոչ ոք չի կպչի աղջիկներին, եթե նրանք մարմնավաճառների պես չհագնվեն: Չնայած ավելի ուշ նա ներողություն էր խնդրել: Թել-Ավիվի երթի մասնակիցներն ավելի համեստ են հագնված եղել եվրոպացի, ամերիկացի եւ ավստրալացի ֆեմինիստուհիներից: Շատերը երթին մասնակցել են ընկերների հետ:
Իսրայելում մարմնավաճառների իրավունքները պաշտպանում են, բայց պատրաստվում են խզել կապերը մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի հետ: Խորհուրդը որոշում էր կայացրել հետաքննություն սկսել Հորդանան գետի արեւմտյան հատվածում հրեական շինությունների օրինականության վերաբերյալ, ինչը Իսրայելում չեն ողջունել:
«Մենք այլեւս չենք աշխատում նրանց հետ»,- հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգալ Պալմորը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խորհրդի հետաքննող հատուկ խմբի մուտքն Իսրայել արգելվել էր:
Հորդանան գետի արեւմտյան հատվածում, ինչպես նաեւ Արեւելյան Երուսաղեմում հրեական նոր շինությունների կառուցման մասին իսրայելական որոշումը, ըստ միջազգային չափանիշների, ոտնահարում է պաղեստինցի արաբների իրավունքները, ինչը հրեաների համար պակաս կարեւոր է, քան Կանադայի մարմնավաճառների իրավունքների պաշտպանության հարցը:
Դե, թուրքերի եւ Ադոլֆ Հիտլերի «համագործակցության» իրավասության մասին էլ չենք խոսում…
Չենք խոսում նաեւ այն մասին, որ հենց Հիտլերն է նշել, որ ոչ ոք չի հիշում այսօր հայերի ցեղասպանությունը, ուստի վախենալու հարկ չկա հրեաներին ողջակիզելու առումով… Բայց հայոց ցեղասպանության մերժումը Իսրայելում եւս մարդու (էլ չասենք՝ ազգի) իրավունքների ոտնահարում չեն նկատում:…
Իսրայելական այսօրինակ խաչմերուկը շատ խցանված է եւ վտանգավոր:
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 11 (232), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



