Վերջերս Մոսկվայում, Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտում անցկացվել է միջազգային գիտագործնական կլոր սեղան՝ «Թուրքական գործոնը Մերձավոր Արեւելքում եւ հետխորհրդային տարածքում»: Միջոցառման նպատակն էր ՌԴ ազգային անվտանգության համատեքստում գիտագործնականորեն իմաստավորել արդի Թուրքիայի քաղաքականությունը Մեծ Կովկասի տարածաշրջանում եւ նախկին ԽՍՀՄ տարածքում:
Կլոր սեղանի աշխատանքին մասնակցել են 60-ից ավելի փորձագետներ եւ լրագրողներ, Արցախի կողմից հանդես է եկել ԼՂՀ ԱԳՆ խորհրդական, պատմագիտության թեկնածու Ռուբեն Զարգարյանը «Լեռնային Ղարաբաղն ու Ռուսաստանը ինտեգրման նախագծերում եւ Թուրքիայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության մեջ» զեկուցմամբ, որը պաշտպանել են մասնակիցներն ու վարողները: Ընդգծվել է, որ «ղարաբաղյան պետության բարեհաջող կազմավորումը մեկն է այն գործոններից, որոնք ձեւավորում են տարածաշրջանի կայունության եւ զարգացման համակարգը»: Անդրադարձ է եղել Թուրքիայի միջամտություններին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Բաքվի ապակառուցողական եւ ագրեսիվ քաղաքականությանը: Արցախի ներկայացուցիչն ընդգծել է, որ հարկ է ի վերջո ԼՂՀ անկախությունը ճանաչել որպես մի գործոն, որով պայմանավորված են ոչ միայն Կովկասյան տարածաշրջանի, այլեւ Արեւելամիջերկրածովյան նեոբյուզանդական քաղաքակրթության տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը:
Արցախի անկախության միջազգայնորեն ճանաչմանն ուղղված քայլերը շարունակվում են: «Հայաստանը խաղաղօվկիանոսյան Տուվալու պետության հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու նպատակով»,- գրել է թուրքական «Հուրիեթ»-ը: ՄԱԿ-ում Հայաստանի ու Տուվալուի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը եւ Ֆալեմա Պիտան երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն են ստորագրել:
Եվ Անկարայի կարծիքով, Երեւանը մի կողմից, ապրիլի 24-ի նախաշեմին քայլեր է ձեռնարկում մի շարք պետությունների քաղաքական օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ներառելու, մյուս կողմից՝ ԼՂ միջազգային ճանաչման ուղղությամբ: Ըստ թուրքական զլմ-ների, «Հայաստանի եւ Տուվալուի մերձեցման գործընթացին պետք է հետեւել, քանի որ անցյալ տարի Տուվալուն իբր Ռուսաստանի վճարած 3-4 միլիոնի դոլարի դիմաց ճանաչել է Վրաստանից անջատված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը»: Անկարայից աղմկում են, թե Արեւմուտքի հետ հարաբերությունները չփչացնելու համար Հայաստանը դեռ չի ճանաչում ԼՂ անկախությունը, բայց կարող է Մոսկվայի օրինակով դրամ առաջարկել խաղաղօվկիանոսյան պետությանը: Հակառակ դեպքում՝ ի՞նչ իմաստ ունի հարաբերություններ հաստատել մի երկրի հետ, որը գտնվում է Երեւանից 15 հազ կմ հեռավորության վրա.- հարց են տալիս թուրքերը՝ միաժամանակ շեշտելով այն փաստը, որ այդ օրերին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Վրաստան՝ «իր վրացի գործընկերներին իրադրությունը պարզաբանելու համար»: Կարծիք կա, որ Հայաստանի այս քայլը կատարվում է Ռուսաստանի գիտությամբ, որը «դժգոհ է Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգեր տեղադրելու եւ սիրիական հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշման կապակցությամբ»:
ՀՀ ԱԳ նախարարը Արցախի խնդիրն արծարծել է նաեւ Մինսկի գործընթացի 20-ամյակի առիթով, նշել է, որ ՄԽ համանախագահությունը՝ ի դեմս Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի, միջազգային հանրության կողմից համապատասխան մանդատ ունեցող ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող միջնորդական միակ կառույցն է: Եվ եթե մինչ օրս չի հաջողվել բեկում արձանագրել հիմնախնդրի կարգավորման գործընթացում, «ապա ոչ այն պատճառով, որ համանախագահների կողմից այդ ուղղությամբ պակաս ջանքեր են գործադրվել, այլ կողմերից մեկի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, որը հաջորդաբար մերժում է համանախագահների կողմից արվող առաջարկները, որը չի հրաժարվում հիմնահարցը ուժի կիրառմամբ լուծելու պատրանքից, չի ցանկանում ուղիղ բանակցել հակամարտության բուն կողմի՝ Լեռնային Ղարաբաղի հետ: Իսկ Հայաստանը, հավատարիմ մնալով ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը, բարձր է գնահատում ՄԽ համանախագահող երկրների կողմից գործադրվող շարունակական եւ հետեւողական ջանքերը եւ համոզված է, որ հենց այս ձեւաչափով իրականացվող միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը»:
Բաքուն սակայն դժգոհ է ԵԱՀԿ ՄԽ գործունեությունից եւ կարծում է, որ միջնորդները բավարար ակտիվ չեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Իսկ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերից հետո, Ադրբեջանն առաջարկում է Ֆրանսիայի ներկայացուցչին փոխարինել ԵՄ ներկայացուցիչով: Սա իհարկե նաեւ Թուրքիայի սրտով է: Բայց դա տեղի չի ունենա, քանզի բոլոր կողմերի ցանկությունն է պետք, որպեսզի փոխարինումը կայանա: Վերլուծաբանները անգամ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի կողմից նման փոփոխության առաջարկ չեն սպասում, էլ ուր մնաց ՀՀ-ից եւ ԼՂՀ-ից: Վերլուծաբանների կարծիքով գերտերությունները պարտադրանքներ չեն ընդունում, ինչը կարող է նաեւ իրենց դիրքերը թուլացնել: Իսկ ՀՀ եւ ԼՂՀ համար Ֆրանսիայի ներկայացուցչի հասկանալի կերպարը չի կարող հավասարազոր լինել Եվրամիության 27 երկրանի կերպարի հետ…
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը արդեն արձագանքել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափն իրեն չի սպառել եւ համանախագահների եռյակն աշխատում է շատ լավ:
Արցախյան խնդրին անդրադարձել է նաեւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ում գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական‘20-ամյակի նիստին: ԱՊՀ երկրների խորհրդարանների ջանքերը միավորելուն ուղղված ելույթում ԱԺ նախագահը խոսել է նաեւ ԼՂ հիմնախնդրի մասին՝ նշելով, թե «անարդարացի կլիներ հոբելյանական նիստում չնշել ԱՊՀ ՄԽՎ-ի խաղաղապահ առաքելությունը, չհիշել Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ Բիշկեկի արձանագրության ստորագրման հարցում Վեհաժողովի կարեւոր ներդրման մասին, որի շնորհիվ 1994թ. մայիսին հաջողվեց հրադադարի հասնել»:
Իսկ ԼՂՀ-ն շարունակում է գործել եւ զարգանալ որպես անկախ պետություն: Օրերս Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որում ի դեմս այլ հարցերի, ներկայացվել է Աբխազիայի Հանրապետության մարտի 12-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԼՂՀ-ից իր գլխավորությամբ մեկնած պատվիրակության իրականացրած միջազգային դիտորդական առաքելության արդյունքները:
ԼՂ հարցի հետ կապված ամեն մի հանդիպում, քննարկում կարծես կատաղեցնում է ադրբեջանցիներին եւ արցախա-ադրբեջանական սահմանային գոտիներում հետեւում են ադրբեջանցի դիպուկահարների ակտիվ գործողությունները: Սա եւս մեկ անգամ հավաստում է, թե Ադրբեջանը չի կարողանում համակերպվել այն փաստի հետ, որ Հայաստանի միջազգային վարկանիշն օր-օրի բարձրանում է, իսկ Արցախի ինքնորշման իրավունքի իրացումը՝ դառնում անխուսափելի:
Այս առումով միջազգային կառույցները Ադրբեջանից պահանջում են հեռացնել դիպուկահարներին: Միջազգային ճգնաժամային խումբը հադես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Շփման գծի երկայնքով ապրող քաղաքացիական բնակչության պաշտպանության նպատակով, Ադրբեջանին հարկ է համաձայնել՝ նախ շփման գծի երկայնքով անցկացնել ընդլայնված դիտարկում՝ ԵԱՀԿ կողմից, շփման գծից դուրս բերել դիպուկահարներին եւ երրորդ՝ ստեղծել երկկողմ մեխանիզմ, հրադադարի խախտման փաստերը հետազոտելու նպատակով: Շփման գծին մոտ գտնվող տարածքների անվտանգությունն ապահովելու նպատակով Ադրբեջանի կառավարությունը պետք է Ազգային գործակալության մասնակցությամբ ձեւավորի նաեւ միջգերատեսչական հանձնաժողով՝ շփման գծի հարակից տարածքներն ականազերծելու համար»:
«Եվրոպայում նաեւ հասկացել են, որ Ադրբեջանի նավթը չի կարող ավելի թանկ լինել, քան անկախության համար թափված հայերի արյունը»,- Լիտվա այցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի կունենա ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, որը կարեւորվել է հայկական պատվիրակության կողմից: Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ վերահաստատել է Լիտվայի պաշտոնական դիրքորոշումը՝ հիմնված հակամարտության կարգավորման շուրջ ամրագրված 3 հայտնի սկզբունքների վրա: Հայկական կողմն էլ կրկին ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի:
Իսկ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հիմա էլ փորձում է հայ-թուրքական արձանագրությունները վերհանելու փորձերը կանխել եւ Թուրքիայի պաշտպանի դերում հանդես գալ: Ֆրանսիայի Սենատի դիրքորոշումը, որն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, հանգիստ չի տալիս նաեւ Բաքվին, քանզի Անկարայի դիրքերի թուլացումը նաեւ ի վնաս Բաքվի է լինելու: «Ինչու՞ Ֆրանսիան չի տեսնում ադրբեջանական տարածքների 20%-ի օկուպացիան: Նա պետք է ուշադրություն դարձներ Ադրբեջանի դեմ ուղղված Հայաստանի ագրեսիային, որի հետեւանքով ավելի քան 1 մլն. մարդ փախստական է դարձել», – ասել է ադրբեջանցի նախարարը՝ մոռանալով, որ այդ երգը վաղուց ու մեկ անգամ չէ, որ երգված է ու այլեւս անօգուտ: Բայց այդ նախարարը գուցե դա հասկանալով է նաեւ անում, քանզի Բաքվում զգում են, որ Ֆրանսիան գնում է պատմական արդարությունը վերականգնելու ուղղով եւ դա կարող է նաեւ Արցախի պատմական պատկանելությանն անդրադառնա:
Անկարան էլ, ի դեմս վարչապետ Էրդողանի, փոխարեն Բաքվի վերոնշյալ աջակցության, շարունակում է պնդել, թե Ֆրանսիան պետք է դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբից: Այս մոտեցումը նաեւ Իլհամ Ալիեւը փորձեց արծարծել օրերս Հարավային Կորեայում կայացած միջուկային անվտանգության հարցերով հերթական միջազգային համաժողովում, ինչին ի պատասխան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հակադարձեց պատմա-քաղաքական ծանրակշիռ հարվածով:
Հայտնի է, որ թուրքերը բոլոր անհաջողությունները հայկական հարցի առումով կապում են Ռուսաստանի աջակցության հետ: բայց ահա, մի նոր բան են «հայտնաբերել» նրանք: Դա արտացոլվել է թուրքական զլմ-ներում. «Հայ-իրանական հարաբերություններից պարզ երեւում է, թե ով է ադրբեջանական տարածքների իրական զավթիչը,- գրել է թուրք հրապարակախոս Էրդալ Շիմշեքը,- Իրանը եւ Հայաստանը փոխօգնության եւ համագործակցության մասին պայամանգիր ունեն: Դա նշանակում է, որ մի երկրի վրա հարձակման դեպքում մյուսը պարտավոր է օգնել: Այսինքն՝ թուրք-հայկական հակամարտության դեպքում Իրանի իսլամական բանակը կպատերազմի Հայաստանի կողմից՝ իր դավանակիցների դեմ: Բացի այդ՝ Իրանը չի հարգում իր ադրբեջանցի քաղաքացիներին, որոնց թիվը միլիոնների է հասնում, եւ օգնում է թշնամի երկրին օկուպացնել նրանց պատմական հայրենիքի մի մասը: Որտե՞ղ է իրանական իշխանությունների տրամաբանությունը եւ ինչո՞ւ են նրանք այդպես վարվում, հայտնի է միայն իրենց: Բացի դրանից՝ Իրանն իր գաղափարախոսությունը տարածում է Ադրբեջանում, անում է ամեն ինչ՝ Թուրքիայի հեղինակությունը նվազեցնելու համար»:
Եվ սա շատերն են ի գիտություն ընդունում եւ ոչ միայն Թուրքիայում: Իսկ հոդվածագրի վերջաբանը ամենազավեշտականն է. «Եվ չզարամանք, եթե ես ասեմ, որ Իրանն է օկուպացնում Ղարաբաղը՝ հայերի ձեռքերով»:
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 11 (232), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



