Բանն այն է, որ այս էլ որերորդ անգամ, ուշ երեկոյան, ժամը 23:00-ից հետո, երբ աշխատանքից հոգնած հանգստանալ եմ ուզում (գիտեք՝ լրագրողի աշխատանքը անժամ ու պատարագ է), տանս դուռը ծեծում են ու թե՝ «իսկ կարո՞ղ ենք իմանալ, թե ում եք ընտրելու»: Ակամա հիշեցի Եհովայի «վկաներին», երբ դռները ծեծում էին ու թե՝ «իսկ կարո՞ղ եք ասել, թե երբ է գալու աշխարհի վերջը»:
Երբ 2 օր առաջ էլ հերթական ցուցակ ճշգրտողը արդեն 23:30-ին թակեց դուռս, որոշեցի չընդհատել նրան ու լսել:
– Կարելի՞ է ներս գալ,- ասում է:
– Իսկ դուք ո՞վ եք,- չեմ հրավիրում:
Չեմ հիշում՝ թե մեր շենքի որերորդ հարկի որերորդ բնակիչը ներկայացավ:
– Ես ձեզ չեմ ճանաչում, – անկեղծ էի, երեւի մարդը շենքում ընտրություններից ընտրություն է երեւում:
– Լավ, եկել ենք, որ իմանանք, թե ում եք ընտրելու:
– Ձե՞զ ինչ,- համբերում եմ,- գիշերվա այս ժամի՞ն:
– Դե, հիմա եմ ազատ,- չքմեղանում է:
– Բայց ես եմ զբաղված:
– Լավ, գրեք՝ ու՞մ եք ընտրում, գնամ:
– Ձեզ, համենայնդեպս, հաստատ չեմ ընտրելու,- ծիծաղս պահել եմ փորձում:
– Ինչի՞,- բութ հայացքին հիմա էլ զարմանք է հայտնվում: Անգամ չի էլ կռահում, որ ես դեռ չգիտեմ, թե ինքն ու՞մ կողմից է «ուղարկված»,- բա ու՞մ եք ընտրելու,- նույն ապուշ կտրած հայացքով էլ շարունակում է:
– Դուք ասեք, դուք ով եք, որ ձեզ չընտրեմ……
Եվ այսպես շարունակ եւս մի քանի րոպե՝ մինչեւ համբերությունս հատում է ու նրան գրողի ծոցն եմ ուղարկում:
Բայց վաղը կգա մեկ ուրիշը՝ ուրիշ ճշգրտողը՝ մինչեւ մի անուն «պոկելը»……
Իսկ աղանդավորականները վաղուց դռանս վրա «խաչ» արած (իբրեւ սատանայի գերու՝ ըստ իրենց բացատրության) ու ինձ հանգիստ թողած կլինեին…
Աստղինե Քարամյան
Մի դիմում էլ դուք գրեք
«Ուզում եմ հիշեցնել կառավարության բոլոր անդամներին՝ ովքեր մասնակցելու են առաջիկա ընտրություններին եւ քարոզարշավին, պետք է ապրիլի 1-ին արձակուրդների դիմումներ գրեն»:
Այս մասին երեկ Կոտայքի մարզում, կառավարության հերթական արտագնա նիստում, ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ միաժամանակ բացատրելով դրա նպատակը. «Դա արվում է այն բանի համար, որպեսզի պաշտոնատար անձինք իրենց պաշտոնական դիրքը չօգտագործեն քարոզարշավի ժամանակ: Նրանք, ովքեր կցանկանան արձակուրդ չգնալ եւ պաշտոնավարել, պետք է կուսակցությունների համամասնական ցուցակներից դուրս գան»:
Իր հերթին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հստակեցրեց, թե ցուցակներից դուրս գալու համար պետք է ամեն անձ դիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Ի դեպ, Տիգրան Սարգսյանն էլ մի հստակեցում արեց, ըստ որի՝ դա նախարարներին չի վերաբերվում, քանի որ նախարարների պաշտոնը քաղաքական է:
Կրկին հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 6-ին տեղի կունենա Ազգային ժողովի ընտրություններ: Պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 8-ից:
Սեփ. լրատվություն
Իշխանության հաղթանակընոր իշխանությու՞ն կստեղծի
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի կարճ ժամանակ մյուս 2 նախագահների հետ մասնակցեց նախա-ընտրապայքարին, անգամ մինչընտրական գործընթացները որակվեցին որպես ՀՀ 3 նախագահների պայքար, բայց հետո 2-րդ նախագահը լռեց:
Մեր աղբյուրների համաձայն, ինչի մասին արդեն տեղեկացրել ենք մեր թողարկումներում, ՀՀ 2-րդ նախագահը հեռու մնաց, որովհետեւ ՌԴ-ում նորից իշխանության գլուխ անցած Վլադիմիր Պուտինն իր գործընկերոջը խնդրել է զբաղվել բացառապես տնտեսական գործերով: Վերջերս Ռ. Քոչարյանի մամլո խոսնակը հավաստեց, որ նախկին նախագահը ամեն դեպքում դեռեւս կասի իր խոսքը:
Մենք կռահում ենք, որն այնքան էլ դժվար գործ չէ, որ ՀՀ 2-րդ նախագահը կսատարի գործող նախագահին: Ընդդիմադիր որեւէ ուժի սատարելու մասին խոսք լինել չի կարող, իսկ ԲՀԿ-ն, մեր տեղեկությունների համաձայն, որոշակի «ինքնագլուխ» խաղեր է տվել, ինչը Սերժ Սարգսյան – Ռոբերտ Քոչարյան զույգը «բացահայտել» է…
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փորձեց ներքին եւ արտաքին քաղաքական ոլորտներում ոտք գցել ՀՀԿ-ի հետ, բայց պարզվեց, որ դա այնքան էլ հեշտ չէ: Իհարկե, սովորական աչքի համար հակառակը գուցե թվա, քանզի ԲՀԿ-ն ՀՀԿ-ից մեծաթիվ համագումար կազմակերպեց, ինչպես ՀՀԿ-ին, այնպես էլ ԲՀԿ-ին այլ քաղաքական եւ հասարակական ուժեր միացան, ինչպես ՀՀԿ-ի համագումարին մասնակցեցին արտասահմանյան պատվելի հյուրեր, այնպես էլ՝ ԲՀԿ-ի… եւ այսպես շարունակ: Բայց, ներիշխանական կյանքին շատ թե քիչ մոտ կանգնածները հասկանում են, որ ԲՀԿ-ն այս խաղերով, նաեւ ընդդիմադիրների հետ մեկ ուրիշ խաղերով իրականում կրակի հետ է խաղում…
«Լուսանցք»-ը իր նախորդ թողարկումներում մի քանի անգամ շեշտել էր 2 իշխանություն – 2 ընդդիմություն առաջանալու հնարավորությունը նախընտրական փուլում, երբ տեղի էր ունենում ՀՀԿ-ՀԱԿ կամ ինչպես ասում էին՝ կոալիցիա-կոնգրես բանակցությունները: Եվ ԲՀԿ-ն գուցե հավատաց նման տեսակետի գոյությանը, ինչը մեր համոզմամբ բացառվում է: Որեւէ երկրում սա պարզապես քաոսի առիթ կդառնա, ինչը հաստատ գործող նախագահը թույլ չի տա:
ՀԱԿ-ը, իհարկե, փորձեց խաղարկել այս տարբերակը, բայց այն առայժմ մերժվեց, սակայն հայտնի չէ, թե ընտրություններից հետո ինչ ընթացք կստանա… ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը, ըստ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի, միմյանց նման են այն բանով, որ «երկուսն էլ ընկալվում են իրենց լիդերներով»: Սա, մեր կարծիքով, նաեւ վտանգավոր է, առանց Գագիկ Ծառուկյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ կառույցները դադարում են գործուն ուժ լինելուց:
Քաղտեխնոլոգի համոզմամբ, խնդիրներ կան նաեւ ՀՀԿ ցուցակի 15-րդ տեղից սկսած. «Չեմ կարծում, որ այս ցուցակին նայելով արդարանում են այն սպասումները, որոնք տալիս էր ՀՀԿ-ն վերջին տարիներին»: Մենք էլ ավելացնենք, որ ՀՀԿ-ի խոստացած թարմությունը եւ անակնկալները եւս անկատար մնացին, քանզի ընտրացուցակը, որ ներկայացրեց իշխող կուսակցությունը, որեւէ նորություն եւ թարմություն չէր պարունակում: Եթե ընտրացուցակի նորությունը քաղաքական թարմություն բերելուց զուրկ «Ազգային միաբանության», «Սահմանադրական իրավունք» եւ «Քրիստոնեա դեմոկրատական» միությունների ղեկավարներ Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը եւ Խոսրով Հարությունյանն էին կամ՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն ու երգչուհի Շուշան Պետրոսյանը, ապա խոստացած թարմությունը արդեն իսկ լճացած է……
ԱԺ ընդդիմադիր ուժերից «Ժառանգությունը»-ը դաշինք է կազմել ամերիկամետ «Ազատ դեմոկրատներ»-ի հետ եւ մնացել ընդդիմադիր դիրքերում, ինչը թերեւս կշարունակվի նաեւ խորհրդարանական նոր ուժ դառնալուց հետո: Միգուցե այս ուժերը հետո նաեւ միավորվեն մեկ կուսակցության մեջ: Իսկ մյուս խորհրդարանական ընդդիմադիրը՝ ՀՅԴ-ն, չնայած գրեթե բացառում է իշխանական կոալիցիային միանալու տարբերակը, բայց որոշ գործիչների միջոցով հասկացնել է տալիս, որ քաղաքականության մեջ չի կարելի ոչինչ բացառել… Սա նման է դաշնակցականների այսօրվա կերպարին:
Ինչեւէ, իշխանություն, ընդդիմություն ոլորտներում այլեւս բացառվում է որեւէ թարմություն ակնկալելը, իսկ գումարելիների տեղերի հնարավոր փոփոխությունից գումարը չի փոխվում, եւ սա պարզ ճշմարտություն է:
Արման Դավթյան
ԿԸՀ-ն անկա՞խ է գործելու
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այն մարմինն է, որը բոլոր համապետական ընտրությունների պատասխանատուն է եւ միայն այդ մարմնի վերջնական խոսքից հետո են քաղաքական ուժերը կա՛մ ողջունում միմյանց հաղթանակները, կա՛մ ընդվզում՝ պարտությունների դեպքում: Չի եղել որեւէ դեպք, երբ ԿԸՀ-ն հակառակվի իշխանություններին կամ էլ՝ գոնե մասամբ հակառակվի: Եվ այսօր էլ է նույն հարցը հնչում՝ ԿԸՀ-ն անհրաժեշտության դեպքում դեմ կգնա՞ իշխանությանը:
Ինչ կլինի այս անգամ, եթե իշխանությունը հանկարծ չգրանցի այն արդյունքը, ինչ ակնկալում է, արդյո՞ք ԿԸՀ-ն պատրաստ է այդ դեպքում հրապարակել իրակա՛ն արդյունքները: Նման մի հարց վերջերս տրվեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, եւ նա ի պատասխան ասել է. «Արդյունքները միշտ էլ հրապարկվել են այնպես, ինչպես որ եղել են: Մի՛շտ»:
Սա կա՛մ ցավալի իրականությունն է կա՛մ իրականության ցավալի պատկերը……
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոր կայք ունի՝ նոր ձեւավորմամբ: ՀՀ ԿԸՀ-ի նախագահը նշել է. «Կայքի միջոցով կարող եք ծանոթանալ ընտրական հանձնաժողովների տնօրինության տակ գտնվող ամբողջ տեղեկատվությանը, ընտրական օրենսդրությանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունված իրավական ակտերին, ընտրական գործընթացներին վերաբերող միջոցառումներինե: Կայքն ունի տարբերակ նաեւ թույլ տեսնողների համար»:
Ինչպես հայ հանրությունը, այնպես էլ Եվրամիությունը ուշիուշով հետեւելու է Հայաստանում մայիսի 6-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ընթացքին ու որակին: Եվրամիության պատվիրակները հույս ունեն, որ չի կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ 2008թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ: Հայաստանում Եվրամիության դեսպան Հրիստա Տրոյան հույս է հայտնել նաեւ, որ ՀՀ իշխանությունները կկատարեն խոստումը, որ տվել են սեփական ժողովրդին եւ կապահովեն երկրում ազատ ու թափանցիկ ընտրություններ:
Արեւմուտքն առհասարակ հետեւում է բոլոր ընտրություններին եւ բոլոր երկրներում: Ի վերջո շահեր ունի պաշտպանելու: ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը եւս արտահայտվել է. «Մենք ողջունում ենք իշխանությունների հայտարարություններն ազատ, արդարացի եւ արժանահավատ ընտրությունների վերաբերյալ: Նախընտրական գործընթացները Հայաստանում ընթանում են նորմալ հունով, որում իրենց դերն ունեն եւ իշխանությունները, եւ ընդդիմությունը: Այդ տեսակետից կարեւորում ենք հավասար պայմանների ու հնարավորությունների ստեղծումը»:
ՀՀ գլխավոր դատախազության եւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից էլ կազմակերպվել է ազատ եւ արդար ընտրությունների անցկացման վերաբերյալ համաժողով, որի ժամանակ բացման խոսքում էլ արտահայտվել է դեսպան Հեֆֆերնը: Դիվանագետի խոսքով՝ նախորդ ընտրությունների համեմատ, այս անգամ Հայաստանում նախընտրական շրջանում առկա է առաջընթաց: Ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը կօգնի Հայաստանին միջազգային ասպարեզում դիրքն ամրապնդելու գործում եւ Միացյալ Նահանգները, ինչպես վերջին 20 տարիներին, այնպես էլ առաջիկայում պատրաստ են աջակցել Հայաստանին ժողովրդավարության զարգացման եւ ամրապնդմանն ուղղված գործընթացներում:
ԱՊՀ եւ հատկապես Ռուսաստանից ժամանած դիտորդներն էլ իրենց հետաքրքրություններն ունեն եւ այն գրեթե միշտ համահունչ է լինում իշխանություննռերի դիրքորոշմանը:
Իսկ նախընտրական շրջանում ինչպես Արեւմուտքի, այնպես էլ ԱՊՀ դիտորդները ողջունում են իշխանությունների հայտարարություններն ազատ, արդարացի եւ արժանահավատ ընտրությունների կարեւորության վերաբերյալ ու հավատում են նրանց խոստումներին՝ ընտրախախտումները հետաքննելու եւ մեղավորներին պատժելու վերաբերյալ:
Միջազգային համաժողովների միջոցով իրազեկում են նաեւ հասարակությանը իրավապահ մարմինների պարտավորությունների մասին: Ըստ նոր ընտրական օրենսգրքի, այն եւս մի հարմար հարթակ է քաղաքացիական հասարակության եւ իրավապահ կառույցների ներկայացուցիչների համար:
Կարեն Բալյան
Ոմանք պայքարում են, ոմանք՝ միայն դիտում
Ընտրություններին ընդառաջ ոստիկանությունը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ: Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար ոստիկանությունը ընտրողներին է դիմել, որում մասնավորապես, ասվում է. «Ընտրողների ցուցակում Ձեր եւ այլ անձանց տվյալները ստուգելու համար կարող եք այցելել www.elections.am նաեւ www.police.am համացանցային կայքեր, ինչպես նաեւ տեղամասային կենտրոններ: Ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելիս, դրանք վերացնելու համար, մինչեւ մայիսի 1-ը կարող եք դիմում ներկայացնել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ Ձեր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով Ձեզ: Հարցեր առաջանալու դեպքում զանգահարել 010-53-88-63 հեռախոսահամարով»:
Այսպես բոլորը նախապատրաստվում են, յուրաքանչյուրն իր գործում չի ցանկանում թերանալ: Իհարկե ցանկալի կլիներ այսպես շարունակվեր մինչեւ ընտրությունների ավարտը:
Բայց նախընտրական քարոզարշավը հակառակն է փաստում: Արդեն իսկ միմյանց «միս են ուտում» ոչ միայն ընդդիմադիրներն ու իշխանավորները, այլեւ ընդդիմադիրները՝ հենց միմյանց եւ իշխանավորներն էլ՝ միմյանց: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կուսակցության նախագահի ինքնաբացարկից հետո հայտարարել է, թե «Րաֆֆի Հովհաննիսյանն ուներ ինքնաբացարկի չգնալու բոլոր հիմքերը: Այնուամենայնիվ, վեր կանգնելով դրանից ու վերջին օրերին ՀԱԿ-ի կողմից ուղղված ամենակեղտոտ ցեխարձակումներից ու նաեւ վեր կանգնելով նախկինում Նիկոլի (Փաշինյան-խմբ.) ամենաանքաղաքակիրթ բառապաշարից, վեր դասեց ընդդիմադիր ընտրազանգվածի, ժողովրդի շահերը ու իր այդ քայլով օրինակ ծառայեց ընդդիմության մեկ թեկնածու թողնելու համար»: Այս ամենից հետո, նշեց պատգամավորը, գնդակը ՀԱԿ-ի դաշտում է եւ նրանք է, որ պետք է ապացուցեն, թե որքանո՞վ են մտահոգ ընդդիմադիր ընտրազանգվածի շահերով: Բայց ՀԱԿ-ը, նաեւ Դաշնակցությունը մերժել են «Ժառանգության» առաջարկը՝ «նստել մի սեղանի շուրջ, ողջամիտ շրջահայաց եղանակով, համալիր մեթոդաբանությամբ առաջ գնալով քննարկել ու յուրաքանչյուր ընտրատարածքում թողնել միասնական մեկ ընդդիմադիր թեկնածու»:
Իսկ ահա «Ազատ դեմոկրատներ»-ը ՀՀԿ-ին է մրցակից համարում, իսկ ԲՀԿ-ի դիրքորոշումը նրանց համար անհասկանալի է: ԲՀԿ-ն լինելով իշխանություն եւ 5 տարի օգտվելով իշխանական բարիքներից՝ «հիմա փորձում է ամեն ինչ գցել իր վրայից եւ խաղալ դժգոհ ընտրազանգվածի հետ»: Ըստ դեմոկրատների, ԲՀԿ-ի համեմատ ՀՀԿ-ն ավելի բարոյական է խաղում, իսկ ՕԵԿ-ը ՀՀԿ-ի կցորդն է եւ դուստր ձեռնարկությունը:
Զարմանալի է, բայց որոշ հեռուստաալիքներ, գուցե որոշ թերթեր էլ միանան, որոշել են այս տարի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական գովազդ չհեռարձակել, այսինքն հեռու մնալ շահույթ ստանալուց. «12», «Երեւան», «Դար 21» (անգամ խոսում են «Ար»-ի մասին) հեռուստաընկերությունների մասին է խոսքը: Իսկ թե որն է իրական պատճառը, հետագայում ավելի պարզ լինի:
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 11 (232), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



