– Հայ Արիական միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների համախմբումը (ՀԱՀ), ըստ մեր տեղեկությունների, ծավալուն կազմակերպչական աշխատանքներ էին կատարում վերջին մի քանի ամիսներին, սակայն հայ արիները հերթական խորհրդարանական ընտրություններին այդպես էլ մասնակցելու հայտ չներկայացրին: Ինչու՞ չեղավ, երբ նախապատրաստվելուց զատ հայտարարել էինք դրա մասին:
– Իսկ ի՞նչը խանգարեց ազգայնականներին: Կամ այլ արգելակող պատճառնե՞ր եղան:
– Այլ արգելակող պատճառներ չեղան: Ընդհակառակը, թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմադիր հատվածի զգալի մասը այլեւս նախատրամադրված չեն հայ ազգայնականների հանդեպ, մասնավորապես՝ Հայ Արիական միաբանությանը հանգիստ են վերաբերվում: Ըստ ամենայնի, մեր պետական համակարգում արդեն կարծես թե հաշվի են առնում հայ ազգայնականության դերն ու նշանակությունը, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ազգային հարցերում: Եվ ինչպես նշված էր մեր հայտարարություններից մեկում, պատրաստ էինք մասնակցելու ԱԺ ընտրություններին: Խնդիրը պարզապես ներքին բնույթի էր: Մենք նաեւ սփյուռքահայ մեր համախոհների ջանքերով, ներդրումով կարողացանք հավաքել նախընտրական գրավի գումարը եւ առաջադրվելու համար անգամ նախնական ընտրացուցակ կար կազմված: Մասնակիցների մեջ կային նաեւ 2003թ. ԱԺ ընտրություններին Հայ Արիական բռունցք (ՀԱԲ) դաշինքով մասնակցածներ, պատգամավորության թեկնածուներ:
– Այս դեպքում իսկապես հետաքրքիր է, թե ի՞նչ ներքին խնդրի մասին է խոսքը:
– Հետեւելով մինչընտրական քաղաքական եւ այլ գործընթացներին, նաեւ հանձնաժողովների կազմավորմանը, քաղաքական ուժերի վայրիվերումներին՝ իշխանական եւ ընդդիմադիր որոշ ուժերի երկակի խաղերին եւ այլ «նախընտրական բարեմասնությունների» (մեզ տարբեր մարզերից եւս տեղեկացնում էին այս ամենի մասին), կրկին պարզ դարձավ, որ հանձնաժողովներում եւ բնակավայրերում (անգամ առանձին շենքերում) առանց լուրջ ազդեցության դժվար է լինելու: Իսկ դա ոչ միայն մարդկային, այլեւ հսկայական գումարային միջոցներ է ակնկալում, ինչը մենք չենք կարող ներդնել այսօր: Ոչ թե դժվար է լինելու մեր մարդկանց քվեարկության հրավիրելու եւ ձայն ստանալու առումով, այլ այդ ձայներին տեր կանգնելու խնդիրն է այսօր խոչընդոտ: 2003թ. մենք եւս հսկայական աշխատանք կատարեցինք եւ շատ ընտրաձայներ հավաքեցինք, բայց… Ես նշել եմ, որ նախկին ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար Ռազմիկ Վասիլյանը, ով գլխավորում էր մեր ընտրացուցակը, իր ընտրատարածքում 0 ձայն էր հավաքել, եւ հանձնաժողովը բացատրություն չուներ… Անգամ ամենավերջին հայհոյանքները սիրով կուլ տվեցին: Այսինքն՝ Ռազմիկը, իր ընտանիքի անդամները եւ մեծաթիվ ՀԱԲ-ականներն ու համակիրները, ըստ «ընտրական տրամաբանության»՝ ընտրությունների ընթացքում չեն հասկացել, թե ինչ են արել եւ ում օգտին են քվեարկել…
– Դուք էլ վերահսկելու գործընթացը կարեւոր եք համարում: Դա որոշիչ է՞:
– Վերահսկելը քիչ է, պետք է վերահսկելը վերահաստատմամբ՝ ճշմարտության հաստատմամբ ավարտել: Մենք որոշ ուժերի առաջարկել էինք գրավոր պայմանավորվել, անգամ խմբավորում ստեղծել (իհարկե՝ իրավապահների մասնակցությամբ), որ այն ընտրախախտին (նաեւ կաշառատուին եւ պատվերի պատասխանատուին), ով տեղում կբռնվի, անմիջապես տանել դատարան եւ օրենքի սահմաններում արագ եւ հրապարակվող դատավճիռ կայացնել: Եվ ամբողջ ընտրական ընթացքում նման դատավարությունների ու արդար եւ իրավական վճիռների առկայությունը հաստատ շատ բան կկարգավորեր: Շատերը օրենքի կիրառման վախից միայն կսթափվեին: Անշուշտ, նախապես չեմ կարող տրամադրել կամ տրամադրվել, թե ամեն բան վատ է լինելու: Թող լինի ճիշտ հակառակը: Բայց երբ վստահություն չի լինում, դժվար է որոշում կայացնելը:
– Եվ հայ արիներն ու ազգայնականները որոշեցին չմասնակցել:
– Գիտեք, եթե գումարը մեզ համար նշանակություն չունենար այնպես, ինչպես ոմանց պարագայում է, երբ հասկանում են, որ կարող են չընտրվել, բայց մասնակցում են, որպեսզի ինչ-ինչ խնդիրներ լուծեն, գուցե մասնակցեինք: Դե նրանց մասին, ովքեր եւ՛ գումարներ են ծախսում եւ՛ գիտեն, որ ընտրվելու են, էլ չեմ խոսում: Բայց մեզ համար այդքան գումարն անօգուտ ծախսելը աննպատակահարմար դիտվեց: Մենք ճանաչողության հասնելու խնդիր այս դեպքում չունենք, չնայած զլմ-ների եւ այլոց կողմից երկարաժամկետ շրջափակումներին, բայց եթե «ավելորդ» գումար լիներ, ապա գուցեեւ մասնակցեինք ԱԺ ընտրություններին՝ մեր մասին հիշողությունները անհրաժեշտաբար թարմացնելով: Սակայն Հայ ազգայնական ուժերի նախընտրական դաշինքը որոշեց այս անգամ զուտ մասնակցության համար չմասնակցել եւ հավաքված գումարը ՀԱՄ եւ ՀԱՀ գաղափարական նպատակների համար ծախսել:
– Իսկ հնարավո՞ր է, որ ՀԱՄ-ն ու ՀԱՀ-ը պաշտպանեն որեւէ քաղաքական ուժի կամ դաշինքի:
– Այդ հարցը դեռ քննարկվում է եւ գուցե համատեղ, գուցե Հայ Արիական միաբանության միջոցով համապատասխան կոչ արվի մեր անդամներին ու համակիրներին: Մեկ անգամ չէ, որ ասել եմ, թե Ազգային Ժողովը իրապես ազգային գործիչների, այլ ոչ թե երես-փոխանների ժողովարան պիտի լինի… Կամ գուցե բոլորովին այլ՝ չեզոք բնույթի կոչ կարվի: Դեռ ժամանակ կա: ՀԱՈւՆԴ-ը կարող է անգամ չլուծարվել, քանզի չի բացառվում, որ ՀՀ նախագահի հերթական ընտրությանը հայ արիականներն ու ազգայնականները եւս խոսք կունենան ասելու:
Հարցազրույցը՝ Նարե Մշեցյանի
* * *
Ընթացիկ բառարան
Երեսփ. ժողով. – Ազգ. շահերու եւ արժանապատվության գերեզմանատունը:
Երեսփոխան. – Կարգ մը հանրածանոթ ոճրագործներու պես, որոնք անվնաս քաղաքացիներ ջարդելուն համար հայրենասեր դարձան, այս մարդիկն ալ ազգասեր կը կոչվին՝ իրենց ազգը սպաննելուն համար:
Քվե. – Ծախու խիղճ ունիմ, ո՞վ ավելի կուտա:
Սկզբունքային հարցեր. – Ավելի ճիշտ է ըսել՝ սպունգային հարցեր, քանի որ փարա ծծելու սահմանված են:
Ժամանակակից բառագիտություն
Ժողովուրդը այսպես կպահանջե.-Իմ քեյֆս ասանկ կուզե:
Հաշիվ կպահանջենք.- Մենք ալ բաժին կուզենք:
Հանուն սկզբունքի.- Հանուն անձնականության:
Քիչ մը ժպիտ
– Ի՞նչ տարբերություն կա Ազգային Ժողովի թիկնաթոռներուն եւ անոնց վրա նստող երեսփոխաններուն միջեւ:
– Տարբերություն չկա. երկուքն ալ երես ըսված բանը չունին:
Երվանդ Օտյան
«Լուսանցք» թիվ 11 (232), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



