««Լուսանցք»-ը հայ իրականության միակ ընդգծվասծ ազգայնական ուղղվածության լրատվամիջոցն է, որն այս 5 տարիների ընթացքում համակարգված անդրադարձել է հայկական ազգային եւ ազգայնական գաղափարներին, ներքին եւ արտաքին քաղաքական ու հանրային խնդիրներին, ազգային եւ բարոյական արժեքային համակարգին, հայոց արիադավան-հեթանոսական հավատին, հայ մարդու տարաբնույթ մտածումներին:
Շաբաթաթերթին մաղթում ենք անդադար կյանք եւ գործունեություն, իսկ աշխատակազմին եւ հատկապես գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանին՝ առավել տոկունություն եւ կամք՝ մեր ազգային նպատակների հաջողությանը շարունակաբար նպաստելու համար»,- ասված է շնորհավորանքում:
* * *
Ազգասեր եք հե՞
5 տարի առաջ, մարտի 16-ին «Լուսանցք»-ի առաջին թողարկումը տպարան մտավ: Այսօր մարտի 30-ն է, ու մինչ այս մոռացել էինք, որ հնգամյա կյանք ունենք արդեն: Մեր աշխատանքի լավագույն վարձատրությունը երեկ ստացանք, երբ ընթերցողներից մեկը մեզ մեր հոբելյանի մասին հիշեցրեց՝ ընդ որում՝ նույնիսկ օրով շնորհավորելով: Սրանով համարում ենք, որ մեր ամեն րոպեի չարչարանքն իզուր չի անցնում: Դժվարությամբ ենք հասել այս օրվան: Նախ՝ հենց սկզբից մեր հակառակորդները լավ աշխատեցին: Իմ՝ թերթը հրատարակող ընկերության իրական ղեկավարիս եւ թերթի իրական խմբագրիս, նաեւ գումար ներդրողիս դյուրահավատության պատճառով առաջին օրվանից կրակն ընկա (միշտ այդպես է լինում՝ «լավագույնը» թիկունքից հարվածում են երբեմնի ընկերները)՝ մինչեւ հետո այդ «իրականը» փաստաթղթային դարձրի: Այդ հետո պիտի պարզեի, որ իմ կողմից նշանակված «ղեկավարին» դուր չէր գալիս թերթիս այն քաղաքականությունը, որ ես վարում էի՝ ազգայնականության քարոզը: Տարիներ անցան, ցայսօր ամեն օր պարզում եմ, որ շատերի՛ն դուր չի գալիս թերթի ուղղությունը:
Ամեն օր զարմանում եմ՝ այդ ուղղությունը դուր չի գալիս հենց նրանց՝ որոշների, ովքեր իրենց ազգայնական են համարում: Իսկ քանի որ համարում են, ուրեմն հայերենի կանոնները պահանջում են, որպեսզի բառը չակերտավոր գրեմ: Ու քանի որ «ազգայնականները» ազգայնականությունից շա՜տ են հեռու, լավագույն դեպքում՝ դատարկամիտ սնապարծ ազգայնամոլներ են ու կատարները (դրանք երբեք գլուխներ չեն) շիկացած ժամանակ խոսացողներ, կամ՝ ազգայնական գործի համար 1 դրամ անգամ չզոհաբերող գծուծներ, ուստի՝ աներկբա համոզվում եմ, որ «Լուսանցք»-ի ուղղությունը ճիշտ է ընտրված:
Որովհետեւ այս թերթը պարզապես հայրենասերների համար չէ: Իմ ճանաչած գրեթե բոլոր հայերն են հայրենասեր:
Այս թերթը իրակա՛ն ազգայնականների համար է: Թող որ նրանք իմ ճանաչածներից 1-2-ը լինեն:
Այս թերթը ճշմարի՛տ ազգայնականների համար է, ովքեր վստահաբար կան իմ երկրում, ուղղակի նրանց, կրկնում եմ՝ 1-2-ից բացի, ճանաչելու բախտը դեռ չեմ ունեցել:
Այս թերթը այն ազգայնականների համար է, ովքեր ազգայնական են, որովհետեւ է՛ն, ուղղակի այդպես՝ ազգայնորեն ապրում են: Ցավոք, վատ են ապրում, բայց չեն բարձրաձայնում, հանուն հայրենիքի կռվելուց հետո, իբրեւ փոխհատուցում, մեդալի կռիվ չեն տալիս:
Ազգայնորեն են ապրում՝ բնականորեն ամեն ազգայինի ակունքից սնվելով: Հոգեւորը ոչ միայն չեն անտեսում, այլեւ այդ հոգեւորը 301թ.-ից չեն բխեցնում: Շատ հանգիստ՝ բնականորեն՝ հավատը կրոնի հետ չեն խառնում, Հայ Աստվածներին այլ Ազգերի Աստվածների հետ չեն շփոթում, զուր տեղը չեն խոսու՛մ: Չե՛ն զազրախոսում:
Ի դեպ, որպեսզի «ազգայնականները» վրաս չհարձակվեն, միանգամից ասեմ, որ ես ինձ ազգայնական չեմ համարում (այդ բեռը հաստա՛տ ստանձնել չեմ կարող), պարզապես հայրենասեր եմ, բայց ով ավելի ազգայնական է, քան իրենց «ազգայնական» համարողները:
Էլի եմ ասել՝ գործընկերներս հաճախ են ինձ հիշեցնում, որ թերթի քաղաքականությունը շահութաբեր չէ: Նրանք ճիշտ են: Ասեմ ավելին՝ վնասակար է:
Բայց գիտե՜ք՝ ինչ եմ զգում, երբ ամեն թողարկումից հետո «շնորհակալություն» բառն եմ լսում՝ հին ու նորահայտ ընթերցողից, ժողովրդավարից, ով ազգայնական չէ, բայց հայրենասեր է, ազատականից, ով դարձյալ ազգայնական չէ, բայց հայրենասեր է, ամենակարեւորը՝ իմ ճանաչած այն մի քանի ազգայնականներից: Հենց այդ ժամանակ եմ հասկանում, որ, կարեւոր չէ, որ ազգայնական չեմ, բայց բնականի օրենքով անհրաժեշտություն եմ համարում արածս գործը:
Թող նույնիսկ անհամեստ թվա, բայց անկեղծ լինեմ: Պի՛նդ մնան ճանաչածս ու ճանաչվելիք ազգայնականները:
Ու պինդ մնամ ես: Որովհետեւ իմ գործը իմ հույսով է:
Թեեւ այսքան խոսելու փոխարեն «ազգայնականներին» կարող էի Օտյանի խոսքերով դիմել. «Ազգասեր եք հե՞,… ազգասեր եք երբոր աժան ազգասիրության վրա է խնդիրը, երբոր այդ ազգասիրությունը կը կայանա մտավոր անճիգ, անվնաս, անհետեւանք թույլ կամեցողության մը մեջ: Այո՛, ազգասեր եք, ըսելիք չի կա… միայն թե ասոր համար ամենաչնչին ճիգ մը, ողորմելի զոհողություն մը պետք չէ պահանջեն ձենե: Ազգասիրաբար պատրաստ եք վայելելու ուրիշներուն անձնվիրության արդյունքը… Ասկե զատ, ազգասեր եք, քանի նոր լրտեսություն, մատնություն չեք ըներ ու հեռվեն հեռու, ծածկաբար, հավանության գլխի շարժումներ կընեք մեզի: Ինծի համար, շիտակը մատնիչներեն ավելի վատ եք դուք… գոնե անոնք ինքզինքնին կը վտանգեն, որոշ, թշնամական դիրք մը կառնեն ու կեղծավորաբար չեզոքություն չեն պահեր…»:
Արմենուհի Մելքոնյան
«Լուսանցք» թիվ 11 (232), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



