«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահ Մայքլ Քամբեքը հայտնել է, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ խնդիրներ ունենալու շքեղություն: Մայիսի 6-ի ԱԺ ընտրություններն, ըստ նրա, իրական ազդեցություն կունենան Հայաստանի հանդեպ՝ եվրոպական վերաբերմունքի վրա: Ադրբեջանն ու Թուրքիան հակաարշավ են սկսել, եւ «անորակ գնահատված ընտրությունները» կգործածվեն այն հարցերում, որոնք էական են երկրի անվտանգության համար, ու ցանկացած խնդիր կլուծվի ոչ օգուտ ՀՀ-ի: «Թե ՀՀ իշխանությունը, եւ թե ընդդիմությունն այսօր շատ տնային աշխատանք ունեն անելու»,- եվրոպացիներին հատուկ ոճով սովորեցրել է (իմա՝ դասեր է տվել) Քամբեքը: Սակայն ամենամեծ պատասխանատվությունն ընկնում է իշխանության վրա:
Իսկ 2008-ի մարտի 1-ի դեպքերի մինչեւ վերջ չբացահայտումը Քամբեքը բացատրել է այն հանգամանքով, որ նախագահը եւ նրա վարչախումբը փոխվել են, իսկ դեպքերը «տեղի են ունեցել նախորդ, ոչ թե գործող նախագահի օրոք»: .
Սա, վստահ ենք, նաեւ նշանակում է՝ եթե հանկարծ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշի վերադառնալ ակտիվ քաղաքականություն կամ մասնակցել հաջորդ տարվա նախագահական ընտրություններին, ապա Եվրոպան ավելի կտրուկ կլինի իր պահանջներում եւ գնահատականներում:
Այսինքն՝ Եվրամիությունը կխոչընդոտի Քոչարյանի վերադարձը…
Արման Դավթյան
Հեֆերնը դեմ չէ, որ Հայաստանը մեր երկիրն է
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կարծում է, թե մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին ՀՀ-ում թերահավատորեն են վերաբերում. «Ոմանք արդեն կանխավ հայտարարել են, որ մայիսին կայանալիք ընտրությունները կեղծվելու են եւ այժմվանից արդեն կոչ են անում դուրս գալ բողոքի ցույցերի քվերակության հաջորդ օրն իսկ: Իսկ նրանք, ովքեր ցանկանում են կառուցել ժողովրդավարություն, չեն կարող սահմանափակվել հայտարարություններով, այլ պետք է ստեղծեն ինստիտուցիոնալ ցանցեր, դաշինքներ՝ իրենց ձայնը լսելի դարձնելու համար»,- նշել է դեսպանը:
Ամերիկացի դիվանագետը նաեւ ասել է. «Հայաստանը ձեր պետությունն է, մեր պետությունը չէ, ուստի մենք ոչինչ չենք կարող անել: Մենք ոչինչ էլ չենք կարող անել՝ կանխելու ընտրակեղծիքները:
Սակայն մենք կարող ենք տարբեր դաշտերում գտնել գործընկերների, աշխատել նրանց հետ, խրախուսել, որ նրանք պահանջեն պատկան մարմիններից, որպեսզի օրենքներն ի կատար ածվեն:
Առաջին քայլը պետք է լինի այն, որ ընտրողների կողմից լինեն բողոքներ, դիմումներ, հայտարարություններ: Միայն այդպիսի ճնշումների դեպքում ՀՀ
իշխանությունները կանեն այն, ինչը պետք է անեն,- ամերիկացիներին (նաեւ եվրոպացիներին) հատուկ ոճով սովորեցրել է ԱՄՆ դեսպանը՝ հավելելով,- մենք կարող ենք լինեն գործընկերներ, սակայն դուք պետք է ապահովեք ընտրությունների անկախ ու ազատ լինելը»:
Իսկ թե ՀՀ 3 նախագահների հետ պաշտոնական Վաշինգտոնը ի՞նչ համագործակցություն ունի, դեսպանը չի խոսել…
Իսկ գուցե 3-ին էլ դե՞մ են…
Կամ էլ գուցե սպասում է եվրոպական եւ ռուսաստանյան արձագանքների՞ն:
Անի Մարության
Ի՞նչ է ասել ռուսական արջը՝ ընկերոջ ականջին
ԲՀԿ մի նորեկը՝ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ով երբեք ընդդիմություն չի եղել, բայց շա՜տ ընդդիմադիր կեցվածքով հայտարարել է, թե իշխանական կոալիցիան ձեւական է եղել, ցայսօր կարողանում է «մարսել» այս արտահայտությունը: Իսկ մյուս նորեկը՝ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, հայտարարել է, որ ընտրացուցակները մի քանի հարյուր հազար մարդով ուռճացված են, ինչը կնպաստի ընտրակեղծիքների իրականացմանը: Այս միշտ ընդդիմադիր, բայց իշխանության հետ միշտ գործող (եթե այսպես լինում է իհարկե) նախկին պատգամավորը եւս լավ «մարսողություն» ունի: Գոնե առայժմ:
ՀՀԿ-ԲՀԿ տարաձայնությունները իրապես կարող են ավելի վատ ավարտ ունենալ, քան 2008թ. իշխանություն-ընդդիմություն բախումն էր: Պատճառն այն է, որ երկու ուժերն էլ տիրապետում են իշխանական բուրգի ինչ-որ հատվածի, եւ ունեն այս կամ այն գերտերության աջակցությունը:
Իհարկե, այս դեպքում խոսքը Սերժ Սարգսյան – Գագիկ Ծառուկյան հակամարտության մասին չէ, ինչը վստահ ենք, շատ արագ կավարտվի գործող նախագահի հաղթանակով, այլ՝ Սերժ Սարգսյան – Ռոբերտ Քոչարյան հակամարտության մասին է, որը կավարտվի Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությամբ, ինչն արագ կնվազեցնի ԱԺ ընտրությունների կարեւորման մակարդակը, քանի որ առաջ կգան արցախյան, նաեւ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական տարաբնույթ խնդիրներ:
Վերջերս Գյումրիում կրակոցներ են հնչել ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական մեծամասնական առաջադրված թեկնածուների մրցակցությամբ պայմանավորված: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հերքել է դա՝ ասելով՝ «հերյուրանքների չենք հավատում»: Բայց ոստիկանության Գյումրու բաժինը տեղեկացրել է, որ «ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով թիվ 34 ընտրատարածքում ԲՀԿ կողմից առաջադրված Մարտուն Գրիգորյանի եւ ՀՀԿ կողմից առաջադրված Արման Սահակյանի մերձավորները երեկոյան անհայտ նպատակով հավաքվել են Գյումրու «Մսի կոմբինատ» կոչվող թաղամասում: Հանդիպումը վերածվել է վիճաբանության ու ծեծկռտուքի, որն ուղեկցվել է կրակոցներով: Զոհեր ու վիրավորներ չկան»: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում 2012թ. մարտի 30-ին հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Այս համապատկերում կրկին թեժանում է ասպարեզ նետված հարցը. «ԲՀԿ-ի համար կոալիցիա չկա՞»… Եվ ԲՀԿ քաղխորհրդի երիտանդամ Վահան Բաբայանը լրագրողներին ասել է, թե իշխանական կոալցիա այլեւս չկա: Եվս մեկ ԲՀԿ քաղխորհրդի երիտանդամ Տիգրան Ուրիխանյանն էլ հայտարարել է, որ կոալիցիան «ժամանակավոր բնույթ կրող քաղաքական կազմակերպությունները միավորող մի ձեւակերպում է, որն ունի իր սկիզբն ու ավարտը: Կոալիցան չէր կարող լինել հավերժ, եւ ընդհանրապես ԲՀԿ-ն այլընտրանք է կոալիցիային եւ ուզում է իրականացնել բարեփոխումներ»… Ահա նորաթուխ ԲՀԿ-ականների քոչարյանական թեզի «մեխը»:
Իսկ ԲՀԿ երիտասարդների հանդիպումը լրագրողների հետ այլ նպատակ ուներ: Նրանք վիրավորված էին որոշ զլմ-ներից, որոնք, ըստ նրանց, ապատեղեկություն են տարածել, թե Տիգրան Ուրիխանյանն ու Վահան Բաբայանը, որոնք ԲՀԿ համամասնական ցուցակում են, ինքնաբացարկ են ներկայացրել: Այսինքն՝ իշխանության մեջ բարգավաճած կուսակցությունը, որն ի դեպ սկսել էր բարգավաճել դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի (Վանո Սիրադեղյանի կամոք) օրոք, ոչ միայն չի սաստում իր երիտասարդ քոչարյանականներին, այլեւ հնարավորություն է տալիս կրկնվելու… Իսկ գուցե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այլեւս ոչինչ չի՞ որոշում ԲՀԿ-ում:
Վահագն նանյան
Հ.Գ. – Եթե ԲՀԿ-ի համար կոալիցիան սկսել է պատրանք թվալ՝ ինչպես անապատում, ապա ՕԵԿ-ի համար հստակ է՝ կոալիցիան կա: «Չեմ լսել նման բան ու չեմ ուզում մեկնաբանել նրանց հայտարարությունը»,- ասաց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ նկատի ունենալով նորաթուխ ԲՀԿ-ականների՝ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալու» հայտարարությունները: Կոալիցիա չլինելու մասին ԲՀԿ քաղխորհրդի երիտանդամների հայտարարությանը արձագանքեց նաեւ կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Առաքել Առաքելյանը. «Մենք մեզ համարում ենք կոալիցիոն անդամ»՝ հավելելով, թե մնացածը ցույց կտա ժամանակը:
Ի՞նչ է ասել ամերիկյան արջը՝ ընկերոջ ականջին
Պակաս աշխույժ չէ նաեւ ընտրապայքարը ընդդիմադիր ոլորտում: Եթե իշխանության ներկայացուցիչները վիճում են կոալիցիայի լինել- չլինելու շուրջ, ապա ընդդիմադիրները վիճում են՝ թե ով է ամենաընդդիմադիրը լինելու:
ՀԱԿ-ի եւ «Ազատ դեմոկրատներ»-ի բանավեճը սաստկացավ, երբ ամերիկյան ծրագրով մեկ թիմ ներկայացավ ԱԺ ընտրություններին՝ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքը:
Բայց այստեղ եւս ընդվզումներ եղան, քանզի խորհրդարանական նոր դեմոկրատներին ավելի շատ նախապատվություն տրվեց, քան խորհրդարանական ժառանգականներին, որոնք բացահայտորեն բողոքեցին, անգամ կուսակցությունից հեռացողներ եղան:
Սա խլրտումներ առաջացրեց «Ազատ դեմոկրատներ»-ում, եւ ՀՀՇ նախկին ղեկավար եւ այժմ դեմոկրատների առաջնորդներից Արարատ Զուրաբյանը որոշեց չընդգրկվել միացյալ համամասնական ցուցակում: Թվում էր՝ մի նոր պառակտման առիթ կա, բայց նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը հայտնել է, որ Արարատ Զուրաբյանը դուրս չի գալիս կուսակցությունից, պարզապես խոսքի ազատությունն իրենց մոտ բացարձակ արժեք է, եւ իրենք ողջունում են տարբեր մոտեցումները:
Իսկ «Ժառանգություն»-ը ներքին լարվածությունը մի կողմ թողնելով, մեղադրում է ՀԱԿ-ին: Ռուբեն Հակոբյանը հայտնել է, որ մեծամասնական ընտրատարածքներում միասնական թեկնածու ունենալու գործընթացը ձախողվել է ՀԱԿ-ի ոչ կառուցողական դիրքորոշման հետեւանքով: Իրենք Կոնգրեսին առաջարկել էին, որպեսզի վերջինս Երեւանում պաշտպանի ժառանգական 5 թեկնածուի, որի դիմաց վերջինս պաշտպանելու է Կոնգրեսի 8 թեկնածուներին Երեւանում եւ եւս 12-ին՝ մարզերում: Նաեւ վստահեցրել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առանց նախապայմանների է հանել իր թեկնածությունը 7-րդ ընտրատարածքից, որտեղ ՀԱԿ-ը ներկայացուցիչ ունի:
Թեեւ կոնգրեսականները փորձում են միայնակ վերականգնել առաջնային ընդդիմադիրի դիրքերը, բայց Օպերայի հրապարակում վերջին հանրահավաքին, ըստ ոստիկանության, մասնակցել է մոտ 4.800 մարդ: ՀԱԿ-ը եւս անմասն չի մնում ընդդիմադիրներին քննադատելուց, եւ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ»-ի հավաստի աղբյուրներից պարզ է դառնում, որ մինչեւ վերջին պահը «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» միջեւ բանակցություններ են ընթացել ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցի շուրջ… անգամ դաշինքի անունն է քննարկվել: Տարբերակները երկուսն են եղել՝ «Նոր Հայաստան» կամ «Րաֆֆի+»: «Ազատ դեմոկրատներ»-ի ներկայացուցիչները միայն մամուլից են տեղեկացել, որ որոշվել է ընտրություններին մասնակցել «Ժառանգության» ցուցակով: Այսինքն, որոշումը կայացվել է բոլորովին այլ մակարդակում, եւ դրա մասին իմացել է ընդամենը մի քանի հոգի»:…
Թերթը նշում է, որ «Ժառանգության» ներկայացուցիչները վերջում են իմացել, որ «Ազատ դեմոկրատներ»-ը մտնելու են իրենց ցուցակ, բայց «Ազատ դեմոկրատներ»-ի վարչության անդամները եւ հիմնադիր ներկայացուցիչները տեղյակ չեն եղել: Միասնական ցուցակի հրապարակումից հետո վարչության անդամները բացատրություն են պահանջել կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանից, եւ եղել է մեծ վեճ: Վերջում կարծիք է հայտնվել, որ Արարատ Զուրաբյանը եւ Գառնիկ Գեւորգյանը, թերեւս, կլքեն կուսակցությունը, ըստ էության, նորաստեղծ այդ կազմակերպությունն արդեն լուրջ ճաքեր է տվել:
Բայց, ի վերջո, ինչ ընթացք կստանա կուսակցական շինարարությունը կամ շինաքանդությունը, կպարզվի հաստատ խորհրդարանական ընտրություններից հետո:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 12 (233), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



