Հետզհետե սաստկացող ադրբեջանա-իրանական հակասություններին մերթ ընդ մերթ ավելանում է թուրք-իրանականը, վերջերս էլ հրկիզվել է Անկարայում Իրանի դեսպանության շենքը. կան ձերբակալվածներ, ովքեր հիմնականում իրանցիներ են: Թուրքիայում նաեւ թուրք-քրդական սրացումներ են նկատվում, ինչը քաղաքական բնագավառից նորից տեղափոխվում է զինյալ հակամարտության ոլորտ:
Իրավիճակը տարածաշրջանում պատերազմական չէ, բայց պայթյունավտանգ է: Բացի ռազմա-քաղաքական խնդիրներից ապագա պատերազմների պառճառ կարող է դառնալ քաղցրահամ ջրի պակասը:
Երաշտը, քաղցրահամ ջրի պակասը ապագա տասնամյակում կարող է հանգեցնել համաշխարհային անկայունության եւ հակամարտությունների: Անգամ ամերիկյան հատուկ ծառայությունների զեկույցում է սա արձանագրված: Հատկապես ռիսկային գոտում են գտնվում զարգացող երկրները, որտեղ բնակչության պահանջմունքները մշտապես աճում են: Ջրի պակասից ամենաշատ տառապող տարածաշրջաններն են Մերձավոր Արեւելքը, Հարավային Ասիան ու Հյուսիսային Աֆրիկան: Այստեղ նաեւ բազմաբնույթ զինյալ բախումներն են ավելացել:
Կլիմայական փոփոխությունները ծանր հետեւանքներ կունենան գլոբալ աշխարհաքաղաքականության վրա, եւ դրանք կարող են մարդկությանը բերել նոր խնդիրներ, առաջացնել տարածաշրջանային պատերազմների մի նոր տեսակ՝ ռեսուրսների պատերազմ:
Հայաստանը եւս ունի քաղցրահամ ջրերի պաշար եւ տարածաշրջանում կարող է օգտագործել այդ «խաղաքարտը», ինչպես ներկայումս նավթի ու գազի «խաղաքարտերն» են շահարկվում կամ օգտագործվում…
Վահագն Նանյան
* * *
Կասպյան գազամուղի մրցավազքը կրկին նոր թափ է ստանում: Այս մասին տեղեկացնում է «Եվրասիանեթ» կազմակերպության պաշտոնական կայքը: Դեռ դեկտեմբերին, Ադրբեջանը եւ Թուրքիան հուշագիր են ստորագրել «TANAP» (Անդրանատոլիական գազատար) նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է գազ արտահանել դեպի եվրոպական երկրներ: Ծրագրի արժեքը 5 մլրդ. դոլար է: Այս նախագիծը կարծես մահացու հարված է հասցրել «Նաբուկո» գազատարի կառուցման նախաձեռնությանը, որն էլ հետաձգվում է հուսալի մատակարարների բացակայության պատճառով:
Ըստ «TANAP» նախագծի, Ադրբեջանը տարեկան 16 մլրդ. խմ գազ կտեղափոխի Թուրքիա, որից 6 մլրդ.-ն Թուրքիան սեփական կարիքների համար կօգտագործի, իսկ մնացածը կարտահանի եվրոպական շուկա: Գազատարի կառուցումը կավարտվի 2017թ.: Նախագիծը կարող է իրականացվել՝ կախված «Շահ-Դենիզ» կոնսորցիումի որոշումից: Հիմնական հարցն այս նախագծի վերաբերյալ հետեւյալն է. «Ի՞նչ է լինելու գազի հետ, երբ այն լքի թուրքական տարածքը»,- նշված է կայքում:
Գոհար Վանեսյան
Ադրբեջանից Հայաստան եւ… Իրանից էլ Թուրքիա ու Իսրայել
Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի թեման մերթ ընդ մերթ արծարծվում է Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում: Անսպասելիորեն այն արծարծվեց նաեւ Հայաստանում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Երեւանը կարող է իր համաձայնությունը տալ երկրի տարածքում ռուսական ՌԼԿ կառուցելու համար, եթե Մոսկվան եւ Բաքուն Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալության պայմանների վերաբերյալ համաձայնության չգան:
Ռուսաս
տանյան զլմ-ները արագ արձագանքել են ՀՀ վարչապետի հայտարարությոանը: Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեեւը նշել է, որ հայաստանյան առաջարկը ռուսական կողմին կարող է հետաքրքրել. «Ես կարծում եմ, հարցը կարելի է այնպես դնել, որ շատ բան կախված լինի ադրբեջանական կողմի դիրքորոշումից, ներկայիս դիրքորոշումն առայժմ հնարավորինս կառուցողական չէ եւ այդ պատճառով, երբ խոսում ենք վարձավճարի մասին, արժեքը պետք է համապատասխանի այն առաջադրանքներին, որոնք կատարում է կայանը»:
Եվ, օրինակ, եթե Գաբալայի ՌԼԿ-ի վարձավճարն այնքան է լինելու, որքան Ղրղզստանի «Մանաս» տրանսպորտային բազայինը, ապա փորձագետների կարծիքով, շատ բնական է, որ Մոսկվան ցանկություն չի ունենա օգտագործել այդպիսի օբյեկտը: Եթե ադրբեջանական կողմը Ռուսաստանին ներկայացնի չափից ավելի պահանջներ, Մոսկվան «Վոռոնեժ-ԴՄ» կայանը կտեղակայի Հայաստանում: Համոզմունք կա, որ տարածքային առումով իրատեսական է գտնել վայրեր, որտեղ հնարավոր է տեղակայել այդ կայանը եւ ուղղել այն դեպի այն տարածաշրջանը, որը հետաքրքրում է Ռուսաստանին իր անվտանգության ապահովման տեսանկյունից:
Երեւանում կարծում են, որ այդպիսի կայանի տեղադրումը Հայաստանում արդարացված է: Այն պարտադիր չէ, որ ուղղված լինի Իրանի կողմ, այն կարող է ուղղված լինել նաեւ այլ պետությունների կողմ, ինչպես ասենք՝ Թուրքիայի: Վլադիմիր Եվսեեւի կարծիքով, այդ գոտում կարող է հայտնվել նաեւ Իսրայելը, որն այժմ գտնվում է միջմայրցամաքային հեռահարության հրթիռների ստեղծման ճանապարհին: «Ես կարծում եմ, որ Ռուսաստանի համար ցանկալի կլիներ կայան տեղադրել, որը կաշխատի ոչ թե Իրանի ուղղությամբ, այլ դեպի հարավ-արեւմուտք՝ Թուրքիայի եւ Իսրայելի տարածքների դիտարկման դաշտում պահելու նպատակով»,- հայտարարել է փորձագետը:
Զլմ-ները նշել են, որ Գաբալայում տեղակայված ռադիոլոկացիոն կայանը ԽՍՀՄ ժամանակներից եղել է հակահրթիռային պաշտպանության համակարգ: Ադրբեջանի անկախության ձեռքբերումից ի վեր, Ռուսաստանը առաջարկել է օգտագործել այդ կայանը եւ վարձակալման վերաբերյալ պայմանագիրը կնքվել է 2002թ., իսկ ժամկետը լրանում է 2012թ դեկտեմբերի 24-ին: Բանակցություններն ավարտին կհասնեն այս տարվա հունիսին: ՌԴ ՊՆ եւ ԱԳՆ հայտարարության համաձայն, Ադրբեջանը պահանջում է բարձրացնել Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալության վճարը՝ տարեկան 7 մլն դոլարից հասցնելով 300 միլիոն դոլարի:
Իսկ ՌԼԿ-ի հիմնական խնդիրը բալիստիկական հրթիռային արձակումների հայտնաբերումն է: Այդ համակարգը թույլ է տալիս ոչ միայն հայտնաբերել հրթիռային արձակումներ, այլ նաեւ հետեւում է նրա թռիչքի հետագծին ու նախօրոք ներկայացնում տվյալներ այն կանխելու համար:
Արտակ Հայոցյան
Այդ ի՜նչ տեսակ կենդանի են… թյուրքերը
Թյուրքերը զարմացնում են ամբողջ աշխարհին, նրանք այդ ի՜նչ տեսակ են, որ կարողանում են խաբել անգամ կենդանիներ վարժեցնողներին:
Վերջերս Բաքվում այդ «պատվին» է արժանացել ֆրանսիացի կենդանիներ վարժեցնող Ֆրեդերիկ Ռոզելը, ով, ըստ էության, պատանդ է մնացել այդ երկրում:
Ըստ «Ֆիգարո»-ի, բանն այն է, որ Ռոզելը 2011թ. հոկտեմբերին մեկնել է Ադրբեջան իր 15 առյուծների, վագրի, 2 պոնիների հետ: Նա Բաքվի կրկեսի հետ պայմանագիր ուներ, որի համաձայն, Ռոզելին ադրբեջանական կողմը պետք է վճարեր 41 հզ. եվրո, բայց փոխարենը 30 հզ.-ով «գցել» է՝ թողնելով 11 հազարի հույսին:
Սրա հետեւանքով, նա ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնել. վիզայի ժամկետը լրացել է, այն երկարացնելու գումար չունի, ուստի չի կարողանում հայրենիք վերադառնալ: Ռոզելը դիմել է Բաքվում Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ ջանում են խնդրին լուծում տալ, բայց՝ ապարդյուն: «Բայց ես սպասել չեմ կարող, – բողոքել է Ռոզելը, – որովհետեւ միայն առյուծներին կերակրելու համար երկու օրը մեկ մոտավորապես 400 եվրո է անհրաժեշտ: Չհաշված, որ ես էլ կարող եմ սովից մեռնել»…
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 12 (233), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



