«Ալ Ղաիդա»-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենի մահից հետո դեռեւս զգուշացումներ չեն հնչում Արեւմուտքի հասցեին, սակայն լուրեր են պտտվում, թե «Ալ Ղաիդա»-ն հզորանում է Աֆրիկայում: Այս ահաբեկչական խմբավորումը նպատակադրվել է աշխուժացնել գործունեությունը: Փորձագետների կարծիքով, «Ալ Ղաիդա»-ն ուժեղացնում է իր ազդեցությունը աֆրիկյան իսլամիստական խմբավորումների վրա՝ այդպիսով փորձելով ստեղծել նոր՝ «գլոբալ Ջիհադի ճակատ», որը տեղակայված կլինի ամբողջ մայրցամաքով մեկ՝ արեւմուտքում Մալիից Նիգերով ու Նիգերիայով դեպի արեւելքում գտվող Սոմալի ու Քենիա: Այս մասին ահազանգում են Լոնդոնից:
Պաշտոնական Լոնդոնը նաեւ կոչ է արել իր քաղաքացիներին՝ անհապաղ հեռանալ Մալիից: Արեւմտյան Աֆրիկայում՝ Մալիում, իրավիճակը ժամ առ ժամ կարող է անկախատեսելի դառնալ: Մալիի եւ Լիբիայի սահմանագծին բնակվող տուարեգ ցեղախմբերը արդեն գրավել են Մալիի մի քանի հյուսիսային շրջաններ: Ապստամբների ձեռքն է ընկել մայրաքաղաք Բամակոյից 1000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գաո քաղաքը: Տուարեգ ապստամբները շարժվում են դեպի մայրաքաղաք՝ «Աստված մեծ է» կարգախոսներով եւ Ազավադ շրջանի դրոշներով: Օգտվելով Մալիում ստեղծված քաղաքական ճգնաժամից՝ տուարեգները պահանջում են Ազավադ շրջանի անկախությունը: Հիշեցնենք, որ վերջերս խոսվում էր նաեւ Լիբիայի մասնատման մասին, ինչպես դա եղավ մեկ այլ աֆրիկյան երկրում՝ Սուդանում, որտեղ հակադրվեցին իսլամականներն ու քրիստոնյաները:
Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն այլեւս կոչ է հղել Աֆրիկայում բնակվող իր բոլոր քաղաքացիներին զերծ մնալ Մալի այցելությունից, ինչպես նաեւ անհապաղ լքել այդ երկիրը: Իսկ պաշտոնանկ արված նախագահ Ամադու Թումանի Թուրեն փախել էր՝ ապաստան գտնելով Մալիում ԱՄՆ դեսպանատանը:
Սիրիայում քրդական անկախական շարժումը նաեւ քրդերի վրա է սեւեռել տարածաշրջանի երկրների ուշադրությունը: Աֆրիկյան դեպքերը կարող են նաեւ Արաբական թերակղզի տեղափոխվել:
Քրդերը փորձում են գերտերություններին համոզել ոչնչից Քրդստան պետություն հիմնելու համար: Եվ ոչ ավել ոչ պակաս՝ Հայաստանի (Արեւմտյան Հայաստան, ներկայիս Թուրքիա), Սիրիայի, Իրանի եւ Իրաքի տարածքների վրա:
Հիշեցնենք, որ Սիրիայի քրդերը արդեն անկախանալու հայտարարություններ են արել՝ օգտվելով սիրիական ճգնաժամից: Իսկ Իրաքի Քրդստանը դադարեցրել է նավթի արտահանումը՝ մի նոր ուշադրություն հրավիւրելով քրդական հարցի վրա: Իրաքի Քրդստանը դադարեցնելով նավթի արտահանումը՝ մեղադրել է Բաղդադի կե
նտրոնական կառավարությանը երկրի ինքնավար այս շրջանում աշխատող նավթային ընկերություններին վճարումներ չկատարելու մեջ:
Քրդստանի բնական պաշարների նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ վճարներն ուշացվում են արդեն մոտ 10 ամիս: Իրաքի կենտրոնական կառավարության պաշտոնյաների համաձայն, սակայն, ավելի քան 500 մլն դոլար կազմող վճարները հաստատվել են եւ սպասում են վերջնական ձեւակերպման:
Բաղդադի եւ 1991թ. իր կառավարությունն ու զինված ուժերն ունեցող Քրդստանի միջեւ տարաձայնությունների հիմքում ընկած է նավթահանքերի ու նավթի վաճառքից ստացվող եկամուտների վերահսկման խնդիրը:
Քրդստանի ղեկավարության եւ Բաղդադի միջեւ սրվել է նաեւ քաղաքական լարվածությունը: Շիաների կողմից գլխավորած Իրաքի կառավարությունն անցյալ տարվա դեկտեմբերին փորձել էր ձերբակալել երկրի փոխնախագահ Թարիք ալ-Հաշեմիին՝ կառավարության այլ անդամների սպանություններն իրականացնելու դավադրություն ծրագրելու մեղադրանքով: Հաշեմին, սակայն, հայտնել էր, թե իր դեմ ներկայացված մեղադրանքներն ունեն Իրաքի վարչապետի կողմից հրահրվող քաղաքական բնույթ, որը ԱՄՆ-ի ռազմական ստորաբաժանումների աջակցությունն է փորձում ստանալ:
Ինչեւէ, աֆրիկյան եւ տարածաշրջանային զարգացումները հաստատում են, որ աշխարհը նոր վերաբաժանումների շեմին է, եւ մենք պարտավոր ենք ունենալ սեփական՝ զուտ հայկական տեսակետներն ու ծրագրերը, որոնք կարելի է դարձնել համահունչ գերտերությունների ծրագրերին:
Սա պետք է նախաձեռնել, քանի դեռ թուրք-ադրբեջանական դաշինքը չի զարգացրել համաթուրանական ծրագրերը, Քրդստանի ստեղծման հարցը դեռ վերապահումների մեջ է, Իրանի եւ Սիրիայի վրա դեռ ռազմական հարձակումներ չկան, եւ Արեւմտյան Հայաստանի հարցը կարող է արծարծվել հայոց ցեղասպանության դատապարտման այս նոր ժամանակահատվածում:
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 12 (233), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



