«Panorama.am»-ն էլ դիտարկել է ընտրությունների վերահսկման միասնական շտաբի ստեղծման վերաբերյալ ԲՀԿ-ի, «Ժառանգության», ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի համատեղ հայտարարությունը՝ նշելով, որ հայտարարության տակ ԲՀԿ անունից ստորագրել է այս կուսակցության համամասնական ցուցակում 2-րդ տեղը զբաղեցնող, բայց միեւնույն ժամանակ որեւէ կարգավիճակ չունեցող Վարդան Օսկանյանը: Ժառանգական Հովհաննիսյանը այս առումով հայտնել է, որ շատ հարգում է ԲՀԿ-ական Օսկանյանին, բայց ինքը չէ, որ պետք է որոշի կուսակցությունում նրա կարգավիճակը: Միեւնույն ժամանակ, նա եւս մեկ անգամ հաստատել է իր այն տեսակետը, որ նախաձեռնությունը ուժ կունենա միայն այն դեպքում, եթե դրա տակ ստորագրեն կուսակցությունների 1-ին դեմքերը:
«Ժառանգության» նախընտրական գործընկեր «Ազատ դեմոկրատներ»-ն էլ հայտարարել էին, թե իրենց հակառակորդ են համարում միայն ՀՀԿ-ին, ասել է թե՝ ակնկալում են ընտրություններում ցույց տալ գոնե 2-րդ արդյունքը, ինչը օրերս հաստատեց նաեւ «Ժառանգություն»-ը: Հասկանալի է, որ նախընտրական ժամանակահատվածում կարելի է ասել ամեն ինչ, սակայն եթե հիշեցնենք, որ նախորդ ԱԺ ընտրություններում «Ժառանգություն»-ը ոչ մի բազա չունենալով մտավ խորհրդարան (ԱՄՆ պատվերով՝ ինչպես այժմ), ապա դա չի նշանակում թե կարելի է նորից թվեր կրակել… Հասկանալի է, որ ՀԱԿ-ը կորցրել է իր նախկին դիրքերը, բայց կորցրածը միայն «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքի սեփականությունը չի դարձել: Կան այլ ընդդիմադիր ուժեր եւս, թերեւս խորհրդարանական ՀՅԴ-ն, որ կարող է տանել «կորսված» ընտրազանգվածի ձայները:
ՀԱԿ-ը, ի դեմս Վահագն Խաչատրյանի, առաջիկա ընտրություններում հիմնական թիրախը եւս համարում է ՀՀԿ-ին, եւ սա էլ հասկանալի է: Այսպիսով՝ ընդդիմադիրները փորձում են խաղարկել 2-րդը լինելու հանգամանքը: ՀԱԿ-ը պարզունակ է անում դա, եւ «համերաշխություն» խաղալով ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի կամ «Ժառանգության» հետ՝ թիրախ է դարձրել ՀՀԿ-ին… Սակայն վերլուծաբաններից ոմանք համոզված են, որ ՀԱԿ-ի այս հայտարարության ճշմարտացիությանը չեն հավատում ո՛չ ընդդիմության եւ ո՛չ էլ իշխանական քաղաքական ճամբարում: «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանն անգամ մեղադրել է ՀԱԿ-ին՝ իշխանության հետ «կուլիսային» բանակցություններում լինելու համար:
Այսպես նախկին միասնական եւ ներկայումս պառակտված ընդդիմադիրները լրջորեն պայքարում են 1-ին ընդդիմադիրը լինելու համար: ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը մեկնաբանելով իր նախկին կուսակից Կարապետ Ռուբինյանի հայտարարությունը, ասել է «Ես ոչ մի բան չեմ մեկնաբանելու, ոչ մի բան: No comment»: Իսկ «Ժառանգության» համամասնական ցուցակում «Ազատ դեմոկրատներ»-ի կողմից ընդգրկված Կարապետ Ռուբինյանը հայտարարել էր, թե երբ Րաֆֆի Հովհաննիսյանն իմացել է, որ իր թեկնածությունն առաջադրել է այն ընտրատարածքում, որտեղ ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանն է, հանել է՝ դրսեւորելով բարի կամք: Այնուհետեւ առաջարկել էր որպես համարժեք պատասխան, մեր լավ բարեկամ Արամ Մանուկյանը, ով իր բազմահազար ընտրողներին թողել է Լոռվա մարզում եւ առաջադրվել Արաբկիրում, նույնպես բարի կամք դրսեւորի ու հանի իր թեկնածությունը՝ տեղը զիջելով Զարուհի Փոստանջյանին: Արամ Մանուկյանի եւ նախկին կուսակից Սուրեն Սիրունյանի միջեւ եւս տարաձայնություններ կան, ով ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետն էր, վերջերս էլ ՀԱԿ-ին մեղադրել էր «մարտիմեկյան» դեպքերի խառնակչությունների մեջ:
ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը զգալով, որ ՀԱԿ-ը տանուլ է տալիս նախընտրական գործընթացները եւ ընդդիմադիրի կեցվածքը առաջվա պես չի հետաքրքրում գերտերութուններին, որոնք այլ «թեկնածուներ» են գտել, սկսել է հանդիպել օտարերկրյա դեսպանների հետ: Նա հանդիպել է դիտորդական առաքելության ղեկավարի հետ եւ հատուկ կարեւորել ընտրողների ցուցակից բացակա ընտրողների տվյալների մաքրումը: ՀԱԿ գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության քաղաքական պատասխանատու Մոնիկա Իզիդորժիկիին եւ նույնպես անդրադարձել ընտրացուցակներում առկա մեծ թվով անճշտություններին՝ նշելով, որ ՀՀ իշխանությունները չեն ցուցաբերել քաղաքական կամք՝ հրապարակելու ՀՀ-ից բացակա շուրջ 700.000 ընտրողների անունները:
Այս ամենին գումարած, հայտնի է, որ «գողական» աշխարհը երբեք անմասն չի մնում նախընտրական գործընթացներից եւ ահա, Հայաստան է վերադարձել թաղային հեղինակություն համարվող Վարդան Ավագյանը՝ Քլոս մականվամբ, ով մոտ 20 տարի է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում: Նա Հայաստան է եկել ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին՝ իր մանկության ընկեր Տոնուսի Աշոտին ԱԺ ընտրությունների հարցում օգնելու համար: «Ժողովուրդ»-ը նշում է, որ նույն Քլոսը ժամանակին աշխատում էր ՀՀԿ-ի համար, քանի որ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) մտերիմն էր համարվում: Սա, իհարկե, նման եզակի դեպքը չի լինի….
Դե ինչ, ԱԺ ընտրությունները համահայկական բնույթ են ունենում միշտ, եւ բոլոր մակարդակներում էլ հետաքրքրությունները բորբոքվում են այդ ժամանակահատվածում: Իսկ թե հետագայում ինչի կհանգեցնեն այդ բորբոքումները՝ հիմա է մտածել պետք… Եվ մեր հավաստի աղբյուրների համաձայն, անվտանգության մարմինները վերջերս հնարավորինս զինաթափել են մարդկանց, որոնց մեջ նաեւ պետական ու կուսակցական գործիչներ կան…
Արտակ Հայոցյան
* * *
Բոլորը՝ բոլորի դե՞մ
ՀՅԴ-ն եւս մասնակցում է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպումներին ու դիտորդական առաքելության պատասխանատուներին եւ փորձում ինքնուրույն ընդդիմադիր գիծ տանել: Դաշնակցականները կարծում են, թե այլեւս մոռացության է մատնվել այն փաստը, որ իրենք ժամանակին քաղաքական կոալիցիայի անդամ էին եւ պատասխանատու նախարարներ ունեին, որոնց ղեկավարած ոլորտները հեռու չէին բացթողումներից եւ կաշառակերական ցանցեր ունենալուց: Հիմա, երբ ԲՀԿ-ն է փորձում ընդդիմադիր կեցվածք ընդունել, երբ դեռեւս քաղաքական կոալիցիայի անդամ է ու դեռ նախարարներ ունի պատասխանատու, ՀՅԴ-ում «սրտապնդվել» են երեւի, թե իրենց նախարարների «անպետքությունները» այժմ չեն հիշվի ԲՀԿ-ի «թարմության» պարագայում…
Ինչեւէ, ՀՅԴ Բյուրոյի հանրային կապերի գրասենյակը հայտնել է, որ ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են ՀՀ-ում մայիսին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին վերաբերվող խնդիրներ:
Իսկ «Ազատ դեմոկրատներ»-ը «Ժառանգության» հետ վայելում են ամերիկյան ուղղության աջակցությունը եւ ամեն քայլ գործադրում են ոչ միայն ՀԱԿ-ին ընդդիմադիր դաշտում թուլացնելու, այլեւ ԲՀԿ-ին՝ այդ դաշտում տեղ չտալու համար:
ԲՀԿ-ն, ըստ ԱԴԿ-ի, լինելով իշխանություն եւ 5 տարի օգտվելով իշխանական բարիքներից՝ հիմա փորձում է ամեն ինչ գցել իր վրայից եւ խաղալ դժգոհ ընտրազանգվածի հետ: Ինչպես նշել ենք, դեմոկրատները համարում են, որ ՀՀԿ-ն ավելի բարոյական է խաղում, քան ԲՀԿ-ն: Իսկ ՕԵԿ-ին շարունակում են համարել «ՀՀԿ-ի կցորդը եւ դուստր ձեռնարկությունը»:
Քոչարյանական գործիչ Վարդան Օսկանյանի անհավանական ընդդիմադիր արկածները այլեւս լուրջ չեն ընկալվում, եւ նախկին արտգործնախարարն, ըստ էության, կասկածի տակ է դնում ԲՀԿ լիդերների ու անդամների ողջամտությունն ու քաղաքական կամքը, քանի որ, վերջիններս համաձայնել են կոալիցիա ստեղծել՝ առանց «հասկանալու», որ այն ձեւական է, ու իրենք ոչ մի դերակատարում չեն ունենալու: Իսկ սա անլրջության է վերածում ԲՀԿ նոր խոստումները եւս:
Եթե համարենք, որ կոալիցիան ձեւական է եղել, ապա, ըստ նախկին իշխանավորի եւ ներկայիս էլ իշխանական կուսակցության անդամի ու անհավանական ընդդիմադիրի, ինչո՞ւ է ԲՀԿ-ն տարիներ շարունակ մաս կազմել դրան: Եվ այստեղ էլ մի ծիծաղաշարժ պատասխան կա. «Ես չեմ ուզի մեկնաբանել մի բան, որին մասնակցություն չեմ ունեցել»:
Նախընտրական քարոզչության այս շրջանում հնարավոր է Օսկանյանի հրապարակային հայտարարություններն օգտագործվեն հենց ԲՀԿ-ի դեմ:
Հիմա մեկ հարց էլ է ծագում՝ Ռոբերտ Քոչարյանը Վարդան Օսկանյանին ԲՀԿ ընտրացուցակ մտցնելով, Սերժ Սարգսյանի դեմ է գործու՞մ, թե՞ Գագիկ Ծառուկյանի… Թե՞…
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 13 (234), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



