Լրատվամիջոցների անդրադարձն, իհարկե, մասնակցության փաստին չի վերաբերում, ինչը պետական արարողակարգ է եւ հասկանալի: Պարզապես Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պատարագին հետեւողները նկատել են, որ Ռիտա Սարգսյանը արարողությանը մասնակցում է գլխաբաց, ինչը հակասում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու կանոններին:
զատկական պատարագից առաջ հատուկ խնդրել են նրան՝ եկեղեցի գալ գլուխը ծածկած:
Բայց առաջին տիկինը այդ հորդորը չի լսել եւ իրեն պահել է շատ պարզ՝ աշխարհիկ տիկնոջ պես:
Ի դեպ, պատարագին մասնակցել են նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ տիկնանց հետ: Պաշտոնյաների կանանցից միայն վարչապետի կինն է պատարագին մասնակցել գլուխը ծածկած:
Ռիտա Սարգսյանը ճի՛շտ է վարվել, նա աշխարհի՛կ կին է, եւ Սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից: Բայց բախտը բերել է, որ առաջի՛ն տիկինն է, այլապես հիմա եկեղեցու, այսպես ասած, «կղերական հատվածը» նրան մեղադրել էր հակաքրիստոնեության, «աստծո լույսն ուրանալու» ու չգիտեմ էլ ի՜նչ «մեղքերի» մեջ…
Իսկ հիմա չեն համարձակվի, ու իրենց կարծիքը թաքուն, պատերի տակ կհայտնեն:
Անի Մարության
* * *
ԱԺ ընտրությունները՝ ՀՀ նախագահ դառնալու կռվախնձոր
Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ մարզային եւ Երեւանի տարածքային նախընտրական շտաբերի ղեկավար կազմի ու կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուների հետ հանդիպմանը կրկին հավաստել է. «Մենք պատասխանատու ենք եւ՛ մեր գործունեության համար, եւ՛ մեր դաշնակիցների, նաեւ ընդդիմության գործունեության համար»: Սա վստահաբար գործընկերային հայտարարություն է, նաեւ իշխանության պատասխանատուի, որով ՀՀԿ-ն (գործող իշխանության մի մասը) չի փախչում այն քարկոծվող բացթողումներից, որն իշխանական կոալիցիայի շրջանակներում պետք է կիսեն նաեւ ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը:
Եթե ՕԵԿ-ը կիսում է կոալիցիոն պատասխանատվությունը, ապա ԲՀԿ-ն, նախ՝ քոչարյանական թեւի կարկառուն ներկայացուցիչ Վարդան Օսկանյանի միջոցով փորձեց փախուստ տալ եւ «տեղավորվել» ընդդիմադիր կաղապարում, ինչը լուրջ չընկալվեց ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր դաշտերում, եւ հետո՝ հենց Գագիկ Ծառուկյանի միջոցով:
Աբովյանի քաղաքապետարանին հարող հրապարակում հանրահավաքի ժամանակ ներկայացնելով կուսակցության խորհրդարանական թիմը՝ ԲՀԿ փաստացի ղեկավարը հայտարարել է. «Ծառուկյանը ոչ փողով է պաշտոնի նշանակում, ոչ ծանոթ-բարեկամով»: Միգուցե: Բայց ամենացնցողը ԲՀԿ նախագահի հաջորդ արտահայտությունն է. «Այսօր ինձ համար ծանր է, դժվար է: Բայց ես պատրաստ եմ կորցնել ամեն ինչ, բայց ժողովրդի, հանրության հավատը սրբությամբ պահպանել: Ես երբեք ու երբեք այդ հավատը չեմ կորցնելու… Մտնելով քաղաքական պայքարի մեջ՝ Ծառուկյանը ոչինչ չի ուզում: Ամեն ինչ ունի Աստծո կամոք: Ուզում եմ, որ ժողովուրդն արտագաղթի ճանապարհը մոռանա, մարդը աշխատանք ունենա, որ տղամարդը կարողանա իր ընտանիքը պահի, կնոջ դեմքից ժպիտը չպակասի, թոշակառուն արժանապատիվ ծերություն վայելի, փոքր ու միջին բիզնեսը կարողանա հզորանալ»…
Ստացվում է իշխանության մեջ 2-րդ ուժը համարվող կուսակցությունը չի կարողանում ոչինչ անել եւ պարզապես տարիներ շարունակ մսխե՞լ է պետության փողերը՝ նախարարական, պատգամավորական եւ այլ մասնաբաժիններով, փոխանակ կոալիցիայից շռնդալից դուրս գար: (Իսկ գուցե ԲՀԿ-ն այլմոլորակային, հենց նոր ժամանած մի կուսակցությու՞ն է՝ ամեն բանից անտեղյակ): Կամ էլ՝ Ծառուկյանը շարունակում է «ջուր լցնել Օսկանյանի սարքած ջրաղացին»՝ իբր կոալիցիան ձեւական է եղել, իսկ ՀՀԿ-ին աղմուկով լսեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է դառնա երկրի վարչապետ, եթե հաջորդ նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանը ցանկանում է կրկին լինել նախագահի թեկնածու… «Մեր խոսքը գործ է»,- ասել է ԲՀԿ ղեկավարը եւ հավաստիացրել, որ ինքը պատրաստ է խոսքը գործի վերածել:
Սա արդեն մարտահրավեր է, բացահայտ, որը նետվել է ՀՀԿ-ին՝ ԱԺ ընտրությունների հենց առաջին օրերից: Եվ եթե ԲՀԿ նախագահը պատրաստ է կորցնել ամեն ինչ, ինչպես ինքն է հայտարարել, ապա պետք է հիշեցնենք, որ երբ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը փորձում էր «թեթեւացնել» Գագիկ Ծառուկյանի կարողությունները… այնժամ միայն նախագահ Սերժ Սարգսյանի միջամտությամբ կարգավորվեց այդ խնդիրը: Սա մի թեմա է, որը կարող է վերստին ծավալվել եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք բարգավաճած գործարար-կուսակցապետը հազիվ թե կրկնի. «Ես պատրաստ եմ կորցնել ամեն ինչ…», եթե իրապես այդ պահը խիստ արդիական դառնա…
Իսկ ՀՀ նախագահը, առայժմ, կարծես հանգիստ է վերաբերում ԲՀԿ խաղերին, բայց բոլորին է հայտնի գործող նախագահի դանդաղ գործելաոճը, որից քչերն են գլուխ հանում…
ՀՀ եւ ՀՀԿ նախագահը կարեւորել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար եւ թափանցիկ անցկացումը՝ ընդգծելով, որ ի տարբերություն ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի, ՀՀԿ-ն, որպես իշխանական կուսակցություն, համամասնական ընտրակարգով եւ մեծամասնական կարգով առաջադրված իր թեկնածուների քարոզարշավի կազմակերպմանը զուգահեռ, պետք է կարողանա լավ ընտրություններ անցկացնել, ու դա նաեւ իր՝ երկրի նախագահի, նպատակն է:
Ըստ նախագահի, ՀՀԿ-ն ցանկանում է շատ քվե ստանալ, բայց պատասխանատու է նաեւ նրանց համար, ովքեր եւս ցանկություն ունեն շատ քվե տանելու. «Մենք գնացել ենք աննախադեպ քայլերի, որպեսզի վստահության մթնոլորտ լինի»: Հանրապետականները համադրելի են համարում եվրոպական արժեքները, բայց դրանց տուրք տալ չեն պատրաստվում. «Մերը երբեք չենք կորցնելու, եւ մեր ազգայինը հիմք է բոլոր հաջողությունների»:
Իհարկե, ազգայինն առաջնային պետք է լինի բոլորի համար, բայց ներքին կայունությունը եւս կարեւոր է, ուստի պետք է բոլոր ծագած խնդիրները լուծում ստանան մինչեւ ընտրությունների ավարտը…
Վահագն Նանյան
* * *
Մշակույթի՛ մարդու, ոչ թե թափթփուկի կարիք
Մշակույթի գործիչները դեռ կներգրավվեն ընտրությունների ընթացքի մեջ, իսկ ահա երգահան, երգիչ Դավիթ Ամալյանը արդեն հայտարարել է, թե ՕԵԿ-ին հավատալը խավարամտություն է համարում. «Քաղաքական գործընթացների հանդեպ ինձ մոտ անտարբերություն է: Ես ինձ այս պահին համարում եմ անտարբեր քաղաքացի, բայց միեւնույն ժամանակ՝ սրտացավ»,- ասել է երգահանը, ում կարծիքով, անտարբերությունը երկու ձեւի է լինում՝‘ջայլամի, որը ի վերջո վատ բանի է հանգեցնում եւ թռչունի անտարբերություն, որն ամեն ինչին վերեւից է նայում: Հենց այս տեսակին էլ ինքն իրեն դասում է: Նա չի պատրաստվում կտրվել ամեն ինչից եւ մտածել՝ Շուշան Պետրոսյանը պատգամավոր կդառնա՞, թե՞ ոչ. «Աստված իր հետ՝ թող դառնա: Նա իմ կոլեգան է, իր դեմ ոչ մի բան չունեմ, բայց ինքս չեմ ուզի, որ Շուշանը պատգամավոր դառնա: Բայց եթե նա մտածում է, որ ինչ-որ բան կփոխի, ապա ես էլ կփորձեմ ինչ-որ ձեւով իրեն աջակցել՝ ամեն դեպքում Շուշոն կրակն ա ընկնելու՝ ամեն օր զանգելու ենք ասենք, որ ԱԺ-ում այս կամ այն հարցը բարձրացնի»:
«Empiray» խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը նշել է, որ քաղաքականությամբ հետաքրքրվելն ավելի հաճելի է, քան զբաղվելը, եւ ինքը միշտ էլ հետաքրքրվում է քաղաքականությամբ, քանի որ «մեր ողջ օրը կախված է քաղաքական գործընթացներից»: Նրա ցանկությունն է, որ լինի ոչ թե կուսակցական մտավորականություն, որի կարծիքը համահունչ կլինի իշխանության կամ ընդդիմության հետ, այլ այդ ամենից վեր կանգնած մտավորականություն, որի կարծիքը 2 դաշտում էլ կհարգեն: Սակայն միտումն այն է, որ ամեն կերպ փորձում են այդ տեսակը ոչնչացնել, եւ բոլորը ծառայում են այս կամ այն ճամբարին: 2 ճամբարներում էլ՝ թե՛ իշխանությունում, թե՛ ընդդիմությունում կան նվիրյալ մարդիկ, ովքեր իսկապես սիրում են իրենց հայրենիքը եւ ուզում են լավ բան անել երկրի համար: Եվ կան տգետ թափթփուկներ, ովքեր ավելի շատ երեւում են տպավորություն ստեղծելու համար ու, առաջին հերթին, հենց քաղաքական ուժերը պետք է մտածեն ազատվելու այդ կեղտից, քանի որ դա ազդում է իրենց իսկ վարկանիշին: «Empiray» խմբի մենակատարից զատ այս կարծիքին են այլ արվեստագետներ եւս:
Մշակույթի մարդիկ համարում են, որ «այսօր փող բաժանող, արջի ծառայություն մատուցող ավտարիտետները հեղինակազրկում են այն քաղաքական ուժերին, որոնց համար աշխատում են»… Այնուամենայնիվ՝ նախընտրական համերգների պակաս չի զգացվի…
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 13 (234), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



