Այսքանից հետո Թուրքիան նույնիսկ չի էլ խաղում: Անկարան առանց սեթեւեթելու ասում է, որ դադարեցնում է իր աջակցությունը «Նաբուկո»-ին: Թուրքիայի էնեգետիկայի նախարարությունը դեռ այս տարեսկզբին փոքր-ինչ դիվանագիտորեն, իսկ վերջերս (հետաքրքիր է որ՝ Պուտինի վերընտրվելուց հետո) բացահայտ հայտարարել է, որ Անկարան այլեւս դադարեցնում է իր ամբողջական աջակցությունը «Նաբուկո» գազատարի ծրագրին եւ իր համար առաջնային ծրագիր է համարում «Trans Anadolu» (TANAP, «Անդրանատոլիական») գազատարի նախագիծը: Եվ այս մասին հայտարարում է նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Ում խոսքերով, «TANAP»-ը շատ ավելի էժան նախագիծ է ու շատ ավելի դյուրին է այն կյանքի կոչել, քան Nabucco-ն: TANAP-ը փոխադրելու է միայն Ադրբեջանից մատակարարվող գազը, մինչդեռ Nabucco-ն պետք է գտնի գազի այլ աղբյուրներ, որպեսզի առեւտրային առումով այն լինի կենսունակ:
Ու եվրոպական կողմից Թուրքիային ոչ ոք հարց չուղղեց, թե բա ինչու այս էլ համարյա 10 տարի վստահեցնում էիք, թե «Նաբուկո»-ն շա՜տ կենսունակ ու իրագործելի ծրագիր է: Մինչդեռ իրականությունն այն էր, որ «Նաբուկո»-ն քաղաքական ծրագիր էր ի սկզբանե, տնտեսապես ոչ ձեռնտու եւ միտված էր Հայաստանը մեկ անգամ եւս մեկուսացնելուն ու Թուրքիայի կողմից «Նաբուկո»-ի հաշվին տարանցիկ մեծ փողեր աշխատելուն: Իսկ քանի որ քաղաքական շահեկան ծրագիր էր Անկարայի համար, նա խաղացրեց բոլոր խաղաքարտերը Մոսկվայի հետ իր հարաբերությունները բարելավելու, տարածաշրջանում գերիշխող դիրք զբաղեցնելու, Եվրոպայի հետ ջերմանալու համար: Դարձյալ շարունակաբար՝ քանի որ այս երեքից ոչ մեկն էլ գոնե իր հաշվարկների համաձայն չեղավ, որոշեց դադարեցնել խաղը ու անցնել տնտեսական ծրագրի:
«Անդրանատոլիական» գազատարի կառուցումը կարժենա 5 մլրդ դոլար (նախնական ամենամոտավոր հաշվարկներով): Նախագիծը կյանքի կկոչվի առաջիկա 5 տարիներին£ Գազատարի կառուցման վերաբերյալ ստեղծվելիք կոնսորցիումի 20 տոկոսը բաժին է ընկնելու թուրքական BOTAS եւ TPAO ընկերություններին, իսկ 80 տոկոսը՝ ադրբեջանական SOCAR-ին:
Այսինքն՝ բուն թյուրքական ընկերություն եւ շահույթը՝ զուտ թյուրքական նպատակների համար:
Այս մասին, ի դեպ, խոսում է նաեւ «Եվրասիանեթ» կազմակերպության պաշտոնական կայքը: «Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Ադրբեջանը եւ Թուրքիան հուշագիր են ստորագրել «TANAP»-ի (Անդրանատոլիական գազատար) նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է գազ արտահանել դեպի եվրոպական երկրներ: Ծրագրի արժեքը 5 մլրդ դոլար է կազմում: Այս նախագիծը, կարծես թե, մահացու հարված է հասցրել «Նաբուկո» գազատարի կառուցման նախաձեռնությանը, որն էլ հետաձգվում է հուսալի մատակարարների բացակայության պատճառով: Ներկա պահին, «TANAP»-ի համաձայն, Ադրբեջանը տարեկան 16 մլրդ խորանարդ մետր գազ կտեղափոխի Թուրքիա, որից 6 մլրդ-ը Թուրքիան իր սեփական կարիքների համար կօգտագործի, իսկ մնացածը կարտահանի եվրոպական շուկա: Գազատարի կառուցումը կավարտվի 2017 թվականին»,- նշվում է կայքում տեղադրված հոդվածում:
Սակայն, այստեղ էլ մի մեծ հարց կա. Դեռ չեն նշվում «TANAP»-ի երթուղիները:
Կա նաեւ երկրորդ մեծ հարցը: «TANAP»-ը կիրականացվի, թե ոչ, կախված է «Շահ Դենիզ» կոնսորցիումից: Արդյո՞ք վերջինս կարող է այդքան գազ մատակարարել,
չէ՞ որ կոնսորցիումը վաղուց է, որ գազի արդյունահանման հետ կապված տեխնիակական խնդիրների առաջ է կանգնել, ու դրանք այն կարգի խնդիրներ են, որոնք արդյունահանումը դարձնում են ֆինանսապես ոչ ձեռնտու:
Ռուսական մամուլն ու փորձագետներն արձանագրում են, թե «Նաբուկո» ծրագրի վրա Եվրոպայում խաչ են քաշել: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յուրաքանչյուր ծրագրում նախ եւ առաջ հիմնականում պաշտպանում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության շահերը: Ծրագրերը շատ են եւ թե ո՞ր ծրագրին նախապատվություն կտրվի՝ դժվար կլինի ասել: Սակայն կարելի է ասել, որ մրցակցային պայքարում պարտվեց «Նաբուկո» միջազգային ծրագիրը: Ավելի ճշգրիտ լինելու համար, որքան հոռետեսական է դառնում «Նաբուկո» նախագծի հնարավորությունների իրականացումը, այնքան ավելի կոշտ ձեւով են հանդես գալիս եվրոպական մի քանի լրատվամիջոցներ՝ փորձելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»,- գրում է «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը եւ հարց հնչեցնում. «Ի՞նչ է իրականում տեղի ունեցել»:
Պատասխանը հետեւում է անմիջապես. «Նաբուկո» ծրագիրը իրականացնելու համար ո՛չ գազի աղբյուրներ կարողացան գտնել, ո՛չ էլ ֆինանսական միջոցներ: Եվրոպական բանկերը, որոնք պետք է ֆինանսավորեին անհրաժեշտ գումարի գրեթե կեսը, չշտապեցին այն անել՝ երաշխավորված ռեսուրսային բազայի բացակայության պատճառով: 2011թ. դեկտեմբերի 26-ին Թուրքիան եւ Ադրբեջանը հուշագիր ստորագրեցին «TANAP» նախագծի շրջանակում գազամուղի կառուցման կոնսորցիում ստեղծելու վերաբերյալ, որի արժեքը կազմում է 7 մլրդ եվրո (այստեղ էլ 7 մլրդ է 5 մլրդ-ի փոխարեն,-Ա.Ք.): Եվ պատահական չէ, որ TANAP-ի կառուցման նորությունը Եվրոպայում բերեց նրան, որ նրանք խաչ քաշեցին «Նաբուկո» ծրագրի վրա»:
Փոխարենը «Նաբուկո» կոնսորցիումի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Բուլղարիան, ով կոնսորցիումի մասնակից երկիր է, ծրագիրն այնքան է կարեւորել, որ վերանվանել է «Ազգային ծրագիր»: Մինչդեռ Բուլղարիայի կառավարության նիստում «Նաբուկո»-ի իրականացումը այդ երկրի համար պետական կարեւորության խնդիր է համարվել: Ընդամենը: Հետո՝ ճիշտ է, համարվել է, բայց դե խողովակաշարը լցնողը Բուլղարիան չէ®
Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 13 (234), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



