Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, իբր հայկական կողմից արձակված գնդակից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: «ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմի կանոնները»,- մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուի այդ հայտարարությունը՝ հայտնել է ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը: ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները նաեւ կորուստներ չեն գրանցել, ինչի մասին նույնպես սուտ տեղեկատվություն են տարածել ադրբեջանցիները: Հերթական անգամ Բաքուն փորձում է սուտ ու կեղծիք սփռելով միջազգային կարեկցանք հայցել:…
Այս խաղաղ կարգավորման գործընթացը նորից ձեռնտու չէ Բաքվին, եւ ադրբեջանցիները փորձում են խաղալ միջազգային հանրության զգացմունքների վրա, ինչը կարծես չի ստացվում, քանզի Բաքուն, նաեւ Անկարան անվստահություն են ներշնչում այլեւս:
Ադրբեջանական քարոզչամեքենան հաճախ է խմբագրում ներկայիս նախագահի հոր (ադրբեջանցիների հայր) Հեյդար Ալիեւի անհարմար կամ հակասական հայտարարությունները, որոնք հիմնականում վերաբերում են երկրի նորագույն պատմության սրբագրման գործընթացին: Ըստ որոշ զլմ-ների՝ «սրբագրման ալիքի տակ են ընկել ոչ ավել, ոչ պակաս՝ Հեյդար Բաբայի՝ Հեյդար Ալիեւի մտքերը: Համացանցում ակտիվորեն մաքրազերծվում են խորհրդային ժամանակաշրջանում իրականացվող Լեռնային Ղարաբաղում ժողովրդագրական պատկերի՝ հոգուտ ադրբեջանցիների փոփոխելուն ուղղված ուղղորդված քաղաքականության վերաբերյալ Հեյդար Ալիեւի արած հայտարարությունները»:
Ադրբեջանի հանգուցյալ նախագահի՝ երկրի ներկայիս քարոզչամեքենայի կողմից որդեգրած քաղաքականության համար առավել «անհարմար» հայտարարությունները «թվային ռեսուրսների թարմացման» պատրվակով պարզապես անհետացել են նախագահական գրադարանի կայքից: Նախքան «թարմացումը» դրանց հետ հնարավոր էր ծանոթանալ «Հեյդար Ալիեւ. թվային փաստաթղթերի հավաքածու» բաժնում: Անհետացել են նաեւ «Զերկալո» եւ «Բակինսկի րաբոչի» թերթի 2002թ. մի շարք թողարկումների թվային տարբերակները: Այս ամենով հանդերձ, սույն թերթերի բնօրինակների վրա կատարված հղումները պահպանվել են բազմաթիվ հոդվածներում եւ գրքերում: Ավելին՝ հայր Ալիեւի հայտարարության բնօրինակը պահպանվել է ադրբեջանական «Էխո» թերթի համարներում, ինչպես նաեւ այլ աղբյուրներում, որոնցով դեռեւս չեն հացրել «զբաղվել» ադրբեջանական քարոզչամեքենայի «սրբագրիչները»:
Հիշեցնենք, որ 2002թ. հույիսի 22-ին ադրբեջանական զլմ-ների հետ հանդիպման ժամանակ Արդրբեջանի այն ժամանակվա ղեկավար Հեյդար Ալիեւը անկեղծերեն խոստովանել էր. «Լեռնային Ղարաբաղի հիմանախնդիրը ծագել է 1988թ.: Դա նոր խնդիր չէ: Այսինքն՝ դա բարդ հիմնախնդիր է: Բայց այն հարատեւում է 20-րդ դարի սկզբից: Իրավիճակը բարվոք չէր նաեւ խորհրդային ժամանակաշրջանում: Չնայած դրան, մենք վերահսկում էինք իրավիճակը ԼՂ-ում: Ինչի՞ շնորհիվ: Առաջին հերթին խորհրդային համակարգն էր թույլ տալիս անել դա: Երկրորդ՝ ես խոսում եմ այն ժամանակշրջանի մասին, երբ ես զբաղեցնում էի 1-ին քարտուղարի պաշտոնը: Միեւնույն ժամանակ, ես փորձում էի փոփոխե
լ տեղի ժողովրդագրական պատկերը: Լեռնային Ղարաբաղը բարձրացնում էր ԲՈւՀ-ի բացման հարցը: Մեզ մոտ բոլորը դրան դեմ էին: Ես մտածեցի եւ որոշեցի բացել, բայց միայն այն պայմանով, որ ուսուցումը իրականացվի 3 լեզուներով՝ ադրբեջաներեն, ռուսերեն ու հայերեն: Բացեցինք: Հարակից շրջանների ադրբեջանցիներին մենք ուղարկում էինք ոչ թե Բաքու, այլ այնտեղ: Բացեցինք նաեւ կոշիկի արտադրության մեծ ֆաբրիկա: Բուն Ստեփանակերտում աշխատուժ չկար: Այնտեղ գործուղեցինք մարզի շրջակակա բնակավայրերի ադրբեջանցիներին: Այս եւ այլ քայլերով ես ձգտում էի հասնել նրան, որ ԼՂ-ում ադրբեջանցիների թիվն ավելանա, իսկ հայ բնակչությանը քանակը կրճատվի: Նրանք, ովքեր այն ժամնակ աշխատում էին Լեռնային Ղարաբաղում, գիտեն այդ մասին: Բոլոր դեպքերում, իմ կամքի, այլ հատկանիշների շնորհիվ իմ խոսքը օրենք էր նրանց համար»…
Ահա այսպիսի եւ նման այլ հայտարարությունների «հետեւից են ընկել» ադրբեջանցիները, որպեսզի որդի Ալիեւը հայր Ալիեւի խոսքերի գերին չդառնա: Իրենք էլ ստեն ինչքան կարող են…
Մեր խնդիրն է նաեւ այս պայքարում բացահայտել ադրբեջանական շարունակական կեղծիքները, ինչը կհավաստի եւս մեկ անգամ, որ Արցախը չի կարող «վերադառնալ» Ադրբեջանի կազմ, որեւէ պայմանով: Բացահայտումներից զատ հայկական կողմը պետք է ներկայացնի նաեւ ճիշտ պատմությունը եւ միջազգային ասպարեզում կարեւորի բնիկների իրավունքները:
Վերջերս Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Ավստրիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Ալեն Ժյուպեի եւ Միխայել Շպինդելեգերի նախագահությամբ տեղի ունեցած միջազգային միջոցառմանը ելույթ է ունեցել նաեւ Էդվարդ Նալբանդյանը: Նա խոսել է նաեւ արցախահայության իրավունքներից, որոնք ոտնահարվել են տարիներ շարունակ: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ եւս քննարկել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել շփման գծում լարվածության պահպանման կապակցությամբ եւ կարեւորել միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծումը: Վիեննայում հանդիպում է եղել նաեւ ԵԱՀԿ մշտական խորհրդի նախագահ դեսպան Իոն Օ՛լիի հետ, ով վերահաստատել է ԵԱՀԿ նախագահության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:
Չնայած ադրբեջանական կեղծիքների հակադարձումներին եւ պարզաբանումներին, Լեռնային Ղարաբաղը պետք է պատրաստ լինի կեղծ փախստականների ներհոսքին: Ժամանակին, 1990թ., երբ Նախիջեւանի եւ Հայաստանի Հանրապետության սահմաններին մարտեր էին ընթանում, ադրբեջանցիները խմբվել էին Իրանի եւ Թուրքիայի սահմանների մոտ եւ փախստականի կարգավիճակ էին աղերսում: Այժմ Իրանի դեմ ռազմական հարվածի դեպքում Արցախի հարավային սահմանին հնարավոր են սադրանքներ եւ «փախստականների» որոշակի հասք: Իրանական այդ տարածքում ազգությամբ ադրբեջանցիներ են բնակվում: Այսինքն՝ չի բացառվում կեղծ փախստականների ներհոսք Լեռնային Ղարաբաղ, որը օտար ուժերը կարող են ձեւակերպել «օգնություն եղբայրական իրանական ժողովրդին»…
Ամեն գնով պետք է բացառել դրանց ներհոսքը Արաքս գետով դեպի Լեռնային Ղարաբաղի հարավային տարածքները: ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Կովսական եւ Միջնավան բնակավայրերի կամ Հադրութի շրջանի հարավային հատվածները կարող են դառնալ կեղծ փախստականների ներհոսքի թիրախ: Դա կարող է արվել նաեւ Բաքվի հրահանգով, որ ադրբեջանցիներն իրենց ընտանիքներով փորձեն անցնել այդ տարածքները: Առաջին հայացքից կարող է թվալ, թե Հայաստանն ու Արցախը պետք է օգնեն Իրանին, բայց դա բոլորովին Իրանին օգնելու նպատակով չի արվելու, այլ՝ ինչպես նշվեց վերեւում: Եվ դա կարող է լուրջ խնդիրներ առաջացնել հենց Հայաստանի ու Իրանի միջեւ…
Փախստական խմբերի վրա կրակ արձակելը բարդ խնդիր է, քանզի մարդկային մեծ հոսք կարող է լինել, որտեղ գուցե հոսանքին տրված միամիտ մարդիկ հայտնվեն, ինչը բարդացնում է կասեցումը: Բայց անցնելով Արաքս գետը՝ այդ «փախստական» զանգվածը կարող է տեղավորվել ազատ տարածություններում, հետո էլ միջազգային կառույցներից պահանջել փախստականների ավաններ (թեկուզ՝ վրանային) կառուցել…
Այս պարագայում նրանց դուրս հանելը առավել կդժվարանա, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը մեծ աղմուկ կբարձրացնեն միջազգային կազմակերպություններում: Բայց Բաքվի ազդեցության տակ գտնվող իրանական ադրբեջանցիները կշարունակեն համարվել Իրանի քաղաքացիներ ու այստեղ է, որ որոշակի լարվածություն կառաջանա հարեւան եւ բարեկամ երկրների միջեւ:
Մի քանի հազար իրանցի փախստական ադրբեջանցիներ կարող են լուրջ խնդիր դառնալ Հայաստանի ու Արցախի համար եւս: Այսօր արդեն պետք է մտածել, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի եւ Իրանի սահմանը փակ լինի կեղծ փախստականների համար:Եվ այս հարցը կարելի է քննարկել հենց իրանական կողմի հետ: Պատկերացրեք, որ կեղծ փախստականների անվան տակ կարող են Արաքս գետն անցնել նաեւ զինյալ վարձկան խմբավորումներ Ադրբեջանի ու Թուրքիայի հատուկ ծառայությունների ղեկավարությամբ կամ իսլամական ուղղվածությամբ:
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 13 (234), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



