Լճաշեն
(Հոդվածում օգտագործված են՝ Հ. Հ. Մնացականյանից- «Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները» եւ Ս. Ձ. Դեղեջյանից- «Տաշիր-Զորագետի ուշ բրոնզեդարյան մետաղագործության մի քանի հարցեր»)
Կանաչավուն քարի եւ կրակի փոխազդեցությամբ ստեղծվեց կարմիր գույնի մի ծանր նյութ ayas անունով, որը եվրոպական մշակույթում պետք է հանդես գար լատինների կողմից առաջարկված cuprum տերմինով: Cuprum տերմինի առաջացումը կապվում է Կիպրոս կղզու անվան հետ. այս կղզու վրա մ.թ.ա. III հազարամյակում պղինձ էին ստանում: Տերմինի միջանկյալ տարբերակն էր aes cuprium կամ aes cyprium, որտեղ aes տերմինը բխեցվում է սանսկրիտի ayas տերմինից: Ayas տերմինին մենք հանդիպում ենք Ռիգ-Վեդայում, որպես մետաղ կամ որպես պղինձ-բրոնզ: Ավելացնենք միայն՝ ayas-մետաղը առաջին անգամ հնէագետները հայտնաբերել են Փոքր Ասիայում, նրա տարիքը միջին հաշվով կազմում է 9.000 տարի, առ այժմ Հնդկաստանում չի հայտնաբերվել այդ տարիքին մոտեցող մետաղին վերաբերվող որեւէ հայտնագործություն, մասնավորապես, իսկ աշխարհում առհասարակ, հետեւաբար aes, որը համարժեք է haes տերմինին, պետք է փնտրել այնտեղ, որտեղ ձեւավորվել է այն (Ayas փիլիսոփայությունը – Ա.Մ.):
Ընդունված է ասել, որ պղնձաքարի (էնեոլիթ) շրջանն ավարտվում է մ.թ.ա. IV հազարամյակի վերջին, մեր կողմից կատարված hետազոտությունները թույլ են տալիս եզրակացնելու, որ Միջին Արեւելքում Մեծամորը մ.թ. 4 հազար տարի առաջ արդեն լեռնարդյունաբերական հետազոտությունների կենտրոն էր: Մ.թ.ա. III-րդ հազարամյակում Հայկական լեռնաշխարհի լեռնարդյունաբերությունը թեւակոխում է բրոնզի դարաշրջան: Մեր համոզմամբ՝ Մեծամորի քուրմ-տեխնոլոգները կարողացան ստանալ մի նոր մետաղ, որը զբաղեցրեց պղիձի տեղը, այդ մետաղը դարձավ բրոնզը, որը ավելի կարծր էր պղնձից, հեշտությամբ ենթարկվում էր մշակման: Այլ կերպ ասած, էնեոլիթյան մշակույթը Արարատյան աշխարհում փոխարինվում է ինքնատիպ նոր մշակույթով, վերջինս օրգանապես անջատված չէ նախորդից, բայց եւ այնպես նրա կրկնությունը չէ, այլ մշակույթի ու տնտեսության զարգացման նոր աստիճանում նրա օրինական հաջորդը: Հենց այս շրջանն էլ թե՛ ժամանակային եւ թե՛ տարածքային առումով մենք համարում ենք էնեոլիթը, բրոնզին կապող շղթայի հիմնական օղակը կամ այն կամուրջը, որը ստեղծում է նոր քաղաքակրթություն: Այս համատեքստում hետաքրքիր են Մեծամորի, Շենգավիթի եւ Լճաշենի բնակավայրերը, որտեղ մետաղի ներկայությունը սկզբունքորեն ընկալելի է դարձնում եվրասիական քաղաքակրթության ձեւավորող հիմքերը, այսինքն, Մեծամորը՝ որպես մետաղաձուլման կենտրոն, Շենգավիթը՝ որպես կուտակման եւ արտահանման, իսկ Լճաշենը՝ որպես ծիսական կենտրոն: Մենք այս նյութում կանդրադառնանք հիմնականում Լճաշենի բացահայտումներին:
Եվրասիական, իսկ մեր դեպքում՝ Արմենոիդական քաղաքակրթական մշակույթն ուսումնասիրելու տեսանկյունից բացառիկ նշանակություն ունեն Սեւանա լճի ցամաքած տարածության վրա (Լճաշեն գյուղի մոտ լիճը հետ էր քաշվել 1 կմ տարածությամբ) ժամանակին կատարված ուսումնասիրությունները, որոնք գլխավորում էր պատմական գիտությունների թեկնածու Հ. Մնացականյանը: Լճաշենի մեծ գերեզմանաբլուրների նախնական ուսումնասիրությամբ հաստատվում է Սեւանի ավազանի անհիշելի ժամանակներից բնակեցված լինելը եւ, որ այդ ժամանակաշրջանում Սեւանն ավելի փոքր մակերես է ունեցել ներկայիս Լճաշենի մոտ: Հ. Մնացականյանի արշավախումբն ուսումնասիրվող տարածության վրա պեղել Է 14 գերեզմաններ եւ 2 մեծ գերեգմանաբլուրներ: Գերեզմանաբլուրներից երեւան են բերված գիտական մեծ արժեք ներկայացնող բազմազան նյութեր, հայտնաբերվել են սակրեր, կացիններ, բրոնզե սուր, եռանկյունաձեւ, լայն, գեղեցիկ պատյաններով դաշույններ, որոնք զարդարված են օձապատկերներով, ուռուցիկ գծավոր, սեպաձեւ փոսիկավոր նախշերով, քանդակազարդ կոթով բրոնզե մեծ շերեփ, որի կոթի ծայրին ամրացված Է թռչնի գեղեցիկ մանրակերտը:
Ժամանակին Լճաշենի պեղումները հիմք են տվել ուսումնասիրողներին Սեւանա լճի ցամաքած տարածության վրա բացված գերեզմանաբլուրները վերագրելու մ.թ. 2-րդ հազարամյակի վերջին: Ներկայացրած փաստական նյութը հիմք ընդունելով եւ Լճաշենի կիկլոպյան ամրոցից հստակ շերտագրված խեցեղենի ու դամբարանային միատեսակ ամբողջ համալիրների սինթեզումը նկատի առնելով՝ ժամանակին այն թվագրվել է բրոնզի զարգացման առաջին շրջանով, այն է XXI-XIX դդ. (մ.թ.ա.): Այս ժամանակագրությունը վերանայման խնդիր ունի, Լճաշենի նյութական մշակույթը, մեր կարծիքով, ընդգրկում է երկարատեւ մի ժամանակաշրջան, այն սկսվում է V հազարամյակի կեսերից եւ հասնում է մինչեւ VII դարը (մ.թ.ա.): Նշված ժամանակաշրջանին վերաբերող հազարավոր իրերի խմբում պարզորոշ նկատվում են մշակույթի՝ մեկը մյուսին հաջորդած շրջաններ: Խնդիրն այն է, որ այս դեպքում թվագրումը կապվում է բրոնզի ներկայության հետ եւ հատկանշական է, որ մետաղե իրերը հանդիպում են գերազանցապես դամբարաններում. շերտագրված եւ նույն շրջանին պատկանող այլ բնակավայրերում առայժմ մետաղե իրեր գրեթե չեն հանդիպել, այս հարցում, այսինքն՝ թվագրման, ելակետը Լճաշենի նյութերն են:
Լճաշենի գերեզմանաբլուրներից հայտնաբերված հնագիտական նյութի մեջ խիստ ուշագրավ են 2 մեծ գերեզմանաբլուրներ, որտեղից hայտնաբերվել են 5 փայտե սայլեր, որոնցից մեկը փոքր է: Սայլերից 3-ն ունեն 2, իսկ 2-ը՝ 4 անիվ եւ բարձրարվեստ բրոնզե երկանիվ մարտակառքի մոդելը: 2 ռազմիկները մարտակառքի վրա ձեռքերով իրար են բռնել, մյուս ձեռքերը ուղղված են դեպի գլուխներին դրած սաղավարտը, մարտակառքին լծված ձիերը պատկերված են վազքի վիճակում:
Արտակարգ անսովոր է ննջեցյալի թաղման ձեւը, ննջեցյալը թաղվել է մասերի բաժանված, նրա գլուխն անջատված է եղել իրանից, ոտքերն ու թեւերը նույնպես կտրել են եւ յուրաքանչյուրը 2 մասի բաժանել: Իրանը դրել են ներքեւ, 8 մասի բաժանած ոտքերն ու թեւերը կողք կողքի՝ մեծ խնամքով շարել են իրանի վրա, իսկ գլուխը դրել բոլորից վերեւ, ձախ այտի վրա, դեմքով դեպի հարավ: Թաղման այս ձեւն 1-ին անգամ է հանդիպում Հայաստանում: Մասերի բաժանված թաղումներ հանդիպել են Հնդկաստանում (պատմական Հարապպա):
Լճաշենի 120-րդ դամբարանում՝ Էնեոլիթյան շրջանում կատարված թաղումից որոշ ժամանակ անց, նույն դամբարանի վրա կրկին կատարվել է թաղում, որի հետեւանքով դամբարան է դրվել նոր որակի խեցեղեն, որն իր գույներով, ձեւերով, զարդարանքի ոճով բնավ չի համատեղվում էնեոլիթյան մշակույթին պատկանող նյութերի հետ: Լճաշենի 2 մեծ գերեզմանաբլուրներում հայտնաբերվել են մարդկանց արտասովոր մեծության գանգեր: Թաղման ձեւով, նյութերի տեսակներով եւ հնությամբ ուշագրավ եւ դարձյալ արտակարգ ու անսովոր է 135-րդ դամբարանը՝ (2-րդ տեղամաս): Դամբարանի վրա խառը վիճակում լցված էր միջին մեծության քարերի հսկայական մի կույտ՝ 1 մ բարձրությամբ եւ 8,5 մ տրամագծով: Լիցքի տակ բացված են ծածկի 9 մեծ քարեր (0,8-1,0, 35-75, 1-2,15 մ չափսերի): Դամբարանափոսի երկարությունն է 5,2, լայնությունր՝ 2,2, խորությունր՝ 2,5 մ: Կողքերից եւ ճակատներից ուներ մեծ քարերով շարված երկուական շարք պատեր՝ 2 քարերից առաջացած, պատի բարձրությունը հասնում էր 2,5 մ-ի: Ամենաուշագրավն այստեղ գտնված Լճաշենի երկանիվ հնագույն սայլն է, որի թափքին աջ կողքի վրա պառկած էր երկարագանգ մարդու մեկ կմախք: Սայլի անիվներից յուրաքանչյուրը պատրաստված է 3 մեծ եւ 1 փոքր կտոր տաշած գերանից, անիվի կենտրոնը՝ սռնու անցքը 2 կողմից ուռուցիկ է:
Սռնին անշարժ միացվել է թափքի տակ, առեղները երկար անմշակ փայտերից են, սրանց վրա առանց մետաղյա մեխերի ամրացրած տախտակներից առաջացել է թափքը: Լուծը չկար: Առեղներից աջ, լծի տեղում բացվեց 2, իսկ ձախ կողմում՝ եւս 2 մարդու կմախք: Թաղման այս արտակարգ ուշագրավ ձեւը հարկադրում է մտածել, որ այս դամբարանում թաղված է եղել դեռեւս XIX-XIII դարերում (մ.թ.ա.) այս տարածքներում ապրած ցեղերից մեկի աոաջնորդը, որի մահից հետո նրա դին դրել են իր սայլի վրա ու հավանաբար ոչ թե կենդանիներով, այլ 4 ստրուկներով դիակառքը քաշել-բերել են դամբարանի մոտ եւ սայլն ու կավամանները, ննջեցյալի հետ միասին, դրել են դամբանափոս: Ամբողջ ողբերգությունը ավարտվել է սայլին (լծված 4 մարդկանց սպանելու եւ իրենց տիրոջ հետ միեւնույն դամբարանում, բայց անասուններին պատկանող տեղում (առեղներից աջ ու ձախ) թաղելով: Սրանցից մեկի ճակատին երկու տեղ նկատվում են սուր զենքի հարվածի հետքերը: Այս բնույթի դամբարան, դարձյալ դիակառքի հետ, պեղել է նաեւ Երվանդ Հալայանը Ներքին Գետաշեն (Ներքին Ադիաման) գյուղում, բայց վերջինս ժամանակագրվում է մ.թ.ա. XI-X դարերով:
Դամբանաբլուր 5-ը գտնվում էր առաջին տեղամասի դամբանադաշտի հյուսիս-արեւմտյան ծայրում, պահպանված էր գետնի մակերեսից շուրջ 1 մ բարձրությամբ փռված բուրգը: Պատերը եւ ծածկը պատրաստված են հսկայական ժայռաբեկորներից: Ուղղությունը՝ արեւելքից-արեւմուտք, դամբանափոսի երկարությունր՝ 6,65 մ, լայնությունը՝ 2-2,5 մ, խորությունը ծածկի քարի տակից՝ 2,7 մ: Դամբարանում բացվեց երկանիվ 1 սայլ, որի առեղների երկարությունր 4,5 մ է հասնում: Առեղների առջեւի կեսը փտել էր, անիվները, որոնց տրամագծերը հասնում են 1,45 մ-ի, նույնպես փտել էին: Սայլի թափքի տախտակներր լրիվ քայքայված էին: Լուծը չկար: Սայլի կաոուցվածքը խիստ ինքնատիպ է, նա ունի կամարաձեւ ծածկ, որը նման չէ Լճաշենից հայտնաբերված քառանիվ սայլերի կամարներին: Սրա թափքի շրջանակի կողքերից յուրաքանչյուրի վրա 7 տեղով ամրացված են բարակ փայտեր (ծառի անմշակ շիվ), որոնք անցնելով կողքերից զուգահեռ գնացող պահպանակների համապատասխան անցքերի միջով, ծայրերով միացվել են իրար եւ առաջացրել կամար: Ամենայն հավանականությամբ՝ սայլի կամարաձեւ ծածկը երեսապատված է եղել կամ կտորով (գործվածքով) կամ կաշիով, որոնց փտումից առաջացել էր սեւ ու բարակ մի խավ՝ խոնավ հողի մեջ: Թափքի վրա բացվեց 1 մարդու կմախք՝ նստած վիճակով, որի տակ թափքի լայնքով դրված էր 18 սմ լայնությամբ եւ 3 սմ հաստությամբ մեկ տախտակ: Ննջեցյալը թաղման ժամանակ նստած է եղել տախտակին, ձեռքերը՝ ծնոտին հենած: Սայլի առեղների փտած մասի արանքում գտնվեց բրոնզե 2 սուր, նեղ ու երկար շեղբով, 1 բրոնզե փոքր կացին՝ ետեւի կողմից 6 ելուստներով, որր նման է Թեշուբ կամ Թեյշիբանի աստծո ձեռքին բռնած կացնին: (Նույնանման 5 ելուստներով կացին գտնված է Ելիզավետպոլի մոտ (Գանձակի շրջան), 3-րդ, բայց ավելի երկար բնով կացինը գտնված է Գյանջա գետի մոտ):
Սայլի առեղների ծայրում բացվեցին 2 եզների եւ 2 ձիերի գանգեր: Ձիու գանգերից մեկի բերանում կար սկավառակաձեւ բրոնզե սանձ: Դամբարանի պատերի երկարությամբ 2 կանոնավոր շարքերով շարված էին կավամաններ, որոնք մեծ մասամբ սեւ փայլով, 2 կողմերից ներճկված քրեղաններ էին: Կավամանների խմբից ուշադրության արժանի է քառակող, ճակատներից մեծ եւ մանր եռանկյունիներով զարդարուն զոհարանը, որի մեջ պահպանվել են խոշոր եղջերավոր անասունի կողոսկրեր: Սրա տակ դրված էր 1 հատ սեւ փայլով հրաբորբոք-բուրանոթ, որը խողովակաձեւ է, 2 ծայրից լայնացող՝ վերից վար սողացող 2 օձերի վերադիր պատկերներով, որոնց գլուխները եռանկյունաձեւ են: Լճաշենի հնածո մշակույթը ներկայացնում է Արմենոիդական մշակույթը հետեւյալ կերպ՝
1. մարդաբանական տեսակ.
– մեծ գանգերի հայտնաբերում, որը մարդաբանության մեջ ընդունված է անվանել Արմենոիդ,
– երկգանգ մարդու ամբողջական կմախքի հայտնաբերում: Այս գանգատիպը մարդաբանության մեջ կոչվում է ալպիական:
2. Հուղարկավորություն.
– մասերի բաժանված թաղում,
– ամբողջական թաղում նստած եւ պառկած:
3. Ծիսական զոհաբերություն.
– առաջնորդի դամբարանում մարդկանց զոհաբերություն:
4. Սայլ.
– քառանիվ սայլ,
– երկանիվ սայլ եւ մարտակառքի բրոնզաձույլ մանրակերտ:
Այսպիսով, Լճաշենի դամբարանային համալիրը ցույց է տալիս Հայկական Լեռնաշխարհի իրական դերը եվրասիական քաղաքակրթյան ձեւավորման գործում: Լճաշենի դամբարանային համալիրը հաստատում է, որ զարգացումները ամուր թելերով կապված են Հայկական Բարձրավանդակի հնագույն մշակույթներին, իսկ Լճաշենի պեղածո ամբողջ նյութը հաստատում է այն փաստը, որ Հայկական Բարձրավանդակը Արմենոիդ մարդաբանական տեսակի նախորդ մշակույթների օրինական շարունակության վայրն է:
Շարունակելի
Արամ Մկրտչյան, Գերմանիա
«Լուսանցք» թիվ 14 (235), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



