ՀՀ ոստիկանության 11-րդ տարեդարձի օրը համընկավ ԱԺ նախընտրական գործընթացների հետ, եւ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը եւս մեկ անգամ հավաստեց, որ ոստիկանները նախընտրական ժամանակահատվածում անաչառ են լինելու, իսկ ինքը անձնական պատասխանատվություն է համարում ընտրական գործընթացների ազատ եւ արդար անցկացումը:
Ոստիկանությունը հրապարակել է, որ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը ապրիլի 16-ի դրությամբ 2.482.593 մարդ է կազմել: Ըստ այդմ, 10 օրվա ընթացքում ընտրողների թիվը նվազել է, հիշեցնենք, որ ապրիլի 6-ի դրությամբ այդ թիվը կազմում էր 2.482.739 մարդ:
Դե, երեւի մենք ո՜չ մի բանով չենք տարբերվում «աշխարհի որեւէ պառլամենտից», ուստի, երեւի թե պետք է ըմբռնումով մոտենանք…
ԱԺ նախագահի հրավերով Հայաստան է ժամանել ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը՝ բարոնուհի Էմմա Նիքոլսոնի ղեկավարությամբ: Պատվիրակության ժամանման նպատակը բացահայտելն է, թե որքանով է Հայաստանն իրականացրել Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ ընտրությունների մասով: Բարոնուհին գոհունակությամբ հայտնել է, որ ԿԸՀ ներկայացուցիչների, քաղաքական կուսակցությունների ու հասարակական կառույցների հետ հանդիպումների ժամանակ պարզ է դարձել, որ համակարգը պատրաստ է անցկացնել որակապես նոր ընտրություններ: Նա վստահեցրել է, որ թե ԵԽ, թե ԵՄ, ինչպես նաեւ ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանատներում աշխատող փորձագետներն իրենց ներդրումը կունենան Հայաստանում նոր որակի ընտրություններ ապահովելու ուղղությամբ: 500 դիտորդ է նախատեսված ընտրությունների թափանցիկությունն ապահովելու համար:
ԵԽԽՎ պատվիրակությունը իր եզրակացությունները եւ հանձնարարականները կներկայացնի Վեհաժողովի մշտական հանձնաժողովին մայիսի 25-ին՝ Տիրանայում: Մինչ այդ կարեւորել են, որ Ընտրական օրենսգիրքը կիրառվի ամբողջովին եւ բարեխղճորեն: ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը Երեւանում կհանդիպի ԿԸՀ նախագահի, ՀՀ ոստիկանության պետի տեղակալի, ընտրություններին մասնակցող հիմնական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության, ինչպես նաեւ դիվանագետների հետ: 28 անդամներից բաղկացած ԵԽԽՎ դիտորդների ամբողջական թիմը կժամանի Երեւան մայիսի սկզբին դիտորդական առաքելություն իրականացնելու՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրոպական պառլամենտի հետ սերտ համագործակցությամբ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գինտս Ապալսին: Անդրադարձ է եղել կայանալիք խորհրդարանական ընտրություններին: ԱԺ փոխնախագահը հայտնել է, որ իշխանություններն ունեն քաղաքական կամք՝ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար: Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ է քննարկել խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հարցը: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ԵԽԽՎ Բյուրոյի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը, դիտորդական առաքելության պատվիրակության անդամ Պյոտր Վախի (Լեհաստան) խնդրանքով, ներկայացրել է ԱԺ նախագահին կից ստեղծված մոնիթորինգային աշխատանքային խմբի կառուցվածքն ու գործառույթները: Այս նախաձեռնությունը գնահատվել է որպես շատ հետաքրքրական եւ լավ գաղափար: Նախընտրական գործընթացների, ընտրությունների կազմակերպման առնչությամբ իրենց մոտեցումերը ներկայացրել են նաեւ Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»), Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ) եւ Հերմինե Նաղդալյանը (ՀՀԿ): Հանդիպումներ են լինում նաեւ այլ պետությունների պետական գործիչների ու դիվանագիտական ներկայացուցիչների հետ:
Իսկ ԱԺ-ում տեղի է ունեցել ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի հերթական հանդիպումը՝ մասնակցությամբ նրանում ընդգրկված կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչների: Խմբին մտահոգող կարեւորագույն հարցերից էր մեկ անձի՝ մի քանի անձնագիր ունենալու մասին զլմ-ների հրապարակումները: Փոխոստիկանապետը տեղեկացրել է ՀՀ քաղաքացուն անձնագիր տրամադրելու ամբողջ գործընթացը, որով բացառել է նման դեպքերի հնարավորությունը: Արթուր Օսիկյանը հավաստիացրել է, որ ճշմարտությանը չեն համապատասխանում մամուլում եւ հասարակության մեջ շրջանառվող այն լուրերը, թե ՀՀ-ում շատ քաղաքացիներ ունեն 2 անձնագիր եւ կարող են իրականացնել կրկնակի քվեարկություն: Ըստ նրա՝ ոստիկանությունում խնդիր է դրված անդրադառնալ մամուլում տեղ գտած բոլոր հաղորդագրություններին:
Անդրադառնալով մեկ հասցեում մի քանի անձանց գրանցված լինելու փաստերին՝ փոխոստիկանապետը նշել է, որ դա օրենքով սահմանափակված չէ, եթե առկա է տվյալ տարածքի սեփականատիրոջ համաձայնությունը: Խոսք է եղել նաեւ արտերկում բնակվող ՀՀ քաղաքացիների՝ ընտրություններին մասնակցելու կարգի մասին, նրանց հաշվառման հետ կապված խնդիրներին, ընտրացուցակներում մահացած մարդկանց անունների առկայությանը վերաբերող հարցեր: Վերջինիս առնչությամբ նշվել է, որ դա պայմանավորված է մահացածների մասին հաշվառման ռեգիստրին պատշաճ կարգով չտեղեկացնելով: Այժմ ոստիկանության տեսուչները տեղերում աշխատանքներ են տանում մահացած անձանց հաշվառումից հանելու ուղղությամբ: Այս գործում եւս փոխոստիկանապետը կարեւորել է քաղաքական ուժերի, հասարակական ու միջազգային կազմակերպությունների աջակցությունը:
«Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների հանրային ինստիտուտի» պատվերով «Էքզիթ Փոլ սոցիոլոգիական եւ սոցիալական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն անցկացրել է հետազոտություն, թե առաջիկա ընտրություններում ընտրողն ընտրություն կատարելիս ինչպե՞ս է կողմնորոշվում: Ներառվել է 37 հարց: Հարցումներն անցկացվել են մարտի-ապրլիլ ամիսներին՝ Երեւանում եւ մարզկենտրոններում՝ 2710 անձանց շրջանում: Հետաքրքիր է, որ հարցման ընթացքում առավել մտահոգողը աղանդավորների կողմնորոշումն է եղել: Ինստիտուտի ներկայացուցիչ Լեւոն Անդրեասյանը նշել է, որ սովորաբար հարցումների արդյունքներն օգտագործվում են գիտական հրապարակումներում, տարբեր հոդվածներում, սակայն տվյալ հետազոտման ընթացքում բացահայտվել են մի շարք մտահոգիչ, նույնիսկ «վտանգավոր երեւույթներ»: Այսպիսով, ըստ նրա, հարցումների արդյունքում պարզվել է, որ 2 քաղաքական ուժերը՝ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, միասին կարող են 50%-ից ավելի ձայն հավաքել: Ընտրական շեմը կարող են հաղթահարել նաեւ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն»-ը:
Անդրադառնալով մտահոգիչ խնդիրներին: Այն հարցին, թե ինչու է ընտրողն ընտրում կոնկրետ տվյալ կուսակցությանը, հարցվածների 8,4%-ը նշել է՝ ազգանվեր գործունեություն ծավալելու համար, 9,4%-ը հավատում է կուսակցությանը, 12%-ը՝ ընտրությունը կատարում է բարեկամի կամ ընկերոջ խնդրանքով, 13.7%-ը՝ հավանում է տվյալ կուսակցության ղեկավարին, 16.5%-ը՝ կուսակցության ընդդիմադիր կեցվածքի համար, 19.7%-ը՝ ընտրությունը կատարում է նյութական աջակցության ակնկալիքով, իսկ 20.3%-ը՝ դեռ կողմնորոշված չէ:
Հատկապես մտահոգիչ է համարվել նյութական աջակցության ակնկալիքով ընտրություն կատարելը, քանի որ մարդիկ խոստովանում են, որ ընտրակաշառք վերցնում են կոմունալ, ուսման վարձերը վճարելու, ինչպես նաեւ պարտքերը մարելու համար: Այս խմբի մարդիկ նաեւ գտնում են, որ իրենց ձայնը արժեք չունի, դրա համար ով շատ գումար տա՝ նրան էլ կընտրեն: Այստեղ վտանգավորն այն է, որ ՀՀ հասուն տարիքի մարդկանց 1/5-ը կարող է նման տրամադրություններով առաջնորդվելով գործիք դառնալ նույնիսկ արտաքին ուժի ձեռքին… եւ այս խնդրին պետք է ուշադրություն դարձնեն թե՛ իշխանությունները, թե՛ քաղաքական ուժերը, թե՛ ՀԿ-ները:
Հարցման ընթացքում առավել մտահոգողը աղանդավորների կողմնորոշումն էր: Հարցվածներից 195-ը կրոնական այլ ուղղվածություն ունեին: Հարցման արդյունքում պարզվել է, որ նրանց մեծ մասը պատրաստվում է իր ձայնը տալ մեկ կուսակցության, որի անունը չհնչեց, Լեւոն Անդրեասյանը միայն նշեց, որ դա անցողիկ շեմը հաղթահարող քաղաքական ուժ է: Իսկ «Էքզիթ Փոլ»-ի ղեկավար Ռուզաննա Իսաղուլյանն էլ հավելեց, որ դա ընդդիմադիր կուսակցություն է:
Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմն էլ հայտարարություն է տարածել, որ կարեւորելով 2012թ. ՀՀ ԱԺ ընտրությունների անցկացումը մեր երկրի առաջադիմության համար, անհրաժեշտ է, որ որոշ ՀԿ-ականներ դադարեցնեն իրենց գործունեությունը. «Մենք բնական եւ օրինաչափ ենք համարում, երբ հասարակական կազմակերպությունների առանձին ներկայացուցիչներ որոշում են մուտք գործել քաղաքական ոլորտ եւ առաջադրում են իրենց թեկնածություններն ընտրություններում», բայց այդ կազմակերպությունները կամ առաջադրված անդամները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը, ոչ ուշ, քան նախընտրական քարոզչության ժամանակաշրջանի սկիզբը: Անընդունելի է համարվում նաեւտեղական եւ միջազգային կառույցների կողմից ՀԿ-ներին տրամադրված դրամաշնորհների օգտագործումն այս կամ այն քաղաքական ուժին, թեկնածուներին նախընտրական մրցակցությունում առավելություն տալու նպատակով:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ԱԺ որոշումները, այդ թվում՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքներում: Վերջինս դեռ մտահոգում է ընդդիմադիր որոշ ուժերի, քանի որ մտավախություն ունեն, թե արտակարգ դրություն կարող է հայտարարվել նաեւ ընտրություններից հետո, երբ հետընտրական անհամաձայնություններ առաջանան:
Իսկ զլմ-ները փորձելու են ապահովել նախընտրական եւ հետընտրական գործընթացների թափանցիկությունը, որպեսզի անհամաձայնությունները եւ դրանց չլուսաբանումը չդառնան հանրային ընդվզումների պատճառ: Հայկական հեռուստաընկերությունները եւ որոշ թերթեր հիմա գտնվում են մոնիթորինգի ներքո: Առավելապես հայ հեռուստադիտողի համար կարեւորվում են թեկնածու կուսակցությունների անդամների եւ անհատ գործիչների քաղաքական բանավեճերը: Թե տեղական, թե արտերկրի հեղինակավոր կազմակերպությունները հետեւում են՝ որքանով են հավասարաչափ լուսաբանում քարոզարշավը: Որոշ հեռուստաընկերություններ առաջիկայում պատրաստվում են բոլոր 9 կուսակցություններին միաժամանակ հրավիրել բանավեճի: ՀՀ 3 նախագահներին արդեն հրավերն ուղարկված է:
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 14 (235), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



