Հաղթելու դեպքում հանրապետականները կշարունակեն ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման ու դատապարտման ուղղությամբ, ինչպես նաեւ դրանց հետեւանքների վերացմանն առնչվող խնդիրները կբարձրացնեն միջազգային հանրության օրակարգում: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին ՀՀԿ-ն մտադիր է համախմբել հայությանը՝ ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար:
ԲՀԿ-ն եւս հետեւողականորեն հանդես է գալու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացի շարունակականության օգտին: Այստեղ վստահ են, որ «վաղ թե ուշ Թուրքիան ընդունելու է ցեղասպանության անժխտելի փաստը»:
ԲՀԿ-ն մտադիր է ունենալ «կառուցողական մասնակցություն եվրաինտեգրացիոն գործընթացներին եւ «Արեւելյան գործընկերության» ծրագրերին», ինչպեսեւ՝ ՀՀ բոլոր ենթակառուցվածքները եվրոպական չափանիշներին
համապատասխանեցնելուն: Հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունների զարգացումը ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում նույնպես կարեւորվել է: Իսկ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերությունների հաստատում» ԲՀԿ-ն տեսնում է առանց նախապայմանների, ինչը ենթադրում է դիվանագիտական հարաբերություններ, սահմանների վերաբացում եւ հաղորդակցության ուղիների վերագործարկում:
ՕԵԿ-ը արտաքին հարցերում ակնկալում է նախաձեռնողական ճկուն քաղաքականության իրականացում: ՀՀ-ՌԴ ռազմավարական գործընկերային հարաբերությունների զարգացում, «ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում հավաքական անվտանգության ամբողջական համակարգի քաղաքական համագործակցության ծավալում» եւ «ԵՄ հետ նոր հարեւանության ծրագրի ու ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացում»:
Այս կուսակցությունը իր նախընտրական ծրագրում կարեւորել է նաեւ հայ-ամերիկյան, հայ-վրացական եւ հայ-իրանական հարաբերությունները:
«Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքը «կպաշտպանի ՀՀ ազգային շահերը», կպայքարի հանուն Արցախի ինքնիշխանության միջազգային ճանաչման, նաեւ Ջավախքի մեր հայրենակիցների իրավունքները, «կձգտի կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները միջազգային իրավունքի՝ Հայոց ցեղասպանության ու մեծ հայրենազրկման ճանաչման եւ հատուցման հիման վրա»: Նախատեսվում է զարգացնել հարաբերությունները ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Չինաստանի հետ, իսկ արտաքին քաղաքական ուղենիշ է համարում ինտեգրումը եվրոպական հանրակարգերին՝ ԵՄ լիիրավ անդամ դառնալու համար:
ՀՅԴ-ն, թերեւս առավել ընդգրկուն ազգային խնդիրներ է արծարծել նախընտրական արտաքին քաղաքականության մեջ: Դաշնակցականները կարծում են, որ Թուրքիայի հետ հարաբերությունը պետք է կարգավորվի «ազգային անվանգության ռազմավարությունը չխափանելու, մեր ժողովրդի լինելիությունը եւ նպատակների իրականացման հեռանկարը չվտանգելու պատասխանատվությամբ»: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն եւ դատապարտումը եւս կարեւոր տեղ ունի ծրագրում, նախատեսվում է անգամ «ցեղասպանության ուրացման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների» ընդունումը: Իսկ մինչ այդ՝ «հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրությունների հայկական կողմի ստորագրության հետկանչում» է նախատեսված:
Առանց նախապայմանների ցամաքային շրջափակման վերացումը եւ միջազգային իրավունքի ընդհանուր հիմունքներով դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ընդգծված տեղ ունի ՀՅԴ ծրագրում: Արցախի եւ հայ-թուրքական հարաբերությունների փոխկապակցումը անընդունելի է համարվել եւ առաջարկ կա չկնքել որեւէ պայմանագիր, որը կարող է ուժը կորցրած ճանաչել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի միջազգային իրավական նշանակությունը:
Հայ-վրացական հարաբերությունների զարգացումը կարեւոր վերապահումներ ունի, քանզի «պետք է կախված լինի Ջավախքի մեր հայրենակիցների ազգային իրավունքների ապահովման հետ»: Այս ծրագրում տեղ է հատկացված նաեւ Նախիջեւանի խնդրին, որը «բռնակցված է եւ պետք է մեր ժողովրդի հիշողության մեջ վառ պահել հայկական պատկանելիության գիտակցումը»: Հայրենադարձության հարցը ՀՅԴ-ն կարեւորել է նաեւ միջազգային ատյաններում արծարծելու առումով, պետք է գործադրվի Հայաստանի՝ «որպես շրջափակված եւ դեպի ծով ելք չունեցող երկրի կարգավիճակից բխող ծրագիրը»:
Կոմկուսը հայոց բանակի զորացման (հայ ժողովրդի անվտանգության երաշխավորին օգնելու) համար առաջարկում է զարգացնել «կոլեկտիվ անվտանգության շրջանակներում համագոծակցությունը ՌԴ զինված ուժերի հետ»: Բայց ամեն գնով «պայքարել արգելելու ու բացառելու ՆԱՏՕ-ի ռազմական բլոկի մուտքը ՀՀ՝ հիմք ընդունելով հայ-ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը»: Հայ կոմունիստները նշել են. «Մենք վերցնում ենք այն բոլոր լավը, ինչ տեսել ենք սովետական 70 տարիներին: Մեզ համար ուղեցույց է Սոցիալիստական Չինաստանը, որն այսօր համաշխարհային մակարդակի է հասել: ԽՍՀՄ նախկին 15 հանրապետությունների կոմունիստական կուսակցությունները փետրվարի 27-ին Մոսկվայում ստորագրեցին նոր միության ստեղծման հռչակագիր, որը կդառնա մեր գործունեության հիմնական ուղղությունը»: Մնում է ավելացնել միայն՝ «փառք ՍՄԿԿ-ին»:
«Միավորված հայեր» կուսակցությունը կարեւորում է «մեր հայրենակիցների պաշտպանությունը արտերկրում ցանկացած ազգայնամոլական դրսեւորումներից»: Իսկ իրագործման մանրամասները չեն նշվում: Նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, պատճառած վնասի վերականգնումն է կարեւորել այս կազմակերպությունը՝ նշելով, որ պետք է հասնել 1921թ. Մոսկվայի եւ Ղարսի պայմանագրերի մերժմանը: Ծրագրային կետերից է նաեւ «մերձավոր եւ հեռավոր սփյուռքում ազգապահպան քաղաքականության վարում»-ը:
ՀԴԿ նախընտրական ծրագիրը չունենալով (համացանցում փնտրտուքը «հասկացրեց», որ ՀԴԿ նախագահը նախընտրական ծրագրից կխոսի մարզերում հանդիպումներին), միանգամնից նշենք ՀԱԿ-ի այն միակ կետը, որից կարելի է ինչ-որ եզրակացություն անել կոնգրեսականների արտքին պատկերացումների մասին. «Փակուղում են «Հայաստանի համար գերկենսական նշանակություն ունեցող խնդիրները՝ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները»…
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 14 (235), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



