«Ղարաբաղ, Ղարաբաղ / սեւ այգի դու թշնամյաց՝ հայի դրախտ…»:
Հին ժամանակներում Արցախը նաեւ Արիա է անվանվել…
Վստահ ենք, «Լուսանցք»-ի ընթերցողներին հավասարապես կհետաքրքրեն ինչպես ԱԺ շտապող քաղաքական ուժերի՝ մեր ներքին կյանքին վերաբերող ծրագրերը, այնպես էլ արտաքին քաղաքական նպատակները: Վերջիններս կներկայացնենք՝ հենվելով կուսակցությունների նախընտրական ծրագրերի վրա, որոնք տրվել են հանրությանը:
Արցախը՝ որպես հայոց հիմնահարց
Բազմիցս է նշվել, որ անգամ հայկական միջավայրում Ղարաբաղ թուրքական անունը ավելի հաճախ է գործածվում, քան՝ հայկական Արցախը, շրջանի բուն-բնական անվանումը: «Ղարաբաղ»-ը «սեւ այգի» է թուրքերի՛ եւ այլ թշնամիների համար, եւ այդպիսին էլ մնացե՛լ է, ուստի այդ անվանումը պետք է թողնել որպես պատմական հուշ՝ թյուրքերի աչքի փուշ…
Թուրքերն ու ադրբեջանցիները մինչ այսօր էլ փորձում են Արեւմտյան Հայաստանի կամ Արցախի, Ուտիքի ու Գարդմանի կամ այլ հայկական տարածքների հայկական տեղանունները աղավաղված ներկայացնել՝ հայկական հետքերը իսպառ մաքրելու համար, ինչին մենք, կամա թե ակամա, տուրք ենք տալիս: Հայ պետական կամ քաղաքական բարձրաստիճան այրերը այնքան հաճախ են գործածում Ղարաբաղ անունը, որ օտարների համար Արցախ անվան հնչեղությունը կիրառելի չի՛ դառնում, խորթ է հնչում ականջներին: Մինչդեռ ՀՀ եւ ԼՂՀ նախագահների մակարդակով պետք է ոչ միայն ներպետական, այլեւ միջազգային փաստաթղթերը «Արցախ» (Արցախի Հանրապետություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխարեն) ձեւակերպումով կատարվեն: Գոնե միջազգային փաստաթղթերում համարժեք եւ զուգահեռ պետք է Արցախ անունը կիրառվի՝ Ղարաբաղ անվան կողքին (գուցե գծիկով), որպեսզի եւ՛ Արցախ անունը եւ՛ Արցախի անկախությունն առավել ընկալելի դառնա միջազգային հանրության համար:
ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրում նշել է. «Բազմապատկելու ենք ՀՀ եւ ԼՂՀ նկատմամբ ցանկացած տեսակի ագրեսիայի դրսեւորման վտանգի կանխարգելմանն ուղղված դիվանագիտական ջանքերը»: ԼՂ հակամարտության հիմք է համարվում «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը», եւ ԼՂՀ-ն պետք է որպես լիիրավ բանակցային կողմ ներգրավել հակամարտությունում: Նշվում է նաեւ, որ ՀՀ, ԼՂՀ եւ սփյուռքի ջանքերը պետք է ուղղվեն խնդրի՝ միջազգային կազմակերպություններում ուժային լուծումը բացառող եւ կանխարգելիչ որոշումների ընդունման համար:
Իշխող քաղաքական ուժի առաջամարտիկ կուսակցությունը չի՛ պարզաբանում սակայն. արդյո՞ք ՀՀ-ն կճանաչի ԼՂՀ անկախությունը, թե՞ միանգամից կվերահաստատի Արցախի վերամիավորումը Հայաստանին, ինչը իրավական ու պետական-պաշտոնական ձեւակերպումներով կատարվել է ավելի քան 20 տարի առաջ: Այո, ջանքեր պետք է ներդրվեն ուժային լուծումները կանխելու համար, բայց դա կարող է անել միայն պաշտոնական Երեւանը, քանզի Ստեփանակերտը «միջազգային միավոր» չէ: Ուստի, այսպես թե այնպես, Հայաստանն է լինելու Արցախի պաշտպանը, եթե ուժային լուծումը առաջնային դիտարկվի… ՀՀԿ-ն առայժմ չի՛ շտապում:
Այս առումով ՀՅԴ-ն առավել հստակ ծրագիր է ներկայացրել: Արցախը պետք է լինի «լիիրավ եւ ինքնուրույն հակամարտության կողմ բանակցային գործընթացում, որտեղ ՀՀ-ն կճանաչվի ԼՂՀ անկախության եւ անվտանգության երաշխավոր: Երկու հայկական հանրապետությունների միջեւ կկնքվի համաձայնագիր՝ ռազմավարական դաշինք ձեւավորելու մասին»: Սա վերամիավորման խնդիրը դեռ չի լուծում, բայց հանգեցնում է դրան, ինչը շոշափվում է նաեւ այս ձեւակերպմամբ, որ պետք է նախաձեռնել «Ադրբեջանի հետ հակամարտությունը կարգավորող հայեցակարգ, որը բացառի փոխզիջումը, ինչը կարձանագրի նահանջ Արցախի ժողովրդի 1991թ. Անկախության եւ 2006թ. ԼՂՀ Սահմանադրության ընդունման համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ արտահայտած կամքից»: ԼՂՀ միջազգային ճանաչման հարցը ՀՅԴ-ն առավել հստակ է ձեւակերպում, անգամ առաջարկ կա «Ադրբեջանի հետ ուժի կիրառումը բացառող եռակողմ պայմանագիր ստորագրելու խնդրի» մասին: Արցախի եւ ազատագրված տարածքների վերաբնակեցման խնդիրը եւս կարեւորվել է:
ԲՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջնական նպատակը համարում է Արցախի միջազգային ճանաչումը, որը պետք է «լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով՝ փոխհամաձայնության եւ փոխզիջումների հիման վրա»: Ճիշտ է, իշխանական 2-րդ ուժ հանդիսացող կուսակցությունը նշել է, որ «առանց ԼՂՀ մասնակցության նրա ճակատագիրը չի կարող որոշվել», բայց այնուամենայնիվ, թե ինչ «փոխհամաձայնության եւ փոխզիջումների հիման վրա» է լուծվելու հարցը՝ հստակ չէ: Իսկ դա վտանգավոր է:
ԲՀԿ-ն կարեւոր է համարում նաեւ «ԼՂՀ տնտեսական հզորացումը, նրա պետական կառավարման համակարգի զարգացումը, բնակչության կենսամակարդակի անշեղ աճի ապահովումը» եւ այլն: Ուժի կիրառման հնարավորությունը թերեւս չբացառելով՝ այս քաղաքական ուժը ասում է, որ «խաղաղության եւ ազգային անվտանգության ապահովման հիմնական երաշխավորը ազգային բանակն է, որի մարտունակության էլ ավելի բարձրացման ու բարեփոխումների խորացման ուղղությամբ պատրաստ ենք ներդնել մեր ջանքերը»:
Հաջորդ իշխանական ուժը՝ ՕԵԿ-ն է, որ ծրագրում Արցախի հարցը ձեւակերպել է «Ղարաբաղյան հիմնախնդիր»: ՕԵԿ-ի կարծիքով ԼՂ հիմնախնդրի հայանպաստ լուծումը կենսական նշանակություն ունի ինչպես ՀՀ, այնպես էլ ամբողջ հայ ժողովրդի համար եւ կուսակցության ղեկավարն ու ՀՀ ԱԱԽ քարտուղարն այն սերտորեն համադրում է «նաեւ ազգային անվտանգության ու տարածաշրջանային կայունության հետ կապված խնդիրներին»:
Այս քաղաքական ուժը «խաղաղ կարգավորումը բանակցությունների միջոցով հիմնախնդրի լուծման միակ ճանապարհն է» համարում, ինչը չի կարող հավատ ներշնչել որպես «միակ ճանապարհ»: Բայց այն սկզբունքները, որ առաջարկում է ՕԵԿ-ը, առավել հետաքրքիր են, քան «միակ լուծում» խաղաղությունը: Նախընտրական ծրագրում ասվում է, որ չի կարելի սակարկել ԼՂ ինքնորշման իրավունքը, որը կարող է իրականացվել անկախության կամ ՀՀ հետ վերամիավորման ճանապարհով: Բացառվում է ՀՀ հետ ուղիղ սահմանի կապի անտեսումը, ինչը անվտանգության երաշխիք է, բայց այս ձեւակերպումից կարելի է բխեցնել, որ չի բացառվում այլ ազատագրված տարածքների սակարկումը:
«Ժառանգություն»-ը, ուրեմնեւ՝ «Ազատ դեմոկրատներ»-ը, ըստ նախընտրական ծրագրի, կպաշտպանեն մեր երկրի շահերը, կպայքարեն «հանուն Արցախի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության միջազգային ճանաչման»: Իսկ այն մասին, թե առաջինը ՀՀ-ն կճանաչի ԼՂՀ անկախությունը, ինչպես առաջարկում էր «Ժառանգություն»-ը նախորդ ԱԺ-ում, թե այլեւս կսպասի, խոսք չկա:
Կոմկուսը այսպես է ձեւակերպել սույն խնդիրը. «Վերջին 20 տարիներում միակ փայլուն հաջողությունը Հայոց բանակի ստեղծումն ու նրա մարտունակության ապահովումն է, որը տարածաշրջանում ամենամարտունակն է: Ապացույցը՝ Ղարաբաղյան պատերազմի արդյունքներն են»: Իսկ թե «տարածաշրջանում ամենամարտունակ» բանակը ինչպես է լուծելու Արցախի հիմնախնդիրը, որը կոմունիստական երկրի Կովկասի բյուրոյի որոշմամբ է տրվել Ադրբեջանին (գրեթե նույն ճակատագրով նաեւ Նախիջեւանն ու Ջավախքը), կոմունիստական ո՞ր ծրագրի համաձայն (նաեւ ՌԴ 2-րդ քաղաքական ուժը հանդիսացող կոմունիստների առումով) է դա կարգավորվելու, որեւէ փառապանծ ձեւակերպում չկա:
«Միավորված հայեր»-ը առաջնային են համարում Արցախի՝ որպես բանակցային իրավահավասար կողմի սատարմանը նպաստելը, հետո նաեւ՝ ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչումը: Այլ մանրամասներ չեն նշվում:
ՀԴԿ նախընտրական ծրագիրը չունենալով կարող ենք միայն ենթադրել, որ Դեմոկրատական կուսակցության նախագահը մինչ այժմ կողմնակիցն է եղել Արցախի անկախության ճանաչմանը ՀՀ կողմից, անգամ որպես ՀՀ-ԼՂՀ վերամիավորման կողմնակից է հանդես եկել: Թերեւս այս տեսակետները դժվար փոփոխված լինեն:
Ինչ մնում է ՀԱԿ-ին, որը ժամանակին ընդդիմադիր ուժերի միավորման հենակետ էր ծառայում, բայց տապալվեց, ապա ՀՀՇ-ից սկսյալ եւ ՀԱԿ-ով շարունակյալ, այս քաղաքական ուժն իր անփոփոխ ղեկավարի արտահայտություններով մշտապես պատրաստ է փախզիջումների, որոնք առավելապես միակողմանի զիջումների են նմանվել: ՀԱԿ դաշինքի նախընտրական ծրագրում պարզապես մի նախադասություն կա Արցախի մասին. «Փակուղում են Հայաստանի համար գերկենսական նշանակություն ունեցող խնդիրները՝ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները»: Այսքան բան:
Նախընտրական ժամանակահատվածում գրեթե բոլոր քաղաքական ուժերը վերածվում են ազգային, ավելին՝ ազգայնական կառույցների եւ հռետորաբանությամբ մեծ «փայլատակումների» են հասնում, բայց կան խնդիրներ, որոնք ոչ միայն կենսական, այլեւ գոյատեւական նշանակություն ունեն ու «մի փոր հացի» կամ նման այլ բանի հետ այդ խնդիրները շահարկման դնելը չի կարելի կոծկել հռետորական վարժանքներով:
Մեր ընթերցողների ուշադրությունը հենց այս հանգամանքի վրա ենք հրավիրում հատկապես:
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 14 (235), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



