Բայց անգամ ԲՀԿ նախագահի խոսելուց հետո «պայքարատենչ» Օսկանյանը չլռեց եւ հայտարարեց վերստին. «ԲՀԿ-ն այլընտրանք է 4 տարիների ձախողված եւ անարդյունավետ քաղաքականությանը»: Ու նախկին իշխանավորը այս համոզմանը հասել է իր փորձից. «17 տարի եղել եմ իշխանության մեջ, որից 10 տարին ամենաբարձր պաշտոններից մեկում եւ երբեք չեմ չարաշահել այդ պաշտոնն իմ անձնական խնդիրների լուծման համար: Այսօր՝ 57 տարեկան հասակում, չեմ պատրաստվում այդ սկզբունքից հրաժարվել»:
Զարմանալի, բայց ոչինչ չասող անկեղծություն, որը թերեւս մեկ նախադասությամբ կարելի է պատասխանի արժանացնել: Այո՝ «անձնական խնդիրների լուծման համար» չեք եկել Հայաստան, այլ «ամերիկյան շահերի պաշտպանության համար», եւ հենց նույն այս նպատակի համար էլ մտել եք այլեւս անհետաքրքիր խեղկատակ խաղերի մեջ: Իսկ թե ինչքան եք շահե՜լ անձնապես, ցավոք դեռ չենք կարող հաշվարկել:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւս հետաքրքիր է արտահայտվել. «Գրեթե ամեն ոք կամաչեր ստախոս անվանակոչվելուց»,- ասել է նա՝ նկատի ունենալով Օսկանյանի արկածախնդրությունը. «Նախկին արտգործնախարարը դրսեւորում է իրեն որպես նախընտրական քարոզարշավի աղմկահարույց մասնակից՝ մեծ ծավալով կիրառելով ապատեղեկատվության տեխնոլոգիան: Անգամ սեփական մեմուարների հրապարակումը ներկայացնում է ոչ այնքան «սեփական հաջողությունները» ներկայացնող գովասանք, որքան իր հետ կապ չունեցող դրական գործընթացները յուրացնելու, իրար հետ կապ չունեցող տարբեր երեւույթների ներկայացմամբ ներկայիս իրավիճակը սեւացնելու «մյունհաուզենյան արկածախնդրություն»:
Աժ խոսնակը նաեւ նշել է, թե կարծես նախկին նախարարը փորձում է հաստատել այն վարկածը, որ որքան անհավանական է սուտը, այնքան մեծ է հավանականությունը, որ մարդիկ դրան կհավատան, եւ որ անհրաժեշտ է այդ սուտը կրկնել պարբերաբար: Ի դեպ, 1930-ականներին այդ տեխնոլոգիան կիրառում էին նացիոնալ սոցիալիստները Գերմանիայում: Այնուամենայնիվ, եթե սկզբնական շրջանում իրեն բնորոշ հակասականությամբ նախկին արտգործնախարարն աշխատում էր խոսել միայն հետճգնաժամային տնտեսական իրավիճակից, որն օբյեկտիվորեն թիրախային էր, ապա հիմա փորձում է քննադատել նաեւ իր «խորթ զավակին»՝ արտաքին քաղաքականությանը: Ինչո՞ւ խորթ, որովհետեւ 10 տարիների ղեկավարման շրջանում նրա ղեկավարած ոլորտը տառապեց ինֆանտիլ կոմպլեմենտարիզմի ախտով: Ինչո՞ւ ախտ, քանի որ, ինչպես հենց ինքը Օսկանյանն է բնութագրել Բուդապեշտում տված իր դասախոսություններից մեկում, դա մի գիծ է, որի դեպքում «Հայաստանը մերժում է ընտրություն կատարել գլոբալ եւ լոկալ գործընկերների միջեւ, այլ փոխարենը այդ բոլոր գլոբալ եւ լոկալ ուժերի շահերի հաշվի առնողն է»: Պարզունակ մանիպուլիացիայի է դիմում Օսկանյանը նաեւ այն դեպքում, երբ բնորոշում է հայ-ամերիկյան ներկայիս հարաբերությունները որպես անբավարար՝ հղում անելով ԱՄՆ կողմից Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք ֆինանսական օգնության նվազեցմանը: Նախ եւ առաջ նշենք, որ Լեռնային Ղարաբաղին տրամադրվող օգնությունը վերջին 10 տարիներին փոփոխության չի ենթարկվել՝ մնալով տարեկան 2 մլն-ի սահմանագծին:
ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը եւս չի դիմացել եւ ասել է. «Պարոն Օսկանյանին հիշեցնեմ, որ կուսակցությունների՝ քաղաքական դերակատարության չափը որոշում է ժողովուրդը ու որեւէ իրավիճակային փոփոխության գնալու համար նախ պետք է վաստակել ընտրողի հարգանքը, ոչինչ ինքնանպատակ չի լինում… ՀՀԿ-ն 2007թ. ընտրությունների արդյունքում խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմեց ու հնարավորություն ուներ միայնակ կառավարություն ձեւավորել, այդ քայլին չգնաց ու հնարավորություն ընձեռեց նաեւ իր գործընկեր որոշ ուժերի, այդ թվում՝ ԲՀԿ-ին, կոալիցիա կազմել ու մասնակցել կառավարության ձեւավորմանը եւ ԲՀԿ-ն պատասխանատու է վերջին տարիներին կառավարության իրականացրած աշխատանքների համար, սա մի հանգամանք է, որ Օսկանյանը երբեք չպետք է մոռանա»:
ՀՀԿ-ԲՀԿ հակասությունները կարող էին մեկ այլ հարթությամբ էլ խորանալ, եթե Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության մեջ մեղադրվողի՝ Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդու ԲՀԿ անդամ լինելու հանգամանքը լիովին հիմնավորվեր եւ «խանդի» պատճառը տեղը զիջեր «քաղաքական» պատվերին: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով Գյումրու քաղաքապետի կասկածներին՝ արագ արձագանքել էր, որ ձերբակալվածը ԲՀԿ-ի հետ կապ չունի. «Ես իհարկե հասկանում եմ, որ որոշ պաշտոնյաներ երեւակայության լրջագույն ավելցուկ ունեն, սակայն ուղղակի պարկեշտ չէ ընտանեկան ողբերգության մեջ անգամ քաղաքական դիվիդենտներ փնտրել: Ընտրությունները գալու եւ անցնելու են, ու պետք չէ այնպես ընկնել քաղաքական էյֆորիայի գիրկը, որպեսզի խիստ վտանգավոր հայտարարություններ անել»:
Իրականում ի՞նչ է տեղի ունենում, արդյո՞ք հակադրվեցին նախընտրական այս ընթացքում ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, թե՞ մի այլ բնույթի ընտրախաղ կազմակերպեցին, կպարզվի շուտով: Բայց մի բան հաստատ է՝ ծուխն առանց կրակի չի լինում:
Անի Մարության
Սեփական հարցն ու պատասխանը
Նախագահ Սերժ Սարգսյանը անդրադառնալով ՀՀԿ տնտեսական քաղաքականության ծրագրին՝ նշել է. «Տտեսական քաղաքականության շրջանակներում անելու ենք այնպես, որ ոչ միայն մենք, այլեւ շատերը կարողանան աշխատատեղեր ստեղծել»: Եվ ակնկալելով տրամաբանական հաջորդող հարցը, երկրի ղեկավարը ասել է. «Հիմա հարց կառաջանա՝ եթե այդպիսի լավ պետական քաղաքականություն գոյություն ունի, ինչո՞ւ մինչեւ հիմա չէիք վարում: Վարում էինք եւ հենց դրա շնորհիվ է, որ կարողացանք դիմանալ տնտեսական ճգնաժամին ու այսօր խոսում ենք տնտեսական զարգացման ճանապարհի մասին»…
Հիրավի լավ կլիներ, որ «ՀՀ տնտեսական զարգացման ճանապարհը» իրապես դառնար առաջնային խնդիր յուրաքանչյուր իշխանության եւ ամեն պետական գործչի համար:
Գոհար Վանեսյան
Ձայն գողացողներն ու հիասթափեցնողները
«Միասնական շտաբը ձեւավորելու առաջարկն ի վերջո մենք չստորագրեցինք, որովհետեւ 5 տարի, մենք շատ լավ գիտենք, ԲՀԿ-ն խորհրդարանում ինչ է արել: Ամեն ինչով նպաստել է այն տնտեսությունն ունենալուն, որն այսօր ինքը քննադատում է, եւ քննադատում է թուքը բերանին»,- ասել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա զարմացել է, ԲՀԿ-ի այս «ընդդիմադիր» կերպարից, որը չի կարող հավատ ներշնչել:
Այլ ընդդիմադիրներ եւս կարծում են, որ եթե ԲՀԿ-ն իսկապես մտահոգ է երկրի վիճակով, ապա «թող տեղնուտեղը դուրս գա կոալիցիայից, չեղյալ համարի ստորագրած հուշագիրը, ասի որ, չէ, ես այս դաշտում եմ, եւ կտեսնեք, ինչ կանեմ»: Բայց, ըստ ընդդիմադիրների, «ձայնագողությամբ են զբաղված, իրենք էլ, դաշնակներն էլ, ՀԱԿ-ն էլ մի ուրիշ տեսակ»:
Ինչ մնում է վերջինիս, ապա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի կարծիքով, ՀԱԿ-ում թաքցնում են իրենց նկատմամբ եղած հիասթափությունը եւ հաստատ չունի «այն ընտրազանգվածը, որին ձգտում է»:
ՀԱԿ-ում չեն ցանկանում խոստովանել, որ ժողովուրդն իրենցից հիասթափվել է, մարդիկ իրենց այլեւս չեն հավատում, բայց դա շատ ակնհայտ է:
Չնայած նախընտրական «փոխհրաձգություններին», ՀՀԿ-ն հայտարարել է, որ չի պատրաստվում նույն կերպ պատասխանել ՀԱԿ-ի «ագրեսիվ հռետորականությանը». «Մեզ այսօր հարկավոր է քաղաքական հանդուրժողականություն, եւ չնայած ընդդիմության կողմից հարձակումներին՝ մենք չենք պատրաստվում նույն կերպ պատասխանել»,- ասել է ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ Դավիթ Հարությունյանը:
Վահագն Նանյան
Գերդաստա՞ն է, ի՜նչ է
Շենգավիթ համայնքն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում, Արշակունյաց 28/6 հասցեում, ըստ ընտրացուցակի, կա գրանցված 119 ընտրող, եւս 52 հոգի գրանցված են Արշակունյաց 4-րդ նրբանցք, 27 տուն հասցեում.- գրել է «Ժողովուրդ»-ը եւ հիշեցրել, որ Գ. Նժդեհի 35 հասցերի 11 բնակարանում էլ գրանցված էր 101 հոգի՝ Ջավախքի Նարդեւան գյուղից:
Ամենաաղքա՞տ թեկնածուն
Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքում առաջադրված թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերից պարզ է դարձել, որ թեկնածուներից «ամենաաղքատը» Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանն է:
Գլխավոր մարքսիստն աշխատում է Երեւանի թիվ 2 պոլիկլինիկայում՝ որպես թերապեւտիկ բաժնի վարիչ:
2011թ. նա ամսական 90.000 դրամ աշխատավարձ է ստացել եւ 36.000 դրամ թոշակ: Եկամուտները հայտարարագրելու ժամանակ մարքսիսիտի եկամուտները կազմել են 300.000 դրամ:
Բացի այդ, Դ. Հակոբյանը Երեւանում ունի 4 սենյականոց բնակարան, ավտոտնակ, ամառանոցային առանձնատուն եւ 500 մ հողամաս Պտղնիում:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 15 (236), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



