ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկար լռությունից հետո խոսել է եւ նշել, որ Վարդան Օսկանյանի՝ իշխանություններին ուղղված քննադատությունը նրա անձնական կարծիքն է. «Մենք հո տուն-տունիկ չե՞նք խաղում: Այս քարոզարշավի ժամանակ ամենքը խոսում է իր մտածելակերպին եւ պատկերացումներին համապատասխան ու արտահայտում է իր անձնական կարծիքը»: Իհարկե, անձնական կարծիք ունենալը լավ բան է, բայց ԲՀԿ ղեկավարը մոռանում է, որ իր նոր թիմակից, բայց իրենից հին իշխանավոր նախկին ԱԳ նախարարը համարյա զրոյացրել է ԲՀԿ-ի 5 տարիների կոալիցիոն աշխատանքը՝ նշելով, որ բարգավաճականները պատասխանատվություն չեն կրում իշխանությունների գործողությունների համար, քանի որ համարյա չեն հասկացել, թե ինչ են արել… եւ բարգավաճած Օսկանյանը սա ասել է ԲՀԿ անդամ դառնալուց ընդամենը ժամեր անց…
Կուսակցապետ Ծառուկյանը մի հարց էլ «պարզաբանեց», որ «ՀԱԿ-ին ֆինանսապես աջակցելը սուտ հերյուրանքներ են՝ ժողովրդին թյուրիմացության մեջ գցելու համար»: ԲՀԿ-ՀԱԿ համագործակցության, այդ թվում ֆինանսական աջակցության մասին հրապարակումներ արդեն նաեւ ուկրաինական մամուլում են եղել, բայց դա որակվեց սուտ: «Մենք համագործակցում ենք ոչ միայն ՀԱԿ-ի հետ, այլեւ, օրինակ, ՀՅԴ-ի հետ՝ արդար, թափանցիկ ընտրություններ ունենալու համար: Իսկ մնացածը «մուտիլովկաներ» են, խառնաշփոթ են անում. «Մենք համապատասխան փաստաթուղթ ենք ստորագրել նաեւ ՀՀԿ-ի հետ, ինչի՞ մասին է խոսքը»,- հավելել է Գ. Ծառուկյանը:
Իսկ համապատասխան փաստաթուղթ ստորագրած ԲՀԿ-ի ընտրացուցակի թիվ 2-ը՝ Վ. Օսկանյանը, սա էլ է անտեսում եւ հայտարարում է, թե «ԲՀԿ-ն առանձին կառավարություն է կազմելու… ԲՀԿ-ն հավակնում է ընտրություններում հաղթել, հնարավորինս մեծ ներկայություն ձեւավորել խորհրդարանում, կառավարություն կազմել»: Ավելին՝ քոչարյանական Օսկանյանը պնդել է, թե «զուտ քաղաքագիտական առումով եթե մի կուսակցությունը կոալիցիայի մեջ մեծամասնություն ունի, դա արդեն ձեւական է՝ ԲՀԿ-ն գնում է առանձին, իր ծրագիրն ունի, որը ոչ մի կապ չունի ՀՀԿ ծրագրի հետ»:
Ես, որպես լրագրող, կարող եմ ասել այն, ինչ մտածում եմ, ենթադրում եմ, բայց այս պահին կխոսեմ որպես զուտ ընտրող եւ կասեմ, որ պարզապես հիասթափված եմ այն Գագիկ Ծառուկյանից, որին գոնե պատկերացնում էի մինչեւ ընտրացուցակները կազմելը: Այդ օրվանից չկա այլեւս ԲՀԿ նախագահ Ծառուկյան եւ կա մասնատված (կամ այդ ճանապարհը բռնած) ԲՀԿ, որի նախընտրական որեւէ խոստում այլեւս հավաստի չէ եւ անհասցե է հնչում… Նախկին ԱԳ նախարար Օսկանյանը շատերի համար եղել եւ մնում է ԱՄՆ դրածո (ինչպես Ժիրայր Լիպարիտյանը, որի հետ եկան ՀՀՇ տարիներին) եւ նրա այդօրինակ մուտքը քաղաքական դաշտ կամ նպատակ ուներ ոչնչացնել քաղաքական գործիչ Ծառուկյանին (հասկացնելով, որ զբաղվի միայն տնտեսությամբ), կամ նպատակ ուներ « ԲՀԿ-ն առանձին կառավարություն է կազմելու» միջոցով վարչապետի աթոռին բերել Ռոբերտ Քոչարյանին:
«Լուսանցք»-ն արդեն գրել է, որ ՌԴ նորընտիր նախագահ ու այլեւս նախկին վարչապետ Վլադիմիր Պուտինը ՀՀ 2-րդ նախագահին խնդրել է աջակցել իրեն տնտեսական ոլորտում, որտեղ նաեւ հայաստանյան ձեռնարկություններ են ներառված: Բայց սա եղել է այն բանից հետո, երբ Ռ. Քոչարյանը Վ. Օսկանյանին եւ այլոց «մտցրեց» ԲՀԿ ընտրացուցակ եւ պայքար էր սկսել «ԲՀԿ կառավարության ձեւավորման համար»… Տակավին վերջերս, անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահի՝ Մոսկվայում գտնվելու փաստին, որոշ զլմ-ներ եւս գրեցին, թե «Քոչարյանը Մոսկվայի Սպիտակ տանը պաշտոնապես հանդիպել է ՌԴ նորընտիր նախագահ Պուտինին եւ պաշտոնականից զատ, Քոչարյանն ու Պուտինը մի անգամ էլ կարճատեւ հանդիպում են ունեցել, եւ ՀՀ նախկին նախագահին մեծ քաղաքականություն վերադառնալու ցանկալի երաշխիքները չեն տրվել»…
Ստացվում է՝ Ռ. Քոչարյանին վարչապետ դարձնելու ծրագիրը չի կարող գործել եւ Վ. Օսկանյանի բոլոր «ինքնագլուխ» հայտարարությունները վնասելու են միայն Գ. Ծառուկյանին: Իսկ եթե ԲՀԿ նախագահը չի կարողանում վերահսկել իրավիճակը, ուրեմն հնարավոր է «փուռն է տրվել» Ս. Սարգսյան – Ռ. Քոչարյան զույգի քաղաքական խաղերում… Բայց ՀՀԿ-ական շատ գործիչներ էլ հայտարարում են, թե ԲՀԿ-ն դարձավ ՀԱԿ-ի գործիքը, քանզի Վ. Օսկանյանը կատարում է Լ. Տեր-Պետրոսյանի քաղաքական պատվերը:
Ավելին՝ ՀՀԿ-ում ենթադրում են՝ Օսկանյանը կոալիցիայի վերաբերյալ հայտարարություններն ինքնագլուխ չի հնչեցրել: «ԲՀԿ-ում Օսկանյանի հերթական քայլն էլ եղել է կուսակցության ղեկավարի գիտությամբ եւ լիազորությամբ»,- ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե՝ եթե Վարդան Օսկանյանը միացել է ընտրությունների վերահսկողության նպատակով միասնական շտաբի ձեւավորման նախաձեռնությանը, եւ իր ստորագրությունը դրել այդ նախաձեռնության տակ, ապա դա եղել է Գագիկ Ծառուկյանի իմացությամբ եւ լիազորությամբ: Եվ հաշվի առնելով այն, որ ըստ Ն. Զոհրաբյանի, ԲՀԿ-ն «կարգապահ կուսակցություն է», կարելի է ենթադրել, որ նաեւ նախկինում ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ տեղում հանգրվանած Վ. Օսկանյանի հայտարարությունները, այդ թվում՝ ԲՀԿ-ի՝ կոալիցայի կազմում ձեւական լինելու մասին, ինքնագլուխ չի հնչեցվել.- հավելել է Գ. Մելիքյանը:
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ պատասխանելով այն հարցին՝ թե ինչու է ԲՀԿ-ն ընդդիմության հետ միասին մի ճամբարում գործում, ասել է, որ դա Օսկանյանին պետք է հարցնեք, որի տեսակետները չի կիսում ԲՀԿ-ն: Գ. Սահակյանը համոզված է, որ Վ. Օսկանյանը ոչ թե առանձին խաղ է խաղում, այլ ինքը նույն իրավիճակային մոտեցումներն ունի, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Որոշ վերլուծաբաններ էլ նկատել են, որ ՀԱԿ-ը թեկնածու չի առաջադրել այն ընտրատարածքում, որտեղ առաջադրված է ԲՀԿ ղեկավարը, իսկ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն այդ առումով ասել է. «Պարզապես հարմար թեկնածու չենք ունեցել»: ՀԱԿ-ը նաեւ խոստացել է հակաքարոզչություն չանել ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի նկատմամբ: Եթե առաջին երկուսն ընդդիմադիրներ են, ապա ԲՀԿ-ն իշխանական թեւ է… Բայց այդ իշխանական թեւը, ըստ «Հրապարակ»-ի, թիվ 18 ընտրատարածքում որոշում է կայացրել սատարել ՀԱԿ ներկայացուցչի թեկնածությունը: Ըստ լուրերի՝ դա նախաձեռնել է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգորի Գրիգորյանը՝ Շերիֆը, ով նույնպես ծնունդով այս մարզից է:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գ. Մելիքյանը մեկնաբանելով ՀՀՇ վարչության նախագահ Ա. Մանուկյանի հայտարարությունը՝ շնորհավորել է «կոալիցիոն գործընկերոջը. ԲՀԿ-ն ի դեմս ՀՀՇ վարչության նախագահի, նոր մամուլի խոսնակ ունի»: Իսկ ՀՀՇ վարչության նախագահն ասել էր, որ ԲՀԿ-ն ուժ է, որը պայքարում է կեղծիքների դեմ եւ փորձում է դառնալ ինքնուրույն քաղաքական ուժ, անկախանալ ՀՀԿ-ից: «Իսկ Ռոբերտ Քոչարյանը նրանց հետ կապ չունի, այսպիսի քաղաքական գործիչ Հայաստանում չկա, ունեմ հստակ փաստեր, որ այդ մարդը որեւէ քաղաքական ուժերի չի կպնի եւ ոչ մի ուժ չի ցանկանում նրա հետ աշխատել… եւ արտահայաստանյան, եւ հայաստանյան»: ՀԱԿ-ում «հաստատ» կարծում են, որ ԲՀԿ-ն ճիշտ ուղի է ընտրել, իսկ ՕԵԿ-ին ՀՀԿ-ն «քցելու է»…
«Հայոց աշխարհը»-ը գրել է. «ՀԱԿ-ի «բարգավաճելու» հույսը վերջինն է մեռնում. ԲՀԿ-ն ՀԱԿ-ի ձեռքին «գործիք» դառնալու հեռանկարն ընդունեց ի գիտություն»: «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչներն էլ հայտարարեցին, թե «ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ պայմանավորվածություն կա՝ ԱԺ անցնելով ստեղծել նոր կոալիցիա: Հավանաբար հատուկ Տեր-Պետրոսյանին ու ՀԱԿ-ին երջանկացնելու համար»:
ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Ն. Զոհրաբյանն արագ հերքեց այդ լուրը՝ նշելով. «ԲՀԿ-ն որեւէ քաղաքական ուժի հետ որեւէ ստվերային համաձայնություն չունի: Միակ պայմանավորվածությունը, որ կա բոլոր այն ֆորմատներում, որտեղ կա ԲՀԿ-ն, մեկն է՝ անել հնարավորը ընտրությունների ազատ, արդար ընթացքն ապահովելու համար»: Բայց միեւնույնն է, էլի կարծիքներ են հնչում, թե այս ամենը ՀՀ 1-ին նախագահ Տեր-Պետրոսյանի կանխատեսումն էր՝ գայթակղել ԲՀԿ-ին եւ դրանով լուծել 2 խնդիր՝ 1. իշխանական կոալիցիայից մաս պոկելու միջոցով թուլացնել իշխանությունը, 2. համագործակցությունը գլուխ բերելու դեպքում նախընտրական շրջանում փորձել առավելագույնս օգտվել ԲՀԿ-ի ֆինանսական-նյութական հնարավորություններից՝ բնականաբար ի շահ կոնգրեսի օգտագործելով նաեւ ԲՀԿ-ի քաղաքական, մարդկային ու բարոյական ներուժը: Իսկ ԲՀԿ ղեկավարի հայտարարագրից «Հայկական ժամանակ»-ը մեջբերել էր. «…Ադամանդներ, ոսկեղեն, կահույքներ, «Ռոլս-Ռոյս կուպե ֆանտոմ» եւ այլ մեքենաներ ու շինություններ, նաեւ բանկային հարուստ հաշիվներ»… ինչը ՀԱԿ-ին «հարազատ» էր թվացել… Կարծես իրենք չունեն……
Զուր չէր, որ դեռ ամիսներ առաջ «Լուսանցք»-ը գրում էր «երկու իշխանություն – երկու ընդդիմություն հնարավոր տարբերակի մասին», որ կարող էր առաջանալ նախընտրական ընթացքում:
Այս ամենը մի պահ այնպես ազդեց ԲՀԿ նախագահի տրամադրության եւ մտածողության վրա, ու անգամ զրույցներ եղան, թե ԲՀԿ-ն կփոխի իր որոշումը եւ ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի հետ կմասնակցի միասնական համամասնական ընտրացուցակով: Բայց այդպես չեղավ: Ըստ որոշ վերլուծաբանների, այդ դեպքում մի հստակ «նախագահական թիմ» կմտներ խորհրդարան, որ ՀԱԿ-ի կամ ՀՅԴ-ի ու «ժառանգության» ներկայացվածությունն արդեն կարեւոր չէր էլ լինի:
Չնայած այս խառնիխուռն իրավիճակին, ԲՀԿ նախագահը հայտարարել է. «Ինչ էլ լինի՝ ԲՀԿ-ն չի պատրաստվում ցեխ շպրտել ուրիշների վրա… Ովքեր թույլ են՝ նրանք էլ իրականացնում են դա, բայց կարեւորը ժողովրդի կարծիքն ու ընտրությունն է»: Սա նաեւ պատասխանն էր այն տեսաերիզի, որտեղ երեւում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ժողովրդի հետ հանդիպմանը գնացել է զենքով:
Բայց մի շարք հարցեր դեռեւս մնում են օրակարգում՝ դեռ չպարզաբանված. հիմա Օսկանյանը ԲՀԿ-ի՞ց է, թե՞ ԲՀԿ-ից չէ… Հիմա Օսկանյանը Քոչարյանի՞, թե՞ Տեր-Պետրոսյանի «մարդն» է… Հիմա Օսկանյանը Ծառուկյանի՞ դեմ է, թե՞ գործող նախագահ Սերժ Սարգսյանի…
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 15 (236), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



