Ապրիլի 23-ին ԵՊՀ-ում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված ուսանողական միջբուհական գիտաժողովը, որի շրջանակներում զեկուցումներով հանդես եկան ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ: Դիտարկվեցին Հայոց ցեղասպանության պատճառները, հետեւանքները, եղեռնի պատմաքաղաքական պայմանները, այս ամենը՝ պատմագիտության, հոգեբանության, իրավագիտության, սոցիոլոգիայի եւ այլ գիտությունների համատեքստում, ինչը թույլ կտա վերլուծել անցյալը եւ դասեր քաղել: Հնչեցին զեկուցումներ «Ցեղասպանության տնտեսական պատճառները», «Կոլեկտիվ հիշողության ուսումնասիրության մեթոդաբանություն. Հայոց ցեղասպանությունը՝ որպես կոլեկտիվ հիշողության դրսեւորում», «Կարսի մարզի բնակչության թվի աճը 1915-17թթ.» եւ այլ թեմաներով: Սրանք հետագայում կտպագրվեն ու կներկայացվեն հանրությանը:
Իրանի «Փարսինե.քոմ» կայքում էլ թողարկվել է մի հոդված, որում նշվել է, թե՝ «1914-1916թթ. Օսմանյան Թուրքիայի բարձրագույն իշխանության կողմից իրականացված ցեղասպանության հետեւանքով շուրջ 1,5 միլիոն հայ է նահատակվել»: Հոդվածն անդրադառնում է Արեւմտյան Հայաստանում մինչեւ ցեղասպանությունը տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակին, նշում է, որ 19-րդ դարի 2-րդ կեսին Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արեւմտյան Հայաստանում շուրջ 3 միլիոն հայ էր ապրում, որոնց վիճակը 19-րդ դարի վերջում ավելի է ծանրանում. այնուհետեւ ներկայացվում են 1890-1892թթ. Սասունի, 1896թ. Ստամբուլի, 1902թ. Ադանայի հայերի նկատմամբ տեղի ունեցած կոտորածները, որոնց ընթացքում ավելի քան 300.000 հայ է սպանվում:
1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած կոտորածներին անդրադառնալով՝ հոդվածի հեղինակը հայտնում է, որ թուրքական իշխանությունը պատերազմի պատրվակով 16-52 տարեկան հայ տղամարդկանց հավաքագրում եւ զորակոչում է բանակ, որից հետո էլ առանձին-առանձին նրանց ոչնչացնում է: Իսկ արդեն 1915թ. տեղի է ունենում հայերի զանգվածային բռնագաղթը դեպի Սիրիայի եւ Միջագետքի անապատներ: Մեջբերված են նաեւ «Օսմանյան Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ցեղասպանության իրագործմանն առնչվող հրամանները. «Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան իր հրամաններում կարգադրել է, որ բոլոր հայերը պետք է ոչնչացվեն, նույնիսկ երեխաներին չպետք է կարեկցել: Այսպիսով թուրքերը նախ սպանում են հայ մտավորականներին, իսկ այնուհետեւ անպաշտպան բնակչությանը կենդանի-կենդանի այրում իրենց բնակարաններում, իսկ երեխաներին ու մանկահասակ աղջիկներին սպանում կամ գցում են գետը»:
Նաեւ այլ երկրների զլմ-ներն են նշել, որ «Արեւմտյան Հայաստանում 1914-1916թթ. Թուրքիայի բարձրագույն իշխանության (պաշտպանության եւ ներքին գործերի նախարարներ) կողմից իրականացված ցեղասպանության հետեւանքով շուրջ 1,5 միլիոն հայ է նահատակվել», ինչը դեռ անպատիժ է մնացել եւ չհատուցված:
Թուրքիայում ապրիլի 24-ին կրկին հիշատակեցին Հայոց ցեղասպանության զոհերին: Որոշ կազմակերպություններ անդրադարձան «Թուրքիայում Օսմանյան կայսրությունում 1915թ. հայերի սպանություններին եւ աքսորին» նվիրված 97-ամյակի միջոցառումներին: «Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական, իրավական, քաղաքական եւ
սոցիալական պարտականություն է»,- «Հուրրիեթ»-ի հետ զրույցում ասել է «Մարդու իրավունքների կազմակերպության» անդամ Այշե Գյունայսուն: Հիմնական միջոցառումը տեղի ունեցավ Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում՝ «Ասենք՝ ո՛չ ռասիզմին» կարգախոսով:
Ցեղասպանությանը նվիրված հիշատակի միջոցառումներ եղան Անկարայում ու Իզմիրում:
«Ստերը չեն կարող հավերժ շարունակվել, եթե մենք ցանկանում ենք տեսնել ճշմարտությունը»,-նշել է թուրք իրավապաշտպան Գյունայսուն՝ հավելելով, որ անցյալի այդ վշտի ճանաչումը կհանգեցնի Թուրքիայի իրական ժողովրդավարացմանը, «ռասիզմն ու ատելությունը կկորչեն ոտքերի տակ, եւ մենք կկարողանանք մոտենալ մարդկային կյանքին»… Թուրքական զլմ-ներում անդրադարձ կա նաեւ բանակում սպանված հայազգի զինծառայող Սեւակ Շահին Բալըքչըյի սպանությանը, որը տեղի է ունեցել անցյալ տարի՝ ապրիլի 24-ին:
«Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարան»-ը այս օրերին Վաշինգտոնում բացել է «Հայոց ցեղասպանության ականատեսներ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են ցեղասպանության վերաբերյալ գերմանացի ականատեսների լուսանկարները:
Ցուցահանդեսն անցկացվում է ԱՄՆ-ի Կապիտոլիումի մոտակայքում գտնվող Բարեփոխման լյութերական եկեղեցում:
Բազմաթիվ լուսանկարներ ցուցադրվել են առաջին անգամ՝ տասնամյակներ շարունակ մոռացության մատնվելուց հետո:
Այդ լուսանկարներում հայ գաղթականներն են աքսորի ճանապարհին, կից ներկայացված են հեղինակների օրագրային գրառումները եւ հուշագրությունները, որոնք վկայում են լուսանկարների վավերականության մասին:
Հիշեցնենք, որ մինչ ապրիլի հիշատակի օրերը, Կանադայում եւ այլուր բողոքի ցույցեր են եղել Ադրբեջանի դեսպանատների առջեւ՝ հիշելով Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ Մարաղայում հայերի կոտորածները:
Ադրբեջանական եղեռնագործությունը թուրքական ցեղասպանության անպատժելիության հետեւանք է, որը կարող է շարունակվել, եթե չճանաչվի եւ չդատապարտվի խի՛ստ պատժամիջոցներով…
Հայկ Թորգոմյան
* * *
Հողային պահանջատիրություն եւ բոլո՛ր վնասների փոխհատուցում
Ապրիլի 24-ին Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել 1915-1923թթ. Հայոց Մեծ Եղեռնի (Ցեղասպանության) զոհերի (շուրջ 3,5 մլն.) հիշատակին:
Երթին մասնակցել են նաեւ ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհրդի եւ «Ոգու պահապաններ» ուսանողական ու երիտասարդական կազմակերպության անդամները:
Հայ արիներն ու ազգայնականները վերստին երդվել են՝ պայքարել ու ձգտել Հայ Դատի վերջնական հաղթանակին՝ հասնելով Հայոց Հայրենիքի վերատիրմանը-վերամիավորմանը Հայկական լեռնաշխարհում՝ ապահովելով հայության Հողահավաքն ու Ազգահավաքը Հայ Տեսակի Արարչատուր Բնօրրանում:
Արդար վրե՛ժն է պատասխանը անմեղ զոհերի արյան, եւ Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումն ու դատապարտումը պետք է ներառի մեր հողային պահանջատիրությունը եւ բոլոր տեսակի վնասների փոխհատուցումը:
Հայ Արիական Միաբանություն
Հայ ազգայնականների Համախմբում
Նախ՝ Արեւմտյան Հայաստանի վերադարձ
Թուրք պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամը ամերիկյան Վիսկոնսին նահանգի Ռասին շրջանի Ս. Մեսրոպ հայ առաքելական եկեղեցու հրավերով ապրիլի 29-ին հանդես կգա ելույթով: Միջոցառումը նվիրված է Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին: «Ոչ ոք հաստատ չգիտի, թե որքան մարդ է զոհվել Հայոց ցեղասպանության ժամանակ, սակայն հաշվարկների համաձայն, նրանց թիվը հասնում է 1,5 մլն.-ի: Շատ պատմաբաններ 1915թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները, որոնք նպատակ են ունեցել մաքրել երկիրը էթնիկ փոքրամասնություններից, համարում են առաջին ժամանակակից ցեղասպանությունը: «The Journal Times»-ը ճանաչում է Ցեղասպանությունը որպես փաստ: Ռասինի շրջանի եւ ամբ
ողջ աշխարհի հայ համայնքի համար Հայոց ցեղասպանությունը ողբերգություն է: Սակայն, դա նրանց պատմության մի մասն է, որի մասին շատ քիչ ամերիկացիներ գիտեն»,- գրում է պարբերականը: Թուրք պատմաբանը Հայոց ցեղասպանության թեմայով մի շարք աշխատությունների եւ գրքերի հեղինակ է եւ կխոսի ցեղասպանության ճանաչման ու Հրանտ Դինքի սպանության մասին:
Միջոցառմանը ներկա կլինեն ցեղասպանությունը վերապրածների ընտանիքի անդամները:
Ըստ Թաներ Աքչամի, աշխարհի գերհզոր տերությունների կողմից, ինչպիսին ԱՄՆ-ն է, ցեղասպանության չճանաչումը հավասարազոր է ժխտողական վարչակարգի աջակցմանը. «Թուրքիան պետք է ճանաչի անցյալի իր վայրագությունները»:
Այսօր արդեն լուրջ հակասություններ են առաջացել հայկական եւ հրեական ցեղասպանությունների ճանաչման եւ դատապարտման առումով: 20-րդ դարի 2 ցեղասպանությունները, հայկական Եղեռնը եւ հրեական Հոլոքոստն ունեն բազմաթիվ նմանություններ ու տարբերություններ. ասում են շատ պատմաբաններ: Բայց նաեւ հստակ է, որ հիմնական մի տարբերություն կա. այն է՝ հայերը կոտորվել են իրենց հայրենիքում, իսկ հրեաները՝ օտարության մեջ:
Հրեաների կոտորածը սկսվել է գերմանական նացիստների իշխանություն գալու ժամանակ եւ իրականացվել է այլ եվրոպական երկրներում եւս, իսկ հայերի կոտորածները սկսվել են սուլթանական Թուրքիայում եւ ավարտվել երիտթուրքերի (սիոնիստական եւ պանթուրքիստական դաշինքի) իշխանության գալով:
Ուստի, եթե հրեաներին լիովին բավարարեց Գերմանիայի «ներողությունը» եւ ֆինանսական փոխհատուցումը, ապա մեզ՝ հայերիս, նախ պիտի վերադարձվի Արեւմտյան Հայաստանը եւ այնուհետեւ լուծվի փոխհատուցման խնդիրը: Եվ սա՛ պետք է իմանան եւ՛ թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամը, եւ՛ թուրքերն ու միջազգային հանրությունը:
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 15 (236), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



