Ընտրախախտումների կամ այլ բացասական երեւույթների մտահոգությամբ էլ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԴԿ-ն, ՀԿԿ-ն, ՕԵԿ-ն ու ՀԱԿ-ը դիմել են կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի տեխնիկական հնարավորությունների մասին տեղեկանալու համար: Պարզվել է, որ ՍԷԿՏ համակարգը պարունակում է ոչ թե անձանց ՀՀ-ում գտնվելու վերաբերյալ տվյալներ, այլ միայն տվյալներ սահմանային կետերը հատելու վերաբերյալ: Ընդ որում, համակարգն ունի սահմանափակումներ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ տարբեր սահմանային կետերը միացվել են համակարգին տարբեր ժամանակահատվածներում: Վերոնշյալով պայմանավորված՝ համակարգը չի կարող երաշխավորել անձի ՀՀ-ում կամ նրա սահմաններից դուրս գտնվելը փաստի ստույգ հաստատումը: Այդ համակարգը հնարավորություն չի տալիս ինքնուրույն մշակել ընտրողների ցուցակը՝ կատարելով նշում այս կամ այն անձի՝ ՀՀ-ում գտնվելու վերաբերյալ:
Միաժամանակ, կարեւորելով ընտրությունների ժամանակ ՀՀ-ից բացակա անձանց փոխարեն քվեարկելը բացառելը եւ նպատակ ունենալով լրացուցիչ վերահսկողական մեխանիզմներ սահմանելը այդ ուղղությամբ, նշված կուսակցությունների անունից դիմում է հղվել ԱԱԾ հետեւյալ առաջարկով. մայիսի 6-ից մինչեւ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին ընտրական հանձնաժողով դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը ընձեռել նշված կուսակցությունների մեկական ներկայացուցչի ՍԵԿՏ համակարգից օգտվելու հնարավորություն՝ ստուգելով իրենց տեղեկություններով քվեարկության մասնակցած այս կամ այն քաղաքացու վերաբերյալ համակարգում առկա տվյալները, եթե այդ քաղաքացին քվեարկությանը մասնակցել է այն տեղամասում, որի արդյունքները անվավեր ճանաչելու մասին օրենքով սահմանված կարգով դիմում է ներկայացվել կամ ներկայացվելու: Երաշխավորվել է, որ համակարգի միջոցով ստացված տվյալները կօգտագործվեն բացառապես 2 նպատակներով՝ ա) ընտրությունների արդյունքերը անվավեր ճանաչելու պահանջով դիմելիս, բ) իրավախախտ անձանց պատասխանատվության ենթարկելու համար ոստիկանությանը դիմելիս: Սույն հայտարարությունը բաց է նաեւ ընտրություններին համամասնական կարգով մասնակցող այլ կուսակցությունների համար, եւ «Ժառանգություն»-ն արդեն միացել է:
Ոստիկանությունն իր հերթին հիշեցրել էր ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու կարգի մասին: Ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 7-րդ մասերով՝ այլ համայնքի հաշվառում ունեցող եւ քվեարկության օրը գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվել ցանկացող, ինչպես նաեւ ՀՀ-ում հաշվառում չունեցող եւ քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվել ցանկացող քաղաքացիները, նաեւ՝ ծառայությունից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված ու իրենց մշտական բնակության վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվել ցանկացող պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները լիազոր մարմին կարող են դիմել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 7 օր առաջ, որի ժամկետը լրացել է 2012թ. ապրիլի 29-ին: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տարածքային անձնագրային ծառայություններին հանձնարարել էր այդ օրը աշխատանքը կազմակերպել այնպես, որ քաղաքացիները կարողանան իրացնել իրենց վերը նշված իրավունքները:
Ոստիկանությունը պարզաբանել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանի դատողությունները՝ ընտրացուցակներում մահացած անձանց տվյալների առկայության վերաբերյալ: Մասնավորապես՝ ՄԻՊ-ը «վատ վարչարարության արդյունք է» որակել մաքուր ցուցակների բացակայությունը:
Ոստիկանները պաշտոնապես հայտնել են, որ նման եզրահանգումը չի բխում բնակչության պետական ռեգիստրի մասին օրենսդրությունից եւ համապատասխան իրավակիրառական փորձից: Կառավարության «ՀՀ-ում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» 2005թ. որոշմամբ հաստատված հավելված 1-ի 22-րդ կետի համաձայն, մասնավորապես, անձի անհատական հաշվառման տվյալներն արխիվացվում են անձի մահվան կամ դատարանի որոշմամբ մահացած ճանաչվելու դեպքում: Հիշյալ որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ մահվան փաստը հավաստող փաստաթղթի տվյալները, քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, բնակության վայրի (կացարանի) հասցեն բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմնին է տրամադրում արդարադատության նախարարությունը: Անձնագրային եւ վիզաների
վարչությունում չի գրանցվել որեւէ դեպք, երբ սահմանված կարգով ու ժամկետում գործակալությունից ստացվի մահացած անձի վերաբերյալ տվյալ եւ ռեգիստրում համապատասխան անձի անհատական տվյալները չարխիվացվեն: Մահացած անձանց տվյալները ընտրացուցակներում հայտնվում են միայն մահացածի ազգականի կամ շահագրգիռ անձի կողմից մահը չգրանցելու կամ օրենսդրությամբ սահմանված կարգով մահացած անձի անձնագիրը ՔԿԱԳ ստորաբաժանում չներկայացնելու դեպքերում: Այս ընթացքում ոստիկանությունը մեկ այլ հաղորդագրություն էլ է տարածել, ըստ որի՝ 2012թ. մարտի 27-ից ապրիլի 27-ը ՔԿԱԳ մարմիններից, զլմ-ներից, նախընտրական շտաբներից ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում ստացվել, ստուգվել ու մշակվել է մահվան դեպքերի վերաբերյալ 4462 տեղեկություն: Ստուգման արդյունքում՝ մահվան 3278 դեպքերի վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են, 299-ը՝ հերքվել: 34 անձի մահվան վերաբերյալ տեղեկությունները հնարավոր չի եղել պարզել: Ստուգման փուլում է գտնվում 99-ը: 752 անձի անհատական տվյալները առկա չեն եղել ընտրողների ռեգիստրում:
Այսպիսով, նշված ժամանակահատվածում ոստիկանության ԱՎ վարչության եւ պրոֆիլակտիկ ծառայությունների ուժերով մշակվել են 4462 մահացած անձանց վերաբերյալ տեղեկություններ, որից 4363-ի ընթացքը լուծվել է, 99-ը ուսումնասիրության փուլում է:
Ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ԱՎՎ-ում գործող «թեժ գիծ» ծառայության միջոցով էլ ստացվել է 134 ահազանգ՝ 196 անճշտության վերաբերյալ: Այսպես՝ 1) ընտրացուցակներում ընդգրկված մահացած անձանց վերաբերյալ-19, 2) ընտրացուցակում առկա, սակայն հաշվառում չունեցող անձի վերաբերյալ-1, 3) այլ անձի պատկանող բնակելի տարածությունում բնակության իրավունք չունեցող քաղաքացիների հաշվառման վերաբերյալ-40, 4) ՀՀ-ից դուրս գտնվող, սակայն ցուցակում ընդգրկված լինելու վերաբերյալ-9, 5) հաշվառված, սակայն ցուցակներում ընդգրկված չլինելու վերաբերյալ-61, 6) հասցեի բացակայության վերաբերյալ-1, 7) ընտրական գործընթացի, քվեարկության կարգի, անճշտությունների շտկման, ինչպես նաեւ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ-65: Բոլոր ահազանգերը ստուգվել են, հայտնաբերված անճշտությունները շտկվել, իսկ խորհրդատվական հարցերին տրվել են սպառիչ պարզաբանումներ:
Գլխավոր դատախազությունը պատրաստել է ընտրողի կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու, մասնավորապես՝ ընտրակաշառքի համար նախատեսված պատասխանատվության միջոցների մասին իրազեկման թերթիկներ: Գլխավոր դատախազությունը հանրային իրազեկման թերթիկներ կտրամադրի շահագրգիռ բոլոր կողմերին՝ հկ-ներին, պատգամավորի թեկնածուներին, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին, ովքեր պատրաստակամ են աջակցել ընտրակաշառքի դեմ պայքարին եւ ընտրողների իրավագիտակցությունը բարձրացնելու միտված տեղեկատվական թերթիկների տարածմանը: Բոլոր շահագրգիռ կողմերը յուրաքանչյուր աշխատանքային օր կարող են այցելել գլխավոր դատախազություն՝ թերթիկների որոշակի խմբաքանակ ստանալու համար: Իրազեկման թերթիկում նշված է, որ ընտրակաշառք տալու համար նախատեսված է 3-5 տարվա ազատազրկում:
ԿԸՀ-ն եւս ակտիվ է աշխատել այս ընթացքում, բայց դժգոհություններ եղել են: ԿԸՀ-ի արտահերթ նիստում հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է. «ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական միջանկյալ զեկույցում Ընտրական օրենսգրքի դրույթները ոչ ամբողջական են ներկայացվել, որը ոչ թե միտումնավոր էր, այլ անփութության հետեւանք, մասնավորապես ոչ ճիշտ են ընկալվել դրույթները դիտորդական առաքելությունների, ինչպես նաեւ քարոզչական նյութերի տարածման, նախընտրական շտաբների գործունեության տեղեկանքների ընդունման մասով»: Ըստ ԿԸՀ նախագահի, խոսվում է, թե պետական կառույցների կամ ՏԻՄ-երի, ինչպես նաեւ դպրոցների տարածքներում իրականացվում է քարոզարշավ, սակայն չի հստակեցվում, որ նման տարածքներին կից կամ նույն շենքում կարող են գտնվել նախընտրական շտաբները: Պետական մարմնի կամ ծառայողի քարոզչական իրավասություններից խոսելով էլ՝ վկայակոչվել է ԸՕ-ի համապատասխան դրույթի միայն մի հատվածը, ըստ որի՝ արգելվում է, օրինակ, մանկավարժներին, վարչական աշխատողներին քարոզչությամբ զբաղվել՝ դուրս թողնելով այն հատվածը, առ այն, որ այդ արգելքը վերաբերում է աշխատանքի ժամին: Որեւէ նման դեպք մինչ օրս չի արձանագրվել, հավելել է Տ. Մուկուչյանը, ում խոսքով՝ զեկույցում ճիշտ չէ արտացոլված տեղական կազմակերպություններին դիտորդական առաքելության իրավունքի տրման գործընթացը:
ԿԸՀ պնդմամբ, դիտորդական առաքելություն են իրականացնելու 53 կազմակերպության շուրջ 30 հազար դիտորդ, որոնցից յուրաքանչյուրը վերապատրաստվել է, ստուգարք է հանձնել: Նաեւ նշվել է, որ անհիմն է զեկույցում այն դիտարկումը, թե ինչու ԿԸՀ-ն չի զբաղվում թեկնածուների բնակության տեղեկանքների կազմման գործընթացով, քանի որ ԿԸՀ-ն պետական կառույց է եւ իրականացնում է իր գործառույթներն ըստ օրենսդրության: Տ.Մուկուչյանի գնահատմամբ՝ եթե նախկինում զեկույցում մատնանշվում էին «ինստիտուցիոնալ բացթողումները, այս անգամ խոսվում է միայն առաձին դեպքերի մասին», եւ հերքվում է այն տպավորությունը, թե «ԿԸՀ-ն իր գործառույթները պատշաճ եւ անկողմնակալ չի կատարել»:
Այսպիսով, բոլորը վստահեցնում են, որ ամեն ինչ անում են հանուն արդար եւ ազատ ընտրությունների: Իսկ թե ինչ չափով են անում, ուղիղ արտացոլանքով կերեւա մայիսի 6-ին:
Արման Դավթյան
* * *
Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը ներկայացրել է ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների վերացմանն ուղղված աշխատանքի արդյունքները: Մասնավորապես նշվել է, որ ապրիլի 27-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ԱԱՎ-ում մշակվել է ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ 6411 տեղեկատվություն, որից 3592-ը ստացվել է ոստիկանության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, 2819-ը՝ ընտրական գործընթացի մյուս մասնակիցների կողմից: Հիշյալ անճշտությունները վերաբերել են ընտրողների ռեգիստրում առկա մահացած անձանց/5668/, հաշվառված, սակայն ընտրացուցակներում չընդգրկված անձանց /413/, հաշվառում չունեցող, սակայն ընտրացուցակում ընդգրկված անձանց /175/ եւ անհատական տվյալներին՝ կրկնվող անուններ ու սխալ հասցեներ /155/: Տեղեկությունների ստուգման արդյունքում ընտրացուցակներում կատարվել է 3818 փոփոխություն եւ ուղղում: Ընդհանուր առմամբ հերքվել են մահացած անձանց վերաբերյալ 1873 տվյալներ: Հերքվել են կրկնվող անձանց վերաբերյալ տեղեկությունները. 111 դեպքերում կան միեւնույն տվյալներն ունեցող երկու տարբեր անձինք՝ 222 հոգի, իսկ շուրջ 53 հազար անձանց դեպքում նշված է միայն ծննդյան տարեթիվը, իսկ ամիսը եւ ամսաթիվը նշված են 00:
«Լուսանցք» թիվ 16 (237), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



