Որ նորընտիր խորհրդարանը լսի նաեւ արտախորհրդարանական ուժերին

 
Որեւէ հետընտրական խառնակչության չպե՛տք է ենթարկվի Հայաստանը

Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են համայն հայությանը, ՀՀ իշխանությանն ու ընդդիմությանը, հանրապետության քաղաքաքացիներին եւ մեր ազգի բարի կամեցողներին ընտրությունները նախորդներից առավել ազատ ու կազմակերպված անցկացնելու համար:

Հայ արիներն ու ազգայնականները չմասնակցելով ՀՀ ԱԺ հերթական ընտրությանը՝ իրենց քվեարկությամբ եւ հանձնաժողովների անդամների ու լիազորված անձանց մասնակցությամբ նպաստեցին ընտրական գործընթացի հնարավորինս ազատ ու թափանցիկ անցկացմանը:

Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են նաեւ նորընտիր խորհրդարանական քաղաքական ուժերին ու անհատներին՝ մաղթելով ազգանվեր գործունեություն՝ վասն հայի ու Հայաստանի, հանուն սփյուռքահայության եւ Արցախի, հայոց բարձր արժեքների ու նպատակների հաղթության:

Հայ արիներն ու ազգայնականները համամիտ չլինելով իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի որոշ գաղափարներին ու գործունեությանը՝ այնուամենայնիվ վստահություն են հայտնում, որ նորընտիր խորհրդարանը կլսի նաեւ արտախորհրդարանական ուժերի ձայնը, որն ազգի մի զգալի հատվածի ցանկություններն է վստահաբար:

Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը ակնկալում են, որ հաղթող ուժերն այս անգամ չեն շտապի իշխանական դաշինքի ձեւավորման առումով, եւ կնախընտրեն օրենսդիր ու գործադիր ոլորտները ձեւավորել առավելապես հայանպաստ ու հայակենտրոն, որը կարող է ազգայինը ընդունելի ու համադրելի դարձնել միջազգային ասպարեզում:

Հաղթող ուժերին կոչ ենք անում՝ հայության համապարփակ շահերի եւ Հայաստանի ազգային փոքրամասնությունների նպատակների կենտրոնացված պաշտպանության համար իշխանական առանցքը կազմել ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական գործուն ուժերից: Սա հնարավորություն կտա ամրապնդել ու կայունացնել երկրի ներքին քաղաքական կյանքը, որն էլ գրավական կդառնա արտաքին քաղաքական հաջողությունների համար:

Խորհրդարանական ընտրությունների հնարավորինս ազատ ու կազմակերպված անցկացումն առ այսօր որեւէ քաղաքական կամ այլ բողոքի անհանդուրժող ալիքի չի հանգեցրել, քանզի իրական պատճառներ չկան, իսկ միջազգային դիտորդները բացառապես դրական են արտահայտվել: Ուստի, այսուհետ ցանկացած քայլ, հատկապես որի հետեւում կհայտնաբերվեն միջազգային այլեւայլ ուժեր կամ օտար երկրների (նաեւ՝ թշնամի) կառավարիչներ, պետք է արագորեն եւ օրենքի սահմաններում կանխվեն ՀՀ իշխանությունների կողմից, որպեսզի մի նոր հետընտրական խառնակչության չենթարկվի Հայաստանը:

 

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

07.05.2012թ. – Երեւան

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.