«Շուշին ազատագրելով՝ փառահեղ նախնյաց եւ մեր պահանջատիրության ու հայրենիքի վերատիրման վեհ կարոտն առանք: Շուշիի ազատագրումը լոկ ճակատամարտ չէր եւ պարզ հաղթանակ չէր ընդամենը, հայաշունչ քաղաքի վերադարձը վճռական բեկում էր եւ՛ արցախյան պատերազմում, եւ՛ մեր՝ հայության հոգիներում:
Եթե Ավարայրն իր բնույթով ճակատամարտ էր հանուն կրոնի, իսկ Սարդարապատը՛ հանուն ինքնապաշտպանության ու գոյատեւման, ապա՝ Շուշիի ճակատամարտը սրբազան կռիվ էր վասն ազատագրության, հանուն հայրենատիրության եւ գալիք հաղթական ապագայի: Սակայն, եթե Շուշիի ու Սարդարապատի դեպքում ամեն բան պարզ է, ապա Ավարայի ճակատամարտի հարցում նոր պարզաբանումներ են ի հայտ գալիս եւ սա ոչ թե կրոնի, այլ՝ երկրի իշխանությունը եկեղեցուց հայոց թագավորական տոհմին վերադարձնելու խնդիրը լուծեց… Եվ դա էլ Վարդանանց կռիվը տարավ անձնազոհության:
Շնորհավոր մայիսյան բոլոր հաղթական տոները՝ մայիսի 8-ը՝ Շուշիի ազատագրության, մայիսի 9-ը՝ 2-րդ աշխարհամարտի մասնակից հայ զինվորների հաղթանակի, մայիսի 28-ը՝ Հայաստանի 1-ին հանրապետության ստեղծման: Շնորհավորում ենք նաեւ Երկրապահի տոնը եւ բոլոր հայ ազատամարտիկներին ու կամավորականներին:
Հավերժ փա՛ռք ազգի բոլոր նահատակներին եւ զորացում ու բարիք ապրող քաջերին»,- ասված է տոնական շնորհավորանքում:
* * *
Երբ Շուշիից խոսում են ժառանգական վախկոտները
Նկատե՞լ եք՝ Շուշիի հաղթանակից հիմնականում ովքեր են խոսում մայիսյան այս օրերին:
Շուշիից խոսում է երիտասարդ մի պաշտոնյա, ում հայրենասեր հայրը իր որդուն՝ այս այժմյան պաշտոնյային արագ-արագ ամուսնացրեց, որպեսզի մինչեւ բանակ գնալը հասցնի համապատասխան թվով երեխաներ ունենալ, որպեսզի չգնա հայրենիքին ծառայելու: Հասցրեց ու չգնաց:
Շուշիից խոսում է իրեն ընդդիմադիր երեւակայող մի գործիչ, ով ինչքան էլ տարիքն առնի, միեւնույնն է՝ չի հասունանում՝ ոչ ձայնն է փոխվում, ոչ շարժուձեւը: Ու քանի որ միշտ ջահել է՝ բառիս բացասական իմաստով, գոնե Շուշիի փառապանծ հաղթանակից խոսելիս չի կարողանում իրեն զսպել ու ոջիլի պատմությունը չանել. ասում են՝ ծանոթները (ընկերներ չունի) ծաղրում են նրան՝ «որ լեւի տանենք, կարո՞ղ է էնտեղ էլ իշխանափոխությունից խոսես, խայտառակ լինենք»:
Շուշիից խոսում է մի սփյուռքահայ, ով ուզում է, որ հայ ժողովուրդն իրեն անվերջ երկրպագի այն բանի համար, որ իր ամերիկաները թողել ու եկել-Հայաստանում է ապրում: Դե բա սրան ոնց չասես. «Լսի, եկար, հողը պաչեցիր, թատրոնդ խաղացիր, թող գնա, մեզ էլ փրկիր էն երկրից, որ քեզ Հայաստանում տիրություն է անում»:
Շուշիից խոսում է մարազմատիկ մեկը, որ մեր երկրում հայտնվում է առիթից առիթ ու ապուշ կտրած դեմքով սկսում բացահայտումներ անել, չէ՜, խոսել այն բացահայտումներից, որ իրեն հրամցրել են սկուտեղի տակ կամ՝ վրա, կարեւոր չէ:
Շուշիից խոսում է դարձյալ մի պաշտոնյա, ով Շուշիում ցայսօր չի եղել՝ վախենալով, որ էնտեղ դեռ թուրքեր կան ու իրեն կխփեն: Ասում են՝ այդ վախը ժառանգական է: Հայրենական մեծ պատերազմին մասնակցած նրա պապը տարիներ անց էլ չգիտես ինչու մի անգամ վախեցել է Բելառուսի անտառներում ծանոթների հետ գնալ քեֆի՝ մտածելով, թե այնտեղ դեռ պարտիզաններ կլինեն թաքնված, ովքեր չիմանալով պատերազմի ավարտի մասին՝ իրենցից վրեժ կլուծեն՝ կարծելով, թե քեֆի համար կրակ վառողները գերմանացիներ են:
Շուշիից խոսում է էլի մի պաշտոնյա, ում մկանունքներում չկա այնքան ուժ, որ ավտոմատ վերցնի ձեռքը:
Շուշիից խոսում է մեկը, ով Շուշիի գրավման մասին իմանալով՝ հորդորել է վերադարձնել ազատագրված հողը, որպեսզի հանկարծ աշխարհը չբարկանա:
Շուշիից խոսում է մեկը, ով հայրենիքին ծառայություն է մատուցել ու այսօր դրա դիմաց վարձք չստանալով՝ նեղացել է:
Շուշիից խոսում են……
Իսկ Շուշիով հպարտացողները կամ լռում կամ փառավորվում են:
Շուշիով հպարտացողները երազում են տղա ունենալ ու հայրենքին հզորություն պարգեւել:
Երազում են էլի հող գրավել, փարվել այդ հողին, բայց դրանից հատուկ ֆիլմ չսարքել-չցուցադրել:
Երազում են ազատագրել այլ շուշիներ՝ թքած ունենալով խուլ աշխարհի կարծիքի վրա, որովհետեւ այդ աշխարհի տերերից չեն սնվում:
Երազում են՝ առանց դրա դիմաց մեդալ ու փառք, մեդալ ու վարձք ուզելու:
Այնպես որ, զուր մի ճամարտակեք, Շուշին իր էջերում բոլորիդ տեղ կտա:
Ըստ արժանվույն:
«Լուսանցք»
Ազատագրումը՝ «Հարսանիք լեռներում»
1992թ. մայիսի 8-9-ին իրականացվեց ազատագրական պայքարի ամենափայլուն գործողություններից մեկը՝ Շուշիի ազատագրումը: Մինչ այսօր տարբեր երկրների բարձրաստիճան զինվորականներ ու մասնագետներ դեռ հիացմունքով են նշում, թե ինչպես հայկական զինուժը կարողացավ 2 օր գրոհելով՝ ազատագրել անառիկ բերդաքաղաքը, որը 3 կողմից պաշտպանված է լեռներով ու անդունդներով:
Շուշին այդ ժամանակներում դարձել էր Ադրբեջանի այն ռազմական հենակետը, որտեղից պարբերաբար ռմբակոծվում էին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու շրջակա գյուղերը: Խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանը գործածում էր միջազգային որոշումներով արգելված զինատեսակներ, այդ թվում՝ ԳՐԱԴ համազարկային կայանքեր:
Շուշիի ազատագրումն այլեւս կենաց մահու հարց էր: Ռազմական գործողությանը տրվեց «Հարսանիք լեռներում» անվանումը եւ, գրոհելով միաժամանակ չորս ուղղություններով, հայ ազատարար մարտիկները կազմակերպված ու խիզախ վճռականությամբ մայիսի 9-ին ամբողջովին ազատագրեցին հայկական գերեւարված քաղաքը:
Արցախ-Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է դեռ 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել՝ խորհրդային անվտանգության ուժերի կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով: Սա էլ հենց հանգեցրեց բազմաթիվ զոհերի ու նյութական կորուստների: Պատերազմը տեւեց մինչեւ 1994թ., երբ ադրբեջանցիների թախանձանքով եւ միջազգային որոշակի ճնշումների ներքո կնքվեց զինադադար: Այժմ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ՝ 2007թ. նոյեմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Պաշտոնական Բաքուն առայժմ չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ. 4 բանաձեւերը՝ շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը, խախտելով նաեւ միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:
Ժամանակն է, որ պաշտոնական Երեւանը եւս կարծր դիրքորոշում ցուցաբերի եւ կա՛մ ճանաչի Արցախի անկախությունը, կա՛մ վերահաստատի ՀՀ եւ ԼՂՀ վերամիավորումը՝ որպես մեկ պետություն…
Վահագն Նանյան
Հաղթական զորահանդես՝ ոգու ուժի ներքո
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-ամյակի եւ Շուշիի ազատագրման ու պաշտպանության բանակի կազմավորման 20-ամյակի առիթով ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում տոնական զորահանդես կազմակերպվեց: Հարթակին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյա այրերն էին, ովքեր ընդունում էին զորահանդեսը:
Հրապարակով անցել է ԼՂՀ ռազմական ամբողջ ներուժը՝ 10-րդ հրաձգային գումարտակը, ԼՂՀ ՊՆ սակրավորները, կապավորները, հետախույզները, հատուկ նշանակության ջոկատի մարտիկները, ԱԱԾ անձնակազմը, ոստիկանության եւ փրկարար ծառայության անձնակազմերը, պատվո պահակային վաշտի անձնակազմը եւ այլք: Զորահանդեսը գլխավորել ու ռազմական բոլոր խմբերին շնորհավորել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Զորահանդեսի մասնակից մարտիկները նրան արձագանքում էին հաղթական բացականչություններով:
Շնորհավորական խոսք ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ նշելով որ այս տոնը դարձել է համաժողովրդական տոներից մեկը՝ «ազատատենչ ոգու ու անկոտրում կամքի հաղթանակի տոն»: Նա հայտարարեց, որ գլուխ է խոնարհում հանուն հայրենիքի համար նահատակված քաջորդիների առջեւ. «Շուշին այսօր վերածնվում ու նոր շունչ է ստանում: Մեր բանակը մեր մեծագույն հպարտություններից մեկն է, որը պատվով է կատարում հայրենիքի պաշտպանի սրբազան առաքելությունը: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մեր բանակը լինի հզոր ու հաղթական եւ ունենա մարտական բարձր ոգի, ամեն պահի կարողանա լուծել իր առջեւ դրված յուրաքաչնյուր խնդիր»,- հայտարարել է Արցախի նախագահը՝ ավելացնելով, որ Արցախը ոչ միայն կարողացավ ապաքինվել պատերազմի ծանր վերքերից, այլեւ հիմա վերածննդի շրջան է մտել:
Ընդգծվեց, որ այսօր ԼՂՀ բանակի կազմում են այն զինվորները, ովքեր ծնվել են անկախ հայրենիքում եւ կշարունակեն արցախցիների հաղթական երթը:
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 17 (238), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



