Որ երկիր մտնողը տաքսու «շոֆերների» ճանկը չընկնի
Փաստաթղթի ստորագրումից հետո տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը եւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն մանրամասներ ներկայացրին ծրագրի ու դրա հեռանկարների մասին:
Հուշագիրը ստորագրվեց՝ հիմք ընդունելով կառավարության հաստատած՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի եւ ազատ տնտեսական գոտու մոտեցման տրանսպորտային ենթակառուցվածքների ռազմավարական ծրագիրը:
Դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների աճող ծավալներն ապահովելու նպատակով՝ կողմերը հայտնեցին իրենց մտադրությունը հիշյալ երկաթուղային գիծը հնարավորինս սեղմ ժամկետներում կառուցելու մասին (պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում): «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունն արդեն իսկ պատվիրել է դեպի օդանավակայան երկաթուղային գծի կառուցման նախագիծը, որը կիրականացնի «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ն:
Հուշագրով կողմերը պայմանավորվեցին նշանակել պատասխանատու պաշտոնատար անձանց, ովքեր եռամսյա ժամկետում համատեղ առաջարկներ կմշակեն նախագծի իրականացման համար:
Երեւանը, լինելով երկրի տնտեսական կենտրոն, առանձնակի դեր ունի ենթակառուցվածքների զարգացման գործում: Բեռների ներմուծման հիմնական հոսքերը կենտրոնացված են այստեղ: Նաեւ՝ մայրաքաղաքը կենտրոնական դեր ունի երկրի տրանսպորտային ցանցում: Ենթակառուցվածքների զարգացման գործում անհրաժեշտ է առանձնացնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հարակից տարածքում նախատեսվող նախագծերը:
Դրանք են՝ օդանավակայանի հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի ստեղծման նախագիծը եւ Ազատ տնտեսական գոտու ստեղծումը, դեպի օդանավակայան մայրուղիներից եւ Երեւան քաղաքից իրականացվող ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումները:
Նշված նախագծերը եթե համադրենք օդանավակայանում գործող օդային տրանսպորտով տեղափոխվող բեռնային տերմինալի եւ կառուցվող նոր ուղեւորատար տերմինալի հետ, ապա դրանք Հայաստանում խոշորագույն տրանսպորտային հանգույցի ստեղծման նախադրյալ են: Մայրաքաղաքից դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ներկայիս գործող ճանապարհը վերոգրյալ նախագծերի կյանքի կոչման դեպքում չի բավարարի օդանավակայանի հարակից տարածքում լոգիստիկ կենտրոնի, ազատ տնտեսական գոտու եւ օդանավակայանի բեռնատար համալիրի ուղեւորատար եւ բեռնատար հոսքերին: Օդանավակայանի տարածքում նախատեսվող համալիրի արդյունավետ աշխատանքը երաշխավորելու նպատակով՝ առաջնային խնդիր է անհրաժեշտ տրանսպորտային ենթակառուցվածքների ապահովումը: Այս առումով էլ նպատակահարմար է դիտարկել դեպի օդանավակայան նոր ավտոմոբիլային մայրուղու եւ երկաթուղային գծի կառուցմ
ան հնարավորությունը:
Երկաթուղային նոր գիծը թույլ կտա, որպեսզի միեւնույն երկաթուղային գծով «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորատար տերմինալը կապ հաստատի գոյություն ունեցող Չարբախ մետրոպոլիտենի կայարանի հետ, իսկ բեռնային համալիրը՝ Կարմիր բլուր կայարանի հետ՝ արագընթաց գնացքի միջոցով: Գծի երկարությունը մոտավորապես 7.8 կմ է: Նոր անցնող գծին զուգահեռ անցնում է գոյություն ունեցող Մասիս-Նուռնուս երկաթգիծը եւ չգործող՝ ապամոնտաժված քար ջարդման տեսակավորման գործարան տանող երկաթգիծը: Իսկ վերգետնյա երկաթգծային տարբերակը կպահանջի կառուցել ուղեւորային հարթակ Չարբախ մետրոպոլիտենի կայարանի մոտակայքում:
Ծրագրի կառուցման արժեքը, առանց հաշվի առնելու օտարման համար անհրաժեշտ գումարը, կկազմի շուրջ 5 մլն. ԱՄՆ դոլար (իսկ հաշվի առնելով՝ 6.7 մլն), որից՝
ա) 1,5 մլն. ԱՄՆ դոլար-ը՝ 3,6 կմ պատրաստի հողապաստառի վրա վերանորոգման,
բ) 3.1 մլն. դոլար-ը՝ 3,9 կմ նոր երկաթգծի կառուցման եւ
գ) 0,4 մլն դոլար-ը՝ 2 արհեստական կառույցների համար:
Տրանսպորտային այս հանգույցը պետություն-մասնավոր համագործակցության արդյունք է, բայց պետությունը ֆինանսական մասնակցություն չի ունենա:
Ընդհանուր առմամբ, երկաթգծի (նաեւ նոր մայրուղու) կառուցման արդյունքում կունենանք հետեւյալ արդյունքները.
1. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղեւորահոսքի ապահովում,
2. օդանավակայանի բեռնային համալիրի բեռնահոսքի լիարժեք ապահովում,
3. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հարակից տարածքում նախատեսվող լոգիստիկ կենտրոնի եւ ազատ տնտեսական գոտու բնականոն գործունեություն եւ հետագա դինամիկ զարգացման հնարավորություն,
4. դեպի օդանավակայան տանող միակ ավտոմոբիլային ճանապարհի բեռնաթափում,
5. Երեւանի, որպես զբոսաշրջային քաղաքի, վարկանիշի բարձրացում:
«Աշխարհի բոլոր առաջատար պետություններում լավագույն տարբերակ է օդանավակայանի եւ մայրաքաղաքի միջեւ երկաթուղային տրանսպորտի ապահովումը»,- «Լուսանցք»-ի հետ զրույցում շեշտեց Մանուկ Վարդանյանը:
Բացի այդ՝ ապագայում աճող ուղեւորաշրջանառության եւ բեռնաշրջանառության առկայության պարագայում, ինչպես նաեւ հաշվի առնելով «Զվարթնոց»-ը Երեւանի շրջանցիկ ճանապարհների միջոցով մեր երկրի մայրուղիներին եւ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքին միացնելու անհրաժեշտությունը՝ նոր երկաթգծի եւ մայրուղու կառուցման նպատակահարմարությունն ակնհայտ է՝ վերածվելով, խոշորագույն տրանսպորտային հանգույցի»,- մեզ հետ զրույցում բացատրեց նախարարը:
Ի դեպ, նա հավելեց, որ դեպի «Զվարթնոց» միայն նոր երկաթուղային գիծ չէ, որ կկառուցվի, նոր մայրուղի էլ է նախատեսվում:
Իսկ այդ նոր մայրուղին նախատեսվում է իրականացնել երկու առանձնացված եռագիծ տարբերակով:
Ճանապարհի գծերից մեկը նախատեսվում է հասարակական տրանսպորտի երթեւեկության համար:
Մայրուղին, ըստ Մանուկ Վարդանյանի, շրջանցելու է Փարաքար եւ Արգավանդ բնակավայրերը եւ կմիանա ապագայում կառուցվելիք Իսակովի պողոտա – Շիրակի փողոց տեղամասին:
Մայրուղու ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 3,5 կմ:
Երկու մայրուղիների հատման տեղամասում նախատեսվում է իրականացնել տարբեր մակարդակներով տրանսպորտային հանգույց, որը կապահովի երթեւեկության անվտանգ շարժումը բոլոր ուղղություններով:
Նախնական հաշվարկների համաձայն, կառույցի ընդհանուր արժեքի գումարի մեծ մասը նախատեսված է 2×3 շերտանի ավտոճանապարհի եւ էստակադայի կառուցման համար, իսկ մնացյալը՝ տրանսպորտային հանգույցի, ինժեներական ենթակառուցվածքների եւ լուսավորման սյուների համար:
Ինչ վերաբերում է ֆինանսավորման աղբյուրներին, ապա, ինչպես արդեն նշեցինք, դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան նոր ավտոմայրուղու եւ երկաթգծի շինարարությունը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր համագործակցության միջոցների հաշվին: Սակայն, նախագծերի իրականացման հիմնական շահառուներն են «Զվարթնոց»-ի կոնցեսիոները, «Հարավ Կովկասյան երկաթո
ւղի» ՓԲԸ-ն, Լոգիստիկ կենտրոնի շահագործող օպերատորը:
Արմենուհի Մելքոնյան
Փոփոխություններ կոնցեսիոն պայմանագրում
Ի դեպ, այդ օրը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում մեկ այլ փաստաթուղթ էլ ստորագրվեց՝ նախարարության, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի եւ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի միջեւ համաձայնագիր կնքվեց «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ:
Համաձայնագրի ստորագրումից հետո տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը եւ «Ռուսական երկաթուղիներ»-ի նախագահ Վիկտոր Յակունինը պարզաբանումներ ներկայացրին:
Ըստ այդմ, կոնցեսիոն պայմանագրի փոփոխությունների թվում են «Հարավկովկասյան երկաթուղու» ուղեւորափոխադրումներից ստացված վնասի փոխհատուցման, երկաթուղու փոխադրումների ծառայությունների սակագների սահմանման փոփոխման, կոնցեսիոն ակտիվների դուրսգրման, պայմանագրի գործունեության դադարեցման դեպքում գույքի վերադարձմանն առնչվող հարցեր: Կոնցեսիոն ակտիվների կազմում ներառված անշարժ գույքը, ինչպես նաեւ հողամասերի նկատմամբ իրավունքների փոխանցման հետ կապված պարտավորությունները ամբողջ ծավալով կկատարվեն մինչեւ 2012թ. ավարտը:
«Լուսանցք» թիվ 17 (238), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



