Ընտրություններից առաջ «լռության օր» հայտարարելը միջազգային փորձ է եւ կիրառվում է գրեթե բոլոր երկրներում: Իհարկե բարդ է համատարած լռություն պահպանելը, քանզի մարդիկ բազմաթիվ ձեւեր են գտնում «չլռելու»… Անգամ սոցցանցերում հնարավոր չէ վերահսկել եւ արգելակել մեկնաբանություններ գրելը կամ քննարկումները:
Բայց «լռությունը» հիմնականում պահպանվում է ծավալուն եւ ազդեցիկ վերլուծությունների ու տեսակետների արտահայտման դեպքում, ինչը որոշակի հավասարություն եւ անդորր է պահպանում ընտրություններից առաջ:
Իհարկե, «լռության օրը» դեռ մեզանում այդքան էլ լուռ չի անցնում, անգամ քարոզների հետ միասին ոմանք ընտրակաշառք են բաժանում: Եվ դա այս խորհրդարանական ընտրություններին եւս նկատվեց, քիչ, բայց նկատվեց: Տեղեկություն եղավ, որ ՕԵԿ-ը Ալավերդիում բջջային հեռախոսներ ու հեռախոսահամարների քարտեր է բաժանում նաեւ այդ օրը: Ընտրակաշառքներ բաժանելու ահազանգ ստանալով՝ «Հետք»-ը հայտնվել է տեղի ՕԵԿ շտաբում, եւ… շտաբի սեղաններին փռված են եղել «Օրանժ»-ի հեռախոսահամարների եւ 20% զեղչով բուժսպասարկումից օգտվելու քարտեր…
Ինչեւէ, խախտումներին դեռ կանդրադառնանք, իսկ քանի որ ընտրությունները նաեւ թվեր են եւ թվաբանություն, ընթերցողներին հայտնենք, որ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը եղել է 2.484.003: Ընտրողների ընդհանուր այդ թվից այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված եւ ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված եղել են 15.399-ը, ՀՀ-ում հաշվառում չունեցող, քվեարկության օրը երկրում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված եղել են 993-ը, քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված եւ ընտրական տեղամասում քվեարկող ոստիկանների լրացուցիչ ցուցակ ընդգրկված եղել են 1320-ը, իսկ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված եղել են 1739-ը:
Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը ԿԸՀ-ում ներկայացրել էր ընտրողների ցուցակների, լրացուցիչ ցուցակների կազմավորման հիմունքները: Ընտրողների ռեգիստրը էլեկտրոնային եղանակով ԿԸՀ է ներկայացրել մարտի 27-ին: Կազմվել է այլ համայնքում հաշվառում ունեցող եւ ընտրության օրն ըստ բնակության վայրի քվեարկելու ցանկություն հայտնած քաղաքացիների լրացուցիչ ցուցակ (15399), քվեարկության օրը ընտրատեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակ (1320), ստացիոնար բուժման մեջ գտնվող եւ ընտրատեղամաս ներկայանալու հնարավորություն չունեցող եւ բժշկական հաստատությունում քվեարկելու ցանկություն հայտնած (1739) ընտրող: ԱԳՆ-ն ոստիկանությանն է ներկայացրել օտար պետություններում դիվանագիտական ծառայություն իրականացրած էլեկտրոնային եղանակով ընտրողների ցուցակը՝ 238 ընտրող:
Մայիսի 5-ի դրությամբ ցուցակում ընդգրկված են եղել 2 մլն. 484 հազ. 3 ընտրող: Ընտրությունների առաջին հրապարակված ցուցակի համեմատ 2012թ. մայիսի 5-ին հրապարակված թիվը նվազել է 1841-ով: Դրանցում առկա են եղել մահացած մարդկանց տվյալներ, սեփականատերերի պահանջով իրենց հասցեի գրանցումից հանելու պահանջներ, ինչպես նաեւ այլ հանգամանքներով: Ոստիկանությունը փոփոխել ու ճշտել է 3848 տվյալ:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը նախընտրական քարոզչության ընթացքում մշտադիտարկման է ենթարկել 45 հեռուստաընկերություն, 20 ռադիոընկերության 6500 եթերային ժամ: «Մեր աշխատողները աշխատել են առանց հանգստյան օրերի»,- ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում մոնիտորինգի արդյունքները ներկայացնելիս ասել է ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը: Մշտադիտարկումը հանձնաժողովն իրականացրել է հեռուստա եւ ռադիո ծրագրերի ձայնագրությունների արդյունքների ուսումնասիրությամբ, գրանցամատյանների ու այլ տեղեկությունների, թեկնածուների, մասնակից կուսակցությունների ներկայացրած տեղեկատվության, լրատվամիջոցների հրապարակումների, միջազգային կազմակերպությունների հիման վրա: Ուսումնասիրվել են երեւանյան եւ մարզային հեռուստաընկերություններ:
Խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը սկսվել է ժամանակին, մայիսի 6-ի առավոտյան 8:00-ին եւ ավարտվել երեկոյան 20:00-ին: Քվեարկությունը անցկացվել է 1982 ընտրատեղամասերում, որոնցից 468-ը Երեւանում են: Ինչպես եւ ԸՕ-ի 6-րդ հոդվածի 10-րդ կետն է պահանջում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովները մինչեւ ժամը 11:30, 14:30, 17:30 եւ 20:30-ը շրջանային ընտրական հանձնաժողովի տվյալները հայտնել են ԿԸՀ՝ քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի մասին: ԿԸՀ-ն էլ ընտրությունների քվեարկության անցկացման օրը ժամը 09:00-ին հրապարակել է ընտրությունների ընթացքի մասին տվյալներ, իսկ սկսած ժամը 12:00-ից մինչեւ 21:00-ն 3-ժամյա հաճախականությամբ տվյալներ է հրապարակել այդ պահի դրությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ:
Հայաստանի 5-րդ գումարման Ազգային ժողովում ընտրվել է 131 պատգամավոր: Խորհրդարանը ձեւավորվել է ընտրական խառը համակարգով՝ 90 մանդատ համամասնական, 41-ը՝ մեծամասնական կարգով:
Այս խորհրդարանական ընտրություններին մասնակցել են քաղաքական 8 կուսակցություններ եւ 1 կուսակցական դաշինք՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ իշխող կոալիցիայի կուսակցությունները, «Ժառանգություն» (միասնաբար «Ազատ դեմոկրատներ»-ի հետ), ՀԿԿ, ՀՅԴ, ՀԴԿ եւ «Միավորված հայեր» ընդդիմադիր կուսակցությունները, ինչպեսեւ՝ ՀԱԿ դաշինքը:
Անի Մարության
* * *
ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովում կլինեն 131 պատգամավոր՝ խառը համակարգով՝ 90 մանդատ համամասնական, 41-ը՝ մեծամասնական կարգով
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է արդյունքները հանրապետության բոլոր 1982 տեղամասերում: Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ էր հավաքել 5%, իսկ դաշինքներին՝ 7% ձայն: Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 62.26%-ը՝ 1.559.627 քաղաքացի:
Համամասնական՝
ՀՀԿ – 44,05% (663.066), ԲՀԿ – 30,20% (454.684), ՀԱԿ – 7,10% (106.910), «Ժառանգություն» – 5,79% (87.095), ՀՅԴ – 5,73% (86.296), ՕԵԿ – 5,49% (82.690), ՀԿԿ – 1,06% (15.933), ՀԴԿ – 0,37% (5.633), «Միավորված հայեր» – 0,20% (3.080):
Մեծամասնական – ընտրատարածքներ՝
Թիվ 1 – ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյան, թիվ 2 – Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումների տնօրեն, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյան, թիվ 3 – «Քեթրին»-ի նախագահ, ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյան, թիվ 4 – «Արտակ Սարգսյան» ԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Սարգսյան, թիվ 5 -Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ-ական Արթուր Գեւորգյան, թիվ 6 – Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ-ական Ռուբեն Հովսեփյան, թիվ 7 – Աժ պատգամավոր, ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյան, թիվ 8 – ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյան, թիվ 9 ընտրատարածք – ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Սադոյան, թիվ 10 ընտրատարածք – «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ նախագահ, ՀՀԿ-ական Գարեգին Նուշիկյան, թիվ 11 – ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Գրիգորի Մարգարյան, թիվ 12 – ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյան, թիվ 13 ընտրատարածք – ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյան, թիվ 14 – «Տիգրան Մեծ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, ՀՀԿ-ական Վրեժ Մարկոսյան, թիվ 15 – Թալինի քաղաքապետ, ՀՀԿ-ական Մնացական Մնացականյան, թիվ 16 – «Ալմար» ՍՊԸ տնօրեն, ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյան, թիվ 17 – Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրեն, ՀՀԿ-ական Կարինե Պողոսյան, թիվ 18 – ԱԺ պատգամավոր, անկուսակցական Արայիկ Գրիգորյան, թիվ 19 – ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Սեդրակ Սարոյան, թիվ 20 – ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Հրանտ Գրիգորյան, թիվ 21 – ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ալեքսան Պետրոսյան, թիվ 22 – ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մանվել Բադեյան, թիվ 23 – «Եվրոպա» ՍՊԸ տնօրեն, ՕԵԿ-ական Կարեն Բոթոյան, թիվ 24 – ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյան, թիվ 25 – ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյան, թիվ 26 – ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Մելիք Մանուկյան, թիվ 27 – ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյան, թիվ 28 – ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Գագիկ Ծառուկյան, թիվ 29 – ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյան, թիվ 30 – անկախ պատգամավոր, Էդմոն Մարուքյան, թիվ 31 – ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Կարեն Սարիբեկյան, թիվ 32 – «Տաշիր» ԲՀ հոգաբարձունների խորհրդի նախագահ, ՀՀԿ-ական Կարեն Կարապետյան, թիվ 33 – ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյան, թիվ 34 – ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյան, թիվ 35 – ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյան, թիվ 36 – ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյան, թիվ 37 – ՀՀԿ-ական Հայկ Գրիգորյան, թիվ 38 – ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Վահե Հակոբյան, թիվ 39 – ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Աշոտ Արսենյան, թիվ 40 – «Ինտերնեյշնլ Մասիս տոբակո» ՍՊԸ գործադիր տնօրեն, անկուսակցական Մարինե Մարաբյան, թիվ 41 – ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյան:
* * *
Երեւանում ընտրություններին մասնակցել է 484.531 ընտրող կամ ընդհանուր ընտրողների 59,53%-ը: Արագածոտնի մարզում՝ 78.587 ընտրող կամ ընտրողների 69,16%-ը, Արարատում՝ 150.488 կամ 70, 83%, Արմավիրում՝ 124.893 կամ 56,11%, Գեղարքունիքում՝ 122. 963 կամ 65, 98%, Լոռիում՝ 139. 741 կամ 59.12%, Կոտայքում՝ 148.821 կամ 64.28%, Շիրակում՝ 131.90 կամ 57, 32%, Սյունիքում՝ 87.656 կամ 72.09%, Վայոց ձորում՝ 30.609 կամ 64.6%, Տավուշում՝ 71.369 կամ 65.82%:
Ոստիկանության տվյալներով, ընտրելու իրավունք ունի 2.522.962 քաղաքացի, այդ թվում՝ Երեւանում՝ 813.898, Արագածոտնում՝ 113.624, Արարատում՝ 212.450, Արմավիրում՝ 222.596, Գեղարքունիքում՝ 186.357, Լոռիում՝ 236.375, Կոտայքում՝ 231.536, Շիրակ 228.693, Սյունիքում՝ 121.636, Վայց ձորում՝ 47.375, Տավուշում՝ 108.422 ընտրող: Ընտրել են 1.559 627 քաղաքացի:
Ի՞նչ տեսք կունենա նոր ԱԺ-ն
Նորընտիր՝ 5-րդ գումարման ԱԺ-ն արդեն ձեւ ու բովանդակություն ունի, մասնավորապես հայտնի է, թե որ քաղաքական ուժը քանի տեղ կզբաղեցնի խորհրդարանում: Իհարկե, հնարավոր են աննշան փոփոխություններ, բայց պատկերը չի փոխվի: Նոր խորհրդարան են անցել 6 քաղաքական ուժեր՝ 5 կուսակցություն (ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» եւ ՕԵԿ) ու 1 կուսակցությունների դաշինք՝ ՀԱԿ:
Հայտնի է, որ քաղաքական ուժերի ստացած ձայների նախնական վիճակը որոշակիորեն աճում է ի հաշիվ 5%–անոց արգելքը չհաղթահարած ուժերի հավաքած քվեների: Մասնավորապես, ՀԿԿ-ի, ՀԴԿ-ի եւ ՄՀԿ-ի հավաքած 1,63% քվեները համապատասխան կշիռներով բաշխվում են այդ արգելքը հաղթահարած քաղաքական 6 ուժերի միջեւ: Իսկ այդ կշռված տոկոսները բաշխելով համամասնական ընտրակարգով նախատեսված 90 խորհրդարանական տեղերի վրա եւ դրանց գումարելով նաեւ մեծամասնական տեղերի քանակը, կստացվի հետեւյալ պատկերը. ՀՀԿ-ն կունենա 66, ԲՀԿ-ն՝ 37, ՀԱԿ-ը՝ 7, ՕԵԿ-ը՝ 6, «Ժառանգություն»-ն ու ՀՅԴ-ն՝ 5-ական տեղ խորհրդարանում:
Կուսակցական համամասնական ցանկերում ընդգրկված թեկնածուներից բացի, խորհրդարան են անցել նաեւ 6 հոգի, որոնցից 3-ն առաջադրված են եղել ՀՀԿ-ի կողմից եւ, հավանաբար, կմտնեն ՀՀԿ խմբակցություն՝ Գարեգին Նուշիկյանը՝ թիվ 10-ից, Սեդրակ Սարոյանը՝ թիվ 19-ից, Արկադի Համբարձումյանը՝ թիվ 29-ից: Այսպիսով՝ ՀՀԿ-ի պատգամավորների թիվը հասնում է 69-ի, այսինքն՝ 3 մանդատով ավելի, քան բացարձակ մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ նվազագույնն է: Այսինքն՝ ՀՀԿ-ն կարող է նույնիսկ առանց քաղաքական կոալիցիա կազմելու՝ ձեւավորել կառավարություն: Բայց ժամանակը ցույց կտա, թե ինչ կորոշեն ՀՀԿ-ականները: ՀՀԿ-ն դեռ կոալիցիա կազմելու հարց չի քննարկել:
4-րդ գումարման ԱԺ-ում ստեղծվել էր պատգամավորական 5 խմբակցություն՝ պատգամավորների այսպիսի քանակությամբ՝ ՀՀԿ (64), ԲՀԿ (25), ՀՅԴ (16), ՕԵԿ (8), «Ժառանգություն» (7):
Նախորդ ընտրությունների համեմատ ամենազգալի աճը ԲՀԿ-ն ունի՝ պատգամավորների թիվն ավելացել է 11-ով, ամենամեծ կորուստն ունեցել է ՀՅԴ-ն՝ 16 մանդատի փոխարեն այժմ ունի 6-ը: 2-ական մանդատ են կորցրել ՕԵԿ-ն ու «Ժառանգություն»-ը, վերջինս նաեւ ներառել է «Ազատ դեմոկրատներ»-ի անդամներից: ՀՀԿ-ն իր մանդատների քանակը ավելացրել է 5–ով: Տեղի է ունենում մանդատների կենտրոնացում ՀՀԿ-ում եւ ԲՀԿ-ում, ինչպես այլ կուսակցությունների, այնպես էլ անկախ պատգամավորների հաշվին: Վերջիններիս թիվը նախորդ խորհրդարանի 11 պատգամավորներից այս տարի հասել է 2-ի, եթե, իհարկե, թիվ 30 եւ 40 ընտրատարածքներում ընտրված թեկնածուներ Է. Մարուքյանն ու Մ. Մարաբյանը որեւէ խմբակցությունում չընդգրկվեն: Նախորդ խորհրդարանի համեմատ մի նոր (բայց իրականում՝ հին) քաղաքական ուժ է ներկա՝ ՀԱԿ-ը՝ 7 մանդատով:
Նարե Մշեցյան
ԱԺ 1-ին նիստը՝ մայիսի 24-ին. կառավարությունը հրաժարական կտա
Մայիսի 6-ին ՀՀ քաղաքացիները 5 տարի ժամկետով ընտրեցին 5-րդ գումարման ԱԺ պատգամավորներին: Նորըտնիր խորհրդարանի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 2/3-ի ընտրությունից հետո, 3-րդ, իսկ ԱԺ արտահերթ ընտրության դեպքում՝ 2-րդ հինգշաբթի օրը՝ ժամը 10-ին, որի մասին հայտարարում է ԿԸՀ-ն: Նախնական հաշվարկով, ԱԺ-ի առաջին նիստը կլինի մայիսի 24-ին: Գործող խորհրդարանի լիազորությունների ժամկետն ավարտվում է նորընտիր ԱԺ-ի առաջին նիստի գումարման պահին: Այսինքն, գործող պատգամվորները դեռ աշխատանքի մեջ են, նրանք լիազորություններ ունեն, այլ բան է, որ նիստ չեն գումարում: Գործող օրենսդրությամբ ԱԺ-ի եւ ՀՀ նախագահի ընտրություններից հետո գործադիր մարմինը հրաժարական է տալիս եւ ձեւավորվում է նոր կառավարություն: Հնարավոր է, որ խորհրդարանը կառավարության կազմը նույնը թողնի, ոչ մի փոփոխություն չարվի:
1-2 շաբաթում քաղաքական ուժերը պետք է կողմնորոշվեն. կազմելու՞ են արդյոք կոալիցիա: Քաղաքագետներն արդեն «մեսիջներ» են ուղարկում, որ ՀՀԿ-ն կոալիցիայի կարիք չունի, եւ գուցե վերջինիս կողմից այս անգամ առաջարկ չհնչի: Երեւի կսպասեն առաջարկների: Նաեւ, թե ովքեր են լինելու նոր կառավարությունում:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 17 (238), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



