Ազգային Ժողովի հերթական ընտրությունն ավարտվեց:
Հաղթեցին՝ ինչպես սպասվում էր:
Պարտվեցին՝ ինչպես պիտի լիներ:
Գուցե մի քիչ ավել, մի քիչ պակաս:
Նաեւ հստակ մի համոզմունք էլ իր ավարտին հանգեց՝ հայերը դեռ չեն հավատում երկրի քաղաքական ուժերին:
Ընտրողները պարզապես անճարությունից օգտվում են, ցույց են տալիս՝ իբր խաբվում են ու օգուտ են փնտրում:
Հայկ Թորգոմյան
Մարդու համար չկա ավելի խորունկ զգացում, քան հայրենասիրությունն է…
Բայց դժբախտաբար, հարկ եմ համարում ավելացնել, որ հաճախ հայրենասիրությունը նման է լինում այն դիցաբանական կիկլոպին, որն ընդամենը ունի մեկ աչք՝ ճակատին տեղավորված: Եվ շատ վտանգավոր բան է հայրենասեր լինելը միայն մի աչքով: Իմ խոսքը սովորական տերմինով ասած՝ վերաբերում է ազգային սահմանափակությանը ու ազգային սնապարծությանը: Սրանց եւ հայրենասիրության միջեւ անցնում է մի շատ բարակ, հաճախ աննկատելի սահմանագիծ, բայց մի այնպիսի սահմանագիծ, որ ունի վճռական նշանակություն: Բորբոսն էլ ինչ-որ չափով նման է ծիածանին: Ինչպես գիտեք, ունի համարյա թե ծիածանի բոլոր գույները: Բայց բորբոսը բորբոս է, եւ ծիածանն էլ ծիածան…
Պարույր Սեւակ «Վերնագիրը վերջում» գրքույկից
Մեր քաղաքականության գեղականությունը
Խորհրդարանական ընտրությունների նախընտրական, ընտրական եւ հետընտրական ընթացները Հայաստանում հիմնավորեցին, որ քաղաքական ասպարեզն ամբողջապես կայացած չէ, եւ ընտրողները չեն գնում գաղափարների հետեւից, անգամ չեն էլ կարդում, թե որ քաղաքական ուժը ինչ ծրագրեր է առաջարկում, այլ ընտրում են ըստ հարմար պահի եւ հարմար առաջարկների: Սա ցավալի է, բայց փաստ, ինչը եւ խոչընդոտում է քաղաքական դաշտի կայացմանը: Ընտրվողները «փչացնում» են ընտրողներին, ընտրողներն էլ՝ քաղաքական ուժ հասկացողությունը:… Քաղաքական ուժերը մտածում են՝ ինչ իմաստ ունի գաղափարներ քարոզելը, ընտրողներն էլ դրանք լսելուց են հոգնել: Բայց՝ լսելը չի հոգնեցրել, այլ ստախոսությունը: Եթե ասածները արածներ դառնային, գոնե դրանց կեսը, ապա լսելը հոգնեցուցիչ չէր լինի: Նույն դեմքերը տասնյակ տարիներ, նույն խոստումները եւ նույն խաբկանքը, նույն ծաղրը մարդկանց հանդեպ, նույն առուծախը:… ԱԺ այս ընտրություններում հաստատվեց, որ վար
չական լծակների ու տարբեր ընտրական «բարեգործություններ»-ի պարագայում անգամ խորհրդարանական ընտրությունների մասնակից 8 կուսակցությունից եւ 1 կուսակցական դաշինքից իրապես անհրաժեշտ ձայներ հավաքեցին միայն 2-ը՝ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն: Մնացյալ քաղաքական ուժերը, որոնք եւս անցան նորընտիր ԱԺ, գործող իշխանությունների «կոմպլեմենտար» քաղաքականության հետեւանք էին, որը հասկանալի պատճառներով ստիպված էին «որդեգրել»: Սա այն տարբերակն է, երբ ասում են՝ համ գայլերը կուշտ մնացին, համ գառներն ապրեցին: Ցավոք, սա է կայացող պետության կարգավիճակը, որի հետ պետք է հաշտվենք առայժմ:… Մինչեւ վերջին պահը նկատելի էր, որ ՀԱԿ-ը, որն իրեն հռչակել էր ընտրությունների հաղթող, հաստատ չի հավաքելու դաշինքների համար նախատեսված 7%-ը: Բայց հավաքեց: Վստահ եմ՝ դա պետք էր նաեւ իշխանություններին, որ ՀԱԿ-ն իր ասելիքը փողոցներից խորհրդարան տեղափոխի, համ էլ միջազգային հանրություն կոչվածը ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին կհասկացնի, որ պետք է քաղաքակիրթ պայքարի ձեւն ընտրել: Իսկ ԱԺ գալով՝ ՀԱԿ-ը հաստատում է իշխանությունների «լեգիտիմությունը», բայց այլ բանի ընդունակ չէ այրդեն, քանզի ոչ մի արտաքին լուրջ օժանդակություն չունի այլեւս…… «Ժառանգություն»-ը նախորդ ԱԺ ընտրություններին հաստատ չէր կարող հավաքել անհրաժեշտ ձայները, եւ հասկանալի էր, որ միայն ԱՄՆ-ի բառացի օժանդակությամբ անհայտ մի թիմ մտավ խորհրդարան: Միայն Րաֆֆի Հովհաննիսյանն էր հայտնի, այն էլ ՀՀ 1-ին նախագահի օրոք էր ժամանել Հայաստան: «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» ամերիկյան նոր ծրագիրը եւս աշխատեց, եւ գործող իշխանությունը «չկոտրեց» ամերիկացիների խաթրը: Անգամ նախկին «լեւոնականների» հոսքը չխամրեցրեց «ժառանգություն» կուսակցության «հաղթանակը»:… ՀՅԴ-ն նույնպես վաղուց չունի այն գաղափարական համակիրների ուժը, այն հեղափոխական կառույցները, որն ուներ Հայաստան վերադառնալու տարիներին, երբ մարդիկ սպասումով էին ու հավատով լեցուն: Վստահ եմ, գործող իշխանությունները այս հարցում էլ «խաթր» են արել սփյուռքահայությանը, որտեղ դեռեւս ՀՅԴ-ն որոշակի դեր ունի եւ կարող է նպաստել հայկական հարցերի արծարծմանը… Եվ այս կուսակցությունը եւս խորհրդարանում է, բայց այլեւս՝ չափերի մեջ դրված: ՕԵԿ-ն անգամ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման օրոք ճանաչվեց որպես բրիտանահպատակ կազմակերպություն, իսկ ՕԵԿ-ի նախագահը պետության ղեկավարի կողմից որակվեց դավաճան (թեեւ 2-րդ նախագահի այդ կեցվածքն էլ էր անհասկանալի, թե չէ ի՞նչ է նշանակում այդպիսի որակում տալ ու հետո լռել)… Բայց նորից մեր կայացող պետության կարգավիճակը այս կուսակցությանը խորհրդարանական դարձրեց: Գործող իշխանությունների վիճակն իրոք տխուր է, բայցեւ՝ հասկանալի… Այս ԱԺ-ում ՕԵԿ-ը չէր կարող լիներ անգամ հանրապետության մուրաբաներն ու հեռախոսները նվիրաբերելով, բայց…… ՀԿԿ-ն, ՀԴԿ-ն եւ ՄՀԿ-ն էլ իրապես չունեն այն ընտրազանգվածը, որը կապահովեր ԱԺ անցումը, իսկ արտաքին օժանդակության մասին խոսելն անիմաստ է: Անգամ հայ կոմունիստները միայն ընտրություններին մասնակցելու եւ իրենց մասին հիշողությունները թարմացնելու օժանդակությանը արժանացան միայն՝ «մայր Ռուսաստանի» կոմունիստներից: Երկրի կառավարման համար նոր քաղաքական ուժեր են նաեւ պետք, իսկ ազգին՝ նոր գաղափարներ ու հավատ ներշնչող անհատներ: Մենք դեռ պատերազմական վիճակում ենք, չնայած զինադադարին, եւ դեռ ներքին կայունության ու արտաքին նպատակների առաջադրման լուրջ գործընթացների մեջ ենք, ու հավատավոր եւ նվիրյալ, հաստատ չվարկաբեկված մարդկանց կարիք է զգացվելու: Իսկ 20 տարի շարունակ ազգահալած, ազգը թալանած «ժողովրդավարներն» ու «ազգայինները» այլեւս անպիտան են:
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 17 (238), 2011թ. Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



