Մեր իշխանությունն, ի տարբերություն պաշտոնական Բաքվի, ռազմատենչ հայտարարություններով երբեւէ հանդես չի եկել, չնայած դրա հիմքերն ավելի քան ունի: Ավելին՝ բազմիցս հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդիրն ունի մեկ՝ խաղաղ լուծում: Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել անհասկանալի մի հայտարարությամբ, որում մեղադրել է հայկական կողմին ռազմատենչ հայտարարություններ անելու եւ միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու համար:
Արցախի ժողովուրդը միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա է ինքնորոշվել, եւ երբ հայկական կողմը հետեւողականորեն ջանքեր է գործադրում Արցախի միջազգային ճանաչման համար, ապա դա որեւէ կապ չունի ռազմատենչության կամ միջազգային հանրությանը մոլորեցնելու հետ:
Համանախագահները չդադարող սահմանային միջադեպերի առումով հանդես են եկել հայտարարությամբ, ինչն, ըստ փորձագետների, սանձարձակ է դարձնում Բաքվին: Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, նշել է. «Հերթական անգամ ականատեսը եղանք ոչինչ չասող, ինքնանպատակ հայտարարության, որն անկասկած չի կարող լիցքաթափել լարվածությունը ռազմաճակատում: Ավելին՝ նման հայտարարություններն ավելի սանձարձակ են դարձնում ագրեսորին: Ալիեւյան վարչակազմի մոտ այս կերպ ավելի է ամրապնդվում այն համոզվածությունը, որ կարելի է անել այն ամենը, ինչ արգելում է միջազգային մարդասիրական իրավունքը եւ մնալ անպատիժ»: Նրա խոսքերով, տվյալ դեպքում գործ ունենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից, այսպես կոչված, «պարիտետային» մոտեցում հանդես բերելու հետ, երբ փորձ է արվում կողմերից եւ ոչ մեկի մոտ չթողնել «կողմնակալ» լինելու տպավորություն»:
Բայց իրականում գործ ունենք ռազմաճակատում իրադրության ապակայունացման պատասխանատվության համահարթեցման հետ, ինչը իրականությանը համարժեք չլինելու պատճառով վարկաբեկում է եւ՛ բանակցային գործընթացը, եւ՛ այդ գործընթացում միջնորդի դեր կատարող կառույցը: Հայկական կողմը պահանջում է «ռազմաճակատում տեղ գտած միջադեպերի օբյեկտիվ քննություն, կոնկրետ միջադեպի մեղավորի բացահայտում եւ վերջինիս հանդեպ հստակ վերաբերմունք, գնահատական»:
Հիշեցնենք, որ համանախագահների տարածած հայտարարությունում մասնավորապես նշվում է. «Համանախագահներն իրենց մտահոգությունն են հայտնել շփման գծի երկայնքով վերջին միջադեպերի առնչությամբ եւ կոչ արել կողմերին զսպվածություն ցուցաբերել ու զերծ մնալ պատասխան գործողություններից: Համանախագահները ողջունում են կողմերի՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամության վերահաստատումը»:
ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին պարզաբանել է, որ Ադրբեջանը հետքայլ է կատարել, եւ դա Հայաստանի մեղքով չէ: Համանախագահները ամեն դեպքում նշել են նաեւ դուբլինյան հայտարարությունը, որում քննադատել էին սահմանին տեղի ունեցող միջադեպերը:
Իսկ զինադադարը փխրուն վիճակ է, եւ բոլոր կողմերը պետք է դա լավ հիշեն: Հարկ է նաեւ ասել, որ հաջորդ պատերազմը Բաքվում է ավարտվելու: Ուստի, պիտի հիշեն նաեւ, որ հենց Բաքվի խնդրանքով է, որ 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, այդ «փխրուն պայմանագիրը», որը Ռուսաստանի միջնորդությամբ կնքվել է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից: Տեքստը ստորագրել են Ադրբեջանի, Հայաստանի պաշտպանության նախարարները եւ Լեռ
նային Ղարաբաղի բանակի հրամանատարը, համապատասխանաբար, Մ. Մամեդովը՝ 1994թ. մայիսի 9-ին Բաքվում, Ս. Սարգսյանը՝ մայիսի 10-ին Երեւանում, Ս. Բաբայանը՝ մայիսի 11-ին Ստեփանակերտում:
Հրադադարի մասին պայմանագիր
Արձագանքելով 1994 թվականի մայիսի 5-ի Բիշքեկի արձանագրության մեջ նշված հրադադարի կոչին եւ հենվելով 1994 թվականի փետրվարի 18-ի Արձանագրության վրա՝ հակամարտող Կողմերը համաձայնեցին հետեւյալի մասին.
1. Ապահովել կրակի եւ ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը՝ սկսած 1994 թվականի մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից: Մինչեւ ոչ ուշ, քան 1994 թվականի մայիսի 11-ը հրադադարի մասին համապատասխան հրամանները կտրվեն եւ կհաղորդվեն ռազմական ստորաբաժանումների հրամանատարներին, որոնք պատասխանատու են դրանց իրականացման համար: Մայիսի 12-ին՝ մինչեւ ժամը 23.00, Կողմերը կփոխանակեն հրադադարի մասին իրենց հրամանների տեքստերը՝ դրանց հնարավոր փոխադարձ լրացման եւ հետագայում համանման փաստաթղթերի հիմնական դրույթների ներդաշնակեցման նպատակով:
2. Խնդրել Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարին՝ Մոսկվայում, մինչեւ ոչ ուշ, քան ս.թ. մայիսի 12-ը Ադրբեջանի, Հայաստանի պաշտպանության նախարարների ու Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի մասնակցությամբ հրատապ հանդիպում հրավիրելու՝ նպատակ ունենալով համաձայնեցնելու զորքերի բաժանման եզրագծերը, այլ հրատապ ռազմատեխնիկական հարցեր, ինչպես նաեւ նախապատրաստել միջազգային դիտորդների առաջավոր խմբի տեղակայումը:
3. Սույն պայմանավորվածությունը կօգտագործվի առաջիկա 10 օրվա ընթացքում բանակցությունները ավարտելու եւ մինչեւ ոչ ուշ, քան ս.թ. մայիսի 22-ը զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագիր կնքելու համար:
4. Սույն համաձայնագիրը ուժի մեջ կմտնի անմիջապես այն պահից հետո, երբ Միջնորդը տեղեկացնի, որ նա ստացել է հակամարտող ուժերի կողմից լիովին նույնական փաստաթղթեր, ստորագրված լիազոր ներկայացուցիչների կողմից:
Ադրբեջանի պաշտպանության նախարար
Հայաստանի պաշտպանության նախարար
Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատար
Արտակ Հայոցյան
Մոսկվան սատարում է Երեւանին
Աշխատանքային այցով Մոսկվա էր մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա կարճ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այնուհետեւ հանդիպել է ՌԴ կառավարության նախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:
ՀՀ նախագահն ու ՌԴ կառավարության նորանշանակ նախագահը վստահություն են հայտնել, որ կշարունակվի Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ բարեկամության ամրապնդումը եւ իրենց համագործակցությունը կպահպանի երկրների միջեւ հատուկ դաշնակցային հարաբերությունները:
Պաշտոնական Մոսկվան շնորհավոորել է Սերժ Սարգսյանին՝ ՀՀԿ-ի խորհրդարանական ընտրություններում բացարձակ հաղթանակի հասնելու համար՝ դա համարելով առաջընթաց՝ արդյունավետ զարգացման եւ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման առումով: Ռուսաստանի ղեկավարությունն ամեն կերպ կաջակցի Հայաստանի իշխանություններին: ՀՀ նախագահը Մոսկվայում մասնակցել է նաեւ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին:
Արցախի հարցում Մոսկվան շարունակում է սատարել ԵԱՀԿ ՄԽ կողմից որպես փաթեթ առաջարկված Մադրիդյան սկզբունքներում ներառված բոլոր կետերը, նաեւ այնտեղ ներառված անվտանգության միջազգային երաշխիքները՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ գալիք իրավական պարտադիր ուժ ունեցող կամքի ազատ արտահայտման համար համապատասխան պայմաններ ստեղծելու համար:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 18 (239), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



