«Ցինիզմի առանձնահատուկ դրսեւորում է, երբ Հայաստանի հանդեպ սին մեղադրանքներ է հնչեցնում մի երկրի ղեկավարը, ում իշխանությունները միջնադարյան մեթոդներով ջարդեր, էթնիկ զտումներ են կազմակերպել հայության դեմ, մի երկրի, որտեղ հերոսացնում են գիշերը քնած մարդկանց դաժանաբար կացնահարողներին, մի երկրի, որտեղ ահաբեկիչներին հատուկ գործելաոճով՝ պատանդին նվաստացնում են տեսախցիկի առջեւ, ապա սպանում, մի երկրի, որտեղ ահաբեկիչներին բնորոշ ձեռագրով բարբարոսաբար ոչնչացվում են դարերի պատմություն ունեցող մշակութային կոթողները»,- ասված է մեր ԱԳՆ հայտարարությունում:
ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին եւ սկզբունքներին հակասող՝ Ադրբեջանի ղեկավարության շարունակական սպառնալիքները տարածաշրջանային կայունությանը եւ անվտանգությանը, ռազմատենչ ու թշնամանք սերմանող սադրիչ հայտարարություններն անհարիր են ՄԱԿ-ի անդամ պետությանը եւ հարված են հասցնում Անվտանգության խորհրդի հեղինակությանը, որի անդամ վերջերս դարձավ Ադրբեջանը:
Գոհար Վանեսյան
Գործակցություն «Ալ-Քաիդա»-ի հետ
ՄԱԿ-ում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հակաահաբեկչության հարցերով զբաղվող կոմիտեների զեկույցների քննարկում, որն անցկացվել է Ադրբեջանի նախագահության ներքո: Վերջինս փորձել է չարաշահել նախագահողի իր դիրքը՝ մերժելու համար հանդիպմանը ելույթ ունենալու Հայաստանի խնդրանքը՝ գիտակցելով, որ հայկական կողմն անպատասխան չի թողնի անցած շաբաթ ՄԱԿ-ի այդ մարմնում Ադրբեջանի նախագահի ցինիկ եւ ստահոդ հայտարարությունները: ԱԽ անդամ երկրների ճնշման հետեւանքով ադրբեջանական նախագահությունը ստիպված է եղել ելույթի հնարավորություն ընձեռել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանին:
Ահաբեկչության հանցագործության անդրսահմանային բնույթը հաշվի առնելով՝ դեսպանը նշել է, որ այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության հիմնական խոչընդոտներից է հարեւան երկրների հետ սահմանների փակ լինելն, ու խորը մտահոգություն հայտնել, որ միջազգային կառույցներն հստակորեն մատնանշում են, թե Ադրբեջանի տարածքն ազատ գործածվում է տարբեր ահաբեկչական ու ծայրահեղ կրոնական խմբավորումների կողմից, որոնք այդ երկիրն իրենց հանցագործ գործունեության համար ապահով միջավայր են համարում: Կ. Նազարյանը նաեւ հավելել է, որ այդ խմբավորումները կովկասյան տարածաշրջանով մեկ զբաղվել են մարդկանց, զենքի ու փողերի ապօրինի փոխադրմամբ, որի համար էլ միջազգային հանրությունը շարունակում է ահազանգել Ադրբեջանի կողմից ձեռնարկված անբավարար հակաահաբեկչական քայլերի առնչությամբ: Նշվել է, որ հայտնի ու լավագույնս փաստագրված է «Ադրբեջանի իշխանությունների կապն ալ-Քաիդային հարող ահաբեկչական խմբերի հետ, որոնք փորձել են պատերազմել Լեռնային Ղարաբաղի դեմ 90-ականների սկզբին եւ որ այդ պատճառով էլ անհրաժեշտ է դրսեւորել զգոնություն՝ թույլ չտալու ահաբեկիչների հավաքագրումն ու ծայրահեղականների կողմից տարածաշրջանի փխրուն իրավիճակի կրկնակի շահարկումն ահաբեկչությունների ու սադրանքների միջոցով»:
Ի դեպ, որպես Անվտանգության խորհրդի փաստաթուղթ, ՄԱԿ-ում պաշտոնապես շրջանառվել է ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Իլհամ Ալիեւի մայիսի 4-ի ելույթի առնչությամբ, որն (ելույթը) առաջացրել է անդամ երկրների տարակուսանքն ու անթաքույց դժգոհությունը:
Արտակ Հայոցյան
Փակել են Մամեդյարովի բերանը
Արժանի հակահարված ադրբեջանական ստերին
Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում կայացավ Չմիացած երկրների շարժման (ՉԵՇ) արտգործնախարարների հանդիպումը: Ելույթով հանդես է եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով նշել է, որ հանդիսանալով ՉԵՇ-ի դիտորդ, Հայաստանը կիսում է այդ կազմակերպության արժեքները, որոնք հիմնված են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների, մարդու հիմնարար իրավունքների հանդեպ հարգանքի հիման վրա: Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ մեր նախարարը, դիմելով ներկա արտգործնախարարներին, ասել է. «Բոլորդ հասկանում եք Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության քարոզչական բնույթը, որը հավելյալ մեկնաբանության կարիք չունի: Համոզված եմ, որ կարեւոր է այս հարգարժան լսարանին ներկայացնել Ադրբեջանի կողմից այս հանդիպման հայտարարության 382-րդ պարբերության շուրջ իրականացվող մանիպուլիացիաների վերաբերյալ իրողությունը: Ադրբեջանը ընդամենը մեկ տարի առաջ դարձավ ՉԵՇ-ի անդամ, եւ արդեն փորձում է, շահարկելով իր անդամակցությունը, թյուրիմացության մեջ գցել կազմակերպության անդամ երկրներին՝ ուղղորդելով նրանց միջազգային հանրության դիրքորոշումների դեմ»:
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ասածները հակասության մեջ են մտնում բանակցային գործընթացի տրամաբանությանը, ոգուն ու ձեւակերպումներին, որոնք արտացոլված են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների ղեկավարների լ՛ Աքվիլայում, Մուսկոկայում եւ Դովիլում ընդունված հայտարարություններում, ինչպես նաեւ ԵԱՀԿ շրջանակներում՝ Աստանայի գագաթաժողովին, Հելսինկիի, Աթենքի, Ալմաթիի, Վիլնյուսի նախարարական հանդիպումների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ընդունված հայտարարություններում: Իսկ այդ փաստաթղթերը կարեւորում են միջազգային իրավունքի 3 սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության՝ որպես ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման անկյունաքարային տարրեր: Ադրբեջանական մոտեցումը անտեսում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը եւ չի օգտագործում միջազգայնորեն ընդունված «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» եզրույթը, ինչն ըստ հայ նախարարի, ոչ միայն վտանգում է բանակցային գործընթացը եւ փխրուն իրավիճակը հակամարտության գոտում, այլեւ հակասում է ՉԵՇ-ի հիմնարար սկզբունքներին: Ադրբեջանի համար սովորական է դարձել միջազգային իրավունքի հիմնարար նորմերի եւ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը ու որեւիցե մեկի համար անակնկալ չէ, որ այս երկիրը, լինելով ՉԵՇ-ի անդամ, շարունակաբար խախտում է «Բանդունգի սկզբունքները»՝ խտրականություն եւ ազգային ատելություն քարոզելով: Բաքվի ղեկավարության հայտարարությունները, թե «Ադրբեջանի թիվ 1 թշնամին աշխարհի հայերն են», հավաստում են դա: Միջազգային կազմակերպությունները համապատասխան գնահատականներ են տվել Ադրբեջանում քսենոֆոբիայի, ռասիզմի եւ անհանդուրժողականության դրեսեւորումներին եւս:
«Բանդունգի սկզբունքներին» հակասող՝ Ադրբեջանի ղեկավարության շարունակական սպառնալիքները տարածաշրջանային կայունությանը եւ անվտանգությանը, ռազմատենչ ու թշնամանք սերմանող սադրիչ հայտարարություններն անհարիր են ՉԵՇ-ի անդամ պետությանը եւ ավելին, հարված են հասցնում այս կազմակերպության հեղինակությանը: Եվ, երբ Ադրբեջանի ԱԳ նախարարը փորձել է խոսել արցախյան խնդրից, նրա խոսափողը անջատել են եւ չեն միացրել հետո:
Սա այս հանդիպման ներքին խոհանոցից է հայտնի դարձել, եւ նախարար Մամադյարովը այդպես էլ չի կարողացել Ադրբեջանի տեսակետները ներկայացնել այս հիմնախնդրի վերաբերյալ: Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկած պարբերությունն ի սկզբանե կրել է խիստ միակողմանի բնույթ, մասնավորապես նույնիսկ ներառված չի եղել ուժի չկիրառման եւ խաղաղ կարգավորման մասին դրույթը, սակայն տարաբնույթ ճնշումներից հետո Ադրբեջանը ստիպված է եղել համաձայնել վերոհիշյալ դրույթների ընդգրկմանը:
Ուրուգվայը, Ալժիրը եւ այլ երկրներ մեջբերել են ՀՀ ԱԳ նախարարի ելույթի դրույթները արցախյան հիմնախնդրի ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծման վերաբերյալ եւ իրենց աջակցությունը հայտնել այդ դիրքորոշմանը: Հայաստանի ԱԳ նախարարը առանձին հանդիպումներ է ունեցել նաեւ Չմիացած երկրների շարժման բոլոր երկրների արտգործնախարարների հետ:
Կարեն Բալյան
Ծիծաղելի «Եվրատեսիլ»-ը՝ Բաքվում
«Independent» պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի նախօրեին տեղի ունեցող իրադարձություններին. «Ադրբեջանում մի շարք իրավապաշտպաններ նշում են, որ կառավարությունը, որի գլուխ կանգնած է բռնապետ Իլհամ Ալիեւը, օգտագործում է մրցույթը, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը շեղի Ադրբեջանում առկա մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ քննադատություններից: «Ազատություն» ռ/կ-ի թղթակից Խադիջա Իսմաիլովան շատ լավ գիտի, թե Ադրբեջանի նախագահին հակառակվելու դեպքում ինչ է լինում, երբ նա բացահայտեց կաշառակերության մի շարք դեպքեր, որոնք կապված էին նախագահի ընտանիքի անդամների հետ, ինչպես նաեւ այն, որ «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի մարզահամերգային սրահ կառուցելուց ֆինանսական մեծ օգուտներ է ունեցել նախագահի ընտանիքը: Նա նամակ է ստացել, որտեղ նրան զգուշացրել էին, որ իր ինտիմ տեսանյութերը կտեղադրվեն համացանցում. «Նրանք ինձ զգուշացնում էին, որ եթե ես իմ ուսումնասիրությունները չդադարեցնեմ, նրանք կհրապարկեն այդ տեսանյութը: Նրանք հաշվարկել էին, որ ես կամաչեմ ու լուռ կմնամ: Բայց նրանց հաշվարկը սխալ դուրս եկավ»,- նշել էր Իսմայիլովան, ով միակը չէ, որ «տառապում է «Եվրատեսիլի» պատճառով:
«Crystal Hall»-ի շրջակայքում ապրող բնակիչները նույնպես զոհ են դարձել երգի մրցույթի պատճառով. նրանց տները ապօրինի քանդվել են, ու նրանք դրա համար պատշաճ փոխհատուցում չեն ստացել: Ադրբեջանի կառավարությունն է քաղաքականացրել այդ մրցույթը, քանի որ Մեհրիբան Ալիեւային նշանակել է նախապատրաստական հանձնաժողովի նախագահ:
«Եթե Արեւմուտքից իրական ճնշում լիներ այնպիսի իրադարձության ժամանակ, ինչպիսին է «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթը, ապա իշխող կլանը վախ կունենար: Եթե լինի այն վախը, որ Եվրոպայում գտնվող նրանց բոլոր միլիոնները, ինչպես նաեւ նրանց առանձնատները եւ սեփականությունները նրանցից կվերցնեն, նրանք ամեն ինչի մասին նորից կմտածեին: Ծիծաղելի է՝ «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթը տեղի է ունենում մի երկրում, ինչպիսին է Ադրբեջանը՝ մարդու իրավունքների ոտնահարման նմանատիպ փաստերով: Հիանալի կլինի, որ մասնակիցներից որեւէ մեկը բեմահարթակից հիշեցնի իշխող ռեժիմի մասին»,- նշել է մեկ այլ լրագրող՝ Աբբասովը:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 18 (239), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



