Ի դեպ՝ ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրվածները եւս սպասում են ՀՀԿ ղեկավարի վերջնական խոսքին՝ թե ով է գնալու խորհրդարան, ով՝ ոչ: ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրվածները դեռ հստակ չգիտեն՝ լինելու են խորհրդարանում, թե ոչ:
ՀՀԿ-ն մեծամասնություն է նորընտիր խորհրդարանում եւ կարող է իր պայմանները թելադրել կոալիցիայի ձգտող ուժերին, ինչը եւ, չի բացառվում, կիրառվում է ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Հատկապես ԲՀԿ խաղերը ՀԱԿ-ի հետ, նաեւ վարդանօսկանյական սին նկրտումները կարող են ՀՀԿ-ին պարտադրել նախապայմաններ ներառել, որ կոալիցիոն գործընկերները պատասխանատվություն ստանձնեն իրենց լիազորված նախարարների գործունեության համար:
Չի բացառվում, որ ՀՀԿ-ն կարող է կոալիցիայի պայմանագրում մի կետ էլ պարտադրել՝ միասնական ՀՀ նախագահի թեկնածու պաշտպանելու հարցը, ինչը կամրապնդի գործող նախագահի դիրքերը նախագահական ընտրությունից առաջ…
Կոալիցիա՞, թե՞ միայնակ կառավարում
ՀՀԿ-ն դեռ չի որոշել կոալիցիա կազմելու հարցը. հայտարարում են մի շարք գործիչներ՝ ի դեմս Գալոււստ Սահակյանի եւ Մանվել Բադեյանի: ՀՀԿ-ն մեծամասնություն է խորհրդարանում եւ իսկապես կարող է առանց քաղաքական դաշինքի կազմել կառավարություն եւ ստանձնել երկրի միանձնյա ղեկավարումը: Բայց կոալիցիա կազմել-չկազմելու հարցը ՀՀԿ խորհրդում դեռ չի քննարկվել: Ըստ հանրապետականների, քաղաքական ուժերը պետք է համակերպվեն, որ այդքան քիչ քվե են ստացել եւ հրաժարվեն մեծամեծ դրսեւորումներից: Իսկ ԿԸՀ-ն վերջնականապես հայտարարեց, թե խորհրդարանական ուժերից համամասնական ընտրակարգով որն ինչքան մանդատ է ձեռք բերել՝ ՀՀԿ՝ 40, ԲՀԿ՝ 28, ՀԱԿ՝ 7, «Ժառանգություն», ՀՅԴ եւ ՕԵԿ՝ 5-ական:
Սեփ. լրատվություն
Ոչ շինիչների արկածները
Շարունակվում են ԲՀԿ-ի մասնատմանն ուղղված քայլերը: Դա հատկապես պատվով է կատարում ինչպես վերջին պահին ԲՀԿ մտած նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, այնպես էլ ՀԱԿ-ի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նախընտրական ժամանակահատվածում անգամ լուրեր էին պտտվում, որ ՀԱԿ-ն ուղղակիորեն ֆինանսական կախվածություն ունի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից:
ՀԱԿ-ը նաեւ ընդդիմադիր դաշտը պառակտեց մեկ անգամ եւս, չնայած ՀԱԿ-ականների պարբերաբար «անկեղծ» զարմանքներին: Իսկ մամուլում գրվեց, թե ՀՀ 1-ին նախագահի համար անհասկանալի է «Ժառանգություն» կուսակցության դիրքորոշումը:
Ընտրական ամբողջ ընթացքում ՀԱԿ-ականները զբաղված էին բացահայտ հակաքարոզչությամբ եւ՛ ընդդեմ իշխանության եւ՛ ընդդիմադիր ուժերի: Տխրահռչակ նախկին վարչապետ Բագրատյանը անամոթի պես շարունակ գոռգոռում էր հավաքներին, թե միակ ընդդիմությունն էլի ՀԱԿ-ն է… Երեւի ամենաընդդիմադիրն էլ ինքն ու Վարդան Օսկանյանն էին…
Մի կարեւոր նորություն էլ էր նախկին վարչապետը մտցրել իր ելույթներում, հասկացնում էր, թե քիչ ասեք «ցուրտ ու մութ տարիներ», եթե բան եղած լիներ, ապա իրենք այսպես ազատ չէին գործի: Ականջդ կանչի՝ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, որ ՀՀՇ-ի կերած-խմած ու ազգաթալան կոհորտային, ըստ նախագահին կից Քաղաքական խորհրդի որոշման, բանտերում չտեղավորեցիր… Իսկ նրանք փորձում էին «մոնղոլ-թաթար» Քոչարյանին անգամ Հաագայի դատարան հանձնել…
Հիմա քոչարյանական ԲՀԿ-ն խաղերի մեջ է լեւոնական ՀԱԿ-ի հետ: Այստեղ են ասել՝ գրքին երկու երեսն ալ կարդալու է…
ՀԱԿ-ի նման պահվածքը վերջնականապես հիասթափեցրել է ինչպես ընդդիմադիր «Ժառանգությանը», այնպես էլ ՀԱԿ-ից հեռացածներին՝ «Ազատ դեմոկրատներ»-ին: ՀԱԿ-ը կորցրել է ընտրազանգվածը նույնպես: Նորընտիր ԱԺ-ում, իհարկե, Լեւոն Տեր-Պետրոսյանը 7 հոգանոց խմբով անելիք չէր ունենա, ուստի հրաժարվեց իր մանդատից, բայց
հայտարարեց, թե իբր դա անում է հօգուտ Հրանտ Բագրատյանի, ով պետք է դառնա «ամենաընդդիմադիր» խմբակցության ղեկավարը: Մինչ այդ, սակայն, փորձ արվեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին համոզելու՝ զիջել մանդատը, ինչն այլ արձագանքի արժանացավ. վերջինս պարզապես հրաժարվեց եւ՛ մանդատից եւ՛ ՀԱԿ-ից… Նույնը փորձում են անել ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի նկատմամբ: ՀԱԿ-ի այս գործելաոճը հեռացումների շարք է բացել (ինչպես ԲՀԿ-ում է լինում), անգամ տարածքային գրասենյակներ են փակվում:
Եթե սա է ՀԱԿ-ի «խիստ ընդդիմադիր» գործելաոճը, ապա իշխանության կողմից որպես «օգնություն» ստացած 7% ձայնանոց այս կառույցը կարող է համարել, որ գոնե մասամբ հաղթանակած է դուրս գալիս ընտրապայքարից. 1. մի քանի պատգամավոր ունի ԱԺ-ում, 2. պառակտել է ընդդիմադիր դաշտը, 3. պառակտել է իշխանությունը:
Բայց ինչպես ՀՀ 1-ին նախագահը կասեր, ոչ մի շինիչ գործ չի կատարել դեռեւս… Իսկ ՀԱԿ-ին զոռով սիրե՞լ են տալիս:
Արտակ Հայոցյան
Որն է ճիշտը՝ ասել եւ չանե՞լը, թե՞…
Մինչ ընտրությունը ՀԱԿ-ը 30 վայրկյանանոց հեղափոխություն էր կանխատեսում: Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավաքին ասաց Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա, այնժամ «Հայաստանը բախվում էր ողբերգական մի իրադարձության հետ՝ ՀՀ քաղաքացիների որոշակի մի զանգված ընտրակեղծիքի զոհ է դառնում: Չեմ ուզում, որ մենք օտարենք նրանց մեզանից, քանի որ գիտեմ՝ նրանք ոչ պակաս, քան այս հարթակում կագնած յուրաքանչյուր ոք, երազում են ազատ ու անկախ Հայաստանի հեռանկարի մասին»:
Բայց հետո զայրացած, այն ժամանակ պատգամավորության թեկնածուն նշել էր, որ պետք է «ճակատամարտ տալ բեսպրեդելի ու օլիգարխայի դեմ, մենք ակնկալում ենք ընդամենը 30 վայրկյան… երբ վերցնում եք քվերաթերթիկը ու մտնում քվեախուց, մեր 30 վայրկյանանոց հեղափոխությունը սկսվում է. քվեարկեք ՀԱԿ-ի օգտին, հաղթանակեք ձեր բաժին հեղափոխությունը: Ընդամենը 30 վայրկյան, ու դուք արդարադատության համար դուռ կբացեք ու հույս կներշնչեք հուսահատվածներին, ու ոչ ոք չի կռահի, որ դուք եք տապալել, ցաք ու ցրիվ արել լֆիկասերժական համակարգը»:
«Կռահման տեսությունը» ցաք ու ցրիվ եղավ, քանի որ մայիսի 6-ին «30 վայրկյանանոց հեղափոխությունները» հանգեցրին այն բանին, որ «հանցավոր ռեժիմը» բացարձակ մեծամասնությամբ հաղթեց ընտրություններում: Սա, ըստ ՀԱԿ-ի նախկին տեսության, «նշանակում է ինքնասպանություն գործել ու ունենալ մղձավանջային Հայաստան»:
Բայց այս «մղձավանջային» երկրում «ամենաընդդիմադիր» ՀԱԿ-ականներն անգամ ճանաչեցի՛ն ընտրությունների արդյունքները եւ մտա՛ն խորհրդարան:
Հա, ասենք ավելին, մինչ ընտրությունները միասնական շտաբում ՀԱԿ ղեկավար Տեր-Պետրոսյանն ասել էր, որ մարտի 1-ը կրկնվելու է: Նրա խոսքով, իրենք օրենքով պայքարելու են, հանրահավաքներ են կազմակերպելու, իսկ «ջարդի մասնագետները» ջարդ են կազմակերպելու: Սակայն ոչ մեկը եղավ, ոչ էլ՝ մյուսը…
Անգամ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն այսքան տխուր ու անհեռանկար տեսակետներ չէր արտահայտել: Նրան էլ Հրապարակում պայթած փուչիկներից այրվածքներ ստացած երիտասարդները ընտրության օրը փուչիկներ նվիրեցին: Բայց նա չվերցրեց… ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր. «Հրապարակում այրվածքներ ստացած երիտասարդները փուչիկներ նվիրեցին Օսկանյանին: Տարբեր տիպի ընտրությունները կգան ու կանցնեն, ամեն ինչ կանցնի, բայց մեր վերքերի վրա քաղաքական դիվիդենտներ հավաքել փորձած Օսկանյանին չենք ների երբեք: Այսօր մեր էրեխեքը փուչիկներ նվիրեցին տականքին…»:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 18 (239), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



