Այսպես ժամանակին իրեն Աբովյան քաղաքի, հետո Կոտայքի մարզի թագավոր հռչակած Գագիկ Ծառուկյանը այլեւս հանրապետության թագավորի կարգավիճակ է փնտրում:
Գործող նախագահ Սերժ Սարգսյանի համար դա միանշանակ ընդունելի չեղավ, անգամ թույլ չտրվեց այդ մասին բարձրաձայն մտածել: Իսկ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դա երբեք չէր լսի անգամ ականջի ծայրով: Ու… ԲՀԿ նախագահը ընտրեց 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ մտածելով, որ նա «հին» է ու նրա մոտ կհաջողի: Բայց վստահ ենք՝ այս նախկին նախագահը եւս չի հանդուրժի երկրորդը լինելու պայմանը…
Հիմա պետք է հասկանալ, ո՞վ ներարկեց այս «թագավորական» խայծը, թե՞ իրապես սա աննկուն ձգտում է ու ամենեւին էլ խայծ չէ…
Արտակ Հայոցյան
Ազնվությունը՝ փալասի կարգավիճակում
Ինչպես մնացյալ «փոքրամասնական» նորընտիր խորհրդարանական կազմակերպությունները, այնպես էլ ՀՅԴ-ն, գոհ չէ իր ազգայինժողովյան ձեռքբերումից, չնայած շատերն են հավաստում, որ նաեւ ՀՅԴ-ի համար 5%-ի հաղթահարումը ինքնուրույն հնարավոր չէր լինի, եթե…
Բայց դե դժգոհ են: Որովհետեւ նաեւ սփյուռքահայությանը տված խոստումները չեն հիմնավորվում, իսկ առանց սփյուռքի աջակցության Դաշնակցությունը կդառնա ՀՀ շարքային մի կազմակերպություն: Իհարկե, որոշակի ազգային դիմագծով, բայց՝ շարքային:
Հետաքրքիր է, որ մինչ ընտրությունները ՀՅԴ անդամ Արամ Նռանյանը ասել էր. «Մեզ համար պատգամավոր դառնալը ինքնանպատակ չէ, ես խղճում եմ այն մարդկանց, որոնց կյանքը սկսում եւ ավարտվում է պատգամավոր դառնալու ցանկությամբ»,- պատասխանելով այն հարցին, թե իր անունը ընտրացուցակի 12-րդ հորիզոնականում է, բայց դա իր համար կարեւոր չէ: Իսկ այժմ 5 մանդատը խիստ քիչ է թվում դաշնակցականներին եւ «պատգամավոր դառնալը»՝ ինքնանպատակ, թե այլ նպատակով, արդեն կարեւորվում է: Նռանյանի խոսքերով, ՀՅԴ-ն ավելի արմատական է, քան յուրաքանչյուր այլ ուժ, ու երեւի սա է կարեւորման պատճառը…
Բայց ՀԱԿ-ն էլ իրեն է բացառապես միակ արմատական ուժ համարում (այլերն էլ՝ իրենց համարում), եւ մարդիկ դժվարանալու են իրենց արմատների փնտրտուքում: Հետաքրքիր մի բան կա մեր քաղաքական դաշտում, արմատական են իրենց համարում այն ուժերը, որոնք պարզապես իշխանության գալու տենչով ամենադեմն են արտահայտվում տվյալ իշխանությանը, եւ հենց դա էլ «արմատ» են համարում… Իսկ երբ ուսումնասիրում ենք նրանց ծրագրերը, գրեթե տարբերություն չի նկատվում: Թե իշխանության գալով այդ ի՞նչ «արմատ» են փոխելու, անհասկանալի է: Նույն կարգերն են լինելու, նույն արժեքները, նույն գործելաոճը եւն:
ՀՀՇ-ական նախարարներ ու պատգամավորներ էլ ենք տեսել, նրանց գռփելն էլ: Տեսել ենք նաեւ ՀՅԴ-ական նախարարներ ու պատգամավորներ, ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական, ՕԵԿ-ական եւ այլ, անգամ անկուսակցական… Նույնն է, եւ ոչ մեկի փորը չի ծակել ավել փողը: Այն փողը, որն այսօր էլ խոստանում են մարդկանց… Այն փողը, որը ընտրակաշառք էին տալիս ու այժմ չքմեղանում են ու ճամարտակում ազգի փրկությունից…
Երեւի ժամանակ լինի ու հատ-հատ անդրադառնանք բոլոր կուսակցությունների բոլոր նախարարների (ներկա ու նախկին) լափած-տարածներին, որպեսզի այլեւս մեծ-մեծ չփրթեն, եւ ճիշտն ու ազնվությունը փալասի կարգավիճակում չհայտնվեն այլեւս…
Նարե Մշեցյան
Հետ տվեք վզիկը, տոտիկը…
Նախկին կոալիցիայի անդամ ՕԵԿ-ը ԱԺ ընտրությունների ընթացքում 5%-անոց արգելքը հաղթահարածների մեջ վերջինն էր, բայց հաստատ ձգտում է նոր կոալիցիայի: ՕԵԿ-ը 6 պատգամավոր ունի եւ արդեն խմբակցության ղեկավարն էլ է հայտնի՝ Հեղինե Բիշարյանը: Այս կուսակցության մասին եւ՛ ընդդիմադիր եւ՛ իշխանամետ զլմ-ները արտահայտվել եւ վերաբերվել են որպես ամենակաշառատու մասնակցի: Անգամ նշվեց, թե մի կերպ ԱԺ մտնելուց հետո, ՕԵԿ-ը ընտրակաշառքները հետ է ուզել: Վերջերս նորից «Ժողովուրդ»-ն անդրադարձավ ՕԵԿ-ի ընտրակաշառքների վերադարձման պատմությանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն եւս հետ է պահանջում ԱԺ ընտրությունների ընթացքում Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղին տրամադրած ընտրակաշառքը. «Համենայնդեպս, գյուղից ահազանգեցին, որ Լեռնանիստ համայնքի ղեկավար Առլիկ Արշակյանը մեկ առ մեկ գյուղացիներից հետ է պահանջում բաժանված 10 հազար դրամները», չնայած գյուղապետը հերքել է այդ տեղեկությունը:
Ասում են՝ ՕԵԿ-ի հիմնական անհաջողությունը եղել է ղեկավարի՝ Արթուր Բաղդասարյանի ընտրացուցակի թեկնածուներին «գցելու» եւ պարբերաբար «փողաթափելու» գործունեությունը:
ՀՀ ԱԱԽ քարտուղարը բոլորին ինչ-ինչ պաշտոններ է խոստացել, բայց կանգնել է փաստի առաջ… Իսկ ԱԺ մի կերպ մտնելու համար էլ պիտի երախտապարտ լինի կոալիցիոն գործընկերների կոալիցիոն «պարտավորություններին»…
Վահագն Նանյան
Տվել են միլիոնը, ու տեղյակ է Ահարոնը
Այն հանգամանքը, որ սոցիոլոգ Ադիբեկյանին գրեթե ոչ ոք չի հավատում քաղաքական դաշտում, հաստատեց նաեւ ԿԸՀ նապագահ Տիգրան Մուկուչյանը: Նրա համար անհասկանալի է՝ ինչպես է այս սոցիոլոգը պարզել, որ 2,5 մլն. դոլար ընտրակաշառք է բաժանվել:
Տ. Մուկուչյանը տարակուսել է. «Չգիտեմ՝ ինչի հիման վրա են կատարվել նման դատողություններ, ինչ վիճակագրություն է իրականացվել, ինչ մեթոդոլոգիայով են կատարվել այդ հարցումները, եթե ինձ հայտնի չէ նման մեթոդոլոգիա, ընտրանքի ձեւերը, հետազոտության բնույթը, ապա այդ հետազոտությունն ինձ համար անհասկանալի է»:
Նրա խոսքով, ընտրակաշառքը հանցագործություն է, եւ դրա հեղինակը պետք է պատժվի, իսկ դրա համար անհրաժեշտ են հստակ փաստեր: Կարելի է խոսել տարբեր թվերի մասին, բայց եթե յուրաքանչյուր դատողություն ներկայացվում է, ապա պետք է ունենա փաստեր:
Իսկապես հետաքրքիր է: Իսկ գուցե Ահարոն Ադիբեկյանն առնչվու՞մ է ընտրակաշառք բաժանողներին եւ ստու՛յգ գիտի, որ 2,5 մլն. դոլար ընտրակաշառք է բաժանվել ու նաեւ՝ ում:
Ո՞վ է նրան պաշտոնապես այդ մասին հարցրել: Եթե սխալ թվեր են ասվել, ապա ո՞վ է իրավունք տվել այսպիսի «սոցոլոգիա» կիրառել…
Իսկ այս մասին նրան պաշտոնապես հարցրե՞լ են: Բայց գուցե հարցնե՞ն: Իսկ եթե ասի՞…
Դե, հետո էլ ասում են՝ ինչու մարդիկ չեն հավատում սոցիոլոգներին: Այսպիսի դրսեւորումները միանգամից ստվեր են գցում նաեւ սոցիոլոգիա մասնագիտության վրա:
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 18 (239), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



